RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1558, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆ-ԱՄՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈ՞ՒՄ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ամերիկա-իրանական հարաբերություններում տեղի է ունեցել իրադարձություն, որը դժվար է համարել սովորական, մանավանդ Իրանում վերջերս տեղի ունեցած եւ ԱՄՆ-ի աջակցությունը ստացած բողոքի ելույթներից հետո: Կողմերը փաստորեն գերիներ են փոխանակել: Թեհրանը ազատ է արձակել Փրինսթոնի համալսարանի հայցորդ Հյու Վանին, որը ձերբակալվել էր 2016 թվականին: Նրան մեղադրում էին ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու մեջ, իսկ ամերիկացիները ազատել են ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի գիտնական Մասուդ Սուլեյմանիին, որը արյունաբանության եւ վերականգնողական բժշկության ոլորտում զբաղվում էր ցողունային բջիջներով: Նրան բռնել էին այն պահին, երբ, պատժամիջոցները շրջանցելով, փորձել էր Իրան տեղափոխել ինչ-որ կենսաբանական նյութ:

Գերիների փոխանակումը տեղի է ունեցել որպես միջնորդ հանդես եկած Շվեյցարիայում: Ինտրիգն այն է, որ գերիների փոխանակումը կապված է տեխնիկական եւ քաղաքական որոշակի բարդությունների հետ, որոնք ժամանակ են պահանջում: Տվյալ դեպքում կարեւոր է պարզել, թե երբ են սկիզբ առել տվյալ շփումներըՙ Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերից առաջ, թե՞ դրանցից հետո: Սա առաջին: Երկրորդՙ հայտնի չէ, թե ինչպիսի արարողակարգով է անցկացվել այդ գործողությունը: Արդյոք եղե՞լ է արտահանձնում, եւ դրան մասնակցե՞լ են արդյոք երկու երկրների իրավապահ մարմինները: Վերջապես, աչքի է զարնում այն հանգամանքը, որ գործողությանը մասնակցել է անձամբ Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը , որը, ինչպես հաղորդում է The Times Of Israel թերթը, հաջող փոխանակման մասին առաջինն է տեղեկացրել Թվիթթերում, ինչպես նաեւ հրապարակել է տուն վերադարձած իրանցի գիտնականի լուսանկարը:

Հենց Զարիֆն է Ցյուրիխում դիմավորել Սուլեյմանիին: Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, Հյու Վանի ազատման մասին տեղեկացրել է անձամբ նախագահ Դոնալդ Թրամփը , այլ ոչ թե պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Թրամփի խոսքերովՙ տեղի է ունեցել պատանդների փոխանակում, եւ դա լավ է Իրանի համար: Ըստ որում, Թրամփը ակնարկել է, որ պատանդների փոխանակումը կարող է «հնարավոր հետագա քայլերի նախանշանը լինել»: Առաջին անգամը չէ, որ Թրամփը ակնարկում է Իրանի հետ հարաբերությունների բարելավման հնարավորության մասին, թեեւ ԱՄՆ-ը Թեհրանի դեմ օգտագործում է մտրակՙ կիրառելով զանազան պատժամիջոցներ: Սակայն, ինչպես գրում է The National Interest հրատարակությունը, Վաշինգտոնում ոմանք գտնում են, որ Իրանի նկատմամբ ուժային դիվանագիտության միջոցները սպառվել են:

Առաջին հերթին հարկավոր է վերանայել պատժամիջոցների ռեժիմը: բայց բանը միայն դա չէ: Վերջերս մալայզիական New Straits Times թերթում հարապարակվեց հետազոտական բնույթի մի հոդված, որն ակնհայտորեն տեղական ծագում չունի: Այնտեղ պնդում է արվում, որ Թրամփը, ընտրարշավ սկսելով, կարող է բարելավել հարաբերությունները Թեհրանի հետՙ խոստովանելով նրա ավանդը «Իսլամական Պետության» ջախջախման մեջ: Ինչպես նշվում է հոդվածում, իրանական ազգին հարկավոր է վերադարձնել իր արժանապատվությունը, այլ ոչ թե նրան սպառնալ պատժամիջոցներով: Պետք է փակագծերից դուրս բերել Իսրայելի խնդիրը, որը 1979 թվականից Իրանին համարում է տարածաշրջանի գոյությանը սպառնացող վտանգ, փոխել Իրանի հարցում ամերիկյան ընկալումը, որպեսզի հնարավոր լինի հասնել խաղաղության: Բայց առայժմ ԱՄՆ-ում Իրանի նկատմամբ վարվող մարտավարությունը ամերիկացի շատ փորձագետներ համեմատում են Հյուսիսային Կորեայի նկատմամբ Վաշինգտոնի որդեգրած մարտավարության հետ:

Վերջին դեպքում փոխադարձ անվստահությունը հասել էր գագաթնակետին, ապա սկսվել էին բանակցություններ Փենյանի հետ: Նույնը տեղի կունենա՞ արդյոք Վաշինգտոն-Թեհրան փոխհարաբերություններում, հարց է տալիս փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Այս տարվա հունիսի սկզբներին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն միջնորդական առաքելությամբ մեկնեց Թեհրան: Դա վերջին 41 տարում Ճապոնիայի կառավարության ղեկավարի առաջին այցն էր Իրան: Աբեն հույս ուներ սուր ճգնաժամից դուրս բերել ամերիկա-իրանական հարաբերությունները, բայց չհաջողվեց: Կար նաեւ «Մակրոնի ծրագիրը», որը նախատեսում էր բանակցությունների շնորհիվ միջուկային նոր համաձայնագրի ստորագրում: Ըստ երեւույթին, Թրամփը հակված էր այդ ծրագրին, բայց նրան խանգարեցին: Ձախողվեցին նաեւ Պարսից ծոցում եւ Հնդկական օվկիանոսում ռազմածովայն կոալիցիա ստեղծելու ամերիկացիների փորձերը: Իրանը, իր հերթին, իջեցրեց սեփական պարտավորությունների մակարդակը, բարձրացրեց ուրանի հարստացման աստիճանը եւ վերսկսեց հետազոտությունները արդիական ցենտրիֆուգներում:

Ստեղծված լարվածության վտանգը գիտակցելովՙ միջուկային պայմանագիրը ստորագրած եվրոպական պետությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային սուբյեկտները, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունները, առաջարկել են հակամարտության մեղմացման միջոցներ: Խոսքը Իրանի եւ ԱՄՆ-ի անմիջական բանակցությունների մասին է: Հնարավոր էՙ Վաշինգտոնը հրաժարվում է Թեհրանի վարչակարգը փոխելու մտադրությունից: Վերջերս Պոմպեոն հայտարարեց, որ իրենք չեն կարողանում իրականացնել այդ ծրագիրը: Այնպես որ, Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ գերիների փոխանակումը կարող է դռնփակ խորհրդակցությունների սկիզբը դառնալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

AZG Daily #6, 14-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ