RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2307, Տպվել է` 149, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄՙ ՈՉ ՄԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

ԵԱՀԿ-ի հովանավորությամբ Բրատիսլավայում (Սլովակիա) դեկտեմբերի 4-ին 26-րդ անգամ հանդիպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներըՙ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը: Հրապարակվեցին հայտարարություններ եւ տարածվեցին լուրեր, որ նախարարները, դարձյալ, սովորականի նման, ջուր ծեծելիս են եղել:

Նրանք իրարամերժ հայտարարություններով հանդես եկան, իսկ ԵԱՀԿ-ի հաղորդագրությունը փորձեց սվաղել տարաձայնությունները շեշտադրելով ռազմագերիների փոխանակման եւ լրագրողների այցելությունների գործառույթներում իրենց ներգործությունից բացի, հետագայում դարձյալ հանդիպելու եւ սահմանային գծում լարվածության թուլացմանը նպաստելու երկու երկրների պատրաստակամությունը:

Տարիների ընթացքում տարբեր ծրագրերի եւ լուծումների մասին խորհրդածելուց հետո, Ադրբեջանի արտգործնախարարը վերադարձավ իր երկրի կառավարության նախնական պահանջներին, որոնք խնդրի փոխզիջումային կարգավորման ոչ մի հիմք չեն տալիս: Մամեդյարովի պատվիրակությունը մասնակից կողմերին հուշագիր ներկայացրեց, որտեղ նշված էին Ղարաբաղյան հակամարտության լուծման ադրբեջանական պայմաններըՙ «հայկական զինված ուժերի անմիջական, ամբողջական եւ անվերապահ դուրսբերումը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից»:

Հուշագիրը ճանաչում էր հայկական բնակչության գերակայությամբ այդ շրջանի Ադրբեջանի տարածքում ինքնիշխանական կարգավիճակ ունենալու իրավունքը:

Փաստորեն պատերազմը տանուլ տված կողմը հաղթող կողմից պահանջում էր անվերապահ կապիտուլյացիա: Ադրբեջանի այս աստիճանի անիրական ամբարտավանությունն անշուշտ կարելի է բացատրել միայն Թուրքիայի հետ նրա համագործակցությամբ: Ադրբեջանը մեծացրել է հակամարտության շրջանակըՙ խնդրին ներգրավելով նաեւ Թուրքիային:

Այո, Անկարան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ շրջափակումը վերացնելու պայման է դրել ղարաբաղյան հակամարտության լուծումը բացառապես ադրբեջանական պայմանների համաձայն:

Ամբարտավանության մյուս պատճառը երկրի ներքին զարգացումներն են, որոնք սկսեցին խորհրդարանի արձակումով, կառավարական պաշտոններից հին կադրերի հեռացումով եւ շարունակվելու են, ըստ որոշ հրապարակումների, իշխանության փոխանցումովՙ Իլհամ Ալիեւից Մեհրիբան Ալիեւային, որն արդեն զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը:

Հետաքրքրական է նաեւ այն, որ Հայաստանը անելանելի կացությունից դուրս գալու մեկ այլ դիվանագիտական ելք է առաջարկել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինըՙ Աննա Հակոբյանը Ալիեւային հրավիրել է այցելել Ղարաբաղ: Վերջերս կայացած մի հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի առաջին տիկինը ցանկություն էր հայտնել ազերիական «մուղամներ» լսել Լեռնային Ղարաբաղում: Հակոբյանը վստահեցրել է, որ նրան որպես պատվարժան հյուրի կընդունեն այնտեղ, եթե խաղաղության ձիթենին իր ձեռքին գա, եւ ավելացրել, որ ինքն էլ պատրաստ է, հրավերի դեպքում, փոխադարձ այցելությամբ լինել Ադրբեջանում: Առայժմ ոչ մի պատասխան հարեւանի կողմից չի ստացվել:

Հայաստանի արտգործնախարարը իր երկրի դիրքորոշումը ներկայացրեց յոթ կետերից բաղկացած ելույթում, որի հիմնական միտքն այն է, որ Ադրբեջանը պետք է պարտավորվածություն ստանձնի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, առանց սահմանափակումների:

Դժբախտաբար, ԵԱՀԿ-Մինսկի խմբի Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների համանախագահները, ինչպես նաեւ ՄԱԿ-ը, կառչած են տարածքային ամբողջականության եզրույթի ադրբեջանական մեկնաբանությանը, մինչդեռ հայկական կողմի դիրքորոշումը եղել եւ մնում է այն, որ Ղարաբաղը Խորհրդային Միությունից անջատվել է այն նույն իրավական հիմունքներով, ինչ Ադրբեջանն է արել: Այնպես որ տարածքային ամբողջականության հարցը չպետք է հակամարտության կարգավորման բաղադրիչ գործոն դառնա: Ճիշտ է, Հայաստանի ներկայացուցիչները միգուցե այս տեսակետը պաշտպանում են բանակցությունների ընթացքում, բայց մենք հազվադեպ ենք ականատես լինում դրա միջազգային, հանրային դրսեւորումներին:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Մամեդյարովին եւ նախագահ Ալիեւին Բաքվում, նախքան Բրատիսլավա մեկնելը եւ նրանց հետ քննարկումներից հետո, որոշակի դրական հայտարարություններ էր արել Ղարաբաղի հարցում «հնարավոր փոխզիջումային կարգավորման» հասնելու վերաբերյալ: Դրանք դժբախտաբար չէին արտացոլվել Բրատիսլավայում ընթացող քննարկումներում եւ կամ հանրային հրապարակումներում:

Կրեմլը, եւ մասնավորապես Լավրովը, կարծես վերջերս ավելի հակված են պաշտպանելու Երեւանի դիրքորոշումը: Երբ Լավրովը Երեւան այցելեց, նշեց, որ կարգավորումը հնարավոր չէր առանց Ղարաբաղի ժողովրդի մասնակցությանը բանակցություններին: Դա ողջունելի առաջընթաց էր եւ հավելում «լավրովյան ծրագրին», որն ի դեպ արտահայտում էր հարցի փաշինյանական դիրքորոշումը:

Ռուսաստանի այս դիրքորոշումը առավել իրատեսականորեն բացատրել է Արամ Սարգսյանն իր հոդվածում, նշելով, որ Ռուսաստանը երազում է ընդգրկել Ադրբեջանն հավաքական անվտանգության եւ ԵԱՏՄ կառույցներում, իսկ Ադրբեջանը դրա դիմաց պետք է զիջի Ղարաբաղը:

Միջազգային քաղաքականության վերիվայրումներում իրար գլխի են հավաքվել տարօրինակ գործընկերներ, որոնցից ամեն մեկն իր ազգային շահն է պաշտպանում: Ռուսաստանը հավատացած է, որ Ադրբեջանը կարող է հարմար կապ հանդիսանալ իր, Թուրքիայի եւ Իրանի միջեւ գոյություն ունեցող հարաբերություններում: Ներկայիս, Ռուսաստանը պատրաստ չէ ընդառաջել Ադրբեջանի ձգտումներին, որովհետեւ գտնում է, որ «Հայաստանն արդեն ձեռից գնում է»,- հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ Վաշինգտոնի դրական վերաբերմունքն ու կոնգրեսի երկու պալատներում Ցեղասպանության բանաձեւի ընդունումը, որի արձագանքները տարբեր շրջանակներում մենք դեռ կտեսնենք:

Ռուսական կառույցներում Ադրբեջանի ներգրավվածությանը զուգահեռ, Մոսկվան այն միտքն է փայփայում, որ կկարողանա իր խաղաղարար ուժերը տեղադրել Ղարաբաղում, որպես համալրում Գյումրիում իր ռազմական ներկայության:

Ի հավելումն Բաքվի եւ Երեւանի հարաբերություններում միջնորդելու Լավրովի ցուցաբերած անձնական նախաձեռնության, Ռուսական դումայից եւս հուսադրական քայլեր են կատարվում: Կոնստանդին Զադուլինն, օրինակ, ծրագիր է ներկայացրել, համաձայն որի Ղարաբաղի անկախությունը ճանաչելու փոխարեն Ադրբեջանը կստանա, որպես անվտանգության երաշխիք, այն յոթը շրջաններից հինգը, որ հայկական զինված ուժերը նվաճել էին պատերազմի ընթացքում:

Սրանք, իհարկե, զուտ հայտարարություններ են, եւ մնում են որպես այդպիսիք, քանի դեռ կողմերից ոչ մեկը չի հետաքրքրվել մանրամասնություններով, իսկ սատանան թաքնված է հենց այդ մանրամասնությունների մեջ:

«Կովկասի ինստիտուտի» տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը բացառում է պատերազմական գործողությունների վերսկսումը մոտիկ կամ հեռավոր ապագայում: Նա նաեւ իրատեսական չի համարում ԵԱՀԿ-ի այն հայտարարությունը, որ «ստատուս քվոն անընդունելի է»: Նա հավատացած է, որ «ստատուս քվոն» կշարունակվի, ի գին երկու կողմերից մարդկային զոհերի: Նա մասնավորապես նշում է. «Կողմերը դեռ պատրաստ չեն փոխզիջման: Հայաստանն ու Ադրբեջանը փոխզիջում են անվանում տարբեր բաներ: Ադրբեջանը փոխզիջումային լուծում է համարում վերադարձը մինչեւ 1988 թվականը եղած իրավիճակին, ինչը, փաստորեն, դառնում է անհնարին եւ անընդունելի քննարկման համար: Հայաստանը փոխզիջում է անվանում այն, որ ամեն ինչ կմնա ինչպես կա եւ դրան գումարած Արցախի ճանաչումը, ինչը պատրաստ չեն քննարկել ադրբեջանցիները»:

Չնայած Ադրբեջանը չի ընդունում «ստատուս քվոն», այն, վերջին հաշվով, նպաստավոր է իրեն, քանի որ տարիների ընթացքում հյուծում, ուժասպառ է անում Հայաստանին:

Մյուս կողմից, սակայն, «ստատուս քվոն» հայ զինվորների կյանքերն է փրկում, թույլ տալով հուսալ, որ մի օր քաղաքական զարգացումները կհարթեն ճանապարհը դեպի առավել արդար կարգավորում:

Հանդիպումը Բրատիսլավայում ոչ մի առաջընթաց չարձանագրեց եւ առաջիկա նմանատիպ հանդիպումները եւս, բացի ջուր ծեծելուց, ոչ մի այլ բանի չեն ծառայելու:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ