RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2138, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՂԱՎԱՂԵ՛Լ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ողջ գիտակցական կյանքում սրտխառնուք եմ ունեցել բոլշեւիզմի քաղաքական պրակտիկայից: Անվերապահորեն դատապարտել եւ խորշում եմ բոլշեւիկների բոլոր այն քայլերից, որոնք, իմ համոզմամբ, որեւէ տրամաբանությունից զուրկ էին: Օրինակ, ինքն իրեն բանական համարող մարդը չի կարող որեւէ կերպ արդարացնել խորհրդային պարանոյիկ առաջնորդ, հրեշ Իոսիֆ Ստալինի կողմից 1937-1938 թվականներին սանձազերծված արյունարբու տեռորը: Ասենք, ինչո՞ւ հենց միայն 1937-1938 թվականների մեծ տեռորը: Մի՞թե գաղտնիք է, որ հոկտեմբերյան հեղափոխությունից անմիջապես հետո սկսվեց նոր իշխանությունների բիրտ կամայականությունը, որին զոհ գնաց գրեթե ամբողջ հասարակության ծաղիկը: Ոչնչացվեցին միլիոնավորները, Բակունցներ ու Չարենցներ, երկրորդ համաշխարհային պատերազմի ուղղակի նախաշեմին գլխատվեց Կարմիր բանակի հրամանատարական կազմի առավել ունակ մասը: Դա խորհրդային ժողովրդի աներեւակայելի դժբախտությունն էր: Դրա համար էլ խորհրդային իրականությունը, չնայած ժամանակի բոլոր մեծագործություններին, սկսած անգրագիտության վերացումից, վերջացրած տիեզերքն առաջինը նվաճելու անվիճելի փաստով, հետահայաց կարգով բացասական զգացումներ է առաջացնում:

Խորհրդային իշխանության տարիներին ակնհայտ էր կառավարող կոմունիստական կուսակցության անզուսպ քարոզչական ճիգըՙ գունազարդելու իրականությունը: Սակայն, անկեղծ ասած, ոչ ոք այդ քարոզչությանը լուրջ չէր վերաբերում: Ես, որ շատ երիտասարդ տարիքում կոմերիտական-կուսակցական աշխատանքի էի կոչվել, նույնպես թերահավատորեն էի ընդունում այն քարոզչական դոգմաները, որոնք ի պաշտոնե պարտավոր էի կրկնել: Հիշում եմՙ 70-ականների երկրորդ կեսին իմ ծննդավայր Դիլիջանի Լենինի անվան սովխոզում մասնակցում էի կուսակցական ժողովի, որին ինձ ամրացրել էին, որպեսզի ներկաներին համոզեմ, թե ոսկեղենի գրեթե կրկնակի թանկացումը, իբր, որեւէ կերպ չի ազդի ժողովրդի կենսամակարդակի վրա: Ես այդտեղ ասացի բառացիորեն հետեւյալըՙ ինձ հանձնարարել են, որ ձեզ... խաբեմ, ասեմ, թե ոսկեղենի գների բարձրացումը խորհրդային մարդկանց էական վնաս չի տա: Բայց ինչո՞ւ լսարանին ապուշի տեղ դնել, ինչո՞ւ ասել, թե ամեն օր հո ոսկեղեն չե՞ս գնում: Քեզ համար չես գնումՙ հարազատներիդ, ընկերներիդ ուրախություններին կուզենաս ոսկեղեն նվիրել: Պարզապես երեւում էՙ պետությունը այլ ծախսեր անելու սուր անհրաժեշտություն ունի, ուստի ստիպված է ոսկեղենի գները կրկնակի բարձրացնել... Հրեն, ամերիկացիները մեր պետության սահմանների ամբողջ երկարությամբ, Եվրոպայից մինչեւ Թուրքիա, «Փերշինգ-2» վեց հարյուր հրթիռ են տեղադրել: Դրանք ուղղված են մեզնից յուրաքանչյուրի սրտին: Հիմա ի՞նչ անենքՙ հավանություն տա՞նք ոսկեղենի գները թանկացնելու մեր ղեկավարության քայլին, թե՞ դատապարտենք...

Մի ծեր կին, որ Հայրենական պատերազմում ամուսնուն էր կորցրել, ինձանից հետո ելույթ ունենալովՙ ասաց. տղա ջան, կենտկոմին մեր անունից զեկուցի, որ մենք ամեն ինչ հըսկանում ենք... Ջհանդամը, հիմի էլ ոսկու ականջող չենք դնի, ոսկե մատանի չենք կրի, մենակ թե կռիվ չըլի... Թող մեզ ամեն ինչ ճիշտն ասեն, մենք ամեն նեղության կդիմանանք, որ իմ թոռները իրանց հոր պես որբ չմեծանան...

Այժմ, երբ Հայաստանի ներկա իշխանությունները, երբեմնի բոլշեւիկների նման, ամեն մեծ ու փոքր հարցում ձգտում են ժողովրդական զանգվածներին ոսկե սարեր խոստանալ, բայց իրականում գրեթե ոչինչ չանել, ես հիշում եմ տասնամյակներ առաջ այն ծեր կնոջ ասած խոսքը: Մի՛ ստեք, պարոնայք իշխանավորնե՛ր, ստի ոտքերը կարճ են: Ժամանակին Ալեքսանդր Սոլժենիցինն էլ էր պնդում, թե Ստալինգրադի ճակատամարտում մենք հաղթեցինք հիմնականում տուգանային գումարտակների շնորհիվ, որոնց թիկունքում կործանիչ ջոկատներ էին կանգնած: Դրանք ենթարկվում էին ներքին գործերի ժողկոմատին եւ ոչնչացնում էին տուգանային գումարտակների այն զինվորներին, ովքեր առանց հրամանի հանկարծ նահանջում էին: Այնինչՙ տուգանային գումարտակները խորհրդային բանակում ստեղծվել են Ստալինգրադի ճակատամարտից նկատելիորեն ուշ...

Այո, կարելի է ամբողջ հոգով ատել խորհրդային իշխանությունը, սակայն չի կարելի կորցնել խիղճն ու... աղավաղել պատմությունը: Եթե այդ աղավաղման հեղինակը անգամ Սոլժենիցինն է, պատմությունը վաղ թե ուշ մաքրում է իր էջերին սուտն ու կեղծը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ