RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-10 19:12:13Սևրի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից ստորագրել են հակաերիթուրքականները (տեսանյութ)
2020-08-10 16:55:40Կարեն Դեմիրճյանի տեսակետները արդիական են նաև մեր օրերին(տեսանյութ)
2020-08-10 15:01:59Թուրքիան կեղծեց ոչ միայն հարևանների, այլև իր պատմությունը. Ռուբեն Սաֆրաստյան
2020-08-10 14:19:15Հայաստանյան պատվիրակությունը Լիբանանում հանդիպել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
2020-08-10 13:59:07Այսօր Սևրի դաշնագրի 100-ամյակն է
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3210, Տպվել է` 409, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՆՈՐ ՇՐՋԱՆ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Չնայած արդեն մոտ 30 երկրներ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, աշխարհի հզորագույն պետության օրենսդիր մարմնի կողմից դրա ճանաչումը ունի իր առանձնահատուկ նշանակությունն ու հեռահար ազդեցությունը: Նախ, հոկտեմբերի վերջերին, Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատը ձայների ջախջախիչ մեծամասնությամբ (405:11) ընդունեց 296 բանաձեւը, իսկ այնուհետեւ դեկտեմբերի 12-ին Մ. Նահանգների Սենատըՙ դարձյալ ձայների մեծամասնությամբ կայացրեց այդ հարցում իր սեփական որոշումը:

Այս գործողությունների պատճառներն ու հետեւանքները շարունակվում են քննարկվել աշխարհի տարբեր քաղաքական շրջանակներումՙ ԱՄՆ-ում, Թուրքիայում, Հայաստանում եւ այժմ նաեւ` Իսրայելում:

Պետք է նշել, որ առաջին անգամը չէ, որ տարբեր մակարդակներում Մ. Նահանգների կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 1981-ի ապրիլին նախագահ Ռոնալդ Ռեյգանը արեց այդ քայլըՙ հայերի հետ կատարվածը կոչելով իր իսկական անունով: Հաջորդող 20 տարիների ընթացքում հարցը վերածվել էր «քաղաքական ֆուտբոլի»: Ամեն տարի ապրիլին նախագահական հայտարարությունները պարում էին «ցեղասպանություն» եզրույթի շուրջը, հայկական շրջանակներում հույսեր էին փայփայվում եւ անմիջապես փշրվում, զայրույթի խոսքեր էին հնչում Թուրքիայում եւ ապա ամեն ինչ նորից բնական հունի մեջ էր մտնում:

Ցարդ ոչ մի օրենսդիրի մոտ կասկածներ չեն եղել Ցեղասպանության փաստի եւ ճշմարտացիության վերաբերյալ: Միակ մտահոգությունը եղել է չվշտացնել Անկարային եւ չխաթարել Ամերիկա-թուրքական հարաբերությունները: Դրա համար էլ միակ նշված պատճառը եղել էր «հիմա ժամանակը չէ ցեղասպանության հարցը օրակարգ բերելու»: Չնայած, ինչպես սենատոր Ռոբերտ Մենենդեսը վերջերս նշեց սենատի ամբիոնիցՙ «միշտ էլ ճիշտ է ժամանակը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»:

Կառավարությունները որոշումներ չեն ընդունում ճշգրտության կամ մարդասիրական մտահոգությունների վրա հիմնվելով, եթե նույնիսկ դրանք հրապարակայնորեն երբեմն բարձրաձայնվում են: Նրանց որոշումները միշտ էլ հիմնված են ռեալպոլիտիկի վրա: Այսօր, Ռոհինյայի մահմեդականները Մյանմարում կառավարական ուժերի կողմից ենթարկվում են զանգվածային սպանությունների, բայց կարծես ոչ մի իշխանության շահերից չի բխում ուժ գործադրելով միջամտել եւ դադարեցնել կոտորածը: Նույն սցենարը տեղի էր ունեցել 1990-ականներին Ռուանդայում: Հակառակ ՄԱԿ-ի այդ երկրում գտնվող խաղաղապահ ուժերի ահազանգին, որ անմեղ քաղաքացիներ են զոհվում, ոչ մի երկիր չմիջամտեց եւ հետագայում նախագահ Բիլ Քլինթոնի ուշացած ներողությունն այն մասին, որ չկարողացավ կանխել ցեղասպանությունը, բնականաբար չէր կարող ետ բերել 800 հազար հոգու կյանքը:

Ներկայիս Մ. Նահանգները պատժամիջոցներ է կիրառում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների եւ թուրքական որոշ հաստատությունների դեմՙ որպես հակազդեցություն Անկարայի ոտնձգությունների եւ մարդու իրավունքների խախտումների: Ճիշտ է, Ցեղասպանության բանաձեւն էլ է օգտագործվում որպես քաղաքական պատժամիջոց, բայց դա չի նվազեցնում դրա նշանակությունը: Ընդհակառակը, այն հաստատում է, որ բանաձեւը համահունչ է Մ. Նահանգների վարած արտաքին քաղաքականությանը եւ անքակտելի մասն է կազմում դրա:

Նկատի առնելով, որ բանաձեւերը պարտավորեցնող չեն, պետք է նշել, այնուամենայնիվ, որ «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումն այնտեղ ունի, կարող է ունենալ քաղաքական, պատմական եւ նույնիսկ իրավական հետեւանքներ:

Շատ օրենսդիրներ են անցյալում քննարկել այդ հարցը Օրենսդիր մարմնի տարբեր գրասենյակներում, բայց նրանց միշտ էլ ստիպել են դադարեցնել քննարկումները ասելով, որ «ժամանակը չէ»: Այս առթիվ սենատորներ Բոբ Դոուլի եւ Ուիլյամ Պրոքսմայերի անունները արժանի են հիշատակմանՙ 1980-ական թվերին իրենց ջանքերի շնորհիվ բանաձեւերի ընդունման համար:

Այս անգամ Ներկայացուցիչների պալատում Ադամ Շիֆն ու Գաս Բիլիրակիսը , իսկ վերին պալատում սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզն էին առաջ տանում ճանաչման արշավը, որն իր տրամաբանական, հաջող ավարտն ունեցավ:

Բանաձեւերի ընդունումը ցնծությամբ ողջունվեց Երեւանի խորհրդարանում եւ համայն հայկական աշխարհում, մինչդեռ վրդովմունք եւ զայրույթ պատճառեց Թուրքիայում, որտեղից սպառնալիքներ լսվեցին: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամերիկյան սենատի կատարած քայլը «արդարության եւ ճշմարտության հաղթանակ» բնորոշեց, ավելացնելով, որ դա հարգանքի տուրք էր 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին եւ առաջընթաց քայլ (ցեղասպանությունների) կանխարգելման գործում:

Սառը պատերազմի ժամանակներում, Թուրքիան օգտակար գործընկեր էր համարվում ՆԱՏՕ-ում եւ շնորհիվ Մ. Նահանգների առատաձեռնության, նա կարողացավ զարգացնել իր տնտեսությունն ու բանակը, դառնալու համար երկրորդ հզորագույն պետությունը այդ կառույցում: Բայց սառը պատերազմի ավարտից հետո, նա փաստորեն պատուհաս դարձավ իր բարերարների գլխին եւ հեռանալով նրանցից սկսեց հետապնդել իր սեփական նեղ քաղաքականությունը, որը շատ անգամ հակասում էր իր դաշնակիցների քաղաքականությանը: Միակողմանի որոշումներ ընդունելով, նա խրվեց մի շարք տարածաշրջանային արկածախնդրությունների մեջ, առանց ՆԱՏՕ-ի կենտրոնական հրամանատարության համաձայնության, բայց միշտ գիտակցելով, որ հույսը կարող է դնել այդ կառույցի կանոնադրության N5 հոդվածի վրա, որը դաշինքի մի անդամի վրա գործադրված հարձակումը համարում է հարձակում բոլորի վրա:

Ամերիկայի վճռականությունը փորձարկելուց հետո, Թուրքիան որոշեց ներխուժել Սիրիա եւ կոտորել Ամերիկային դաշնակցող քրդական ուժերին: Նախագահ Դոնալդ Թրամփի անվճռականությունը հունից հանեց նույնիսկ հանրապետականների գերակայությունը վայելող Սենատին, որն սկսեց խնդիրներ ունենալ Անկարայի հետ: Բայց համբերության բաժակը ամբողջովին լցվեց, երբ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն սպառնաց ամերիկացիներին վտարել Ինջիրլիքի օդային ռազմակայանից:

Վաշինգտոնը հասկացավ, որ Թուրքիան լուրջ է տրամադրված եւ Ռուսաստանի ու Իրանի հետ թաքուն համագործակցելով մտադիր է ականահարել դիրքերը եւ ընդհուպ դուրս մղել Մ. Նահանգներին ամբողջ Միջին Արեւելքի տարածաշրջանից:

Ցեղասպանության բանաձեւերի ընդունումից հետո միեւնույն սպառնալիքը հնչեցրեց նաեւ նախագահ Էրդողանը: Ներկայիս, ճիշտ է, Մ. Նահանգներն ու Թուրքիան ընդհարման եզրին են, բայց եթե հիշենք, թե ինչպես Էրդողանը սողոսկելով մեկնեց Մոսկվա, վար առնված ռուսական կործանիչի առթիվ ներողություն խնդրելու համար, ապա դժվար չէ կանխատեսել նույնանման մի շրջադարձ դեպի Ամերիկա Անկարայի կողմից: Եվ գուցե նման հեռանկարային ելքի համար է, որ դեկտեմբերի 17-ին նախագահ Թրամփը նշեց, որ չի պաշտպանում բանաձեւերի ընդունումը Կոնգրեսի զույգ պալատների կողմից, որն արդյունք էր մի շարք քաղաքական «աստղերի իրար համահունչ շարժի», չնայած չենք կարող անտեսել հայկական քարոզչական խմբավորումներիՙ մասնավորապես Ամերիկայի հայկական համագումարի եւ Ամերիկայի ազգային կոմիտեի (Հայ դատի) անվեհեր գործունեությունը: Բայց այս կազմակերպությունների դերը սահմանափակվում է Ցեղասպանության իրազեկումը վառ պահելու, դրա շրջանակները ընդարձակելու եւ պատմական նմանատիպ հնարավորություններից օգտվելու գործընթացներով: Եթե այդ առաքելությանը նրանք հետամուտ չլինեին, ապա հնարավորությունները գալու եւ աննկատ անցնելու էին:

Վաշինգտոնում իրականություն դարձած այս փառահեղ շրջադարձից հետո, անհրաժեշտ է շոշափել տրամադրությունները Իսրայելում եւ անշուշտ նրա վաշինգտոնյան քարոզչական խմբավորումներում, որովհետեւ վերոնշյալ օրենսդրական մարմինների հետագա գործունեությունը մեծապես կախված է լինելու Իսրայելի որդեգրած քաղաքականությունից:

Դեկտեմբերի 15-ին իսրայելական «Հաարեց» թերթը գրել էր. «Թուրքական հակադարձությունը չկարողացավ վախեցնել Կոնգրեսի պատգամավորներին, որոնց դիրքորոշումը Քնեսեթի պատգամավորներն ու Իսրայելի կաբինետի ներկայացուցիչները դեռեւս չեն կարողանում որդեգրել: Նրանք դեռ պատրաստ չեն ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Նման պահվածքը նրանք պայմանավորում են հիմնականում երկու գործոններով. առաջինը այն մտահոգությունն է, որ մեկ այլ ժողովրդի ողջակիզման ճանաչումը նսեմացնելու է հրեական Հոլոքոսթի եզակիությունըՙ որպես պատմական իրադարձություն, եւ երկրորդըՙ որ դրանով լրիվ խզում է առաջանալու Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերություններում»:

Մի փոքր ներքեւում թերթը բացահայտել էր առավել կարեւոր մի հանգամանքՙ գրելով. «Հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ իրականում չեն վերականգնվել: Բայց Իսրայելն այժմ շատ ավելի զգուշավոր է եւ չի ցանկանում վրդովեցնել Թուրքիային, որովհետեւ մտահոգված է իսրայելական նավթահորերից դեպի Եվրոպա ձգվող խողովակաշարի ապագայով»: Սա նշանակում է, որ մեզ հետագա խոչընդոտներ են սպասում: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր պետություն ոչ թե բարոյականության, այլ իր սեփական շահերի հիման վրա է կառուցելու իր քաղաքականությունը:

Այդուհանդերձ, որոշակի պայմանական սրտակցություն, հարաբերությունների ջերմություն է նշմարվում ԱՄՆ-ում գործող հրեական խմբավորումների եւ Իսրայելի քարոզչական քաղաքականության միջեւ: ADL-ի (Հակա-զրպարտչական լիգայի) նախկին առաջնորդ Ապե Ֆոքսմենն անշրջահայաց հայտարարություններ անելով Ցեղասպանության ճանաչման քննարկումներումՙ իրեն վիճելի անձնավորություն էր դարձրել, բայց վերջերս կարծես փափկել է, փոխել է իր դիրքորոշումը: Իր խոսքերով «չեզոքություն պահպանելու մի շարք պատճառներ կային, որոնցից ամենակարեւորը չփչացնելն էր իսրայելա-թուրքական հարաբերությունները եւ վտանգի չենթարկելը թուրք հրեաների կյանքը: Սակայն այժմ ամեն ինչ փոխվել է: Թուրքիան այլեւս Իսրայելի դաշնակիցը չէ»:

Մյուս կողմից «The Times of Israel» պարբերականը հանդիպելով հրեական երկու խմբավորումներիՙ նրանց հետ, ովքեր պաշտպանում են Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ նրանցՙ ովքեր մերժում են, բացահայտել է որոշ փաստեր, որոնք ակնհայտ էին արդեն: «Կրոնի եւ քաղաքականության ինստիտուտի ավագ գիտաշխատող Շայ Ֆրանկլինի հավաստմամբ Իսրայելի կառավարությունը անցյալում շատ հաճախ ուղղորդել է Մ. Նահանգներում գործող հրեական խմբավորումներինՙ ճանաչմանը նպաստող գործողություններից հեռու մնալ»:

Ներկայիս շրջադարձ է նկատվում, հուսանք, որ այն երկարատեւ կլինի: Ներկայացուցիչների պալատի որոշումից հետո, «Հակա-զրպարտչական լիգան» (ADL) եւ «Բարեփոխումների հրեական շարժման» (Reform Jewish Movement) քաղաքական թեւը հանդիսացող «Հուդայականության բարեփոխման կրոնական կենտրոնը» հայտարարությամբ հանդես են եկել ի պաշտպանություն բանաձեւի ընդունմանը: Շայ Ֆրանկլինը շարունակում է, գրելով, որ աշխատանքի կամ գործունեության բաժանում գոյություն ունի ամերիկահրեական հասարակության շրջանում: Եթե ADL-ը բացահայտ հայտարարում է, որ պաշտպանում է ճանաչումը, ապա շատ այլ խմբավորումներ հետեւում են նրան:

Պատմական արդարությունը վերականգնելուց բացի, Կոնգրեսի երկու պալատների որոշումները հաշվի են առել, վստահաբար, նաեւ կոռուպցիայի դեմ Հայաստանի նոր իշխանությունների պայքարը, քանի որ ավելացել է Հայաստանին տրամադրվող օգնության չափը:

Այս քայլերն անշուշտ աննկատ չեն անցնում Մոսկվայում, որ մինչ օրս Հայաստանին համարում էր անառարկելիորեն իրենը: Երեւանի հանդեպ Մոսկվայի դիրքորոշման փոփոխումը մեծացնում է Հայաստանի քաղաքական դերը տարածաշրջանում: Հույս հայտնենք, որ երկրում օրինական ճանապարհով իշխանության եկած երիտասարդ կառավարությունը հեռու կմնա անցյալի եսակենտրոն քաղաքականությունից եւ դրամագլխի կվերածի ընձեռված այս պատմական հնարավորությունը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ