RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2353, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱԳՆՄԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

«Աղետի գոտու առումով էլ 2020թ. բյուջեն հեղափոխական է, որովհետեւ մյուս տարվա բյուջեով աննախադեպ մեծ թիվ է տրամադրվել աղետի գոտու խնդիրներինՙ 3 մլրդ դրամ: Տեսանելի ժամանակաշրջանում երբեք այսպիսի ծավալների, նույնիսկ դրան մոտիկ գումար չի տրամադրվել», սա ասել է Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովում 2020 թ.-ի պետական բյուջեի քննարկման եզրափակիչ ելույթում: Մի քանի ամիս առաջ եւս, կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, նա անդրադարձել է աղետի գոտուն վերոնշյալ 3 մլրդ դրամ հատկացնելուն, ասելով. «Կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է»: Այնուհետեւ նշվում է 7 հազար տնակներում բնակվողների մասին, տպավորություն ստեղծելով, որ վերոնշյալ 3 մլրդ դրամն ուղղվելու է նրանց բնակարանային խնդրի լուծմանը:

Եթե մեկնաբանենք երկրի թիվ 1 պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հնչեցրած վերոնշյալ հայտարարությունները, ապա դրանք ոչ այլ ինչ են, քան, շատ մեղմ ասած, անհիմն պնդումներ :

Առաջինՙ 3 մլրդ դրամն ամենեւին էլ աննախադեպ եւ ամենեին էլ մեծ գումար չէ, որ հատկացվում է աղետի գոտուն:

Երկրորդ ՙ «տեսանելի ժամանակահատվածում», այսինքն մինչ «թավշյա» իշխանափոխությունը, աննախադեպ եւ բազմապատիկ ավելի մեծ գումարներ հատկացվել են աղետի գոտուն: Եվ իսկապես, այդ գումարները նույնիսկ մոտիկ չեն եղել 3 մլրդ դրամին, այլ շատ ավելին են եղել:Երրորդՙ 3 մլրդ դրամը 7 հազար տնակներում բնակվողների համար չէ: Հետագայում, Ազգային Ժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձեց հետ քաշվել այս մասին իր նախորդ հայտարարածից, ասելով, որ «Գյումրի քաղաքը պետք է ազատվի տնակներից եւ, ընդ որում ուզում եմ ընդգծել, սա չի նշանակում, որ տնակներում ապրող բոլոր քաղաքացիների նկատմամբ պետությունն ունի պարտավորություն»:

Այժմ այս ամենի մասին առավել կոնկրետ եւ մանրամասն:

2020 թ.-ին աղետի գոտու համար հատկացված 3 մլրդ դրամով նախատեսվում է լուծել մոտ 550 ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդիրը ՙ հիմնականում գյուղական բնակավայրերում բնակվող այն բնակիչների համար, որոնք տուժել են երկրաշարժից:

Ինչ մնում է աղետի գոտու լայնածավալ վերակագնմանը, ապա այստեղ ծախսված ահռելի միջոցների, կատարված աշխատանքների եւ դրանց արդյունքների մասին տեղեկատվությամբ թարմացնենք իշխանության ղեկին գտնվողների հիշողությունը:

Մոտ 30 հազար ընտանիքներ նոր բնակարաններ ստացան 2000-ականներին

Այսպես, 1999-2007 թվականներինՙ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածում, աղետի գոտում շահագործման է հանձնվել 768 հազար քմ բնակելի մակերեսՙ բարելավելով ընդհանուր առմամբ 20 հազար ընտանիքների բնակարանային պայմաններըՙ մեծամասամբ նոր բնակարանների կառուցման միջոցով :

Դեռ հեռավոր 1999-ին այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել էր 4 մլրդ դրամ, 2006-ինՙ եւս 10 մլրդ դրամ, 2007-ինՙ 12,2 մլրդ դրամ: Զուգահեռաբար, նոր շենքեր են կառուցվել «Լինսի» հիմնադրամի ֆինանսավորմամբ: «Լինսի» հիմնադրամի կողմից այդ նպատակով հատկացվել էր շուրջ 45 մլն դոլար եւ ավելի քան 4 հազար ընտանիքներ ձեռք են բերել նոր բնակարաններ: ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ բնակարանների գնման վկայագրերի (ԲԳՎ) ծրագրով էլ 2001-2004 թվականներին շուրջ 6 հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Այսինքն, ընդհանուր առմամբ աղետի գոտու մոտ 30 հազար ընտանիքներ 2000-ականներին լուծել են իրենց բնակարանային ապահովվածության խնդիրը :

Բնակարանային խնդրի լուծմանը զուգահեռ, լայն թափով իրականացվել է դպրոցաշինության, առողջապահական համակարգի կառույցների, մշակութային օջախների եւ կենցաղային նշանակության օբյեկների շինարարությունը, հիմնանորոգվել են ճանապարհներ եւ այլ ենթակառուցվածքներ:

Վերոնշյալից միայն Շիրակի մարզում 1998-2007 թվականներին գործարկվել է 458 հազար քմ բնակելի տարածք: Այդ թվում, «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենքՙ 2095 բնակարանով: Շիրակի մարզում գործարկվել են մի շարք նոր հանրակրթական հաստատություններ` ընդհանուր մոտ 13 հազար աշակերտի համար եւ վերականգնվել են հանրակրթական հաստատություններ եւս 4 հազար աշակերտի համար:

Այս ամենի դիմաց Գյումրու «հեղափոխական» ավագանին վերջերս Ռոբերտ Քոչարյանին զրկեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից:

2008-2017 թթ.-ինՙ 80 մլրդ դրամ աղետի գոտու համար

Աղետի գոտում դեռեւս անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով կառուցապատման երկրորդ լայնածավալ ծրագիրը շարունակվել է նաեւ հաջորդ տասնամյակում: 2008-2017 թվականներին պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվել է 80 մլրդ դրամ, որի միջոցով ավելի քան 5 հազար ընտանիքների համար կառուցվել են նոր շենքեր եւ տներ (գյուղական համայնքներում ): Այդ միջոցները պետական բյուջեից հատկացվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի եւ դրան հաջորդող տարիներին, երբ Հայաստանի տնտեսությունը ծանր վիճակի մեջ էր հայտնվել, իսկ բյուջետային եկամուտները կտրուկ նվազել էին: Սակայն, այդ ժամանակահատվածում կարեւորվել է աղետի գոտու վերջնական վերականգնումը: Այդ ծրագրից մնացած մոտ 550 ընտանիքների բնակարանային ապահովվածության խնդրի լուծումը նախորդ իշխանության ծրագրի մասն էր, որի ավարտը նախատեսված էր 2017-2018 թվականներին:

Սա է իրականությունը անցած մոտ 20 տարվա ընթացքում աղետի գոտու համար տրամադրված տասնյակ միլիարդավոր դրամների վերականգնողական-շինարարական ծրագրերի մասին: Եվ այս ամենի ֆոնին վարչապետը խոսում է... 3 մլրդ դրամի մասին եւ այն հայտարարում աննախադեպ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ