RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06 > #047, 2019-12-13 > #048, 2019-12-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019



Տեղադրվել է` 2019-12-05 23:07:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 2947, Տպվել է` 264, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՐԱՏԻՍԼԱՎԱՅՈՒՄ ՈՉԻՆՉ ԷԼ ՉՊԱՐԶՎԵՑ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այս շաբաթ վայրիվերումների շաբաթ էր, դիտարկումների այնքան լայն դաշտ կա, որ պարզապես անհնար է դա մեկ նյութում անել` սկսած խորհրդարանում «Իմ քայլ»-ԲՀԿ սրացումից, Սերժ Սարգսյանին մեղադրանքի առաջադրումից, ընդդիադիր դաշտը չզիջելու`ՀՅԴ-ի առայժմ կրթական թեմայով ներկայացրած քաղաքական հայտից մինչեւ վարչապետ Փաշինյանի` թալանի եւ անօրինությունների սահմանագիծը վերջին քսան տարուց եւս տասն տարով հետ տանելու դիտարկումով, որի քաղաքական անդրադարձը դեռ կզնգա:

Սակայն վերը նշվածները մինչեւ տարեվերջ եւ հետո էլ շարունակություն ունենալու են, մենք էլ` անդրադառնալու առիթներ կունենանք. պարզ է, որ ԲՀԿ-ի համար դեռ երկար ժամանակ պետք կլինի կողմնորոշվելու` ներկա իշխանությանը, իրոք, ընդդիմադի՞ր է, եթե ընդդիմադիր է` ո՞ւմ հետ, մենա՞կ, «Լուսավոր Հայաստանի» հե՞տ, թե՞ նախկինների: Կամ` երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի իրավական հեռանկարը ավելի տեսանելի կլինի որոշ ժամանակ անցՙ մետաստազները ցուցանելով, այնպես որ այս անգամ կանգ առնենք Արցախյան խնդրի շուրջ զարգացումների, իսկ ավելի ստույգ` զարգացումների տեղապտույտի վրա:

Բրատիսլավայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման առիթով սպասում կար` ընդդիմադիրները վտանգ էին փչում դրանից, իշխանավորները հնգակողմ հայտարարության մասին արտահոսք անում:

Մինչ այդ հնչել էր Նիկոլ Փաշինյանի տիկնոջ խոսքը` Ալիեւից ավելի ռազմատենչ Մեհրիբանի ` Արցախում մուղամ լսելու ցանկությանն ի պատասխան, նրան խաղաղաբար մուղամ լսելու էր հրավիրել Արցախ, իհարկե դիվանագիտորեն հասկացնելով Մեհրիբանին, թե որ դեպքում է դա հնարավոր: Նկատենք, որ կան թեմաներ, որոնք պիտի արծարծվեն ճիշտ տեղի եւ ժամանակի մեջ, ու դա տեղի չի ունեցել այս դեպքում, մանավանդ` պետք է լինեն պաշտոնյաներ, որոնց միջոցով պետք է ճշտվեն այն լուրերն ու տեղեկությունները, որոնց արձագանքում է վարչապետի տիկինը: Տվյալ դեպքում` Մեհրիբանի ցանկության մասին լուրը կեղծ է եղել, այդպիսով` անհարմար վիճակի մեջ է հայտնվել մեր վարչապետի տիկինը: Չնայած` Աննա Հակոբյանին երկրորդել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ` որպես հյուրի պատրաստակամ են ընդունել բոլորին,այդ թվում` Մեհրիբան խանումին, Արցախի զբոսաշրջային ծառայություններն էլ ըստ հյուրի ճաշակի կարող են սպասարկել նրան, բա:

Հեռանկար կա՞ր բրատիսլավյան բանակցություններում, երբ դրանցից ժամեր առաջ ադրբեջանական կողմը հայտարարարություն է տարածում եւ հրապարակում է իր դիրքորոշումը Արցախի հարցի լուծման վերաբերյալ` Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք, միջազգայնորեն ընդունված սահմանների շրջանակում լուծում, փուլային տարբերակ (զինված ուժերի դուրս բերում Արցախից եւ հարակից շրջաններից, տեղահանվածների վերադարձ` Արցախի կարգավիճակի հարցը թողնելով հետագային): Այլ քաղաքական լուծում Ադրբեջանը չի պատկերացնում` իր այս հնացած ծավալապաշտությունն անվերջ պնդելով եւ հաղթած Հայաստանի փաստը անտեսած: Գումարած, որ Ադրբեջանի այս առավելապաշտությունը տեղի է ունենում Ադրբեջանում քաղաքական իշխանությունը ավելի ռազմատենչ Ալիեւային փոխանցելու ֆոնին` հավանաբար գարնան սկզբին Ադրբեջանի նախագահ կդառնա Մեհրիբան Ալիեւան, իսկ ընտրություններից առաջ այլ հռետորաբանություն, այդ թվում` բանակցություններում, Ադրբեջանից պետք չէ սպասել: Որեւէ բանակցային հեռանկար կա՞ մի երկրի հետ, որի քաղաքացիները ԻԼԻՊ-ի գրոհայինների շարքերում մեծ թիվ են կազմում, իսկ նրա ղեկավարներն անընդհատ ռազմական հռետորաբանությամբ են խոսում; Համենայնդեպս` Մինսկի խմբի համանախագահները միջնորդել էին Բրատիսլավայում բանակցային բնույթի հանդիպման համար:

Մանավանդ`Բրատիսլավայի հանդիպումից ժամեր առաջ վարչապետ Փաշինյանը խորհրդարանում ասել էր, թե բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ չկա, որով կարելի լինի վարել որեւէ բանակցային գործընթաց, իսկ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Հայաստանը Մինսկի խմբից ակնկալում է բացատրություններ, որոնք դեռ չկան: Բայց կա ձեւակերպված Հայաստանի եւ Արցախի նույնական վերաբերմունքը հարցի լուծման վերաբերյալ, որը հասանելի է միջազգային հանրությանը, ըստ Փաշինյանի, բայց որից, միեւնույն է, հայ հանրությունը նույնպես տեղյակ չէ` բովանդակությունը նկատի ունենք:

Չնայած եթե վերհիշենք նաեւ օրեր առաջ բաքվում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ` փոխզիջումների մասին ակնարկները` հնգակողմ հայտարարության հնարավորությամբ, միգուցե ինչ- որ սողացող բան կա, այնուամենայնիվ, որ հայկական կողմն էլ շարունակում է պնդել խաղաղության շրջանակի պայմանավորվածությունների մասին թեզը ու պատվիրակություն է ուղարկում Բաքու` տարածաշրջանային հավաքի մասնակության առաքելությամբ:

Ահա այս ֆոնին մեկ օր առաջ Բրատիսլավայում տեղի էր ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացակնյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը` Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կապրշչիկի մասնկացությամբ:

Ինչի մասին էին խոսել` պաշտոնական հաղորդագրություն կամ ինչ-որ հայտարարություն դեռ չկար այս հրապարակումը պատրաստելու պահին, աելի ուշ տարածվեց ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ Զոհրաբ Մնացականյանի ելույթը` որոշ պարզություն մտցնելով տեղի ունեցածում: Բուն հանդիպման մասին հրապարակի վրա եղած կիսապաշտոնական տեղեկատվությունը նոր կամ էական որեւէ շեշտադրում չի պարունակում` հաջորդ տարի համատեղ աշխատանքը շարունակելու ծրագրերից են խոսել, հրադադադարից, վստահության երաշխիքների ամրապնդումից, հանրության տարբեր շերտերի ներգրավվածությունից փոխանակման ծրագրերում` խաղաղության նախապատրաստվելու պայմանավորվածությունների շրջանակում: հայկական կողմը պնդել է բանակցություններին Արցախի իշխանությունների ներգրավման անհրաժեշտության մասին: Եւ հավելել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստության պայմանավորվածությունների շաաատ համեստ արդյունքը (լրագրողների փոխանակման մասով):

Ո՞րն է առաջին եզրակացությունն այս բոլորից` լեռը մուկ ծնեց, օրեր շարունակ ընդդիմությունը պնդում էր վայ-հարայ, էս ինչ է անում իշխանությունը, բանակցային գորընթացը հանգել է Արցախի հարցը վտանգի տակ դնելուն եւ այլն: Ու ինչ, պարզվեց նույնը` Ադրբեջանը, ինչպես եւ միշտ, բանակցելու ցանկություն չունի, խաղաղության նախապատրաստության միտումներին իրականում մի պահ անգամ չի տրվել, Ալիեւն էլ ուղղակի ժամանակ է շահել իշխանությունը կնոջը փոխանցելու համար եւ հիմա մեզ ասում է` վերջ, չեմ բանակցում, հետ տվեք հողերն ու վերջ, Արցախն էլ հետը:

Դե եթե Ադրբեջանի իշխանությունը իր գծած սահմաններից դուրս չի պատկերացնում որեւէ քաղաքական լուծում, ուրեմն պատկերացնում է ռազմական լուծում, որը, միեւնույն է, առայժմ Ադրբեջանն իրեն թույլ տալ չի կարող, եթե անգամ նրան թույլ տան այդպես վարվել հզորները, այդ երկրում զբաղված են իշխանության փոխանցմամբ: Իսկ մենք պետք է, իրոք, հետեւություն անենք եւ Ադրբեջանի պահվածքին համարժեք պատասխանենք: Այսինքն` եթե Ադրբեջանն իր տեսակետների վերաբերյալ փաստաթուղթ է շրջանառում, մենք էլ շրջանառենք մեր տեսակետը` ձեւակերպված եւ կնքված զույգ պետությունների կողմից: Մենք պետք է ավելի հստակ եւ համարժեք դիրքորոշում որդեգրենք` էդ լղոզված խաղաղության շրջանակը միայն հայերիս դիրքորոշումն է՞: Չնայած` մեր դիրքորոշումը մեկն է, մենք պատրաստ ենք կասեցնել ռազմական հարեւանի ամեն խելագարություն: Բայց ինչ պիտի հակադրենք Ադրբեջանի` արդեն որպես փաստաթուղթ տարածված դիրքորոշմանը, իրոք որոշելու բան է, պետք է գլուխ-գլխի տալ եւ որոշում կայացնել: Այն ինչ Զոհրաբ Մնացականյանն ասել է իր ելույթում, դա լավ է, բայց այժմ, Ադրբեջանի պահվածքից հետո արժե որ հայկական կողմի պատկերացումը հարցի լուծման վերաբերյալ որպես փաստաթուղթ ձեւակերպվի եւ պաշտոնապես տրամադրվի միջազգային կառույցներին: Դրանց մեծ մասը Մնացականյանը նույնպես նշել է` խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, Արցախի վերջնական կարգավիճակը` ամենասկզբում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում Ադրբեջանի կողմից, պետք է առավել առարկայացնել անվտանգության գոտու մասին մեր պատկերացումը, Մնացականյանի ելույթում եղած` էքզիստենցիալ անվտանգության սպառնացող վտանգի մասին ձեւակեպումից առավել հստակ:

Արդյոք Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի տեղի ունեցողի հետ` ինչպես որ ՀՀԿ-ն է ձեւակերպել իր հայտարարության մեջ` «նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին` Հայաստանին ու Արցախին սպառնացող վտանգների ֆոնին, այդ թվում` բանակցային գործընթացի շուրջ վերջին զարգացումների համատեքստում», թե՞ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է ճիշտ, որ ասում է` Արցախի խնդիրը նախկին իշխանությունները տոտալ շահարկում են եւ իրենց ունեցած մեդիա- ռեսուրսով մանիպուլացնում հանրությանը, չնայած`վտանգ միշտ էլ կա, տնային աշխատանքը պետք է լավ կատարել, տնտեսությունը կարգի բերել, բանակը հզորացնել եւ ամեն րոպե պատրաստ լինել պատերազմի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 06-12-2019

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ