RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


2019 թ. հոկտեմբերին ToTo-ն ՝՝Ազգ՝՝ շաբաթաթերթում առաջարկել էր 10 միլիոն ծառ տնկելու փոխարեն, տնկել մեկը, բայց շատ հզոր:

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



ՔԱՂԱՔԱԿԻՐԹ

Տեղադրվել է` 2019-12-13 13:09:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1729, Տպվել է` 116, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԱՐՁԱՆՆԵՐԸ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հանրային հերթական ակտիվության առիթով

Մեր քաղաքը արձաններով աչքի չի ընկնում: Շատ թե քիչՙ կապ չունի, առհասարակ ոչ մի բանով էլ չի փայլում, մանավանդ տարվա այս եղանակին, երբ ամեն ինչ մերկացած է ու ամեն տգեղ բան ցցուն է ավելի. կանաչությունը գոնե փոխում էր տեսարանները, ծածկում որոշ տգեղություններ, թեեւ դրանք էլ բավարար խնամված չէին, առանձին բացառություններով, իհարկե: Բացի դա, կանաչ հատվածը Երեւան քաղաքի բավարար համարվելուց շատ ցածր է, ու օդը քաղաքի ահավոր աղտոտված. շնչել չի լինում, բնակչության ամեն երրորդը շնչառական խնդիրներ ունի: Եվ ոչ միայն օդի պատճառով, առհասարակ հոգնեցնող քաղաք էՙ անհրապույր մթնոլորտով ու չգիտես ինչու խեթ հայացքով մարդկանց գերակշռությամբ:

Ճարտարապետական միջավայրը. սա արդեն մի ուրիշ ու լուրջ թեմա է: Տարիներ շարունակ ում ինչ դուր է եկել, խելքին ինչ փչել է, որտեղ պատահի, առանց շինարարական նորմեր, կանոններ հաշվի առնելուՙ ճոխ հյուրանոցներից, սրճարան- բարերից, բազմահարկ շինություններից ու կցակառույցներից մինչեւ մասնավոր առանձնատներ, - սրանց տերերը իրենց տների քարե շքեղություններով հանդերձ, չգիտես ինչու մոռացության են մատնում բակային կանաչապատումը, որը նույնպես կարելի է նույն շքեղությամբ կազմակերպել, - մեր քաղաքը վեր են ածել աններդաշնակ ձեւերի ու գույների խառնակ բնակավայրի, որ կորցրել է ճարտարապետական երբեմնի ամբողջական նկարագիրը, եւ իհարկեՙ քաղաքային միջավայրն էլ ճիշտ այդպիսին էՙ խառը, անհասկանալի:

Քաղաքային միջավայրի անբաժանելի մաս են քանդակները. տարբերՙ գեղագիտական- դեկորատիվ, պատմական եւ այլ նշանակությամբ: Կերպարվեստի այս տեսակը մեզանում համեմատաբար թույլ զարգացումներ է ունեցել, սա վերաբերում է մոնումենտալ գործերին, փոքրածավալ քանդակները տարբեր են, այստեղ գեղարվեստական հետաքրքրական լուծումներ կան, մտքի, երեւակայության փնտրտուքներ, անակնկալ, արդիական մտածողության արտահայտություններ: Մոնումենտալ քանդակագործությունը հիմնականում չհաջողված ու անհետաքրքիր է, արձանները երբեմն ասես քարի զանգվածներ են, դրանց մեծ մասը արտաքին նմանության պարզ սկզբունքով է արված, երբեմն գեղարվեստական մտածողության դույզն - ինչ նշույլը բացակայում է, չկա կերպարաստեղծման գեղարվեստական մոտեցումՙ բնութագրական հատկանիշի ընդգծում- ընդհանրացում, արտահայտչականությունն է պակաս: Բացառությունների մեջ իհարկե Սասունցի Դավթի արձանն էՙ կայարանամերձ հրապարակի, եւ իհարկեՙ Կոմիտասի քանդակը Կոնսերվատորիայի հարակից այգու: Այնպիսի տպավորություն է, թե պարտականության պես մի բան է այս կամ այն անհատի արձանի տեղադրումը, որոնց ընտրությունը, դրա սկզբունքը հաճախ անհասկանալի է մեր օրերում: Խորհրդային տարիների քարոզչական- գաղափարական մոտեցումը հասկանալի էր. աչքդ ուր թեքեիրՙ դպրոցի բակից մինչեւ հրապարակ ու փողոց, հանրային- պետական հաստատություններ, բոլշեւիկ կոմունիստների սոցռեալիստական արձաններ, կիսանդրիներ էին: Սրանց մի մասը հանվեցին, պատմական արժեքների վերագնահատման արդյունքում եկան նորերը: Թվում էր թե գեղարվեստական լուծումներն էլ պիտի լինեին ավելի ժամանակակից, տարբեր, սակայն ամեն բան նույնն է, դեռ ավելի ցածրաճաշակ է: Գրականությունից մեր մեջ ձեւավորված Արամ Մանուկյանի կերպարին չհամապատասխանող արձանը, օր օրի գույները խամրող, նեքեւից բարձրացող դրոշի անհամոզիչ զուգակցումով, տեղադրված է ոչ հաջող միջավայրում, Գարեգին Նժդեհի արձանըՙ հարակից տարածքի, տպավորիչ է տեղանքային միջավայրով, սակայն որտե՞ղ է Նժդեհի կերպարի հերոսականությունը, հմուտ զորավարի, զինվորի անկոտրելի բնույթը, մտավորականի ոգեղենությունն ու խոհականությունը: Էլ չասած մի շարք արձանների մասին, որոնց կողքով անցնելիս հայացքդ շրջանցում էՙ էսթետիկ զգացումներդ չվիրավորելու համար: Իսկ օրերս սրանց ավելացավ եւս մեկըՙ Քըրք Քըրքորյանի կիսանդրինՙ Սպիտակում, ոչինչ չարտահայտող լուծումով. ճերմակ գույնը բնավ չի «մեղմում» գլանաձեւ վեր բարձացող քարի շարունակություն գլխաքանդակի տհաճ տպավորությունը:

Քարե կաղապարներ ասես, որոնց կողքով 20-21- րդ դարերի քանդակագործական արվեստի նորարարական շունչը չի անցել, բացակայում է գաղափարական մոտեցումը, տրանսֆորմացիաներըՙ որեւէ շտրիխ ընդգծելու, կամ ձեւի դեֆորմացիան, վերացարկումըՙ կերպարի ներքին վիճակներն արտահայտելու-բացահայտելու, ինչը շատ բնորոշ է Արտո Չաքմաքչյանի արվեստին: Մինչդեռ նրա արձանները մեր քաղաքում չեք տեսնի: Միակը, որ երկար բանակցություններից հետո քաղաքային իշխանությունների համաձայնությամբ եւ ֆինանսավորում էլ կարծես կար, պիտի տեղադրվեր եւ գործի մի մաս արված էր արդենՙ «Քայլող մարդը»ՙ Հյուսիսային պողոտայում, մերժվեց ու դեռ մնում է մերժված:

Արձանների հետ կապված մեկ այլ վերաբերմունք հատկապես ցավոտ է, երբ դրանքՙ պղնձե, բրոնզե արձանները մասնավորապես, դառնում են պղնձասեր- պղնձահենների զոհ: Տարիներ առաջ այդպիսի ճակատագիր ունեցավ մեր ժամանակների բացառիկ մտավորականներից, Ոգու ասպետի, - այսպես բնութագրեցին մտերիմները նրան,- Լեւոն Ներսիսյանի հուշաքարի բրոնզե քանդակըՙ Մաշտոց - Իսահակյան պողոտաների խաչմերուկի շենքի պատին տեղադրված, նույնըՙ այն էլ կրկնակի անգամ պատահեց մեծանուն Հրաչյա Աճառյանի հուշատախտակի բրոնզե քանդակի հետ: Նման երեւույթ տեղի ունեցավ Ղեւոնդ Ալիշանի պղնձե կիսանդրու հետ. գողացան նույնանուն դպրոցի բակից: Որոշներն էլՙ մասնավորապես անհասկանալի է սա մտավորական, արվեստի գործիչների պարագայում, ենթարկվում են բռնությունների քաղաքական նկատառումներով, օրինակՙ Չեխովի արձանի հետ կատարվածը: Արձանների պղծումը, ներկոտումը, այսպես ասած վրեժ լուծելը եւ նման բաները, որ հիմնականում քաղաքական, ազգային որոշակի հայացքների, ավելի շուտՙ ազգամիջյան հրահրումների հետեւանք հիմնականում, բողոքի ձեւեր են. ընդունված է վանդալիզմ համարել: Տարիներ առաջ հենց մեր թերթում բազմաթիվ անդրադարձներ եղան այս երեւույթներին: Սակայն դժվարանում եմ հիշել որեւէ արձագանք - նամակ կամ առհասարակ հանրային ինչ- որ վերաբերմունք նման դեպքերի առնչությամբ: Այ, երբ գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը իր հրապարակումներից մեկում անդրադարձավ Ստեփան Շահումյանին, հարցադրումովՙ թե ի՞նչ լավ բան է արել նա հայության համար, որ արձանը շարունակում է մնալ, ա՜յ թե արձագանքներ եղան, նաեւ անվայելուչ ու չտպագրվելիք բաներՙ խորհրդամտած ու կարծրատիպային:

Վերջերս պղծվեց Ռուսաստանի Արմավիր քաղաքի հայկական եկեղեցու բակում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը, որը հետո հանվեց վերանորոգման տանելու պատրվակով: Հաշված քանակով մարդիկ եղան մեզանում, որ բողոքի ձայն բարձրացրին ու քննադատեցին կատարվածը: Բայց նույն հանրությունը վատ երազից հանկարծակի շանթահարվածի պես միանգամից արթնացավ ու սկսեց աղմկել, երբ մի քանի օր առաջ ցեղակրոն գաղափարախոսություն կրող հայ երիտասարդը ներկեց 19-րդ դարի Ցարական Ռուսաստանի դիվանագետ - պաշտոնյա Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանըՙ ի պատասխան Արմավիրում կատարված նմանաբնույթ արարքիՙ թե՛ սեպ է խրվում երկու ժողովուրդների հարաբերությունների մեջ, թե՛ արձանը ինչ կապ ունի, կամ թե հայապաշտպան, հայանպաստ գործիչ է եղել նա եւ կամ վանդալիզմին վանդալիզմով պետք չէր պատասխանել ու նման բաներ:

Առհասարակ մենք զգայուն ենք այլազգի այն անհատների, պետական, մշակութային այն գործիչների հանդեպ, ովքեր Հայաստանի, հայ ժողովրդի համար պատմական որեւէ ժամանակահատվածում դրական դերակատարում են ունեցել, մասնավորապես 1915-ին եւ հետո այսպիսիք շատ եղան եւ հասկանալի պատճառներով... Սա բարոյական արժեքի ցուցիչ էՙ երախտագիտություն, եւ արտահայտությունները տարբեր ենՙ գրքեր, ֆիլմեր, հրապարակումներ, փողոցների, քաղաքների անվանակոչումներ, արձանների տեղադրում եւ այլն: Միաժամանակ երբեմն կամ հաճախ մենք բոլորովին զգայուն չենք մեր արժեքների, մեր այն գործիչների հանդեպ, ովքեր վաստակ ունեն սեփական ազգային, մշակութային կյանքը հարստացնելու մեջ, անգամ զոհաբերվողների հանդեպ դա չունենք: Հիշում եմՙ տարիներ առաջ ինչպես ձախողվեց Մխիթար Սեբաստացու արձանի տեղադրումը, երբ նախորդ ակնարկածիս պես եղել էր համաձայնեցում, ֆինանսավորումը եւս, համագործակցություն ճարտարապետի, քանդակագործի հետ, որը գիպսե քանդակն արդեն արել էր, եւ տեղը որոշվածՙ Թումանյան - Սպենդիարյան փողոցների խաչման վայրում. այստեղ բավական ժամանակ ցուցատախտակ կար դրված եւ հրապարակն անգամ պաշտոնապես անվանակոչվել էր Սեբաստացու պատվին: Իսկ նրա վաստակը հայ հոգեւոր- մշակութային կյանքում հսկայական էՙ իր հիմնադրած եւ ցայսօր շարունակվող Մխիթարյան միաբանության երեք հարյուր տարվա ազգանվեր գործունեությամբ, հոգեւոր, մշակութային, կրթական ասպարեզներում թողած բազմաբնույթ, հարուստ, արժեքավոր ժառանգությամբ: Հանրությունը իհարկե անտարբեր գտնվեց նաեւ այս դեպքում. խոսքն առանձին անհատների կամ լրատվամիջոցների մասին չէ, այլ հայ հանրության ընդհանուր մտայնության, թե նա առհասարակ ինչպիսի վերաբերմունք ունի այնպիսի երեւույթների հանդեպ, որոնք անմիջականորեն չեն առնչվում իր անձնական շահին, մասնավոր հետաքրքրությանը:

Այլ էր պատկերը վերջին դեպքի առիթով. ակտիվության բավական ծավալուն ալիք բարձրացավ, սա հատկապես տեսանելի էր սոցցանցերում: Ֆեյսբուքը հեղեղվեց տեղի, անտեղի, վայելուչ- անվայելուչ մեկնաբանություններովՙ ինչպես քննադատող - մերժող, այնպես էլՙ դրվատող - ընդունող: Սա լավ հնարավորություն էրՙ հանրային տրամադրությունների շոշափման, սոցհարցման պատրաստի պատկեր. կարելի էր հաշվարկել: Առհասարակ սոցցանցերը դրա լավագույն միջոցն են, սարքված վիճակ - ծուղակները մարդկանց կամա - ակամա մղում են ինքնաարտահայտման եւ կարեւորըՙ այստեղ հիմնականում անմիջականությունն է գործում, այսինքնՙ ասում են իրական մտածածը (ֆեյքեր այստեղ չկան, նրանց նման բաները հետաքրքրական կամ կարեւոր չեն):

Այս ֆոնի վրա արձանագրվեց մի քանի բան, նախՙ հանրային հոգեբանությունը բնութագրելու, հանրային մտածողության կերպը նորից ստուգելու առիթ էր: Լուտանքասեր, անխոհեմ, օտարահաճ, լեզվին կապանք չդնող մասը առիթը բաց չթողեց վիրավորելու երիտասարդին, ցավալիորենՙ նաեւ տգեղ արտահայտություններով: Շահեն Հարությունյանը ասում էՙ պետական մակարդակով արձագանքի բացակայությունն է իրեն մղել նման արարքի, եւ որ արձանի ընտրությունը հատուկ նպատակ չի հետապնդել, որպես ռուս պաշտոնյայի արձան դա միակն է քաղաքում: Ու դարձյալ փաստվեց ցավալինՙ մենք մերի հանդեպ զգայուն չենք, նրանց չենք խնայում, անգամ երբ արարքն անանձնական է, անձնաշահ չէ, ավելինՙ վնաս է իրեն. - այս դեպքումՙ գաղափարական հերոսի արժանապատվության հարց էր, եւ Շահենը դա վերցրեց իր վրա:

Երեւույթը առիթ եղավ նորովի հայացք նետելու պատմական անցյալին, արխիվային որոնումների, Գրիբոյեդովի կյանքի որոշ մանրամասների, մասնավորապես այս տարածաշրջանում ունեցած նրա գործունեության, մինչ այս հանրության մեծ մասի հետաքրքրությունների շրջանակից դուրս մնացած նյութերի, որոշ նամակների ծանոթացման: Այս վերջինը մի մասի մեջ թարմացրեց Պուշկինի «Տազիթ» պոեմիՙ հայերին ուղղված համեմատական հայտնի ակնարկի («Վախկոտ ես, ստրուկ ես, հայ ես դու») հետ կապված տրամադրությունները, որի իր մեկնաբանությունը 2009-ին «Ազգ»-ի մշակութային հավելվածում ներկայացրել էր Ռաֆայել Պապայանը:

Ոմանք էլ վերընթերցել սկսեցին «Խելքից պատուհաս»-ը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ