RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019



Տեղադրվել է` 2019-11-21 23:27:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2801, Տպվել է` 223, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԽՔԱՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՎԱՇԻՆԳՏՈՆ ՄԵԿՆԵԼԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԷՐ ՆՐԱ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Այցից հետո քննարկման առարկա դարձան Սիրիայի հյուսիս-արեւելքում իրականացված ռազմական գործողությունները

«Ազգը» նախորդ համարում անդրադարձել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամերիկացի գործընկերոջՙ Դոնալդ Թրամփի հրավերով նոյեմբերի 13-ին Վաշինգտոն կատարած այցին եւ խայտառակություն էր բնութագրել երկու նախագահների առանձնազրույցից հետո հրավիրված մամուլի համատեղ ասուլիսը: Այն առումով, որ նրանց ելույթները որեւէ պատկերացում չէին տալիս, թե առանձնազրույցի ընթացքում ի՞նչ հարցեր են քննարվկել եւ ո՞ր հարցերի շուրջ են ծավալվել բանակցությունները: Դրանք աստիճանաբար հայտնի դարձան, երբ Էրդողանը վերադարձավ Թուրքիա: Մինչեւ քննարկված հարցերին անդրադառնալը նշենք, որ նախքան Էրդողանի Վաշինգտոն մեկնելը ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ «Լավ» կուսակցությունները, ինչպես նաեւ երկրի քաղաքական շրջանակները կասկածի տակ էին դնում Թուրքիայի նախագահի այցի նպատակահարմարությունը, պատճառաբանելով դա ԱՄՆ նախագահի հոկտեմբերի 9-ի եւ նոյեմբերի 4-ի նամակներով, թե վերջինը վիրավորել է Թուրքիայի ազգային արժանապատվությունը: Հիշեցման կարգով նշեմ, որ ԱՄՆ նախագահն առաջին նամակում Էրդողանին հորդորել էր «ապուշություն չանել», իսկ երկրորդումՙ Թուրքիայից պահանջել էր հրաժարվել ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերից, նախազգուշացնելով, թե այլապես անխուսափելի կդառնա պատժամիջոցների կիրառումը Թուրքիայի դեմ:

Այցից հետո, արդեն Թուրքիայում, կասկածի տակ դրվեց Սիրիայի հյուսիս-արեւելքում ձեռնարկված «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունների նպատակահարմարությունը: Ինչո՞ւ: Այն պատճառով, որ Էրդողանը Վաշինգտոն էր մեկնել քուրդ «ահաբեկիչների» դեմ պայքարում նախագահ Թրամփի աջակցությունը ստանալու, համոզելու նրան վերջին ռազմական գործողությունները զարգացնելու միջոցով «անվտանգ» գոտին Իրաքի սահմանից մինչեւ Ջարաբլուս երկարաձգելու առումով, հասցնելով դրաՙ Անկարայի թուրք-ամերիկյան համաձայնագրով նախաշված 120 կմ-նոց երկարությունը 444 կմ-ի, պատճառաբանելով, թե Թուրքիա ապաստած սիրիացի փախստականներից մեկ մլն-ին կարելի վերաբնակեցնել այնտեղ, այնուհետեւ մեկ մլն փախստականի եւս վերաբնակեցնելու համար այդ գոտու մեջ ընդգրկել նաեւ Դեր Զոր-Ռաքքա հատվածը եւ վերաբնակների համար իրականացնել 40 մլրդ. արժողությամբ բնակարանաշինության ծրագիր, պայմանով, որ ծախսերը Թրամփի հորդորներով հոգա Եվրոպական Միությունը:

Ի դեպ, Էրդողանին պաշտոնական այցով Վաշինգտոն հրավիրելու համար էլ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի, ինչպես նաեւ ամերիկյան լրատվամիջոցների հակազդեցության թիրախ էր դարձել նախագահ Թրամփը: Նոյեմբերի 12-ին Ներկայացուցիչների պալատի 17 անդամներ, արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Էլիոտ Էնջելի նախաձեռնությամբ պաշտոնական նամակ էին հղել ԱՄՆ նախագահին, որ չեղյալ հայտարարի Էրդողանի հրավերը Վաշինգտոն, համարելով վերջինի ընդունելությունը Սպիտակ տանը քուրդ դաշնակիցների ջարդարարին պարգեւտրելու դրսեւորում:

Նախագահ Թրամփն անարձագանք է թողել Էրդողանի անխտիր բոլոր հարցադրումները: Ավելին, մինչ Էրդողանն ահաբեկիչներ էր անվանում հյուսիս-արեւելյան Սիրիայի քրդերին, Թրամփը մամուլի ասուլիսում Էրդողանի ներկայությամբ ասաց, որ իրենք չեն հրաժարվի քրդերի հետ համագործակցությունից, ԱՄՆ-ը հրաշալի հարաբերությունների մեջ է նրանց հետ: Նա անդրադարձավ նաեւ քուրդ առաջնորդ Մազլում Քոբանիին Վաշինգտոն հրավիրելու հարցին: Հակառակ Էրդողանի ներկայացրած թղթապանակին, որտեղ վերջինը տեղադրել էր Քոբանիի «ահաբեկչական» գործունեությունն ապացուցող փաստաթղթեր, ընդ որում նրանց զգալի մասը Կենտրոնական հետախուզական վարչությանՙ CIA-ի արխիվից են, Թրամփը մամուլի համատեղ ասուլիսում քուրդ առաջնորդին հորջորջեց «գեներալ» եւ մատնանշեց, որ ինքը հոյակապ համագործակցում է գեներալ Քոբանիի հետ: ԱՄՆ-ի համագործակցությունը քրդական ուժերի եւ Քոբանիի հետ ենթադրում է շարունակել զենքի մատակարարումները նրանց, ինչը կնշանակի ուժի մեջ թողնել ամերիկյան քրդական ծրագիրը Սիրիայի արեւելքում: Ամենայն հավանականությամբ ամերիկացիները քրդերին կհանձնարարեն Հասաքեի եւ Ռաքքայի նավթահորերի պաշտպանությունը, քանի որ վերջիններիս խոստացել են նավթից ստացած եկամուտի 20 %-ը: Դա Սիրիայի քուրդ «ահաբեկիչների» դեմ պայքարում ակհայտորեն կկաշկանդի Թուրքիային, ի չիք դարձնելով նրանց արմատախիլ անելու Էրդողանի նկրտումները:

Հատկանշական է, որ հյուսիս-արեւելյան Սիրիայի քրդական ուժերն ու Մազլում Քոբանին նույն հաջողությամբ կարողանում են սերտորեն համագործակցել նաեւ ռուսական կողմի հետ: Դոնալդ Թրամփն անտեսեց նաեւ Էրդողանի ասուլիսում հնչեցրած գանգատը, թե չնայած հոկտեմբերի 17-ին Անկարայում ամերիկյան, իսկ հոկտեմբերի 22-ին Սոչիում ռուսական կողմի հետ ձեռք բերած պայմանավորվածությունների, քուրդ «ահաբեկիչները» չեն հեռացել «անվտանգ» գոտու սահմաններից, շարունակում են մնալ իրենց տեղերում: ԱՄՆ նախագահը ի պատասխան Էրդողանի գանգատին գոհունակությամբ արտահայտվեց ռազմական գործողությունները Սիրիայում դադարեցնելու եւ Անկարայի թուրք-ամերիկյան համաձայնագրով նախատեսված զինադադարը հարգելու Թուրքիայի վերաբերմունքի մասին, թերեւս դրանով հօդս ցնդեցին «անվտանգ» գոտին ընդարձակելու Էրդողանի հույսերը:

Ինչ վերաբերում է Թուրքիայում ապաստանած 3 մլն 663 հազար սիրիացի փախստականներին, որոնց 2 մլն-ին Էրդողանը մտադիր էր ընդարձակելու դեպքում վերաբնակեցնել «անվտանգ» գոտու սահմաններում եւ ԵՄ-ի ֆինանսական միջոցներով դեռ բնակարան կառուցել նրանց համար, ապա նախագահ Թրամփը ոչ միայն անտեսել է Էրդողանի մտադրությունը, այլեւ առանձնազրույցի ընթացքում պարզորոշ ասել, որ ինքը դեմ է սիրիացի փախստականների վերադարձին, նրանք պետք է մնան Թուրքիայում եւ ինտեգրվեն թուրք հասարակության հետ: Թերեւս Թրամփի այս խոսքերն են պատճառը, որ մինչ այդ եվրոպական երկրներում սահմանները փախստականների առջեւ բացելով սպառնացող Էրդողանը Անկարա վերադարձին սկսեց սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու համար դատապարտել ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահին, թե ինքը չի կարող անմեղ մարդկանց հետ ուղարկել մի երկիր, որտեղ ամենուրեք ռումբեր են պայթում: Ի դեպ, Թրամփի վերոհիշյալ խոսքերի մասին նոյեմբերի 19-ին «Halk TV-ի» էկրանից Այշենուր Արսլանի «Մամուլի թաղ» հաղորդմանն ասաց Ժողովրդա-հանրապետական կուսակցության Վաշինգտոնի ներկայացուցիչ Օզքանը: Այս կուսակցությունը ներկայացուցչություն ունի այնտեղ: Ներկայացուցիչը միաժամանակ ավելացրեց, որ փախստականների բռնի վտարումը երկրից հակասում է միջազգային իրավունքի նորմերին, նրանք արդեն չեն ուզում հեռանալ Թուրքիայից, որովհետեւ Սիրիայում որոշակի առնչություններ են ունեցել որպես ընդդիմություն հորջոջվող ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես Իրաք-Շամ իսլամական պետության հետ:

Վաշինգտոնում Էրդողանի համար միակ դրականը ,թերեւս, սենատոր Լինսի Գրահամի վետոյով Սենատի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության բանաձեւի եւ Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման օրինագծի նոյեմբերի 13-ին նշանակված քննարկման ու քվեարկության արգելափակումն էր: Էրդողանը մամուլի վերոհիշյալ ասուլիսում, դատապարտելով հանդերձ Հայոց ցեղասպանության բանաձեւն ընդունելու համար Ներկայացուցիչների պալատին, ողջամտորեն շրջանցեց նույն օրը հոկտեմբերի 29-ին օրեսդրական միեւնույն մարմնի ընդունած պատժամիջոցների մասին օրինագիծը: Դա, իհարկե, պատահական չէր, ոչ էլ բխում էր դրանցՙ Թուրքիայի համար ծանր բնույթից: Պատժամիջոցների օրինագիծը պարզապես ԱՄՆ-ում Էրդողանի, նրա տիկնոջ, երկու դուստրերի ու զավակների ունեցվածքի եւ բանկային հաշիվների մասին հոդված էր ներառում: Դրանց բացահայտումը, առավել եւս սառեցումն անշուշտ ավելի քան խայտառակ կացության մեջ էր դնելու Էրդողանին ԱՄՆ-ում, Թուրքիայում, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում:

Շնորհիվ սենատոր Գրահամի, հավանաբար նաեւ նախագահ Թրամփի, Էրդողանին ժամանակավորապես հաջողվեց խուսափել խայտառակությունից: Պարզապես սահմանափակվեցին նախագահ Թրամփին առարկելու եւ ԱՄՆ-ի պահանջներից շեղվելու նրա եւ Թուրքիայի հնարավորությունները: Առանձնազրույցի ընթացքում նախագահ Թրամփն արծարծել է նաեւ ռուսական S-400 համակարգերին հարցը: Այս անգամ համակարգերից հրաժարվելու իր երկրորդ նամակում արտահայտած պահանջը կրկնելուց զատ նա, Ժողովրդա-հանրապետական կուսակցության Վաշինգտոնի ներկայացուցչի վկայությամբ, Էրդողանից պահանջել է այլեւս ծանր զենքեր, այդ թվում ռազմական ինքնաթիռներ չգնել Ռուսաստանից:

Մամուլի ասուլիսում Էրդողանն ասել էր, որ S-400-ների հարցը կողմերի միջեւ պետք է լուծվի երկխոսության միջոցով: Բայց ինչպե՞ս: Այդ համակարգերի արժեքը 2.5 մլրդ դոլար է: Թուրքիան ռուսական կողմին արդեն վճարել է ավելի քան մեկ մլրդ-ը, մնացած 1.4 մլրդ-ը մաս առ մաս շարունակում է վճարել: Այսինքն հրաժարվել S-400-ներից չի կարող, ոչ էլ կարող է վաճառել 3-րդ երկրի: Ստեղծված իրավիճակում թուրքական կողմին մնում է չգործարկելու պայմանով պահեստավորել համակարգերը: Համենայն դեպս, երբ Էրդողանը վերադարձավ Վաշինգտոնից, պարզվեց, որ կողմերը պայմանավորվել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով եւ հարցը քննարկել այնտեղ:

Այլ կերպՙ Էրդողանը Վաշինգտոնից վերադարձավ ձեռնունայն, չհաշված S-400 համակարգերի առնչությամբ ստեղծված թուրք-ամերիկյան հանձնաժողովը, որն ամենայն հավանականությամբ էլ ավելի է խճճելու այդ համակարգերից բխող խնդիրը: Ինչ վերաբերում է Սիրիայի հյուսիս-արեւելքում ծավալված «Խաղաղության աղբյուր» գործողություններին, որոնց առնչությամբ կարելի էր թերեւս ձեռքբերում համարել Թել Աբյադի եւ Ռաս ուլ-Այնի հատվածում 120 կմ երկարությամբ սահմանափակված «անվտանգ» գոտու արեւելքում եւ արեւմուտքում 10 կմ խորությամբ ռուսական ռազմական ոստիկանության հետ համատեղ իրականացվող պարեկային հսկողությունը: Չմոռանալ, սակայն, որ քրդական ուժերն էլ պարեկային ծառայություն են իրականացնում ամերիկացի զինծառայողների հետ: Եթե հաշվի առնենք, որ թուրքական սահմանի սիրիական հատվածում ծածանվում է Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշը, ապա այդ գոտին անկլավի մեջ է, ինչը խիստ հարաբերական է դարձնում դրա թուրքական վերահսկողությունը:

Էրդողանը լուրջ ակնկալիքներ ուներ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպումից: Հիմա արդեն նա սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, որ հունվարին Անկարա այցելելու պատրաստակամություն է հայտնել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ