RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Ի ՊԱՏԱՍԽԱՆ

Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1332, Տպվել է` 143, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՋԻՐԼԻՔԸ ԵՎ ԿՅՈՒՐԵՋԻՔԸ ՓԱԿԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է փակել երկրի տարածքում գտնվող Ինջիրլիք եւ Կյուրեջիք ռազմակայանները, որոնցից օգտվում է ԱՄՆ-ը:

Նրա հայտարարությունները օրերս հնչեցին ի պատասխան այն պատժամիջոցների, որոնք Վաշինգտոնը սպառնում է գործի դնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների գնման պայմանագրի պատճառով: Նախագահի խոսքերով, երկիրը կարող է ամերիկացիների համար անմատչելի դարձնել Ինջիրլիք եւ Կյուրեջիք ռազմակայանները: Այդ միջոցները կձեռնարկվեն ըստ անհրաժեշտության: Խնդիրն այն է, որ Անկարան անցյալում եւս սպառնացել է ԱՄՆ-ին, բայց նրա նախազգուշացումները լուրջ ազդեցություն չէին ունեցել Վաշինգտոնի վրա: Եվ ամերիկացի կոնգրեսականները միառժամանակ կոնկրետ քայլեր չէին ձեռնարկել Անկարայի ուղղությամբ: Բայց հետո իրադարձությունները սկսեցին զարգանալ հախուռն կերպով: ԱՄՆ Սենատի միջազգային գործերի հանձնախումբը ընդունեց օրինագիծ, որով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ: Այն ներկայացվեց պալատի քննարկմանը: Եթե սենատորները հավանություն տան օրինագծին, ապա այն կուղարկվի Ներկայացուցիչների պալատ, որտեղ դեմոկրատները մեծամասնություն են կազմում: Եթե նրանք եւս կողմ քվեարկեն, ապա ակտը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացվի ստորագրելու: Իսկ հետո Թրամփից կախված կլինի, թե օրինագիծը կդառնա արդյոք օրենք, թե՞ ոչ:

Նախագահ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը հետեւյալ կերպ է ներկայացնում իրավիճակը. «Մենք ուշի ուշով հետեւում ենք Կոնգրեսում իրադարձությունների զարգացմանը: Նույնիսկ տվյալ օրինագծի անցկացման դեպքում էլ S-400-ների հետ կապված գործընթացը կշարունակվի: Ամենքս բարձր ենք գնահատում տվյալ հարցի առթիվ պարոն Թրամփի դրսեւորած բարի կամքը: Այդ մասին նա խոսել է նաեւ հրապարակայնորեն: Նրան մտահոգում է այդ օրենքը: Բայց, իհարկե, երբ օրինագիծն անցնում է Կոնգրեսով, նախագահի ձեռքերը կապվում են»: Այսինքն, Անկարան դեռ որոշ հույս ունի, թե նախագահ Թրամփը կկարողանա ինչ-որ բան փոխել: Սակայն նման իրավիճակում Թուրքիայի տարածքում ամերիկյան երկու ռազմակայանների փակման մասին հայտարարելը այնքան էլ խելամիտ արարք չէր լինի, թեեւ փաստն այն է, որ Անկարային լուրջ հարված է հասցվում:

Իրադրությունը բարդանում է նաեւ այն հանգամանքով, որ ԱՄՆ Սենատը միաձայն հավանություն է տվել այն բանաձեւին, որով 20-սկզբի Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները բնութագրվում են որպես ցեղասպանություն: Հոկտեմբեր ամսին համանման հայտարարություն էր արել նաեւ Ներկայացուցիչների պալատը: Ըստ որում, այն պաշտպանել էին ինչպես դեմոկրատները, այնպես էլ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակից հանրապետականները:

Իրավաբանական տեսակետից տվյալ բանաձեւը պարտադրող բնույթ չի կրում, բայց նշանակալի խորհրդանշական ուժ ունի Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի վերաբերմունքի տեսակետից: Տվյալ քայլը երկրների փոխհարաբերություններում հանգեցնում է լարվածության հետագա խորացմանը: Կոնգրեսը երկար ժամանակ հետագձում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումըՙ վախենալով ՆԱՏՕ-ի գծով իր դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումից: Ներկայումս օրենսդիրներին դա չի վախեցնում, եւ նրանք եւս մեկ հարված հասցրին Անկարայի միջազգային վարկին: Մերձավոր Արեւելքում քրդական հարցի արծարծման պայմաններում դա կարող է ստանալ առանձնահատուկ նշանակություն:

Ամերիկացիները ստեղծեցին բարդ ինտրիգՙ մեկ «փաթեթի» մեջ շաղկապելով Թուրքիայի կողմից ուսական S-400-ների ձեռքբերումը, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վարած քաղաքականությունը, քրդերի հանդեպ Անկարայի վերաբերմունքը եւ նույնիսկ 1915 թ. Հայոց ցեղասպանության բանաձեւը: Այս ֆոնի վրա Անկարայի հակախաղը համոզիչ չի թվում, մանավանդ որոշ պայմանականություններով ամերիկյան երկու ռազմակայանները փակելու սպառնալիքը: Պենտագոնում դա լավ են հասկանում: Պատահական չէ թուրքական Yeni ha հրատարակության այն պնդումը, որ չնայած բոլոր ջանքերին, Անկարային չի հաջողվում ԱՄՆ-ին դրդել փոխելու իր դիրքորոշումները: Ներառյալ ԱՄՆ-ի գործընկերությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող ՔԲԿ-ի, Սիրիայում քրդերի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների, Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ:

Չեն օգնում նույնիսկ S-400-ների խաղաքարտն օգտագործելու Անկարայի փորձերը: Մի ժամանակ շեշտը դրվում էր այն բանի վրա, որ Թուրքիային ամերիկյան F-35 ռազմօդանավեր վաճառելը նրան կդրդի հետքայլ կատարել: Բայց այժմ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Անկարան Վաշինգտոնի հանդեպ ինչ-որ տեղում հատել է անդառնալիության կետը: Պենտագոնը հանգիստ արձագանքեց ամերիկյան ռազմակայանները փակելու Էրդողանի սպառնալիքին: Ամերիկյան ռազմական գերատեսչությունում նշեցին, որ իրենք Թուրքիայում ամերիկյան ուժերի կարգավիճակը դիտարկում են որպես բազմամյա գործընկերության եւ ՆԱՏՕ-ի գծով դաշնակցի պաշտպանության խորհրդանիշ: Պենտագոնը նաեւ ընդգծեց, որ ձգտում է պահպանել այդ հարաբերությունները եւ Անկարային կոչ արեց կառուցողական դիրք բռնել տարաձայնությունների առնչությամբ: Սա նշանակում է, որ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ բոլոր կամուրջները դեռ այրված չեն, եւ որ վիճելի հարցերի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել, կարծում է փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Քաթարի մայրաքաղաք Դոհայի համաժողովում ելույթ ունենալովՙ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն տեղեկացրեց, որ Անկարան Վաշինգտոնի պատասխանին է սպասում ամերիկյան Patriot զենիթահրթիռային համալիրների մատակարարման խնդրանքի առնչությամբ: Ըստ որում, նրա խոսքերով, Մոսկվայից S-400-ների գնման գործարքի չեղարկումն անհնար է: Ավելի վաղ Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան օդուժի հրամանատար գեներալ Ջեֆրի Հարիգիանը ասել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային համալիրների ձեռքբերումը չէր սահմանափակել երկրում Ինջիրիք ռազմակայանից ամերիկյան ուժերի գործունեությունների ծավալները: Նրա խոսքերով, զինվորականների մակարդակով, թուրք-ամերիկյան հարաբերությունները բարվոք վիճակում են, եւ ապագայում փոփոխություններ չեն սպասվում:

Ինջիրլիքից հարավ-արեւելք գտնվում է Կյուրեջիք ռազմակայանը: Դա ռադիոլոկացիոն հայտնաբերման կայան է, որը մտնում է ՆԱՏՕ-ի երկրների հակահրթիռային պաշտպանության կառույցի մեջ: Ըստ որում, վաղ նախազգուշացման ռադարը պատկանում է ԱՄՆ-ին, տեղեկացնում է Russia Today գործակալությունը: Ավելի վաղՙ 1975 թվականին, Թուրքիան արդեն սահմանափակել էր ամերիկացիների կողմից Ինջիրլիքի օգտագործումը ի պատասխան Վաշինգտոնի կողմից ամերիկյան զենքի մատակարարումների բեռնարգելքի հաստատմանը: Այդ ժամանակ ռազմակայանն օգտագործվում էր միայն ՆԱՏՕ-ի նպատակների համար: Բեռնարգելքը հանվեց 1978 թվականին:

Այդ ռազմակայանի կորուստը կարող է հանգեցնել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների հնարավորությունների սահմանափակմանը, RT գործակալությանն ասել է ռազմական փորձագետ Վալերի Լիտովկինը : Նրա խոսքերովՙ Ինջիրլիքի կորուստը ԱՄՆ-ին եւ առհասարակ ՆԱՏՕ-ին կզրկի մերձավորարեւելյան կարեւոր հենակետից, որտեղ բացի տարատեսակ ռազմօդանավերից, պահվում են ամերիկյան 20-30 ազատ անկման միջուկային ռումբեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ