RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2171, Տպվել է` 147, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ. ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Ս.թ. նոյեմբերի 22-ին «Ազգ» շաբաթաթերթի N44 համարում լույս տեսավ հոդվածս անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ: Հոդվածումս նշել էի, թե ինչ նոր փորձությունների առաջ են կանգնեցնում պետություններին ու նրանց պաշտպանական համակարգերին անօդաչու թռչող սարքերը (դրոնները): Նամանավանդ, եթե դրանք ահաբեկչական եւ դիվերսիոն նպատակներով են օգտագործվում:

Մասնավորապես նշել էի, Սաուդյան Արաբիայի «Սաուդի Արամքո» նավթարդյունահանող ընկերության վրա իրականացված հարձակումը 10 դրոնների կողմից, որոնց կառավարման կենտրոնը մինչ այսօր պաշտոնապես հայտնի չէ: Չնայած տարբեր պետությունների հետախուզություններ ունեն իրենց վարկածները եւ չեն պատրաստվում հրաժարվել դրանցից այլ կարծիքների ու տեսակետների ճնշման տակ:

Եվ քանի որ խոսվում էր Սաուդյան Արաբիայի թիրախավորման մասին, ապա այս հոդվածով ցանկություն ունեմ ընթերցողներիս ծանոթացնել Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների դոսյեին (ամբողջ փաստաթղթերի գործ): Հատուկ ծառայություններ, որոնք որոշակի ճանապարհ են անցել եւ «կուլ չեն տա», անհետեւանք չեն թողնի այդ դիվերսիոն ակտը իրենց պետության դեմ:

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում այդ ոչ մեծ արաբական երկրի հատուկ ծառայությունները տարբեր պատճառներով ու նպատակներով ներքաշվել են համաշխարհային կարեւոր իրադարձությունների թատերաբեմ:

1980-ականներին, ինչպես նաեւ 1990-ականներին, նրանք կարեւոր դերակատարություն ունեին Աֆղանստանում մոջահեդների շարժման կազմակերպման մեջ: Այնուհետեւ նրանք շատ արագ շփման մեջ մտան Թալիբանների շարժման հետ: Քիչ ժամանակ անց, արդեն 20-րդ դարի ավարտին մոտ, Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայություններից մեկի` Ընդհանուր հետախուզական ծառայության անունը (ԸՀԾ) թնդաց աշխարհով մեկ որպես արաբական վարձկան մարտիկներ «արտահանող» կազմակերպություն: Այդ թվում եւ ոտնձգություն եղավ նախկին Խորհրդային Միության տարածքի դեմ` վարձու մարտիկների մի մեծ խմբաքանակ հայտնվեց Չեչնիայում: Նրանք իհարկե մարտնչում էին Աֆղանստանում, արաբական երկրների բոլոր «թեժ» կետերում, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության գոտում (ընթերցողը գլխի կընկնիՙ ում կողմից): Այդ բոլոր գործողությունների հիմնական կառավարիչը ԸՀԾ երկարամյա շեֆ, արքայազն Թյուրքի ալ-Ֆեյսալն էր, որը հետագայում, պաշտոնաթողությունից հետո, հայտնվեց բարդ իրավիճակում եւ փորձում էր ապացուցել, որ իր քույրը, ինքը եւ իր ընտանիքի այլ անդամներ որեւէ առնչություն չունեն Նյու Յորքի 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտի ֆինանսավորման հետ:

Արքայազն Թյուրքի իբն Ֆեյսալ ալ-Սաուդը ծնվել է Մեքքայում 1945 թ.: Նա Սաուդյան Արաբիայի թագավորի ամենակրտսեր 8-րդ զավակն է, ծնված չորրորդ կնոջից:

Արքայազնը 14 տարեկանից սովորել է ԱՄՆ-ում, ավարտել է Վաշինգթոնի Ջորջթաունի համալսարանը, իմիջիայլոցՙ Բիլ Քլինթոնի հետ: Այնուհետեւ ուսանել է նաեւ Մեծ Բրիտանիայում:

Արքայազնն իր լուրջ քաղաքական կարիերան սկսեց, երբ նշանակվեց իր քեռու` Քամալ Ազամի տեղակալ հետախուզական գծով, իսկ այնուհետեւ նա գրավեց նրա տեղը որպես պետ:

ԸՀԾ-ում (General Intelligence Directorate) 24 տարի արքայազն Թուրքին հաջողությամբ (իր պետության համար) ղեկավարեց արտաքին հետախուզությունը (1977-2001 թթ.):

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայում 1979 թ. արքայազնը ղեկավարել է հակաահաբեկչական օպերացիան, երբ Մեքքայի Սուրբ Մզկիթում պատանդներին ազատել է ահաբեկիչներից:

Ծանոթագրություն

1979 թ. նոյեմբերի 20-ին Մեքքայի ամենամեծ մզկիթում «Ալ-Մասջիդ ալ Հարամ» խմբավորման ահաբեկիչները զենքով գրավեցին այդ իսլամական սրբավայրը, որտեղ հավաքվել էին 50 հազար հավատացյալներ: Զոհվեց 255 մարդ: Ուխտագնացները հավաքվել էին իսլամական նոր տարվա առաջին աղոթքին:

Իր ծառայության առջեւ դրված խնդիրներից ելնելով, հետախուզության պետ Թուրքի իբն ֆեյսալ ալ-Սաուդը հինգ անգամ հանդիպել է «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Բեն Լադենի հետ: Բեն Լադենը, իր նախաձեռնությամբ եկել էր արքայազնի մոտ` խորհրդակցելու: Նա բառիս բուն իմաստով կատաղած էր խորհրդային զորքերի ներխուժումով Աֆղանստան (1979 թ.): Այդ հանդիպումից հետո սկսվեց աֆղանական մոջահեդների ֆինանսավորումը, իսկ Բեն Լադենը հայտնվեց հարեւան Պակիստանում ու սկսեց ղեկավարել «սրբազան» պատերազմըՙ Ջիհադը, ընդդեմ խորհրդային զորքերի:

Սակայն Թուրքին սնսպասելիորեն հեռացվեց հետախուզության պետի պաշտոնից` Նյու Յորքում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 10 օր առաջ: Սաուդյան Արաբիայի պաշտոնական աղբյուրներում հայտնեցին, որ թագավոր Ֆադհ իբն Աբդուլազիզը ազատեց Թուրքի իբն ֆեյսալ ալ-Սաուդիին իր խնդրանքի համաձայն: Այս փաստը ապշեցուցիչ էր, որովհետեւ դրանից ուղիղ 4 ամիս առաջ թագավորն արձակեց հրամանագիր, որով հետախուզության պետի պաշտոնը ամրագրվում էր Թուրքիին եւս չորս տարով:

2002 թ. օգոստոսի 15-ին արքայազն Թուրքին իր երկու եղբայրների (արքայազներ Սուլթան իբն Աբդուլ Ազիզ եւ Մոհամեդ իբն Ֆեյսալ) հետ մեղադրվեցին ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատների կողմից, սակայն 2005 թ. նրանք արդարացվեցին:

Սրանով չավարտվեցին արքայազն Թուրքիի «արկածները»: 2002 թ. հոկտեմբերին, երբ արքայազնը, որպես ոչ պաշտոնական դեսպանորդ գտնվում էր Մոսկվայում, Դուբրովկայում « Նորդ-Օստ» ներկայացման ժամանակ ահաբեկիչները գրավեցին թատրոնի շենքը եւ հարյուրավոր պատանդներ վերցրեցին: Ինչքանով դա կապվեց նրա այցի հետ Մոսկվաՙ հայտնի չէ:

***

Փաստորեն, իր հսկողության տակ պահելով իսլամական Մեքքա եւ Մեդինա սրբազան վայրերը, ինչպես նաեւ համաշխարհային նավթի պաշարների քառորդ մասը, էր-Ռիադը ձգտում է դառնալ իսլամական աշխարհի առաջնորդը, որին այսօր ամեն կերպ խոչընդոտում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Հաշվի առնենք, որ Սաուդյան Արաբիայի ներքաղաքական իրավիճակը բավականին կայուն է, որին նպաստում է Ալ-Սաուդի արքայական ընտանիքը` միապետության ստեղծման պահից:

Միապետությունը հիմնված է երեք հիմնական ուժերի վրա`

- Իշխող կլան,

- Վահաբիստական հոգեւորականություն,

- Հզոր անվտանգության համակարգ:

Անվտանգության համակարգի մեջ են մտնում ՆԳՆ-ն, Ընդհանուր հետախուզական ծառայությունը, հակահետախուզությունը, ինչպես նաեւ Ազգային գվարդիան, որի մեջ մտնում է հատուկ նշանակության N 1 բրիգադը (երկրի զինված ուժերի ամենաէլիտար ստորաբաժանումը):

Ընդհանուր հետախուզությունը ստեղծվել է 1950-ականների երկրորդ կեսին, իհարկե ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA) իրական օգնությամբ եւ աջակցությամբ:

Իր գործունեության վաղ շրջանում այդ հետախուզությունը հիմնականում զբաղվում էր Եգիպտոսի Արաբական Հանրապետության եւ Իրաքի քայքայիչ, վնասակար գործունեությունն իր երկրի դեմ կանխելով: Եգիպտոսը արաբական աշխարհում համարվում էր Սաուդյան Արաբիայի հիմնական հակառակորդը: Այստեղ է, որ Էր-Ռիյադը սկսեց ակտիվ համագործակցել «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության հետ, ուղղելով նրանց Եգիպտոսի նախագահ Նասերի դեմ: Այս գործողությունները կառավարում էր սաուդյան հետախուզությունը: 1970-ականնեերի վերջին, վերոհիշյալ հետախուզությունը շատ ակտիվ համագործակցում էր ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետախուզական գործակալությունների հետ (իմիջիայլոց, որքան էլ որեւէ պետության հետախուզությունը հզոր եւ արհեստավարժ լինի, առանց լուրջ գործընկերների եւ համագործակցության շատ չնչին արդյունքներ կունենա): Աստիճանաբար «ոտքի կանգնելով», արեւմտյան գործընկերների օգնությամբ, Սաուդյան Արաբիայի արտաքին հետախուզությունը մշակեց իր հիմնական ռազմավարությունը` չեզոքացնել Խորհրդային Միության ներկայությունը իսլամ դավանող երկրներում:

Հենց այդ նպատակով 1976թ. ստեղծվեց «Սաֆարի կլուբը» (Safari- Club), որի մեջ ընդգրկվեցին Էր-Ռիյադի, Թեհրանի, թշնամությունն արդեն մի կողմ դրած Կահիրեի, Ռաբաթի հետախուզական ծառայությունները: Այսպես կոչված կլուբի ֆինանսավորումը լիովին իր վրա վերցրեց Սաուդյան Արաբիան: Այդ դաշինքի խնդիրն էր ստեղծել խորհրդամետ շարժումներին հակազդող ուժեր:

Ժամանակները փոխվում են, փոխվում են պետությունների ղեկավարները, տեղի են ունենում հեղափոխություններ, փլուզվում են գերտերություններ եւ քաղաքական ճամբարներ, խաթարվում է տարբեր պետությունների կայունությունը, առաջանում են նորանոր «թեժ կետեր», փոխվում են գաղափարախոսություններ եւ դաշնակիցներ, գործում է հայտնի սկզբունքը. «Չկան պետության մշտական բարեկամներ, կան պետության մշտական շահեր»: Այնուամենայնիվ, պետության եւ նրա ղեկավարության հիմնական գործիքակազմում եղել են եւ պետք է լինեն հետախուզությունն ու հակահետախուզությունը, որոնց հիմնական խնդիրներն են.

1. Հետաքրքրություն ներկայացնող երկրների վերաբերյալ տեղեկատվության հավաքում,

2. Թիրախ պետություններում հետախուզական գործունեության ծրագրում եւ իրականացում,

3. Հակառակորդի լրտեսական գործունեության կանխարգելում, դիվերսիոն եւ սաբոտաժային գործունեության եւ հակառակորդի գործակալական ցանցի բացահայտում,

4. Այլ հատուկ ծառայությունների, վերլուծաբանական եւ հետազոտական կենտրոնների հետ համագործակցության համակարգում,

5. Արտաքին միջազգային իրադրության մշտական վերահսկում:

Նկար 1. Թուրքի իբն Ֆեյսալ ալ-Սաուդ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ