RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 20:01:52Փորձարկվեց Իլոն Մասկի Starship-ը
2020-08-05 18:22:58Հացահատիկի պաշարները Լիբանանում կբավականացնեն մեկ ամսից քիչ
2020-08-05 17:09:56Բեյրութի Վահան Թեքեյան վարժարանը պայթյունից հետո (տեսանյութ)
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



ԱԴՐԲԵՋԱՆ

Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 1748, Տպվել է` 213, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ԱԼԻԵՎԸ ՈՐՈՇԵՑ ՑՐԵԼ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Կանցկացվե՞ն արտահերթ նախագահական ընտրություններ

Բաքվից վերջին օրերին ստացվում են կարեւոր հաղորդումներ: Կառավարող Ենի Ազերբայջան կուսակցության արտակարգ խորհրդակցությունում որոշում է ընդունվել Միլլի մեջլիսը (խորհրդարանը) ցրելու մասին:

Խորհրդարանի ներկայիս կազմը ընտրվել է 2015 թվականի նոյեմբերի 1-ին: Այնտեղ աշխատում է 118 պատգամավոր, որոնցից 70-ը կառավարող Ենի Ազերբայջան կուսակցության ներկայացուցիչներ են: Երկու պատգամավոր ներկայացնում է Քաղաքացիական համերաշխության կուսակցությունը, մեկըՙ Հայրենիքի կուսակցությունը, իսկ 53-ը անկուսակցականներ են: Ինտրիգն այն է, որ խորհրդարանի գործունեության ժամկետն ավարտվում է մեկ տարուց էլ շուտՙ 2020 թվականի նոյեմբերին: Իսկ ինչո՞ւ Բաքվում որոշեցին չսպասել:

Նշենք, որ դեռ հուլիսի սկզբներին, երբ նախատեսված էր Միլլի մեջլիսի արտահերթ նստաշրջան, տեղական ԶԼՄ-ներում սկսեցին հաղորդումներ հայտնվել ընթացիկ տարվա աշնանը խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Այս կապակցությամբ խորհրդարանի մամլո ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ ամառային նստաշրջանի մեջ որեւէ առանձնահատուկ բան չկա եւ չպետք է դրանից սենսացիա սարքել: Կառավարող կուսակցության պատգամավոր Վահիդ Ահմեդովը ասաց, որ խորհրդարանը ինքն իրեն չի արձակում եւ որ հերթական ընտրությունները Ադրբեջանում պետք է անցկացվեն 2020 թվականի նոյեմբերին:

Պարզվեց, որ արձակում է, եւ դա անմիջապես հարցեր է առաջացնում: Կասկած չկա, որ գործընթացը ղեկավարում է Ալիեւը: Ավելի վաղ նա օգտագործել էր այդ հնարքը 2018 թվականի նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխելով նույն տարվա ապրիլ: Տվյալ որոշման իրական պատճառները մինչեւ օրս մնում են առեղծվածային, քանի որ հայտարարված պատճառները, որոնց համաձայն քվեարկության տեղափոխությունը կատարվել է 2018 թվականի երկրորդ կեսին նախատեսված ուրիշ խոշոր միջոցառումների հետ չհամընկնելու նպատակով, անհամոզիչ են թվում:

Գոյություն ունի փոքր-ինչ տարօրինակ վարկած, ըստ որի Ալիեւը փորձել է խուսափել հեղափոխական ցնցումներից, որոնց Հայաստանում 2018 թվականի ապրիլին բախվել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: Իրոք, այդ ժամանակ Բաքվում իրադարձությունները զարգանում էին սրընթաց կերպով, ինչին պատրաստ չէր նույնիսկ Ալիեւի մերձավոր շրջապատը: Բաքվում ընդդիմադիր ճամբարի որոշ փորձագետներ պնդում էին, թե նախագահի շրջապատում տեղի է ունենում կլանների պատերազմ, մինչդեռ ընդդիմությունը իրական սպառնալիք չէ նրա իշխանության համար:

Փորձագետները դրա հետ էին կապում 2017 թվականի փետրվարին Մեհրիբան Ալիեւայի նշանակումը երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում եւ վերջերս նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւի պաշտոնանկությունը, որը երկար տարիներ հսկայական ազդեցություն էր ունեցել պետության մեջ ընդունվող որոշումների վրա: Այս փաստերը հիշեցնում ենք այն պատճառով, որ դրանք ի հայտ են գալիս նաեւ հիմա: Տարօրինակ են հնչում կառավարող կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որոնք խորհրդարանի արձակումը պայմանավորում են նրանով, որ վերջինս անհամարժեք է արձագանքում պետության ղեկավարի քաղաքականությանը եւ հետ է մնում երկրում անցկացվող բարեփոխումներից:

Ադրբեջանը նախագահական հանրապետություն է, եւ դեպք չի եղել, որ Միլլի մեջլիսը, համենայն դեպս պաշտոնական մակարդակով, հանդես եկած լինի Ալիեւի բարեփոխական ուղեգծի, նրա նշանակումների դեմ: Խորհրդարանը կարող էր հանգիստ գոյատեւել մինչեւ իր պատմական ժամկետի ավարտը եւ այն արձակելու որոշումը, անշուշտ, քաղաքական քայլ է, արձանագրում է ռուս հայտնի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ուստի այն տպավորությունն է ստեղծվում, թե կառավարող Ենի Ազերբայջան կուսակցությունը ինքն իրեն պատժում է: Բայց դա կոնկրետ ի՞նչ պատճառներով է պայմանավորված:

Երկրում անցկացվող բարեփոխումներից հետ մնալու մեղադրանքները վերաբերում են առաջին հերթին կառավարող կուսակցության խորհրդարանական խմբակցությանը: Եվ ահա վերջինս գրեթե արտակարգ իրավիճակում պահանջում է արձակել խորհրդարանը: Սա խորհել է տալիս, որ խմբակցությունում տեղի է ունեցել պառակտում, եւ որ ապագայում խորհրդարանը կարող էր ընդունել Ալիեւին ոչ ձեռնտու որոշումներ: Այդ դեպքում Բաքվում ու՞մ են սկսել դասել կառավարող ընդդիմադիրների թվին: «Հին գվարդիայի» անդամներին, որոնց տեղեկատվական դաշտում ներկայացնում են որպես օլիգարխ-չինովնիկներ, ում հարկավոր է փոխարինել երիտասարդ կադրերով: Վերջիններս պետք է կարողանան ընդունել որակյալ օրենքներ եւ պատշաճ կերպով երկիրը ներկայացնեն միջազգային ասպարեզում: Ինչպես արտահայտվել է բաքվեցի փորձագետներից մեկը, խորհրդարանը, իհարկե, հիմա էլ կամակատար է, բայց այնտեղ այնուամենայնիվ կան առանձին օլիգարխիական խմբերի ներկայացուցիչներ, որոնք տեսականորեն կարող են անկանխատեսելի լինել իշխանության համար ֆորսմաժորային իրավիճակներում:

Բաքվում խոսում են սպասվող քաղաքական բարեփոխումների մասին: «Թուրան» գործակալությունը դրա տակ հասկանում է իշխանությունների մտադրությունը խորհրդարան բերելու չափավորական ընդդիմության ներկայացուցիչների, ինչը, ըստ երեւույթին, կապված կլինի ընտրական բարեփոխման անցկացման հետ: Ենթադրենք, թե նոր խորհրդարանում կլինեն կառավարող Ենի Ազերբայջան կուսակցության եւ «կառուցողական ընդդիմության» երիտասարդ կադրեր, որոնք օրենսդիր մարմինը կդարձնեն քաղաքական մրցավեճերի ասպարեզ: Դա ի՞նչ կտա, եթե նկատի ունենանք խորհրդարանի ներկայիս սահմանադրական կարգավիճակը, եւ դա ի՞նչ ձեւով կիրականացվի, եթե վկայակոչենք Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութլիբովին. օրենսդրական իշխանությունը կհասցվի նախագահական իշխանության մակարդակին»: Այլ բան է, եթե Բաքուն տեղաշարժ կատարի դեպի խորհրդարանական-նախագահական հանրապետություն, երբ Միլլի մեջլիսը նախագահի հետ պետք է կիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի ճակատագրի համար:

Ձեւական առումով, խորհրդարանի արձակումը չի պարունակում քաղաքական ճգնաժամի նշաններ: Սակայն ինչպես կառավարող կուսակցության ներկայացուցիչները, այնպես էլ ընդդիմադիր ուժերը գիտակցում են պահի պատմական պատասխանատվությունը: Ադրբեջանի վերնախավում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, որոնք այժմ առնչվում են նաեւ ներկայացուցչական իշխանությանը: Որոշ կանխատեսումների համաձայն, խորհրդարանական ընտրություններին կարող են հաջորդել արտահերթ նախագահական ընտրությունները, երբ պետության ղեկավարի պաշտոնի համար կպայքարի Մեհրիբան Ալիեւան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ