RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Պատերազմը մանկական խաղ չի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2243, Տպվել է` 181, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԻՆ ԿՓՈԽՎԻ, ԻՍԿ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈ՞ՒՆԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անկախ նրանից, թե այժմ կառավարող իշխանությունը կհաջողի, թե՞, այնուամենայնիվ, ինչ-որ պահի քաղաքական առաջնահերթությունները կբերեն իրերի նոր վիճակի`նոր ընտրությունների եւ նոր կառավարության ձեւավորման հեռանկարով, մենք ուզում ենք կանգ առնել այն պահի վրա, որը մինչեւ հիմա չի ըմբռնվում շատ ու շատ քաղաքական հատվածների կողմից: Իշխանափոխությունը կամ հեղափոխությունը (անվանեք այն ըստ ձեր սեփական ճաշակի), գիտակցվի դա, թե ոչ, մեր կյանքի ընթացքը փոխել է անդառնալի` հին հայեցակարգերը, մոտեցումները, ֆիգուրները, կառավարման ձեւն ու աճպարարական հնարքներն այլեւս անցյալում են, դրանք չեն կարող այլեւս վերադառնալ ոչ թե այն պատճառով, որ նորերը լավն ու անփոխարինելի են, այլ այն պատճառով, որ մեր կյանքն անցել է անդառնալիության կետը հենց միայն տիեզերքի օրենքներով: Տիեզերքում, որի բնակիչն ենք նաեւ մենք, ամեն բան շարժվում է` որտեղ էինք երեկ, այնտեղ այսօր լինել չենք կարող, շարժումը ոչ ոք չի կարող կանգնեցնել կամ հետ հրել: Սա ըմբռնելու դժվարություն կա` մեր շուրջն առկա ամենօրյա դրսեւորումներով: Բայց չըմբռնելն ամենեւին չի նշանակում սեփական իրավացիություն, երբ աչքերդ փակում ես` դա շրջապատի չգոյությունը չի նշանակում, այլ ընդամենը վկայում է չըմբռնողների ողբերգության մասին: Չըմբռնելու պատճառներն էլ տարբեր են` պաշտոնի, պիտանելիության, դիրքի կորուստ, առաջվա անպատժելիության անհնարինություն, ձեռքբերված ապօրինի ունեցվածքը կորցնելու վտանգ, շատ ու շատ այլ հանգամանքներ, որոնք ամեն շարժվող բանի անիվին փայտ խցկելու ամենօրյա պատճառ են, գումարած, որ տեղեկատվության միջոցները դեռ անցյալի ստատուս-քվոյին կից ունեցվածքի մաս են: Բայց ով կարող է այնպես անել, որ երկրագունդը չպտտվի, Ծիր Կաթինն ու Անդրոմեդի միգամածությունը սպիրալաձեւ չսուրան տիեզերքով, ամեն ինչ կանգ առնի` մենք էլ հետը: Ուրիշ բան, որ շարժումն ինքնին ապահովագրված չէ շեղումներից եւ ցնցումներից, ինչպես որ ներկա իշխանությունը` սխալներից: Բայց չկա այնպիսի ուժ, որ տիեզերական մարմիններին ստիպի հետ պտտվել` դեպի ելման կետ: Հայաստանում, որպես տիեզերքի մի աննշան մասում, նույն օրենքն է գործում:

Նոր սերունդն այլեւս չի հանդուրժի դատարկ խոսողներին, աճպարարներին, ընտրություն կեղծողներին, իրենց հաշվին ուռճացողներին, դա բնավ չի նշանակում, որ այդ սերունդը հանդուրժելու է ներկա կառավարության շատուշատ բացթողումները, կամ ոչ կոմպետենտությունը: Բայց չեն լինի Նիկոլն ու նրա կառավարությունը, կլինեն այլ, լրիվ նոր մարդիկ, որոնք միգուցե կսրբագրեն այս կառավարության սխալները: Միայն թե այլեւս ոչ ոք հետ չի նայի: Սա ընդունելն է ըմբռնելու եւ չըմռնելու տարբերությունը. ընդգծենք` հատուկ չըմբռնողների ու ամեն օր հնի երազանքով ապրողների համար, որոնց պատկերը հեռուստացույցով տեսնելն ու նրանց աղմկարարությունը հրաշալի հիշեցում է այն մասին, թե ինչպիսի Հայաստան այլեւս չենք ուզում ունենալ, միգուցե նաեւ` այսօրվա Հայաստանի սխալերը եւս բացառելու համար: Այնպես որ` որքան ավելի շատ են հներն էկրաններին ու մնացած ԶԼՄ-ներում, որքաբ շատ խոսեն Ռուբեն Հայրապետյանի եւ մի քանի այլոց նմանները, այնքան արխաիկ են դառնում նրանք` հիշեցնելով, որ իրենք մերժված են:

Երեկ Ատյոպա Սաֆարյանին հանրային խորհրդի նախագահ նշանակելիս էլ վարչապետ Փաշինյանը մատնանշեց պատճառները, որոնք թույլ չեն տալիս ըմբռնել մեր այս ասածը. ասաց, որ Հայաստանում կատարվածն անսպասելի եւ ցնցումային է եղել Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի համար, երբ քաղաքական ուժերի 99 տոկոսը առաջիկա տասն տարիների համար իր անելիքները պլանավորած-գծագրած է եղել, եւ մինչեւ հիմա էլ քաղաքական ուժերի մեծ մասը չի հաղթահարել շոկը: Չնայած` մասամբ համաձայն չենք` ինչ-ինչ նոր քաղաքական գործընթացներ Հայաստանում կան, նոր դեմքեր էլ մեկումեջ հայտնվում են, հատկապես ընդդիմադիր դաշտում: Էլ չասած, որ ներքին «ռազբորկաներն» են նաեւ պարզեցնում ջրերը, ինչպես որ քաղաքային ավագանու «Լույս» դաշինքում եղավ, որտեղ փաստորեն «Լուսավոր Հայաստանը» սահմանազատվում է «Հանրապետություն» կուսակցությունից` հետ կանչելով իր կուսակից Դավիթ Խաժակյանին «Հանրապետության» երկու տիկնանց պահվածքի պատճառով:

Դեկտեմբերի 25-ին նշանակված Երեւանի ավագանու նիստը երեւի կատալիզատորի դեր կունենա գոնե քաղաքական դաշտի այս փոքրիկ հատվածի շուրջ տեղի ունեցող գործընթացում, որը նշանավորվեց «Լույս» դաշինքի ղեկավար եւ «Լուսավոր Հայաստանի» անդամ Դավիթ Խաժակյանին`ավագանուց հետ կանչելու վերաբերյալ Էդմոն Մարուքյանի եւ Մանե Թանդիլյանի հայտարարությամբ: Այդ օրը պարզ կդառնա Խաժակյանի տեսակետը` իր անելիքի մասին:

Ընդհանրապես` այժմ տեղի ունեցող քաղաքական խորքային հոսանքները, հուսով ենք, բերելու են պարզեցման` հների բացառման ու նոր, իրական, դեպի ապագա միտվող քաղաքական դաշտի գծագրման առումով, այդ գործընթացներին մինչեւ տարվա վերջ կանդրադառնանք:

Ինչ սպասել Սենատի որոշումից հետո

Անցած շաբաթ հայերիս համար կարեւորագույն բան տեղի ունեցավ` ԱՄՆ Սենատը վերջնականապես ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը: Ու չնայած ԱՄՆ Պետդեպարտամենտից շտապեցին հայտարարել, թե Սպիտակ տան մոտեցումներում ոչինչ չի փոխվում Հայոց ցեղասպանության հարցում, ասել է, թե Ցեղասպանություն բառը ԱՄՆ գործադիրը եւ նրա ղեկավարը շարունակելու են չգործածել, սակայն հայերիս համար Սենատի ընդունած որոշումը, որպես օրենսդրական փաստաթուղթ, շատ կարեւոր է: Այսու ԱՄՆ քաղաքացի եւ Թուրքիայից ունեցվածքի եւ բարոյական փոխհատուցման պահանջ ունեցող հայերն իրենց թիկունքում արդեն ունեն սեփական օրենսդիրի իրավական ուժ ունեցող թուղթ: Իհարկե, իրավաբանները դեռ պիտի դիրքորոշում հայտնեն, թե որեւէ մեկը, նման որեւէ հայցով հանդես գալու մտադրության պարագայում, էլ ինչ զուգահեռ քայլի պետք է դիմի, միգուցե կարելի է դատական կարգով վիճարկել Պետդեպի դիրքորոշումը, որ անտեսում է երկրի օրենսդիր մարմնին: Կամ միգուցե առանց Պետդեպի դիրքորոշումը վիճարկելու էլ Սենատի որոշումը բավարար իրավական հնարավորությամբ է ապահովում հայերի թիկունքը: Սակայն դրանից ԱՄՆ քաղաքական բարձրագույն մարմնի որոշման իրավական նշանակությունը եւ դրա ընձեռած գործառնական հնարավորությունները դեռ պետք է գնահատեն մասնագետները:

Ինչ-որ տեղ` անմարդկայինի ու բարձր արժեքի միջակայքում

Վերարտադրողական առողջության, պերինատալագոիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ. այս բառակույտի ամբողջական եւ առանձին-առանձին բառերի բարձր ու մարդահեն բովանդակությունն ուղղակի խփում է մարդու գլխին, երբ պարզվում է` դրանց բովանդակության իրագործողները հակառակն են կատարել երկար տարիներ, մայրերից երեխա են խլել խաբեությամբ ու վաճառել, ներքո մի իշխանության աչքփակոցիի, որի ներկայացուցիչներն այժմ խոսում են ներկա իշխանության կողմից ամենաստորին բնազդները խթանելուց եւ, օհ, բարձր արժեքներից:

Ինչ բարձր արժեհամակարգ է այն, որ հանդուրժել կամ չի նկատել կազմակերպված թրաֆիքինգը, կամ որ ստիպում է հայտնի անհատին` պետությանը սատար կանգնելու, հանրության լայն շերտի որոշումները հարգելու փոխարեն` ինչ որ կասկածելի արժեքներից խոսել, կուսակցական շահ գերադասել, մարդկանց պաշտոնակառչությունը համարել մացառոտ ճանապարհի հաղթահարում` դեպի իրավական անկախ համակարգ: Լավ , էլի, անկախը ինչ-որ ռետին չի` ոչ էս կողմ ձգեք, ոչ էն կողմ, որ դուք եք` անկախ է, որ ուրիշներն են` անկախ չէ: Հայաստանի նախագահին էլ պետք չէ թաքնված սպառնալիքներ ուղարկել` խոսքի ենթատեքստերում, որ նրան նախագահ էիք ընտրում` համենայնդեպս վստահ էիք նրա հավասարակշռված եւ կոմպետենտ որակների վրա, ինչու սկսեցիք կասկածել: Թե չէ` ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու օրենքի ստորագրման-չստորագրման նրա որոշումով վերասրբագրել նրա մասին ձեր կարծիքը` «կկանգնեցնի դատական իշխանության զավթման փորձը» կամ «կդառնա հանցակից», սա վերջն է, էդ որ իրական ու զարմանալի հանցագործություններ էին կատարվում տարիներով երկրում` տոտալ ընտրակեղծարարությունից սկսած` մինչեւ պերինատոլոգիայի վերջին ցնցիչ սխեմա` բա ինչու էդպիսի կտրական տոնով մի միտք չէիք երկնում, քննադատողներիս էլ թարսուշիտակ էիք նայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ