RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2475, Տպվել է` 153, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՍՓՅՈՒՌՔԻՑ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ, ՏԵՍԼԱԿԱՆԸ ՓՈԽԱՐԻՆԵՆՔ ՀՍՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

2018-ի հեղափոխությունից հետո վարչապետ Փաշինյանն ուզում էր երկիրը ժողովրդավարական ապագա առաջնորդել, երկրից հեռացած համերկրացիներին տուն վերադարձնել: Կհաջողվի՞: Դեկտեմբերի 16-ին «Թագեսշպիգելի» «Ինչո՞ւ է Հայաստանի նոր կառավարությունը սփյուռքին վերադարձնել կամենում» հրապարակման նախաբանում հարցնում է հոդվածագիր Օլիվեր Բիլգերը : Երբ հեղափոխությունը սկսվեց, գրում է Բիլգերը, Արամայիս Մադաթյանը 7000 կմ հեռու էր հայրենիքից: Ինտերներտի միջոցով էր հետեւում, թե հայրենակիցները Երեւանում ինչպես էին փողոց դուրս գալիս: Չինական Քսիամենում անգլերենի ուսուցիչ էր 2018-ի սկզբին: Տնտեսական վիճակը լավ չէր, ապագայի հույս չկար, նվազ աշխատատեղեր, առատ կոռուպցիա, ուստի հազարավորների նման նա էլ լքել էր երկիրը: Ամիսներ առաջ կանխատեսելի չէր, որ 30-ամյա Մադաթյանը պիտի նստեր Երեւանի համալսարանին կից սրճարանում ու իր պատմությունը բարձրաձայներ: 3 միլիոնը երկրում, 7- ը արտերկրում, փոքր երկրի համար մեծ խնդիր է: Նոր կառավարությունն ուզում է հայերին երկրում պահել, հեռվում գտնվողներին ետ բերելՙ ի շահ տնտեսուժի եւ ժողովրդագրության խնդիրները հարթելուն: Կառավարությունն առաջին հաջողություններից է խոսում, բայց թվերը..., գրում է «Թագեսշպիգելը»:

Մադաթյանը 2014- ին է երկրից դուրս եկել, սկզբում կրթաթոշակով Տալլին, ապաՙ Չինաստան: Լեզվի դպրոցում արագ առաջ անցավ, 15 ուսուցչի վերադաս դարձավ, հիմնեց իր սեփական փոքր ընկերությունը, ամսական մինչեւ 5000 դոլար էր շահումՙ Հայաստանում միջին աշխատավարձի 15-ապատիկը: Սկսվեց հեղափոխությունը:

Հոդվածագիրն այնուհետ վերհիշել է տալիս 2018- ի ապրիլյան իրադարձությունները, հարյուրհազարավորների բողոքի ցույցերն Սերժ Սարգսյանի դեմ, Փաշինյանի առաջնորդությամբ խաղաղ ցույցերի արդյունքում Սարգսյանի հրաժարականը, ընտրություններում նրան տրված 70 տոկոս վստահությունը: Բողոքի ցույցերն առիթ են դառնում, որ կարոտախտն զորանա, եւ Մադաթյանը տուն է վերադառնում, մասնակցում հեղափոխությանը: Հիմա Երեւանում է ապրում, չինարեն ուսուցանում, չինացի զբոսաշրջիկներին ծանոթացնում իր երկրին, ծրագրել է լեզվի սեփական դպրոց բացել: Սա Մադաթյանի ներդրումն է նոր Հայաստանում: «Հայաստանը վերագտնում է իրեն, «Իմ քայլը» իշխող դաշինքի 39-ամյա պատգամավոր Միքայել Զոլյանի խոսքն է ներկայացնում թերթը: «Պատմական պահ է երկրի համար, մենք պատասխանատու ենք հեղափոխության ճակատագրի համար: Գործադիրն ու օրենսդիրն ազատվել են կոռուպցիայից: Արդարադատության համակարգում դեռ հին կադրերն են, դատավորները կոռուպտ են ( կաշառված ), ժողովուրդը դատարաններին չի վստահում, ասում է Զոլյանըՙ հավելելովՙ տարիներ կտեւի կոռուպցիայից ամբողջովին ազատվելու համար:

Հայաստանը ժողովրդավարության ուղղությամբ է շարժվում», Անվտանգության եւ միջազգային հարաբերությունների հայկական ինստիտուտի աշխատակից Արմեն Վարդանյանի կարծիքն է ներկայացնում «Թագեսշպիգելի» հոդվածագիրը: Նրա կարծիքով, Թավշյա հեղափոխությունից հետո առաջընթաց կա, բայց հանրության հուսախաբ հատված էլ կա, որ արմատական բարեփոխումներ էր ցանկանում: Մեծ մարտահրավերներից է արտաքին քաղաքականությունը, գրում է «Թագեսշպգելի» հեղինակըՙ անդրադառնալով երկու հարեւանների հետ փակ սահմաններին: 2015-ին Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, Փաշինյանն ուզում է եվրոպական արժեքների հանդեպ ամուր կողմնորոշում, ուզում է կենսամակարդակը եվրոպական չափանիշներին հասցնել: «Փորձում ենք երկու աշխարհների լավագույնը միավորել», նշում է Զոլյանը: Ռուսաստանի դերը երկրի անվտանգության համար է կարեւոր, միաժամանակՙ Եվրոպայի նման նույն արժեքներն ունենքՙ իրավական պետություն, մարդու իրավունքներ, ժողովրդավարություն»: Երկրի արդիականացման հարցում կառավարության հույսը ԵՄ- ն է: Օլիգարխներն ու մենաշնորհը անցյալ տարի վերացել են, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ՏՏ-ի ոլորտը պիտի զարգանա, փոքր ձեռնարկությունների հիմնումը պիտի դյուրին դառնա, որ գայթակղիչ լինի արտերկրից վերադարձը, որ ուղեղների արտահոսքը կանգ առնի: «Մեր ցանկությունն է, որ վերադառնան», ասում է Զոլյանը:

Արտագաղթի պատճառների մասին ակնարկելիս, «Թագեսշպիգելը» կարեւորներն է առանձնացնումՙ 1915-ի ցեղասպանությունը եւ 1988-ի երկրաշարժը, ԼՂ շրջանում պատերազմը, ԽՍՀՄ փլուզումը, որ առիթ դարձան տկարացած տնտեսության: Կառավարությունն այսօր ընդգծում է, որ 2018- ին ներգաղթը գերազանցել է արտագաղթին, վիճակագրական ծառայության տվյալներովՙ 15 313-ով: Բայց այստեղ հաշվառված են սահմանից ներս ու դուրս անող բոլոր ուղեւորներըՙ զբոսաշրջիկ ու ներգաղթյալ, գործարար այցով ժամանած, թե արտերկրում մերժված ապաստանյալ, գրում է գերմանական օրաթերթըՙ առանձնացնելով նաեւ մի տվյալ. կա վիճակագրություն, թե հայկական անձնագրով քանի քաղաքացի է հատել սահմանը: 2019-ի առաջին 9 ամիսներին դուրս եկածները 1,7 միլիոն են կազմել, որ 35 549-ով ավել է երկիր եկածների թվից: Բայցեւայնպես 2017-ի համեմատությամբՙ մեկնողների թիվը նվազել է, կիսվել, նույնիսկ ավելի քիչ: Սակայն, ինչպես նկատել է տալիս հոդվածագիրը, պաշտոնական վիճակագրություն չկա, թե քանիսն են երկրից տեւական ժամանակով բացակայում կամ վերադառնում: Արտերկրից Հայաստան վերադարձողների հարցերով զբաղվող Repat Armenia-ի աշխատակից Ռիմա Եղիազարյանի ասելով, անցյալ տարի մոտ 800 հոգու օգնություն են տրամադրել: Եթե ուզում ենք, որ վերադարձողների թիվն ավելանա, առաջարկներն էլ պիտի ավելացնենք, տեսլական կա, բայց կառավարությունը կոնկրետ, հստակ քաղաքականություն չունի, կարծիք է հայտնում Եղիազարյանըՙ հույս հայտնելով, թե առաջիկայում սա կշտկվի:

«Ով մեկնելու հնարավորություն ունենա, կօգտագործի», կարծում է Հայ առաջադեմ երիտասարդություն կազմակերպության տնօրեն Գրիգոր Երիցյանը ՙ նկատի ունենալով խտրականության, մարդու իրավունքների խնդիրը: Երիցյանը օրինակներ չի նշում: Նախկինում մեկնողների թիվն ավելանում էր ընտրություններից հետո, երբ հիասթափվում, հուսախաբ էին, Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Գրիգորյանի խոսքն է փոխանցում գերմանական թերթը: Գրիգորյանի կարծիքով, «Թավշյա հեղափոխությունից հետո ակնկալիքներն առավել մեծ են, քան անցյալում, ուստի հիասթափվելն առավել հեշտ է, ինչը մեծ արտագաղթի կարող է հանգեցնել, եթե սպասելի փոփոխություններն արագ չլինեն, մարդիկ այն զգացումը կարող են ունենալ, թե իրենց խաբել են»:

Երեւանում Գյոթե կենտրոնի լեզվի ուսուցման հասցեն գտնում են նրանք, ովքեր Հայաստանից ուզում են հեռանալՙ Գերմանիայում ուսումնառության կամ աշխատանք գտնելու նպատակով, գրում է Բիլգերըՙ նրանցից մեկինՙ 43-ամյա վիրաբույժ Տիգրանի հետ զրույցից ընդհանրացնելով, թե «մասնագիտական առաջընթացի» գերակա նպատակից բացի բարձր աշխատավարձ ստանալու հեռանկարն էլ կա: Իսկ ընկերների այն հարցին, թե ինչպես կարող է հենց հեղափոխությունից հետո երկրից հեռանալ, Տիգրանն այսպես է պատասխանելՙ «Ես ընդամենը մի կյանք ունեմ»: Տիգրանն ուրախ է, որ Հայաստանը ժողովրդավարության ուղու վրա է, իսկ թե Գերմանիայում որքան կմնա, իր համար էլ անորոշ է, գրում է «Թագեսշպիգելը»:

Նկար 1. Թավշյա հեղափոխությունը Արամայիս Մադաթյանին Երեւան է վերադարձրել: Լուսանկարը` Օլիվեր Բիլգերի

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ