RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-29 22:10:08Ստեփանակերտում սպասում են հայկական բանակի փառահեղ հաղթանակին
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



150-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2019-12-13 13:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 3192, Տպվել է` 135, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾԱՐԱՆՔԻ ԱՐԺԱՆԻ, ԲԱՅՑ ԱՆՏԵՍՎԱԾ ՀՈԲԵԼՅԱՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Գեւորգ 6-րդ Չորեքչյան Ամենայն հայոց հայրապետ

Այս տարի, նոյեմբերի 2-ին, լրացավ Հայ եկեղեցու երախտավոր, Ամենայն Հայոց 129-րդ Կաթողիկոս Գեւորգ Զ Չորեքչյանի (գահակալել է 1945-1954թթ.) 150-ամյակը: Նա մեր նորագույն պատմության ագգային-եկեղեցական բացառիկ գործիչներից էր եւ օժտված էր բացառիկ գիտական իմացությամբ ու վառ անհատականությամբ: Նուրբ դիվանագետ էր, տոգորված խոր հավատքով եւ այլ շնորհներով, որոնցով կարողացավ իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում, անտեսելով խորհրդային իշխանությունների ստեղծած անտանելի դժվարությունները, անվարան ծառայել Հայոց եկեղեցուն: Կաթողիկոսներից երրորդը եղավ ԽՍՀՄ տարիներին, որոնց վիճակված էր «ճակատիլ կարծուածէն շատ դաժան, կամայականութեանց դէմ» («Հասկ», մայիս-հունիս, 1954, էջ 218), կրելու ամենածանր բեռը, ամեն օր ապրելով կործանման սարսափը եւ մեծագույն ճիգերի գնով պահպանելով դեռեւս լիովին չփլուզված Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցին:

Կարելի է երեւակայել այդ տարիների հակաեկեղեցական դաժանություններին ականատես (եկեղեցականներին զրկել էին նույնիսկ ձայնի իրավունքից, արգելել որեւէ պաշտոն վարել դպրոցներում եւ մշակութային օջախներում եւն) Վեհափառի հոգեկան վիճակն ու ամենօրյա ապրումները: Ամեն ինչ արվում էր եկեղեցին ու եկեղեցականներին ժողովրդից հեռացնելու, մեկուսացնելու, վարկաբեկելու, զայրացնելու, վիրավորելու, հունից հանելու նպատակով: Երբեմն հայհոյախառն նամակներ էին ուղարկվում եկեղեցու կարեւոր դեմքերին, այդ թվում իր կոչման նվիրյալ Գ. Չորեքչյանին (Ա. Մադոյան, Գեւորգ Զ Չորեքչյան, Էջմիածին, 2011, էջ13): Ընդ որում այդպիսիք տարածվում էին նաեւ Սփյուռքում: Սակայն չընկրկելով այդ ամենիցՙ Վեհափառ հայրապետը նույնիսկ իր ժամանակի աշխարհի քաղաքական աննպաստ պայմաններում արդյունավետ ու ազգաշահ գործեր էր կատարում եւ ավելի էր հզորացնում Հայոց եկեղեցին:

Ծնվել է 1869 թ. նոյեմբերի 2-ին Հարավային Ռուսաստանի մշակութային կարեւոր կենտրոն, Միք. Նալբանդյանի, Ռ. Պատկանյանի եւ շատ այլ նշանավոր հայորդիների ծննդավայր Նոր Նախիջեւան քաղաքում, Խաչատուր եւ Կատարինե Չորեքչյանների ընտանիքում: Քաղաքն ավանդաբար պահել էր հայրենի հիշատակները եւ ազգային ընդգծված նկարագիրը: Այդ միջավայրն ու ընտանիքը սնել են պատանի Գեւորգին հայրենասիրության, մարդասիրության, բարեպաշտության գաղափարներով: Մասնավորապես իր եկեղեցասիրությամբ հայտնի էր մայրը: Նա հաճախ էր օգնում, կարեկցում ու մխիթարում կարիքավորներին:

Սովորել է նախ Նոր Նախիջեւանի ծխական դպրոցում: 1879 թ. Էջմիածնի Հոգեւոր ճեմարանում Նոր Նախիջեւանին հատկացված եւ թափուր մնացած տեղը համայնքի միահամուռ կարծիքով տրվում է լավագույն թեկնածու Գեւորգին: Իսկ քանի որ պատանու տարիքը խանգարող հանգամանք էր, ինչպես հետագայում տեղեկացրել է Չորեքչյանն ինքը, «ընդունելութեան ժամանակ դժուարութիւնների չհանդիպելու համար» ծննդավայրում մեկ տարով «մեծացրել» են նրան` գրելով 1868 թ. ծնված («Երջանկայիշատակ Տ.Տ. Հեորգ Զ. Կաթողիկոսի կեանքը եւ գործունեութիւնը», Սբ. Էջմիածին, 1955, էջ 10): Այնուհետեւ 1879 թ. ընդունվել է Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 1889 թ. ձեռնադրվել է սարկավագ: Ընդունակություններով ու աշխատասիրությամբ աչքի ընկնող սանը Մակար Ա կաթողիկոսի հովանավորությամբ ուսումը շարունակելու նպատակով նույն տարին մեկնում է Գերմանիա: 1889-1894 թթ. ուսանում է Լայպցիգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում եւ նույն քաղաքի կոնսերվատորիայում: Մայր աթոռի հրահանգով ուսումն ամբողջովին չավարտելով վերադառնում է հայրենիք: Գեւորգ սարկավագ Չորեքչյանը մեկ տարի Գեւորգյան ճեմարանում դասավանդում է երաժշտություն, ապա մեկնում է Նոր Նախիջեւան եւ այստեղ ծավալում բուռն մանկավարժական, հայրենասիրական ու երաժշտական գործունեություն:

1913 թ. Գեւորգ Ե կաթողիկոսը նրան հրավիրում է Մայր աթոռ եւ հունիսի 20-ին ձեռնադրում աբեղա: Քիչ անց նրան շնորհվում են նաեւ վարդապետական չորս աստիճանները եւ նշանակում Նոր Նախիջեւանի ու Բեսարաբիայի թեմի առաջնորդական փոխանորդ, միաժամանակ սկսում է դասավանդել տեղի թեմական եւ քաղաքի հայկական մյուս դպրոցներում: Եղեռնի անագորույն ցավից սեղմելով ատամներըՙ լայն մասնակցություն է ունենում Մեծ եղեռնից փրկված գաղթականությանը օգնելու ձեռնարկներին, եղել է «Եղբայրական օգնության» կոմիտեի անդամ, իսկ 1916 թ.-ից` նախագահ: Նրա ջանքերով Նոր Նախիջեւանի հայկական դպրոցները դուրս են բերվում լուսավորության նախարարության ցանկից եւ դրվում թեմական իշխանությունների ենթակայության ներքո, իսկ հայոց լեզու եւ կրոն առարկաները թեմի շրջանակներում գտնվող հայկական բոլոր դպրոցների համար ճանաչվում են պարտադիր: Այդ հայրենասիրական եւ ազգանպաստ գործունեության համար ցարական իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվում է հալածանքների:

1916 թ. Գեւորգ վարդապետ Չորեքչյանը վերադառնում է Մայր աթոռ եւ նույն թվականին արժանանում ծայրագույն վարդապետության աստիճանի, ապա նշանակվում է Սինոդի անդամ: 1917 թ. ձեռնադրվում է եպիսկոպոս` դառնալով վանական կառավարության նախագահ եւ Մայր տաճարի լուսարարապետ: Նրա հետեւողական ջանքերի շնորհիվ Մայր աթոռի մատենադարանում ու թանգարանում հավաքվում են Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառներից փրկված հայկական ձեռագրեր, արխիվային եւ թանգարանային շատ արժեքներ:

1921 թ. Գեւորգ սրբագանը, որպես կաթողիկոսի ներկայացուցիչ, մեկնում է Թբիլիսի` Վրաստանի թեմի եկեղեցական գործերը կարգավորելու: 1922 թ. գումարված թեմական պատգամավորական ժողովը նրան միաձայն ընտրում է թեմի առաջնորդ (ՀԱԱ, ֆ.409, ց.1, գ.3153, թ.19): Այդ տարիները ապագա Վեհափառի կենսագրության ամենավառ էջերից են եւ նրա ամենաբեղմնավոր գործունեության տարիները: 1925 թ. նա կրկին վերընտրվում է թեմի առաջնորդ, սակայն 1926 թ. հրաժարվում է եւ վերադառնում Ս. Էջմիածին: 1927 թ. ընտրվում է Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ: 1928 թ. Գերագույն Խորհրդի եւ Կաթողիկոսի կարգադրությամբ գործուղվում է Թբիլիսի` այնտեղ ծայր առած այսպես կոչված «Ազատ եկեղեցական» շարժումը դադարեցնելու համար: Թեմի նախկին առաջնորդի անունը բավական էր, որպեսգի այդ շարժումը դադարեր: Խորհրդային իշխանությունների դրդմամբ ծնված «Ազատ եկեղեցական» շարժումը կամ նորոգչական հոսանքը Կովկաս եւ Հայաստան էր թափանցել 1922-23 թթ.` որպես «ըմբոստացում» պաշտոնական Եկեղեցու դեմ: Հայ «Ազատ եկեղեցականների» ղեկավարն էր Բենիկ վարդապետը: Իրենց նպատակների համար օգտագործելով այդ շարժումը` Հայաստանի խորհրդային իշխանություններն սկսեցին գանգվածաբար փակել եկեղեցիները:

Հայ եկեղեցիների փակման այլ ուղի ընտրեց Վրաստանի ղեկավարությունը: Այստեղ 1924 թ. հուլիսի 9-ին Արդարադատության եւ Ներքին գործերի ժողկոմների հրահանգով Թիֆլիս, Քութայիս, Բաթում եւ Սուխում քաղաքների կրոնական համայնքները պետք է ունենային 1500-ից ոչ պակաս, իսկ հայերի համատեղ բնակության մյուս վայրերում` 300-ից ոչ պակաս ծուխ: Հրահանգն անհեթեթ էր եւ անիմաստ, քանի որ հայ հավատացյալների թիվը միայն Քութայիս քաղաքում 600-ից չէր անցնում եւ փաստորեն քաղաքներում բնակվող հայերը եկեղեցական համայնքի իրավունքից զրկվում էին: Այդ ամենի արդյունքում միայն 1923-24 թթ. Վրաստանում փակվեցին հայկական 56 եկեղեցիներ: Չընկրկելով բոլշեւիկյան բռնությունների վտանգից` Գ. Չորեքչյանն իր զայրալից բողոքը հայտնեց ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ Ա. Ռիկովին (Անդ, գ.568, թ.17):

Գ. Չորեքչյանն այդ պաշտոնը վարում է մինչեւ 1927 թ.: Դրանք նրա հոգեւոր գործունեության, ամենամղձավանջային տարիներն էին, երբ հետեւողական պայքար էր մղում համայնավար իշխանությունների կողմից ստեղծված «Ազատ եկեղեցի» կոչված կազմակերպության դեմ, փորձելով անաղարտ պահել Հայ Առաքելական եկեղեցին զանազան աղանդավորական հոսանքներից: Դա նրա կյանքի տոկուն, անվհատ պայքարի բուռն ժամանակահատվածն էր, որի նպատակն է եղել անաղարտ պահել Ս. Էջմիածնի դարավոր իրավունքներն ու ավանդույթները, Հայ Եկեղեցու հեղինակությունն ու վարկը, ավելի սերտացնել Մայր աթոռի հետ Վիրահայոց թեմի ավանդական կապերը: Ժամանակաշրջանի վավերագրերում հստակորեն երեւում են Մայր եկեղեցու, հայրենիքի, սեփական ժողովրդի բախտի ու ճակատագրի հանդեպ ապագա Հայոց Կաթողիկոսի ցուցաբերած պարտքի ու պատասխանատվության մեծ գգացումները:

Լրացման կարգով նշենք, որ 1925 թ. նրան շնորհվում է արքություն: 1927 թ.-ից եղել է Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ: 1938 թ. կաթողիկոս Խորեն Ա. Մուրադբեկյանի եղերական մահից հետո, համաձայն նրա թիվ 620 կոնդակի, 1938 թ. ապրիլի 10-ից Գ. Չորեքչյանն ստանձնում է Հայ եկեղեցու գործերի ղեկավարումը: 1941 թ. ապրիլին Ազգային-եկեղեցական ժողովում ընտրվում է կաթողիկոսական տեղապահ: 1945 թ. հունիսի 16-22-ը Մայր աթոռում հրավիրված Ազգային-եկեղեցական ժողովը Գեւորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին (1945-1954) ընտրում է Ամենայն հայոց կաթողիկոս:

Վեհափառը հայրենանվեր ու ազգաշահ գործունեություն ծավալեց նաեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նրա անմիջական նախաձեռնությամբ եւ ղեկավարությամբ սփյուռքահայության շրջանում հանգանակություն կազմակերպվեց եւ այդ գումարներով ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» եւ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները: Նրա կաթողիկոսության օրոք վերածնունդ ապրեցին ԽՍՀՄ տարածքում գտնվող հայոց թեմերը, սկսեց հրատարակվել «Էջմիածին» ամսագիրը, վերաբացվեցին Էջմիածնի հոգեւոր ճեմարանը, տպարանը, վերադարձվեց ճեմարանի գրադարանը, վանքապատկան շենքերի մի մասը, ինչպես նաեւ` Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք եւ Խոր վիրապի վանքերը:

Գեւորգ Զ Չորեքչյանը կարեւոր խնդիր է համարել Մայր հայրենիքի եւ սփյուռքահայության կապերի ամրապնդումը, սփյուռքի եկեղեցական եւ ազգային միասնության ապահովումը եւ մեծ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Մեծ ավանդ է ունեցել 1946-1948 թթ. հայրենադարձության կազմակերպման գործում: Նշանակալից դեր է խաղացել Հայկական հարցի վերստին բարձրացման ուղղությամբ: 1945 թ. ապրիլի 19-ին Մոսկվայում հանդիպել է Ի. Ստալինի հետ, որի ընթացքում բարձրացրել է Արեւմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իսկ 1945 թ. հոկտեմբերի 25-ին կոնդակով դիմել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կառավարություններին` խնդրել Արեւմտյան Հայաստանի գրավյալ տարածքները հետ վերադարձնել իր օրինական տիրոջը` հայ ժողովրդին: 1947 թ. ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ որը կրել է «Հայկական հարցի լուծման մասին» խորագիրը եւ որտեղ դարձյալ բարձրացրել է Թուրքիայի կողմից բռնազավթված հայկական տարածքների վերադարձման հարցը: Սիրով եւ անթաքույց ոգեւորությամբ ողջունել է 1947 թ. ապրիլին Նյու Յորքում գումարված Հայկական համաշխարհային կոնգրեսը, որի նպատակն էր վերստին արծարծել Թուրքիայի բռնագրաված հայկական տարածքների վերադարձման հարցը: Ինը տարվա գահակալության ընթացքում նա հասցրել է վերակազմակերպել Մայր աթոռի ներքին եւ արտաքին թեմերը: Միանգամից ձեռնադրել է տասը եպիսկոպոսներ, հետագայում (1951)` եւս հինգը, որոնց հաստատում է թեմերի առաջնորդների թափուր պաշտոններում:

Այսինքն` անխոնջ ազգային գործիչն ու Հայաստանեայց առաքելական եկեղեցու 129-րդ գահակալն արեց ամեն ինչ խորհրդային հակաեկեղեցական դժնդակ տարիների դժվարությունները հաղթահարելու եւ հաջորդ գահակալներին ու հետագա սերունդներին հզորացած, ժողովրդամոտ ու ժողովրդին անշահ ծառայող եկեղեցական համակարգ կտակելու համար:

Ավարտելով ցանկանում եմ նշել, որ զարմանալի ու զայրանալի է մերօրյա այն իրողությունը, թե ինչպես մենք հաճախ անտեսում ենք մեր մեծերին, լռության մատնում նրանց վաստակն ու ազգաշահ գործունեությունը: Այնինչ իշխանությունները, պատմագիտական աշխարհը եւ գոնե մեր Եկեղեցին ու Մայր աթոռը պարտավոր էին անդրադառնալ, հանդիսավոր եւ գիտական որեւէ պատշաճ միջոցառումով նշել այդ հոբելյանը, արժանին մատուցել Արժանավոր հային ու հայկական գենի շարունակականությանն իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերած հայորդուն:

1.11-10.12.2019

Նկար 1. Կաթողիկոս Գեւորգ Չորեքչյան

Նկար 2. Գեւորգ սարկավագ Չորեքչյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ