RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



ՓՈՐՁԸ` ՓՈՐՁԱՆՔ

Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2364, Տպվել է` 149, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՁԱԽՈՂՎՈՒՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՄ «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԻ» ՖԵՆՈՄԵՆԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պատմական գիտությունների թեկնածու

Արդեն 29 տարի է ինչ փաստացի գոյություն ունի անկախ Հայաստանը: Հայաստան ասելիս նկատի ունեմ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ Արցախը եւս:

Սակայն հասկանալի է, որ խոսքը հիմնականում հենց Հայաստանի Հանրապետության մասին է, որի գործունեությունը շատ-շատերը եւ նույնիսկ ներկա վարչապետը կոչում են ձախողված: Նկատենք, որ այստեղ կա ճշմարտության հատիկ: Իսկապես անցած տարիների գործունեությունըՙ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի օրոք եղել են լուրջ խորքային սխալներ, ինչն էլ հանգեցրել է կարծիքի, թե դրանք չհաջողված տարիներ էին:

Այս ամենին գումարվել է նաեւ ընդդեմ այդ նախագահների տարվող քարոզչությունը, ինչը խաթարել է ոչ միայն այդ անձանց կերպարը, այլեւ այն տարիները, որոնք նրանք ղեկավարել են: Սակայն, նույնիսկ անցած, այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» հետո էլ էական ոչինչ չի փոխվել, եւ օր-օրի ավելանում են նրանց թիվը, որոնք համոզված են, որ Փաշինյանի կառավարությունը եւս կձախողվի, իսկ շատերը նույնիսկ համոզված են, որ արդեն ձախողվել է:

Պետության գործունեությունը գնահատելիս մենք առաջին հերթին այն կապում ենք անձերի, մարդկանց, անունների հետ: Պետությունը մեզ համար անձնավորված էՙ այն տերպետրոսյանական է, քոչարյանական, սերժական, իսկ այժմ էլ փաշինյանական:

Ու եթե մենք չենք «սիրում» այս կամ այն անձին, ապա ձախողված ենք գնահատում նրա կառավարման ժամանակաշրջանը, անկախ նրանից, թե ինչ տնտեսական կամ քաղաքական հաջողություն է նա արձանագրել: Այստեղից էլ գալիս է մեր այն սխալ պատկերացումը, որ անձերի փոփոխմամբ ինչ-որ բան կփոխվի մեր կյանքում, Հայաստանը կդառնա հաջողված պետություն:

Սակայն այն պետությունները, որոնք իրենց զարգացման հաջողությունը կապում են այս կամ այն անձի հետ, արդեն ի սկզբանե դատապարտված են ձախողման: Կարելի է Հայաստանը եւս համարել նման, գաղափարապես ձախողված պետությունների թվին, քանի որ մեր հույսը ոչ թե համակարգային փոփոխություններն են, այլ անձինք, որոնք փրկիչի տեսքով կհայտնվեն եւ մեզ կտանեն դեպի հաջողություն:

Փրկչի սպասող ազգը հնարավորություն չի ունենա հասնելու հաջողության, նա երբեք չի կարողանա կազմակերպվել եւ ինքնուրույն լուծել իր խնդիրները, այլ միշտ աչքը դուրս կսպասի ինչ-որ մեկի հայտնությանը, որը նրան հաջողության ճանապարհը ցույց կտա: Նման մտայնությունը հատուկ է թույլ ու տգետ հանրությանը, որը վախենում է սեփական անձից ու նւոյնիսկ սեփական շողքից:

Երբ այս ամենը գրում եմ, մտքիս Հայ ժողովուրդն է ու հիշում եմ նաեւ ոչ վաղ անցյալի Արցախյան հերոսամարտը, երբ տասնյակ հազարավոր երիտասարդներՙ տղաներ եւ աղջիկներ, կամավոր զինվորագրվեցին ու կերտեցին հայոց նորօրյա հաղթանակը` առանց սպասելու որեւիցե մեկի առաջնորդությանը: Սակայն եկեք չմոռանանք, որ այդ հերոսամարտին մասնակցել է մոտ 30 հազար կամավոր, ինչը կազմում էր ՀՀ-ի ու Արցախի բնակչության 1%-ից պակաս բնակչությունը, իսկ եթե այս թվին գումարենք նաեւ Սփյուռքի հայությանը, ստացվում է, որ մեր ժողովրդի միայն շատ չնչին մասն է մասնակցել այդ հաղթանակի կերտման պայքարին:

Այսպիսով, փրկչին չսպասելու ու սեփական ուժերով հաղթանակը կերտելուն միտված է Հայ ժողովրդի միայն մի փոքր մասը: Սա վերաբերում է նաեւ բիզնեսով, գիտությամբ եւ մշակույթով զբաղված ստեղծագործ հանրությանը, որը իրար հետ կազմում է բնակչության հազիվ 3%-ը:

Արդյունքում ազգի միայն մի չնչին մասն է, որ պատրաստ է ինքնուրույն գործել պատասխանատվությունը վերցնելով իր վրա, մնացածը սպասում են ինչ-որ մեկի օգնությանը, եւ սա պարարտ հող է ամեն տեսակի փրկիչների, մարգարեների ու սրբերի ի հայտ գալուն: Ու մենք ազգովին պատրաստ ենք նետվելու առաջին իսկ պատահած արկածախնդրի գիրկը, որը իրեն փրկիչ կհայտարարի, կասի, որ նախկին ամեն ինչ սխալ էր ու ճշմարտությունը սկսվում է այսօրվանից, իրենից:

Այս իրավիճակի վտանգը ոչ միայն այն է, որ այդ փրկիչները վաղ թե ուշ վերածվում են բռնապետերի, այլ այն, որ մենք այս փրկչին պատրաստ են փոխարինել մեկ ուրիշով, երբ հիասթափվենք առաջինից: Սակայն, երբեք չենք ցանկանա պատասխանատվությունը մեզ վրա վերցնել եւ ասել, որ մենք ենք տերը մեր հայրենիքի ու ոչ մեկի կարիքը, առավել եւս փրկիչների, չունենք:

Սակայն նման մտայնության վտանգը ոչ միայն ու ոչ այնքան մարդիկ են, ինչքան թերարժեքության այն բարդույթը, որն էլ նման մտածելակերպի պատճառն է, որով տառապում է ազգը: Այդ թերարժեքությունն է, որ մեզ ստիպում է գնալ մի ճանապարհով, որը կոչվում է «միջազգային լավագույն փորձ»:

Այսինքն զարգացման սեփական ճանապարհը ընտրելու փոխարեն, որը կհիմնվի տվյալ ազգի պատմության եւ անցած փորձի վրա, մենք ընտրում ենք այն արժեքները, որոնք մեզ պարտադրում են դրսից: Հայտարարում ենք, որ այն ամենը, ինչը ազգային էՙ կեղծ է, եւ ճիշտ է միայն այն, ինչը ներմուծված է դրսից, օտար է մեզ, բայց փոխարենը համարվում է «միջազգային լավագույն փորձ»:

Ձախողման այս ալգորիթմըՙ «միջազգային լավագույն փորձ» ասածը, անգիր արած սիրում ենք կրկնել, այդ «փորձը» կրկնօրինակել ու փորձում ենք հարմարեցնել մեր պայմաններին: Սակայն արդյունքում մեր պայմաններն ենք փոխումՙ այն հարմարեցնելով «միջազգային լավագույն փորձին»:

Արդյունքում ստանում ենք մի խեղկատակություն, որի անունը դնում ենք պետություն եւ սպասում ենք, որ այդ պետություն-խեղկատակությունը հաջողություններ գրանցի: Ու հաջողության հասնելու այս սին խաբկանքից էլ ելնելով քննադատում ենք մեր իշխանվորներին, որոնք մեզ չեն հասցնում այն երջանիկ ապագային, որին մենք այդպես ձգտում ենք:

Սակայն այդ պետություն-խեղկատակությունը, որը թելադրված է դրսից ու կառավարվում է նրանց օրենքներով ու խաղի կանոններով, շատ արագ էլ հայտնվում է այն թելադրողների վերահսկողության ներքո, քանի որ նրանք ավելի լավ գիտեն, թե «միջազգային լավագույն փորձ» ալգորիթմը ոնց է աշխատում: Հետեւաբար փաստացի էլ նրանք են ղեկավարում քո պետությունը, անցած 29 տարիների ընթացում ներմուծելով այն արժեքները, որոնք նրանց է հետաքրքրում եւ առաջարկելով այն օրակարգը, որը նրանց է հարկավոր:

Անկախ Հայաստանի պատմության մեջ կա միայն մի հարց, որը հակառակ է «միջազգային լավագույն փորձին», դա Արցախյան հիմնախնդիրն է: Այն ամենը ինչը որ տեղի է ունեցել Արցախյան ճակատում, հակառակ է «միջազգային լավագույն փորձին». մենք հաղթանակ ենք գրանցել այնտեղ, որտեղ պարտավոր էինք պարտվել, հաջողության ենք հասել, երբ պարտադրված էինք ձախողվել:

Արցախյան հիմնախնդիրն է, որ մեր խեղկատակ-պետության գոյության պայմաններում մեզ դեռ հայ է պահում, սա մեր պատվի վերջին բաստիոնն է, եթե այն էլ հանձնենք, ոչ թե Հայաստան պետությունը կվերանա, այլ Հայ ժողովուրդը կհանգչի: Արցախյան հաղթանակը լոկ զենքի հաղթանակ չէր, դա առաջին հերթին հայի տեսակի, նրա ոգու, պատմական անցած փորձի ու վերածննդի հաղթանակն էր, որն ապացուցեց, որ Հայ ժողովրդի մեջ դեռ կան Հայ ազգի մնացորդներ, փշրանքներ, որոնք օրհասական պահին պատրաստ են ոտքի կանգնել:

Սակայն այսօր խնդիր է դրած այդ փշրանքները եւս ոչնչացնելու, ազգը վերածելով փրկչին պաշտող համայնքի, ներդնելով պետության կառուցման «միջազգային լավագույն փորձի» վերջին մնացորդները ու Հայաստանը վերջնականապես ներգրավելով ձախողված պետությունների մեծ ընտանիքի մեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ