RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
#046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-12-21 14:56:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2298, Տպվել է` 159, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ո՞ՒՐ Է ԵՐՐՈՐԴ ՈՒԺԸ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ասում ենՙ լավագույն կառավարությունն այն է, որի ներկայությունը չեն զգում տվյալ երկրում: Միշտ նախանձել եմ Բելգիային, որը մի քանի տարի առաջ ամբողջ 18 ամիս զրկվել էր կառավարությունից: Հարցիսՙ թե կառավարության բացակայությանը ինչպես էին դիմանում բելգիացիք, տեղի լրատվամիջոցներից մեկում աշխատող գործընկերս պատասխանեցՙ «Շատ հանգիստ. լրագրողներս նույնիսկ ուրախ էինք. փոխանակ կառավարության հարցերով զբաղվելու, կենտրոնացել էինք քաղաքացիներին հետաքրքրող գլխավոր խնդիրների վրա»:

Շուտով կսկսվեն տոնական օրերը, որոնց կհաջորդի հետտոնական ընդարմացումի պահը: Կառավարություն եւ Ազգային ժողով կգնան արձակուրդի, եւ մեր լրագրողները կմնան անգործ: Գոնե մինչեւ հիմա այսպես է եղել մեր երկրում, որտեղ լրատվամիջոցների հետաքրքրասիրությունը միշտ կենտրոնացած է եղել Ազգային ժողով-Նախագահական պալատ-Կառավարության շենք եռանկյունու վրա, դեպի լուսանցք հրելով քաղաքացիներին հետաքրքրող մյուսՙ սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրները: Իսկ հիմա, արդեն շուրջ մեկուկես տարուց ի վեր, երբ այդ սուր եռանկյունին վերածվել է Կառավարություն-Ազգային ժողով ուղիղ գծի, ավելի է նեղացել լրագրողական հետաքրքրությունների ծիրը, որտեղ տիրապետողը «կամ-կամ» սկզբունքն է, փոխադարձ անհանդուրժողականությունը, ատելությունը նույնիսկ: Լրագրողական հանրույթը, նշյալ ծիրում, բաժանված է հակադիր զույգ ճամբարների, որոնց արանքում խլացվում է հասարակության տարբեր խավերի, քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեցող խմբավորումների միջեւ հաշտեցման հարթակ դառնալու սակավաթիվ լրատվամիջոցների ձայնը, ազդեցությունը:

Ստեղծված այս իրավիճակում գլխավոր գործող անձը մնում է հանրապետության վարչապետը, անուրանալիորեն: Ոմանց կարծիքով, վարչապետի հրահրիչՙ գրեթե ամենօրյա հայտարարությունների, սպառնալիքների, բռնեմ-ծեփեմ-փակեմ նախաձեռնությունների նպատակը հասարակության ուշադրությունից երկրի գլխավոր խնդիրները,- Արցախի հարց, տարածաշրջանային անվտանգություն, տնտեսական-սոցիալական հեռանկարային կայուն եւ իրական բարեփոխումներ,- շեղելու միտումն է: Թերեւս: Սակայն ես ավելի հակված եմ ընդունելու մի հոգեբանի ինձ մեկուսի ասածը, թե այս պարագայում մենք գործ ունենք «անձի ինքնասեւեռայնություն» երեւույթի հետ, որով վարակված են եղել աշխարհում մի շարք հայտնի պետական գործիչներ: Որպես ապացույց այդ հոգեբանը մատնացույց էր անում գործող վարչապետի ամենօրյա ելույթները, մեղադրական ռեպլիկները քաղաքական հակառակորդների ու երբեմն էլ յուրայինների դեմ, որոնցով նա, մի կողմից, ընդգծում է իր կարեւորագույն դեմք լինելը, իսկ մյուս կողմից, ի սկզբանե գիտենալով, որ նման ելույթները անարձագանք չեն թողնվի իր հակառակորդների կողմից, փոխադարձ պատասխան ելույթները կրկին ծառայեցնում է սեփական անձի բացառիկությունը շեշտելու նպատակին: Որպես փորձառու հրապարակախոսՙ նա իր կյանքի ոչ մի օրը չի պատկերացնում առանց պոլեմիկայի... Խոսակիցս որպես ապացույց հիշեցրեց վարչապետի դեկտեմբերի 13-ի ելույթը` նախորդ օրը ԱՄՆ Սենատի ընդունած հայտնի բանաձեւի մասին. ճշմարիտ, դիպուկ, համապարփակ եւ պետական մարդուն, հա՛յ մարդուն հարիր ելույթՙ Ցեղասպանության ճանաչման առթիվ: Սակայն, ընդամենը մի քանի օր հետո, հիշեցրեց զրուցակիցս, վարչապետը մի բան մոռացածի նման վերադարձավ նույն թեմայինՙ այս անգամ շեշտելու համար, թե այդ ճանաչումը գլուխ չէր գա, եթե չլիներ «թավշյա հեղափոխությունը», այսինքնՙ ինքը...

Եթե ճիշտ է այս վերլուծությունը, ապա մենք էլ մեր հերթին կարող ենք պնդել, որ ընդդիմադիր ուժերը եւ առաջին հերթինՙ նրանց ազդեցության ներքո գործող լրատվամիջոցներն ու լրագրողները, ակամա կամ ստիպողաբար փաստորեն սպասարկում են վարչապետին, ճիփուճիշտ անում նրա ուզածըՙ սեփական անձի կարեւորության, գլխավորը եւ միակը լինելու նրա փառասիրության սպասարկումը:

Մինչդեռ մեր երկրին, մեր պետությանը, այժմ եւ միշտ եւ հավիտյան անհրաժեշտ է ունենալ ակտիվ, ազդեցիկ ու ներգործուն մի խավ, հավասարակշռող, առողջ ու ողջախոհ մի հավաքականություն, բաղկացածՙ կյանքում եւ ասպարեզում հաջողված քաղաքացիներից, որոնք պատվար կկանգնեն ամեն տեսակի չափազանցության, հեղափոխականության եւ հակահեղափոխականության, անձնիշխանության եւ այլիշխանության միջեւ, բոլոր պատասխանատուներին ու նրանց մրցակիցներին մղելով բացառապես հայրենիքի ու պետականության հզորացման, ամրության եւ բարգավաճման գործին: Պե՛տք է ասպարեզ դուրս գա Երորրդ ուժը, առանց ուժի ցուցադրության եւ ուժային մեթոդների ու հավակնությունների:

Անշուշտ, մեր երկիրը երանելի՜ Բելգիան չէ. ո՛չ նրա 190 տարվա պետականության փորձառությունը ունի, ոչ էլ նրա քաղաքակիրթ տարածաշրջանային միջավայրը: Սակայն Հայաստանը կարող է դառնալ մի պետություն, որտեղ ամեն մարդ լծված լինի իր գործին, իր երկրի պաշտպանությանը, իր ժողովրդի բնատուր կարողությունների կենսագործմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #48, 20-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ