RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2204, Տպվել է` 148, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՔՐԻՍՏՈՆԵԱ-ՄՈՒՍՈՒԼՄԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» նորերս հոդված էր հրապարակել «Ալանների հետնորդները չեն կարողանում իրար մեջ կիսել տաճարները» վերնագրով: Կարաչայ-Չերքեզական Հանրապետությունում (ԿՉՀ), գրում է թերթը, գտնվում են քրիստոնեական տաճարներ, որոնք կառուցվել են միջնադարյան Ալանական Թագավորության ժամանակաշրջանում, որը վերջնականապես կործանվել է XIV դարում: Հնեաբանները գտնում են, որ այդ տաճարները կառուցվել են VI-XI դարերում եւ ենթարկվել են Կ. Պոլսի բյուզանդական պատրիարքին: Պատմաբաններն ու քաղաքագետները սովորաբար այդ տաճարները բնորոշում են «ալանական ժառանգություն» ընդհանրական անունով:

Այնուհետեւ հոդվածում ներկայացված է այդ քրիստոնեական սրբատեղիների ճակատագիրըՙ սկսած անցյալ դարի սկզբից մինչեւ մեր օրերը: Պարզվում է, որ մեր ժամանակներում այդ տաճարներին հավակնում են մի քանի ազգեր: Չլինելով պատմաբան ու առավել եւս ալանների պատմական ժառանգության մասնագետ, խուսափում ենք ներկայացված փաստերի եւ իրողությունների վերլուծություններից: Եվ ըստ էության դա մեր նպատակն էլ չէ: Թերեւս մեզ համար շատ ավելի այժմեական է խնդրի քաղաքական կողմը:

Բանը այն է, որ նշյալ ալանական եկեղեցիները ներկայումս պատկանում են ԿՉՀ-ի թանգարանային հիմնադրամին: Եվ մուսուլման կարաչայները իրենց համարում են հինավուրց ալանների հետնորդները, իսկ ալանական հուշարձաններըՙ իրենց ժողովրդի սեփականությունը: Մինչդեռ այդ ժառանգության նկատմամբ իրենց պատմական հավակնություններն են ապացուցում նաեւ օսերըՙ տարածաշրջանի միակ հնամյա քրիստոնյա ժողովուրդը: Այդ եկեղեցիներից մեկը հատկապես հոգեւոր օջախ է համայն օսերի համար, որտեղ նրանք նշում են իրենց ազգային-կրոնական տոները: «Մեզ համար տաճարը ոչ միայն ազգային մշակույթի հուշարձան է, այլ նաեւ սրբավայր, որտեղ աղոթքի են գալիս տեղացիներն ու աշխարհի բոլոր ծայրերից ժամանող ուխտավորները»ՙ ԿՉՀ-ի ղեկավարին են դիմել օսական համայնքի ներկայացուցիչները: Նրանց խոր մտահոգություն է պատճառում այն հանգամանքը, որ մուսուլման ակտիվիստները զանգվածաբար պահանջում են քրիստոնեական եկեղեցին դարձնել մզկիթ, տեղացի օսերին չհամարելով հանրապետության ոչ տիտղոսակիր ազգ:

Բարդ ու հակասական իրավիճակում է հայտնվել նաեւ Ռուս ուղղափառ եկեղեցին: Բնական է, որ նրա համակրանքը նույնքան ուղղափառ օսերի կողմը պիտի լինի, սակայն ջրի պես պարզ է, որ եթե այդ տաճարները հանձնվեն օսերին, ապա մուսուլմանա-քրիստոնեական միջկրոնական-ազգամիջյան կոնֆլիկտը կդառնա անխուսափելի: Պյատիգորսկի Հյուսիսկովկասյան համալսարանի պրոֆեսոր Առուշան Վարդումյանը ասես ի լրումն հիշեցնում է, որ տարածաշրջանում կան նաեւ հնամյա աղվանական քրիստոնեական տաճարներ: Նոր հակամարտությունների պոտենցիալ աղբյուրներ:

Հազիվ թե հայերիս զարմացնի այս կրոնաքաղաքական հակասությունը: Ի վերջո ինքնահնացման այս մեթոդն են արդեն տեւական ժամանակ կիրառում նաեւ հարեւանՙ երբեմնի քոչվոր ցեղի ներկայացուցիչները: Ազերիները ոչ միայն իրենց անամոթաբար համարում են քրիստոնյա աղվանների ժառանգորդներ, այլեւ վերջերս փորձեր են անում նաեւ իրենց երկրի տարածքի հայկական եկեղեցիները դարձնելու աղվանական: Մուսուլմանական ցեղՙ քրիստոնեական արմատներով:

Կարելի է ասել, որ այս առաջին հայացքից ոչ մասշտաբային «էպիզոդները» այնուամենայնիվ դառնում են քրիստոնեա-մուսուլմանական մոլորակային հակամարտության արտացոլումներ, ինչին ամենայն պատմաքաղաքականագիտական խորությամբ ժամանակին անդրադարձել է ամերիկացի Սամյուել Հանթինգտոնը իր հանրահայտ «Քաղաքակրթությունների բախումը» աշխատությունում, որտեղ ամենահավանականը համարվել է հենց քրիստոնեական ու մուսուլմանական քաղաքակրթությունների առճակատումը: Այսօր անգամ կարճատեսն է տեսնում, որ նշյալ բախման գլխավոր զոհն է դառնում, եթե իհարկե արդեն չի դարձել, եվրոպական մայր ցամաքը: Եվրոպան ոչ միայն չի դիմադրում, այլեւ եզակի թուլամորթությամբ լայնորեն իր դարբասներն է բացել կիսալուսնակրաց արշավանքի դեմ: Եվ այդ այն դեպքում, երբ մուսուլմանները մոլորակում իրենց քանակով արդեն գերազանցում են քրիստոնյաներին: Այդ քանակական աճը իրական վտանգ է, ասենք, Ռուսաստանի, Վրաստանի համար: Ի դեպ օրերս Ռուսաստանում հրապարակվեց վիճակագրական աղաղակող մի փաստ. Պետերբուրգում երեք եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները կազմում են քաղաքի բնակչության մեկ տոկոսը, իսկ Ինգուշեթիայումՙ 53 տոկոսը:

Եվ այս ֆոնի վրա եւս ամեն մի նորմալ հայի չի կարող չմտահոգել մուսուլմանական շրջափակման մեջ հայտնված մեր երկրի ներքաղաքական խրթին իրավիճակը: Մոռանալով համաթյուրքական (մուսուլմանական) հակահայկական (հակաքրիստոնեական) ագրեսիվության վտանգները, հայրենյաց երկրում իրար կոկորդից են բռնել հին ու նոր քաղաքական ուժերը: Եվ քանի որ չի ծնվում նորՙ երրորդ ուժը, ապա առկա երկուսի դաժան հակամարտությունը վերածվում է կենաց ու մահու պայքարի ի վնաս հայոց երկրի, հօգուտ մեզ հետ բախվող մուսուլմանության:

Եզրափակվենք հետեւյալով: Հայոց պարտություն կրած տարեց քաղաքական խավի որոշ գրչամոլ ներկայացուցիչներ պարբերաբար հանդես են գալիս ռուսաց լրատվամիջոցներում: Սրանց հորինվածքները իսկական նզովքներ են ջահելների հասցեին: Ոչ բառ են ման գալիս, ոչ արտահայտություն, ոչ որակում կատարելապես ապաշնորհ նորաթուխ թիմի նկատմամբ: Մենք բնության հրաշքն էինք, իսկ սրանք սատանաներ են: Գոնե հաշվի առեք, որ օտար մամուլում եք հանդես գալիս եւ անվայել է ցածրագին ձեւակերպումներով նսեմացնել սեփական ժողովրդին ու կառավարությանը: Գիտեք ինչ կարող է մտածել ռուս ընթերցողը, կարդալով այդ հղանքները: Թող կոպիտ չհնչի, սակայն միայն մեկ բանՙ հայ ժողովուրդը անկատար ժողովուրդ է, որ հանդուրժում է նման մարդկանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ