RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019



Տեղադրվել է` 2019-12-26 23:48:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 3146, Տպվել է` 385, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՆԳՐԵՍԻ ՄԻԱՑՅԱԼ ԲԱՆԱՁԵՎԸ ԴԵՌԵՎՍ ՍՊԻՏԱԿ ՏՈՒՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Հետեւաբար նախագահ Թրամփը չէր կարող դա ստորագրել կամ չստորագրել

Նոյեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Ի դեպՙ մինչ այդ համանման բանաձեւ հոկտեմբերի 29-ին Թուրքիայում հանրապետական կարգերի հռչակման օրը ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունվել էր նաեւ Ներկայացուցիչների պալատում եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանաձեւերի առնչությամբ ողջունել էր Կոնգրեսի երկու պալատներին: Հարկ է նշել, որ Սենատն այդ բանաձեւը կընդուներ դեռեւս նոյեմբերի 13-ին, եթե չլիներ հանրապետական սենատոր Լինսի Գրահամի վետոն: Սենատորի այդ միջամտությունը տեղի էր ունեցել պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առանձնազրույցի ավարտին հենց Սպիտակ տանը կազմակերպված հանդիպումից հետո, որին բացի Գրահամից ու Էրդողանից մասնակցել էին եւս երեք սենատորներ, ինչը պատճառ էր դարձել, որ մեկ ժամ ուշացումով սկսի երկու նախագահների մամուլի համատեղ ասուլիսը:

Թե սենատորները ի՞նչ հարցեր էին ուղղել Թուրքիայի նախագահին, չգիտենք, պարզապես հայտնի է, որ այդ հանդիպումը տեւել էր մեկ ժամ եւ ամենեւին չեր ոգեւորել Էրդողանին: Ի դեպ, սենատոր Գրահամը երբ վետոյով արգելափակեց Ցեղասպանության բանաձեւի քննարկումն ու քվեարկումը Սենատում, հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, ըստ երեւույթին սոցցանցերի ազդեցության տակ, այն տպավորությունն ստեղծեցին, թե բանաձեւն առհասարակ օրակարգից է հանվել: Սակայն, դրա ընդունումը նոյեմբերի 12-ին, այն էլ միաձայն, ցույց տվեց, որ Գրահամի վետոն ընդամենը հետաձգել է քվեարկությունը: Մոտավորապես նույն պատկերը կրկնվեց բանաձեւի ընդունման պարագայում: Պնակալեզի հոգեբանությամբ նախորդ իշխանությունների կարոտախտով տառապող սոցցանցի մի շարք օգտատերեր այս անգամ էլ շտապեցին լուրեր տարածել, որ նախագահ Թրամփը «չի ստորագրել» Սենատում ընդունված Հայոց ցեղասպանության բանաձեւը:

Ցավոք, որոշ լրատվամիջոցներ տուրք տվեցին ցանկատեսության արդյունքը հանդիսացող այդ լուրերին: Ինչ վերաբերում է շա՜տ գիտուն քաղաքագետներին, ապա սրանք էլ, փոխանակ նախապես ստուգելու իսկությունը, ձեռնամուխ եղան հեռուստաէկրաններից ջանասիրաբար խորությա՜մբ վերլուծել չարանենգ այդ լուրերը, Հայոց ցեղասպանության միջազգային գործընթացի համար հավանական հետեւանքներով հանդերձ: Իրականում նախագահ Թրամփը բանաձեւը «չստորագրելու» խնդիր չէր կարող ունենալ, որովհետեւ Սենատը դա վավերացման համար Սպիտակ տուն դեռ չէր ներկայացրել, այն պարզ պատճառով, որ համանան բանաձեւ մինչ այդ ընդունել էր նաեւ Ներկայացուցիչների պալատը:

Այդպիսի դեպքերում, ինչպես դեկտեմբերի 17-ին նշել է BBC News-ի թուրքերեն տարբերակը, Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ընդունած բանաձեւերի հիման վրա կազմվում է միասնական ընդհանուր մեկ տեքստ, որ ներկայացվի ԱՄՆ-ի նախագահի վավերացմանը: Քանի որ դա չի եղել, Սպիտակ տունը Սենատի բանաձեւի առնչությամբ որեւէ հայտարարություն չարեց: Փոխարենը հաղորդագրություն տարածեց պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսը, մատնանշելով, որ անկախ Սենատի որոշումից, ամերիկյան վարչակարգի դիրքորոշումը Ցեղասպանության հարցում մնում է անփոփոխ եւ իրենց տեսակետներն արտահայտվել են նախագահի ապրիլի 24-ի ուղերձում:

Պետքարտուղարության խոսնակի այս հաղորդագրությունը արեւմտյան մամուլը մեկնաբանել էր, թե Թրամփի վարչակարգը հավանություն չի տալիս ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը, իսկ թուրքականներըՙ լռել էինՙ զերծ մնալով Թրամփի «չստորագրելու» մասին հետեւություններից: Ակնհայտ է, որ Սենատը բանաձեւը ներկայացրած լիներ նախագահ Թրամփին եւ նա հրաժարվեր ստորագրելուց, դրան առաջինը կարձագանքեին հենց թուրք լրագրողները, այդ «հաղթանակը» կվերագրվեր Էրդողանի դիվանագիտական կարողություններին, վերջինս էլ գովեստի խոսքեր կշռայլեր իր «մտերիմ ընկերոջ» հասցեին:

Բանաձեւին Թրամփի վարչակարգի հավանություն չտալն ու նրա չստորագրելը բոլորովին տարբեր բաներ են: Եթե ստանալու դեպքում Թրամփը, այնուամենայնիվ, չստորագրի, ապա բանաձեւի ընդհանուր տեքստը, ընդունված կարգի համաձայն, նորից քննարկվում եւ քվեարկության է դրվում արդեն Սենատի ու Ներկայացուցիչների պալատի համատեղ նիստում եւ, թուրք մասնագետների վկայությամբ, ձայների 2/3-ովՙ բացարձակ մեծամասնությամբ ընդունվելու դեպքում վավերացվում է առանց նախագահի ստորագրության: Այսինքն դա 2-րդ անգամ վավերացման համար ԱՄՆ նախագահին չեն ներկայացնում:

Գալով Սենատում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման թուրքական արձագանքներին, պետք է ասել, որ դրանք գրեթե նույնն էին, ինչ Ներկայացուցիչների պալատի պարագայում էր, մանավադ որ երկու բանաձեւերն էլ բովանդակությամբ համանման են: Սենատի պարագային բանաձեւի ընդունմանն առաջինն ուղղակի արձագանքեց ոչ թե Թուրքիայի նախագահը կամ արտգործնախարարը, այլ նախագահականի հաղորդակցությունների գրասենյակի տնօրեն Ֆահրեթդին Ալթունը: Նա ասել էր, որ ընդունված բանաձեւը վտանգում է թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ապագան, կոնգրեսականներին մեղադրել «պատմությունը քաղաքականացնելու», ինչպես նաեւ «անպատասխանատու վերաբերմունք» դրսեւորելու մեջ, անտեսելով ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի «տեսակետներն ու զգայնությունները», ավելացնելովՙ «Մենք մեր հայ եղբայրներից ակնկալում ենք, որ խոչնդոտեն հաշտեցման ջանքերը բարդացնող այս օրինագծի վավերացումը»:

Կրկին Թուրքիայի արտգործնախարարություն էր հրավիրվել ԱՄՆ-ի դեսպան Դեյվիդ Սատերֆիլդը, իսկ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Սենատում բանաձեւի հաստատման գործընթացը համարել էր «քաղաքական ցուցախաղ»: Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը, «Արդարություն եւ բարգավաճում», Ազգայնական շարժում, Ժողովրդա-հանրապետական եւ «Լավ» կուսակցությունների համատեղ հայտարարությամբ բանաձեւի համար դատապարտել էին ԱՄՆ-ի Սենատին: «Ժողովուրդների դեմոկրադական» կուսակցությունը հրաժարվել էր ստորագրել հայտարարության տակ, դառնալով հարձակումների թիրախ:

Դատապարտողների շարքին, թեկուզ ուշացումով, միացել էր նաեւ նախագահ Էրդողանը: Նա Սենատի որոշումն որակելով քաղաքական, ասել էր, որ դա որեւէ արժեք չունի, հետեւաբար եւ անընդունելի է, ապա սպառնացել էր փակել ինչպես «Ինջիռլիքի», այնպես էլ Մալաթիայի մոտակայքում գտնող «Քուրեջիքի» ամերիկյան ռազմաբազաները, եթե հարկ լինի: Էրդողանին իսկույն հակազդեցությամբ արձագանքել էր ԱՄՆ պաշտպանության նախարար Էսպերը եւ ասել, որ նրա խոսքերի լրջությունը ստուգելու համար պետք է զրույց ունենա իր թուրք գործընկերոջՙ Հուլուսի Աքարի հետ: Նա զրույց ունեցել է, թե՞ ոչ, չգիտենք: Սակայն, առանց զրույցի էլ ակնհայտ է, որ Էրդողանը չի կարող այդ քայլին դիմել, եթե մտադիր չէ ամբողջովին խզել Թուրքիայի կապերը ԱՄՆ-ի, հետեւաբար ՆԱՏՕ-ի ու Եվրոպական Միության հետ, մանավանդ որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագիծը Ներկայացուցիչների պալատից հետո ընդունվել է նաեւ Սենատում, իսկ նախագահ Թրամփը դա արդեն հաստատել էՙ հաղորդելով օրինագծին օրենքի ուժ:

Օրինագծի պարագայում Էրդողանի խնդիրը, սոսկ, Թուրքիայի դեմ նախատեսվող պատժամիջոցները չեն, այլ նրա եւ ընտանիքի անդամների ունեցվածքի, ինչպես նաեւ բանկային անձնական հաշիվների սառեցման հավանականությունը, ինչը օրինագծի 11-րդ հոդվածն է ենթադրում: Հետեւաբար նրա հոխորտանքները պետք է համարվեն ներքին շուկային ուղղված եւ հակազդեցության առումով առանձնապես նորություն էլ չեն պարունակում, ինչպես պաշտոնական մյուս հակազդեցությունները: Երեւում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի ծավալումը, սպառելով թուրքական ժխտողականության դիրքերը, միաժամանակ սպառման եզրին է կանգնեցրել Թուրքիայի ղեկավարների եւ թուրք պետական գործիչների հայկական բանաձեւերին հակազդելու հնարավորությունները:

Դա հատկապես ակնառու դարձավ, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսի զույգ պալատները հաջորդաբար ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Ըստ երեւութին դրա արձագանքը պիտի համարել այն թուրք քաղաքագետների գնահատականներում նկատվող տեղաշարժերը, որոնք թեկուզ անբավարար, այնուամենայնիվ նորություն են եւ զգալի տարբերվում համանուն պետական գործիչների գնահատականներից: Համոզվելու համար կարելի է անդրադառնալ Զեհրա Յըլդըզի «euronews» կայքէջում դեկտեմբերի 13-ին «1915-ի իրադարձություններ. Ցեղասպանությո՞ւն են, թ՞ե տեղահանություն: Թուրքիան կրո՞ւմ է իրավաբանական պատասխանատվություն» վերնագրով հրապարակված հոդվածին:

Հեղինակը նախ տալիս է ցեղասպանության սահմանումը ըստ ՄԱԿ-ի «Ցեղասպանության կանխարգելման եւ պատժման» կոնվենցիայի, նշում է, որ դրան 1951թ. հունվարի 12-ին միացել է Թուրքիան, ապա հոդվածի վերնագրում արտահայտվող հարցերն ուղղում է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետից վտարված Ֆարուք Ալփքայային: Ահա թե ինչ ասում Ալփքայան. «Քանի որ այդ թվերին ցեղասպանությունը դեռ իրավաբանորեն որպես հանցանք չէր ճանաչվել եւ օրենքները հնարավոր չէ կիրառել վաղեմության սկզբունքով, հետեւաբար ցեղասպանություն ասել չի կարելի: Սակայն, Կոնվենցիայում շարադրված բոլոր գործողությունները 1915-ին, բնաջնջելու դիտավորությամբ, կիրառվել են հայ ժողովրդի դեմ: Այսպիսով հայ ժողովրդի ֆիզիքական գոյության հետ ոչնչացվել է նաեւ ունեցվածքը, մշակույթը, անցյալն ու ապագան: Կարճաժամկետ հեռանկարում Թուրքիան հազիվ թե ընդունի կատարված փաստը: Բայց որ դա մեծապես կնպաստեր Անատոլիայում բնակվող մահմեդականների, հատկապես թուրքերի հոգեկան առողջացմանը, կասկածից վեր է: Ներկայումս մենք բոլորս մի մեծ սուտը ճշմարտության տեղ ընդունող ստախոսներ ենք: Այն աստիճանի, որ մինչեւ հիմա գրանցամատյաններն անգամ Ազգային անվտանգության խորհրդի որոշումով ընգրկված են գաղտնի փաստաթղթերի ցանկում»:

Այնուհետեւ Յըլդըզը, հստակեցնելու համար Թուրքիայի պաշտոնական թեզը, մեջբերում է կատարում ԵՄ-ի գծով նախկին նախարար, պաշտոնաթող դեսպան Վոլքան Բոզքըրի euronews-ին դեռեւս Մեծ Եղեռնի 100-ին տարելիցին տված հարցազրույցից, թե այդ թվերին մեծ աղետ են ապրել ոչ միայն իրենց հայ եղբայրները, այլեւ թուրքերը, քրդերը, արտգործնախարարության արխիվների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հայերին ցեղասpանության ենթարկելու որեւէ հրահանգ, առավել եւս նպատակ չի եղել, այդ իսկ պատճառով Անկարան 1915-1916 թթ. իրադարձությունները դիտարկում է ոչ թե ցեղասպանություն, այլ տեղահանություն:

Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսորներից է նաեւ Բասքըն Օրանը, որը հոդվածագրի հարցերին պատասխանելիս նախ ասում է, թե ինչ կարեւոր է 1915-1916 թթ. իրադաձությունները ցեղասպանություն էին, թե՞ ոչ, հայերի դեմ «արածների համար» դատապարտում է երիտթուրքերին, ապա շարունակում. «Եթե այդ ամենը ժխտելու համար պաշտոնապես ներողություն խնդրեին եւ հայտարարվեր, որ ժառանգներին, թեկուզ խորհրդանշական փոխհատուցում է վճարվելու, ամեն ինչ բոլորովին այլ ընթացք կունենար: Փոխհատուցումը չպետք է հոգս պատճառի, չէ՞ որ Թուրքիան ժխտողականության դիրքերը պահպանելու համար միլիոնավոր դոլարներ է վճարում Վաշինգտոնի լոբբիստական կառույցներին»: Ապա նա Մեծ Եղեռնը համեմատելով Հոլոքոսթի հետՙ ասում է, որ նմանություններ ունի, ունի նաեւ մեծ տարբերություններ, ուստի չի կարելի ցեղասբանության միեւնույն եզրութը կիրառել ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի պարագայում: Վերջում Օրանը եզրակացնում է. «Քանի դեռ ներողություն չի խնդրել Թուրքիան, անխուսափելիորեն հայտնվելու է դժվարին կացության մեջ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #49, 27-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ