RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2019-12-13 13:09:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1459, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԵՐԲԵՐՅԱՆԻ ԵՎ ԶԵՅԹԼՅԱՆ-ՈՒԱՏԵՆՊՈՅԻ ԳՐՔԵՐԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԻ

Հ.Ծ., (The Arm. Mirror-Spectator)

Ֆրեզնոյի Կալիֆոռնիա համալսարանում գործող հայկական ուսումնասիրությունների ընկերությունը (SAS) տեղեկացնում է, որ 2018-19-ի նշանավոր գրքերի համար Տեր-Մկրտչյան մրցանակին են արժանացել Հուրի Բերբերյանի «Շրջող հեղափոխականներ: Հայերն ու կապակցված հեղափոխությունները ռուսական, իրանական եւ օսմանյան տիրույթներում» (Օքլենդ, Կալ. համալ.ի հրատ.) եւ Հեղնար Զեյթլյան-Ուատենպոյի «Պակասող էջերը: Միջնադարյան մի ձեռագրի արդի կյանքը: Ցեղասպանությունից դեպի արդարություն» (Ստենֆորդ համ.ի հրատ.) գրքերը: Հատուկ հիշատակության է արժանացել նաեւ Ջեյմս Բարրիի «Իրանի հայ քրիստոնյաները: Էթնիկական, կրոնական եւ ինքնության խնդիրները իսլամական հանրապետությունում» (Քեմբրիջի համալ.ի հրատ.) գիրքը:

SAS-ի Տեր-Մկրտչյան գրքի նշանավոր մրցանակը հիմնվել է 2015-ին խթանելու համար հայկական մշակույթի եւ պատմության (անտիկ ժամանակներից մինչեւ մեր օրերը) ուսումնասիրությունները: Կալիֆոռնիա պետհամալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն եւ SAS-ի նախկին նախագահ Բառլոու Տեր-Մկրտչյանը առատաձեռն նվիրատվությամբ հանձն է առել հովանավորել մրցանակաբաշխությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում: Շնորհավորելով մրցանակակիրներին (որոնք 500-ական դոլարի դրամական պարգեւ եւ հավաստագրեր կստանան), նա իր ելույթում նշել է, որ մեկ տասնյակից ավելի գրքեր էին ներկայացվել մրցանակաբաշխությանը: «Սա նշանակում է, թե ոլորտը դրականորեն զարգանում է»: Վերջում նա շնորհակալություն է հայտնել ընտրող հանձնախմբի չորս մասնագետներին, որոնք բծախնդրորեն քննարկել էին ներկայացված բոլոր գրքերը:

Իր «Roving Revolutionaries» գրքում Բերբերյանը խորամուխ է լինում ռուսական (1905 թ.), իրանական (1905-11) եւ երիտթուրքերի (1908 թ.) հեղափոխությունների միջկապակցվածության գործոնների մեջ եւ դրանցում քննության առնում հայ հեղափոխականների դերակատարությունը: Արխիվային լայնածավալ նյութերի միջոցով նա նոր մոտեցումով է դիտարկում հեղափոխական գաղափարների շրջանառությունը: Հուրին Իրվինի Կալիֆոռնիա համալսարանի հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրենն է: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների եւ «Ազատության սերը հայրենիք չունի» (2001, The Love for Freedom Has No Fatherland) հատորի:

Զեյթլյան-Ուոտենպոն Դեյվիսի Կալիֆոռնիա համալսարանի պատմության դասախոս է: Նա մրցանակակիր հեղինակն է «Օսմանյան մի քաղաքի պատկերը: Ճարտարապետությունը Հալեպում» (2004) գրքի: Իր նոր «The Missing Pages» հատորում նա վերականգնել է Զեյթունի ավետարանի ոդիսականըՙ սկսած միջնադարյան ժամանակաշրջանից մինչեւ իր վերջին ոստանըՙ Պոլ Գետտի թանգարանը: Ձեռագրի պատմությանը զուգահեռ նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային եւ նրա հետեւանքներին:

Երկու մրցանակակիրները իրենց շնորհակալությունն են հայտնել հայկական ուսումնասիրությունների ընկերությանը, հայագիտական ոլորտին մասնավորապես մեծ ուշադրություն դարձնելու համար:

Նկար 1. Հուրի Բերբերյան

Նկար 2. Հեղնար Զեյթլյան-Ուատենպո

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ