RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20 > #049, 2019-12-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019



Տեղադրվել է` 2019-12-13 13:09:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2673, Տպվել է` 132, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԸ ԵՎ ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու

Արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող վերջին գործընթացներըՙ համանախագահների ակտիվություն, Բրատիսլավյան հանդիպումներ, Ադրբեջանի կողմից սեփական օրակարգի պարտադրում, հուշում են, որ այստեղ ընթանում են զարգացումներ, որոնց շուրջ պահպանվում է գաղտնիության շատ խիստ պայմանավորվածություն: Մինչեւ օրս պարզ չէ, թե ինչի շուրջ են բանակցում արտաքին գերատեսչությունների ղեկավարները եւ որն է համանախագահների վերջին ակտիվության պատճառը:

Այսուհանդերձ կան որոշակի կցկտուր տեղեկություներ, ՀՀ տարբեր քաղաքական գործիչների կողմից արված հայտարարություններ, որոնք որոշ մասնագետների հուշում է, որ փորձ է արվում վերադառնալ, այսպես կոչված, տերպետրոսյանական սխեմային, որն էՙ Արցախի տարածքների մի մասի զիջումը եւ ԼՂՀ-ի անորոշ կարգավիճակի հաստատումը Ադրբեջանի կազմում: Ինչքանով է իրական այս տեղեկատվությունըՙ այսօր դժվար է գուշակել, սակայն պարզ է, որ գործող իշխանությունները չունեն հստակ օրակարգ եւ առավել եւս տեսլական Արցախյան հիմնահարցի շուրջ ընթացող զարգացումներում:

Այս առումով թերեւս կարեւոր է նշել, որ Արցախյան «հարցի լուծում» կարգախոսը կեղծ է եւ դրա շուրջ բանակցությունները պետք է դիտարկել ընդամենը որպես հնարավորությունՙ առկա ստատուս-քվոն հաստատելու եւ ազատագրված տարածքները վերաբնակեցնելու առումով: Պետք է հստակեցնել, որ 2019թ.ին գնալ Ադրբեջանի հետ բանակցությունների 90-ական թվականների օրակարգով, այն էՙ ինչ տարածքների հանձնում կամ փախստականների վերադարձ, ոչ միայն իրական չէ, այլեւ վտանգում է փխրուն խաղաղությունը տարածաշրջանում:

Այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո իշխանության եկած երիտասարդները վստահ էին, որ նոր «հեղափոխական» տենդով ոգեւորված կարող են ինչ-որ արմատական փոփոխություններ մտցնել այս գործընթացում: Սակայն այդ ոգեւորությունը չվերափոխվեց համակարգված մտածելակերպի եւ առավել եւս չառաջարկվեց որեւիցե օրակարգ այս հարցի «լուծման» համար:

Փոխարենը ականատես եղանք հակասական, երեբեմն իրարամերժ հայտարարություների, որոնք միայն թուլացնում էին հայկական կողմի բանակցային դիրքերը եւ հնարավորություն տալիս Ադրբեջանին ուժեղացնել իրենցը: Այսպես կոչված վերելակային դիվանագիտությունից հետո հայտարարվեց իբր թե սահմանային հանդարտության մասին, հետո դրան փոխարինեց «Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսը, հետագայում արդեն ադրբեջանական համայնքի հետ հանդիպելու պատրաստակամություն եւայլն:

Իրարամերժ ու հակասական այս հայտարարությունները հուշում են, որ գործող իշխանությունները ոչ միայն չունեն այս հարցի շուրջ իրատեսական դիրքորոշում, այլեւ պատկերացում, թե որն է վերջիվերջո իրենց նպատակը: Եվ որ ամենակարեւորն էՙ ոնց են հասնելու այդ նպատակին:

Բրատիսլավիայում ԱԳՆ նախարար Զոհրաբյանի համեմատաբար կոշտ հայտարարությունը շատերը գնահատեցին որպես փորձ վերադառնալու նախկին կամ նախկինների քաղաքականությանը: Սա նշանակում է, որ առաջինՙ ավարտին է մոտենում այսպես կոչված Ալիեւ-Փաշինյան վերելակային պայմանավորվածությունների շրջանակը եւ, երկրորդՙ այդ գործընթացից Ադրբեջանը դուրս է գալիս իր դիրքերը ավելի ամրապնդած:

Զոհրաբյանի հայտարարությունը մի տեսակ խոստովանանք է, որ անցած մեկուկես տարվա քաղաքականությունը ձախողվել է եւ ստիպված են վերադառնալ բանակցությունների ավանդական ձեւաչափին: Կարելի է միայն հուսալ, որ նախկին հայտարարությունը, թե Արցախյան հարցի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին, արդեն անցյալում է, եւ որ գործող վարչապետը կփորձի առաջին հերթին ձեւավորել մի օրակարգ, որտեղ առաջնությունը կտրվի հայկական երկու պետությունների շահերին: Հասկանալի է, որ գտնել հարցի լուծման տարբերակ, որ իբր թե կբավարարի բոլոր կողմերին, անիրատեսական է, իսկ ձեւավորված ստատուս-քվոն հայկական կողմին բավարարող միակ ընդունելի տարբերակն է:

Այսինքն, երբ հայկական կողմը փաստացի ոչ միայն պահպանում է հետպատերազմյան շրջանում ձեւավորված ռազմաքաղաքական հավասարակշռությունը, այլեւ սկսում է վարել այդ քաղաքականությունից բխող ռազմավարություն, որի հիմքում տարածաշրջանում խաղաղության պարտադրման հայեցակարգն է: 1994թ. Բիշկեքյան պայմանավորվածություները եւ հրադադարի կնքումը հենց այս քաղաքականության տրամաբանությամբ էր թելադրված:

Պետք է հստակեցվի, որ քաղաքական պայմանավորվածության որեւէ ձեւաչափ, որի հիմքում չի դրվում է առկա ստատուս-քվոյի պահպանումը, դատապարտված է ձախողման, քանի այս տարածաշրջանում համեմատաբար խաղաղության մեջ հնարավոր է ապրել միայն զսպման եւ պարտադրման տրամաբանությունից ելնելով: Ցանկացած այլ ձեւաչափ հղի է նոր, լայնածավալ պատերազմով ու տարածքային փոխադարձ կորուստներով:

Արցախը Հայաստանի Հանրապետության անվտանգության անկյունաքարն է, սա մի պարզ ճշմարտություն է, որը պետք է ընկալեն բոլորը, անկախ նրանից, թե ո՞վ, ո՞նց ու ե՞րբ կգա իշխանության: Քանի որ ազգային միավորի ինքնիշխանության կերտման գործընթացում կարեւոր պայմանը անվտանգությունն է, որը հնարավոր է պահպանել միայն պետության գոյության պայմաններում:

Արցախյան հիմնահարցի շուրջ առկա պետական տեսլականի բացակայությունը մտահոգիչ է ու խոսում է արդեն իշխանական համակարգում լավ տեղավորված մարդկանց մի խմբի մոտ պետական, իսկ ավելի ճիշտՙ ռազմավարական-անվտանգային մտածողության բացակայության մասին: Վերջիններս ոչ միայն չեն պատկերացնում այդ հարցի կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության պահպանման եւ պարտադրման գործընթացում, այլեւ դրա տեղը ՀՀ անվտանգության համակարգում:

Վերահսկելով Արցախըՙ ՀՀ-ն ապահովում է թե՛ իր հարավային սահմանները եւ Սյունիքը, եւ թե Հայաստանի կենտրոնըՙ Արարատյան դաշտավայրը: Այն դժվարացնում է ոչ միայն Ադրբեջան-Նախիջեւան համատեղ ռազմական գործողությունները, այլեւ Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական համագործակցությունը:

Արցախը հայկական զինված ուժերին ռազմավարական խորություն է ապահովում եւ հնարավորություն տալիս բացառել Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր բլից-կրիգ: Այն նաեւ ընդլայնում է Հայաստանի սահմանը Իրանի հետ, ինչը ռազմավարական նշանակություն ունի հատկապես հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում:

Արցախի վերասհկողությունը հնարավորություն է տալիս ռազմավարական դիրք ունենալ ամբողջ Հարավային Կովկասում եւ հսկել Արեւմուտք-Արեւելք, ինչպես նաեւ Հարավ-Հյուսիս իրար կապող մայրուղիները, խողովակաշարերը եւ ջրագծերը: Այս տարածքի թեկուզ մի փոքր մասի կորուստը նշանակում է, որ Հայաստանի շուրջ ձեւավորվող թուրք-ադրբեջանական շրջապատումը վերջնականապես ավարտին կհասցվի:

Արցախի ռազմավարական-անվտանագային նշանակությունը անգնահատելի է ու անվիճարկելի. հայկական կողմը չի կարող բանակցություններ վարել ինչ-որ տարածքների զիջման կամ փոխզիջման շուրջ, այստեղ չեն կարող լինել ադրբեջանցի վերաբնակիչներ կամ գաղթականներ: Պետք է հայ բնակչությամբ տարածաշրջանի բնակեցմանը նոր թափ հաղորդել եւ այն ամբողջովին հայացնել, միաժամանակ ավելացնելով ռազմական ներկայությունը այնտեղ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ