RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-13 14:15:12Նավթի և գազի հիմնախնդիրները, Հայաստանը, Հարավային Կովկասը․ հարցազրույց (տեսանյութ)
2020-08-13 13:22:38ՊԵԿ-ը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր
2020-08-13 13:15:53Ապամոնտաժվում են Սևանի ափամերձ ապօրինի շինությունները
2020-08-13 13:09:13Վերջին մեկ շաբաթում տարածաշրջանում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ
2020-08-13 13:08:45Կորոնավիրուսի 229 նոր դեպք, 405 առողջացած, 7 մահ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019



ՀՈԳՍԵՐ

Տեղադրվել է` 2019-11-21 23:27:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2783, Տպվել է` 197, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸՙ ԱՌԱՅԺՄ ՏԱՐՕՐԻՆԱԿ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ՀՀ գյուղատնտեսությունում անկումը շարունակվում է. այն երկրի տնտեսության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում վերջին տարիներին նշվող սովորական դարձած հաստատագրում է, առանց որեւէ ակնարկի, որ առաջիկայում վիճակը գոնե մասամբ կբարելավվի: Չէ՞ որ խոսքը Հայաստան երկրի հիմնախնդիրներից մեկին է վերաբերվումՙ ՀՀ պարենային ապահովությանն ու պարենանվտանգությանը:

Վիճակը որոշ դիտարկումների համաձայն առավել կխորանա ոլորտի պատասխանատվությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության վրա դնելու արդյունքում: Ընդամենն այն, որ գյուղատնտեսությունը ենթադրում է տնտեսական գործունեություն եւ խնդիր է համարվել այն տեսնել էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում, հարցի անգամ նվազագույն լուծման շահերից չի բխում: Առանց այն էլ երբեմնի ՀՀ գյուղնախարարությունն անմիջականՙ անգամ նվազագույն կապ չուներ շուրջ 900 գյուղական համայնքների հետ: Գյուղոլորտի պետական քաղաքականությունը սկսվում ու ավարտվում էր մարզպետարանների գյուղատնտեսական վարչությունների հետ սահմանափակ կապի պայմաններում, ընդամենն ինչ-ինչ ծրագրեր նրանց հասցնելու միջոցով: Արդյունքում ունենք այս տխուր վիճակը, երբ պետությունն առերեւույթ հոգում է գյուղաբնակի կարիքները, վերջինս այն չի տեսնում ու չի զգում, կողմերից ամեն մեկն իր գնահատականն է տալիս եւ այսկերպ սայլը տեղից չի շարժվում:

Խնդրեմ ծանոթացեք: ՀՀ գյուղատնտեսության ռազմավարական մի ծրագրի համաձայն, որը ժամանակին հաստատվել է ՀՀ կառավարության կողմից, 2015 թվականին երկրի հացահատիկային ոլորտում ցանքատարածությունները պետք է կազմեին 185 հազար հեկտար, ակնկալվող բերքըՙ 530 հազար տոննա: Թե սրա որ մասն էր ցորենը կազմելու, որ մասըՙ գարին, վարսակը, աշորան, ոչ մի հիշատակում: Թե որ մարզերի որ համայնքներում էր իրականացվելու հիմնական մշակումը, որ գյուղհամայնքներն էին օգտվելու պետության ոչ հարուստ բյուջեից տրվող տասնյակից հարյուր միլիոնավոր դրամներ կազմող օգնություններից, դարձյալ ոչ մի պահանջի ամրագրում: Այն հույսը, թե մարզային գյուղվարչությունները կվերահսկեն գործընթացը, առ ոչինչ դարձրին այն, այդպես էլ պարզ չդարձավ ծախսերն արդարացրի՞ն արդյոք ստացված արդյունքները: Որ դրանք անգամ կիսով չափ չիրականացվեցին, ցորենի բերքն անգամ 200 հազար տոննա չկազմեց, դա տխուր իրողություն է. երկիրը մնաց ներկրումների հարյուր հազարավոր տոննաների հույսին:

Վիճակը գրեթե նույնն է ընթացիկ շրջանում: Ընթերցեք թե ինչ են պատասխանում «Ազգ»-ում տպագրված հոդված-ահազանգերից մեկին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանից: «...շնորհակալություն ենք հայտնում ձեր դիտողությունների եւ առաջարկների համար եւ հայտնում, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ներկայումս ընթանում են գյուղատնտեսական ոլորտի ծրագրերի մշակման քննարկումներ: Հավաստիացնում ենք, որ ձեր առաջարկն այդ քննարկումների ժամանակ եւս կուսումնասիրվի մասնագետների կողմից» : Խոսքը լիարժեք անասնակերային բազայի ստեղծմամբ գյուղոլորտի անասնապահության ճյուղում գյուղացու աշխատանքն էապես բարեփոխող կենդանական ծագման սննդահումքիՙ կաթի ու մսի արտադրության ծավալների զգալի ավելացման մասին էր, որը մասնագիտական որոշակի շրջանակների դիտարկմամբ առավելապես ՀՀ տարածքային կառավարման նախարարության տիրույթում է, քանզի պետական այս կառույցն է առավել սերտ ու վարչարարության առումով կապված արդեն նշված գյուղհամայնքների հետ, որոնք չգիտես ինչ խոշորացված համայնքներ ծրագրի արդյունքում դարձել են մոտ 500 գյուղհամայնքներ: Ստացվում է, որ ասենք շուրջ 12 գյուղերից կազմված համայնքի գործերի ողջ պատասխանատվությունն ընկնում է խոշորացված անվանվող համայնքապետի վրա, որը շատ դեպքերում այս ու այն կուսակցության կամ ազգակցական կապերի ներկայացուցիչն է, բուսաբուծությունից ու անասնապահությունից գրեթե անտեղյակ մեկը: Որ երկրում գյուղաշխատանքների կազմակերպման առումով տեխնիկայի զգալի պակաս կա, որոշ դեպքերում իսպառ բացակայություն, պետական սերմնաբուծարանների արդյունավետությունը չի հաստատվում, գիտական կենտրոնների փորձադաշտերում պարզապես անդորր է, ոլորտում խնդիրները կուտակվում ու լուծումներ չեն ստանում, դրանք կարծես ոչինչ. ներմուծումները կան ու կան, աշխարհի չորս կողմերում պարենի արտադրություն ու ավելցուկ ինչքան ուզեք, մեզանում էլ ներմուծողների պակաս չկա, կբերեն-կհասցնեն:

Իսկ ովքե՞ր են ծրագրեր կազմող մասնագետները. նախորդ գյուղնախարարության տեղակալներն ու վարչությունների պետերը, ովքեր հիմա ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաներ են կարգվել: Նախորդ տարիներին նրանք իրենց կազմած ծրագրերը հերթական նախարարի պաշտոնը զբաղեցրած, նախարարությունից դուրս կառույցներից բերված պաշտոնյային էին որպես նորույթ ներկայացնում, հիմա նույնն արվում է անվանափոխված նախարարության պարագայում: Այսպես կոչված հեղափոխություն ոլորտում մշտապես է խոստացվել, որի անգամ նշույլները չեն ուրվագծվել, քանզի 30-ամյա ժամանակահատվածում ոչ մի գյուղնախարար ներսից չի նշանակվել: Հիմա ոլորտի ղեկավարումը վստահվել է 2003 թվականին ՀՀ կառավարության հաստատած «ՀՀ աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ ֆինանսների ու էկոնոմիկայի միացյալ նախարարության նախարարի տեղակալին, որը ներկայիս ՀՀ էկոնոմիկայի նախարարն է: Թե ինչ արդյունք ստացվեց հիշյալ ծրագրից, հանրահայտ է. ներկրում ենք ինչ պատահի, որտեղից ինչ ստացվի:

Օրեր առաջ անհանգստացնող մի լրատվության ծանոթացա: 2018 թվականի աշնանը ՌԴ-ում ցորենի մթերման կիլոգրամի գինն արտադրողից 4-5 ռուբլու սահմաններում էր, ՀՀ արժույթովՙ 35-40 դրամ: Այս օրերին խոսվում է 8-9 ռուբլու մասին, ասել է թեՙ 60-70 դրամի: Հետեւանքներն ինքներդ գուշակեք: Այնպես որՙ թե ուր է գնում կրիայից էլ դանդաղ շարժվող ՀՀ գյուղոլորտը, դժվար է ասել, քանզի այն կառավարողների գործողություններն առավել քան տարօրինակ են, եթե այլ գնահատական չհնչեցվի:

Ասում են ժամանակն ու հողն ամեն ինչ կտանեն. իսկ մարդի՞կ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ