RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1986, Տպվել է` 153, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՐՊԵՍ «ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ» ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ ՄՆԱՑԱԾ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Դր. ՎՐԵԺ (ՆԵՐՍԵՍ) ԱՎԱԳ քհն. ՆԵՐՍԵՍՅԱՆ, Լոնդոն

Հայ եկեղեցին. հայկական քրիստոնեության ներածություն, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս

Անթիլիաս, Լիբանան, Կիլիկիո հայոց կաթողիկոսություն, 2016 թ., 241 էջ [ii]. ISBN 978-9953-0-3710-3

Անգլերեն բնագրից արեւելահայերեն թարգմանությամբ ստորեւ լույս ենք ընծայում դոկտ. Վրեժ (Ներսես) ավագ քահանա Ներսեսյանի գրախոսությունը նվիրված Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հեղինակած անգլերեն «Հայ եկեղեցին» հատորին: Նույն գրքին եւ ներկա գրախոսությանը մեր անդրադարձումները վերապահելով «Ազգ»ի հետագա համարներին, հիշեցնենք որ դոկտոր Վրեժ (Ներսես) Ներսեսյան քահանան միջազգայնորեն ճանաչված աստվածաբան ու մատենագետ է եւ հանդիսանում է կուրատորը Բրիտանական գրադարանի միջինարեւելյան քրիստոնեական բաժնի: Խմբ.

Արամ Ա [Քեշիշյան] Կիլիկիո հայոց աթոռի կաթողիկոսը միջազգայնորեն ճանաչված էկումենիկ եկեղեցական առաջնորդ է: Նա ծառայել է որպես Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) ատենապետ` երկու ժամկետով (1991-2005 թթ.) եւ որպես Մերձավոր Արեւելքի Խորհրդի նախագահՙ երկու ժամկետով (2006-2016 թթ.): Նրա բազմաթիվ հրապարակումներն ընդգրկում են նաեւ «Փոփոխվող աշխարհում եկեղեցի լինելու մարտահրավերը» (1997 թ.), «Քրիստոնեական վկայություն Միջին Արեւելքի խաչմերուկում» (2004 թ.) եւ «Եկեղեցին կանգնած է մեծ մարտահրավերների առջեւ» (2001 թ.), որը ԵՀԽ-ի ատենապետի պաշտոնում նրա ներկայացրած զեկույցների ժողովածուն է:

Հեղինակի խոսքերով` Հայ եկեղեցու նպատակը ոչ թե Հայ եկեղեցու համապարփակ պատմությունը, աստվածաբանությունը կամ առաքելությունը ներկայացնելն է, այլ կարեւորելը Հայ եկեղեցու այն առանձնահատկությունները, որոնք ապահովում են նրա ինքնությունը եւ մատնանշում նրա առանձնահատուկ առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Տասներեք առանձին վերնագրերի ներքո, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնանաում է Հայ եկեղեցու նկարագրի վրա, նա ներկայացնում է Հայ եկեղեցու պատմությունը, հավատքն ու վկայությունը եւ ուրվագծում է նրա ապագայի տեսլականը:

Այս հատորում գրաքննադատին գրավեց Նորին Սրբության տեսակետը «Երկու կաթողիկոսություններ մեկ եկեղեցու մեջ» (73-75 էջեր) թեմայի շուրջ:

Այս «հերձվածի» ծագումը Հայ եկեղեցում, թեեւ եկեղեցական շղարշի ներքո եւ աստվածաբանական նախադեպի վկայակոչմամբ, ըստ էության քաղաքական է: Դրա ակունքները գալիս են 1922-ի դեկտեմբերի 13-ից, երբ Հայաստանը դարձավ ԽՍՀՄ-ի բաղկացուցիչ մասը: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դժգոհ էր կոմունիստական գերիշխանության տակ գտնվող Էջմիածնի («Միածին Որդու իջման վայրը») մայր եկեղեցում տիրող իրավիճակից, որի գլուխը` Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը, 1938 թվականին սպանվեց բոլշեւիկների կողմից: Դրանից մի քանի տարի առաջ` 1933-ի դեկտեմբերի 24-ին, Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդ Ղեւոնդ արքեպիսկոպոս Դուրյանը, Խորհրդային Հայաստանին իր աջակցության համար սպանվեց մի խումբ դաշնակցական գրոհայինների կողմից, մինչ պատարագիչը թափորով անցնում էր Նյու Յորքի Սուրբ Խաչ եկեղեցու հավատացյալների միջով:

303 թ-ին Հայոց կաթողիկոսությունը հիմնադրվեց Սուրբ Էջմիածնումՙ Վաղարշապատ քաղաքում, որի եկեղեցական իրավասությունը տարածվում էր Մեծ եւ Փոքր Հայքերի բոլոր 13 թեմերերի վրա: Այդ ժամանակ կաթողիկոսի տիտղոսը «Կաթողիկոս Հայոց Մեծաց» էր, որն ընկալվում էր որպես աշխարհագրական սահմանում: Որպես հայ ժողովրդի միակ եւ ամենաերկար գոյատեւող հաստատություն` այն հարմարվում էր քաղաքական իրարանցման եւ անկայունության պահանջներին` հետեւելով իր հոգեւոր հոտի մեծամասնության գաղթական սովորություններին: Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ Հայաստանի բաժանումից հետո, համապատասխանաբար 387 եւ 391 թվականներին, կաթողիկոսական նստավայրը տեղափոխվեց մի քանի վայրեր, որտեղ գտնվում էր ազգի քաղաքական կենտրոնը` Սուրբ Էջմիածին (301-484/5 թթ.), Դվին (484-927 թթ.), Աղթամար (927-947 թթ.), Արգինա (947- 1001 թթ.), Անի (1001-1051 թթ.), Սեբաստիա (1051- (1062 թթ.), Թավբլուր (1066-1090 թթ.), Քեսունի Կարմիր Վանք (1090-1116 թթ), Ծովք (1116-1149 թթ.), Հռոմկլա (1149-1292 թթ), եւ Սիս (1293-1441 թթ): Երբ 1375-ին Կիլիկյան Հայոց Թագավորությունը դադարեց գործել, ազգային-եկեղեցական ժողով գումարվեց Սուրբ Էջմիածնում, եւ որոշում ընդունվեց փոխադրել Աթոռն իր ծննդավայր` Վաղարշապատ: Քաղաքական անհրաժեշտությամբ պայմանավորված` 1113 թ-ից մինչեւ 1895 թ. ի հայտ եկան տասներեք տարածաշրջանային աստանդական կաթողիկոսներ, որոնք բոլորն էլ` ներառյալ Երուսաղեմի (638 թ.) եւ Կոստանդնուպոլսի (1461 թ.) հայոց պատրիարքությունները, ընդունում էին Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրինական, առաքելական գերիշխանությունն ու իրավասությունը: 14-րդ դարում պապական աթոռի վիճակը նույնպես քաոսային էր:

1309 թվականին Հռոմի Կղեմես Ե Պապը պապական աթոռը տեղափոխեց Ավինյոն ՙ Հռոմ քաղաքում մշտապես առկա վտանգավոր իրավիճակի պատճառով, իսկ 1378-ին Հռոմի Գրիգոր ԺԱ Պապը պապական աթոռը կրկին տեղափոխեց Հռոմ: Ֆրանսիացի կարդինալները հրաժարվեցին ընդունել այդ տեղափոխությունը եւ հակապապ ընտրեցին Ավինյոնումՙ այդպիսով Մեծ Հերձվածի պատճառ դառնալով, որը տեւեց մինչեւ 1417 թվականը: Այնուամենայնիվ արժե շեշտել, որ հակապապերը երբեք կասկածի տակ չեն դրել Սբ. Պետրոսի Աթոռի գերիշխանությունը:

1946-ի մարտի 5-ին պատմական այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ուինսթոն Չերչիլն իր «Երկաթյա վարագույր» կոչվող ելույթով հանդես եկավ Միսսուրիի Ֆուլթոն քաղաքում` արեւմտյան ժողովրդավարական երկրներին նախազգուշացնելով խորհրդային կոմունիզմի տարածման վտանգների մասին: 1947 թ. մարտի 12-ին ԱՄՆ նախագահ Հերի Ս. Թրումանը հայտարարեց ամբողջ աշխարհում կոմունիստական ագրեսիային դիմակայելու իր որոշման մասին, որը դարձավ ամերիկյան արտաքին քաղաքականության առանցքային կետը: «Սառը պատերազմը» ահագնացավՙ խորացնելով աշխարհասփյուռ հայկական սփյուռքի եւ խորհրդային գերակայության տակ գտնվող հայրենիքի միջեւ արդեն իսկ գոյություն ունեցող ճեղքերը:

Երբ Սուրբ Էջմիածնի Միաբանության անդամ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանցը (1943 թ.) ընտրվեց Կիլիկիո Աթոռի կաթողիկոս, կողմերից ոչ մեկը որեւէ առարկություն չհայտնեց նրա թեկնածության վերաբերյալ, քանի որ այդ ժամանակ հայկական միասնական ճակատ կար: Սակայն իրավիճակը փոխվեց, երբ նա մահացավ 1952 թ-ին. «Սառը պատերազմն իր սառցե սայրը մխրճեց հայ համայնքի մեջ»: Կտրուկ ավարտվեցին 1945-46 թթ. նախաձեռնված բոլոր այն քայլերը, որոնք միտված էին վերամիավորվելու 1933 թ-ին Ղեւոնդ արքեպիսկոպոս Դուրյանի սպանությունից հետո համարյա բաժանված եկեղեցական հատվածերը: Դաշնակցականները պատրաստվում էին հաղթել հաջորդ կաթողիկոսի ընտրություններում եւ մեծացնել անդունդն այդ երկու եկեղեցական իշխանությունների միջեւ, որը հիմնականում դրսեւորվեց Միջին Արեւելքում եւ Միացյալ Նահանգներում` Սիրիայի եւ Լիբանանի դաշնակցականների թելադրանքով եւ ձեռնածություններով: Միաձայն որոշում կայացվեց մասնակցել Խորհրդային Միության, որին անդամակցում էր Խորհրդային Հայաստանը, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող Արեւմտյան աշխարհի միջեւ ընթացող համաշխարհային քաղաքական պայքարին: Դաշնակցական առաջնորդները բառացիորեն առեւանգեցին սփյուռքում Հայ եկեղեցու նվիրապետության ճյուղերից մեկըՙ այդպիսով խորտակելով ավանդաբար միավորող միակ դարավոր հաստատության ամբողջականությունը: Տարածելով այն սխալ կարծիքը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոմունիստների «գործիքն ու գործակալն է», դաշնակցականներին հաջողվեց վերացնել սփյուռքի հայկական համայնքների հավատարմությունն ու միասնականության զգացումը:

1950 թ-ին Գեւորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի խնդրանքով (1945-1954 թթ.) Սուրբ Էջմիածինը ներկայացնող երկու պատվիրակներ` Ռուբեն արքեպիսկոպոս Դրամփյանը եւ պրոֆ. Աշոտ Աբրահամյանը ուղարկվեցին մասնակցելու Երուսաղեմի հայոց պատրիարքի ընտրությանը: Կրոնական հարցերով զբաղվող նախարարին ուղղված նամակում կաթողիկոսը շեշտում է այս այցի կարեւորությունը. «Քանի որ սա նաեւ նրանց հնարավորություն կտա հանդիպել Կիլիկիո Գարեգին Ա Կաթողիկոսին եւ նրանից լսել քաղաքական կուսակցությունների եւ նրանց աջակիցների բաժանարար գործունեության մասին: Չափազանց կարեւոր է արտասահմանում Հայ եկեղեցու հանդեպ կուսակցութիւնների եւ այդ ու այլ նպատակներով գործադրած աններելի միջոցներն ուսումնասիրելու, հակահարված տալու նպատակով» [Գարեգին Ա Հովսեփյանց, Փաստաթղթեր, Հտ. Ա, Սուրբ Էջմիածին, 2017 թ., էջ 624): Դրանից մի քանի տարի առաջ` 1938 թվականին, Գարեգին Հովսեփյանցը, Էջմիածնի Հոգեւոր Խորհրդին գրելով թեմակալ առաջնորդի սպանությունից հետո Կալիֆորնիայում եւ Ամերիկայի Արեւելյան թեմում գերիշխող մթնոլորտի մասին, խորհուրդ է տալիս. «Սփյուռքում նրա ներկայությունը կրկնակի կարեւոր է ինչպես բարոյական, այնպես էլ ֆինանսական առումով` մինչեւ նոր թեմակալ առաջնորդի ընտրությունը: Քանի դեռ [թեմակալ առաջնորդի պաշտոնը] թափուր է, առանց Սուրբ Էջմիածնի թեկնածուի ներկայության մենք շատ բան կկորցնենք ամբողջ ազգի եւ Սուրբ Էջմիածնի տեսանկյունից»: Նա եզրակացնում է. «Ի նկատի պիտի ունենալ, որ այժմ յատկապէս դաշնակցական թերթերը սուտ ու չափազանցուած աղմկարարութեամբ հող են պատրաստում, աշխատանք թափում ժողովրդի միտքը շփոթել եւ համակրութիւնը նուազեցնել, եւ կտրել, եթէ հնարաւոր է Հայաստանի կառավարութիւնից եւ Էջմիածնից: Իմ ներկայութիւնը մասամբ թումբ կլինի այդ ձգտումների դէմ»: (Անդ, էջ 540): Դեռեւս 1925 թ. Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանը (ապագա կաթողիկոս` 1932-1938 թթ.) եւ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանցը Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսին (1911-1930 թթ.) ուղղված զեկույցում տեղեկացնում են Նորին Սրբությանը, որ Հայ կոմունիստական կուսակցության առաջին հայոց կոմիսարի` Արամայիս Երզնկյանի (1878-1937 թթ.) հետ իրենց հանդիպման ժամանակ նախարարը բողոքել էր, որ սփյուռքում, մասնավորապես Թավրիզում, Ամերիկայում եւ Եվրոպայում գործող Սուրբ Էջմիածնի որոշ թեմակալ առաջնորդներ համագործակցում են Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչների հետ իրենց հակահայկական գործունեության մեջ: Մեր ցանկությունն է, որ եկեղեցին, իր ներկայացուցիչների միջոցով, չեզոք դիրք ընդունի սփյուռքի քաղաքական կողմնորոշման հարցում»: [«Դոցանից ամէնից կարեւորը Էջմիածնի ներկայացուցիչների կամ առաջնորդների վարած քաղաքականութիւնն է արտասահմանի հայ գաղութներում, մեր ստացած տեղեկութիւններով, ընդդէմ խորհրդային իշխանութեան»: [Անդ, 399-400 էջեր]: Ուղղակի հիշատակված սակավաթիվ անուններից են Գրիգորիս եպիսկոպոս Փալաքյանը (Եվրոպա), Տիրայր Տեր Մովսեսյանը (Ամերիկա), Ներսես Տեր Մելիք-Թանգյանը (Թավրիզ) [Անդ, 399-40 էջեր]:

Հայ եկեղեցու պառակտումը սրվեց 1956 թ-ին` Զարեհ Ա Փայասալյան կաթողիկոսի ընտրությամբ (20 փետրվարի, 1956 թ.), եւ երկու հայ եւ մեկ ասորի եպիսկոպոսների մասնակցությամբ նրա օծումը Սուրբ Էջմիածինը միանգամայն հասկանալիորեն համարեց «թերի եւ ոչ կանոնական»: 1963 թ. փետրվարի 23-ին Խորեն Ա Բարոյան կաթողիկոսը հաջորդեց Զարեհ կաթողիկոսին, որն իր ընտրությամբ իրեն հռչակեց «Մեծի Տանն Կիլիկիո ամենայն հայոց կաթողիկոս սփյուռքում». պատմական լեգիտիմություն եւ կանոնական նախադեպ չունեցող անվայել ու պատիր մի պնդում, որով իրեն հավասարեցնում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Կարճ ժամանակահատվածում, ճնշումների ներքո եւ համայնքների կամքին հակառակ, Սիրիայի, Լիբանանի, Կիպրոսի, Հունաստանի թեմերը հարկադրաբար իրենց հավատարմությունը հայտնեցին Անթիլիասին, եւ քաղաքական ուժեղ ճնշման ներքո զուգահեռ թեմեր ստեղծվեցին Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Ֆրանսիայում: 1994 թվականին գահ բարձրանալուց ի վեր Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ակտիվորեն խրախուսել է ոտնձգությունն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ժամանակավոր իրավասության նկատմամբՙ անտեսելով Խորհրդային Միության փլուզման եւ Հայաստանի պետական անկախության իրականությունը:

«Նվիրապետություն եւ որոշումների ընդունում» բաժնում հեղինակը եզակի եւ հակասական բացատրություն է տալիս Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ստեղծման մասին:

Մի կողմից նա դա վերագրում է «աճող լարվածությանը, որն առաջացել էր կիլիկյան հոգեւորականների ազատամտության եւ Հայաստանի հոգեւորականության պահպանողականության պատճառով», իսկ մյուս կողմից` այն փաստին, որ «սփյուռքի մեծ մասն ահավոր հակասովետական էր»: Հայ եկեղեցում առկա ներկայիս հերձվածը չպետք է օրինականացվիՙ թելադրելով, որ դա 1441 թ. տեղի ունեցած իրադարձության շարունակությունն է [(«Պէտք չէ մոռնալ, որ Կիլիկեան Աթոռը հերձուած մըն է, որ պէտք չէ նուիրականացմամբ տեւականացուի» (Տիրան արք. Ներսոյեան, Վավերագրեր, գիրք 12, Երեւան, 2004 թ., էջ 417), երբ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո կաթողիկոսությունը փոխադրվեց իր ծննդավար` Վաղարշապատ: Հարկ է նշել, որ կիրառվում է փոխադրվել կամ վերադառնալ եզրը, եւ [աթոռի փոխադրման] տոնը համընկնում է մեր Տիրոջ Համբարձման տոնին: Այս եզրը օգտագործվում է շատ կարեւոր եկեղեցաբանական պատճառներով: Աթոռի տեղաշարժը մի վայրից մյուսը որեւէ կերպ չի ազդում գործող կաթողիկոսների դիրքի, իրավասության եւ իշխանության վրա: Կաթողիկոսը ոչ թե Էջմիածնի կաթողիկոսն է, այլ [նրա նստավայրն է] Էջմիածնում: Տեղանքն ինքնին ամբողջովին երկրորդական է: Բայց Եկեղեցու առաջնորդի իրավասության հարցում միասնությունն առաջնային է: Որոշ քաղաքներ ունեն նվիրական զուգորդումներ/ասոցիացիաներ. մեր Տեր Հիսուս Քրիստոս խաչվեց եւ հարություն առավ Երուսաղեմում, Պետրոս եւ Պողոս առաքյալները նահատակվեցին Հռոմում, Էջմիածինն «Աստծո Միածին Որդու» իջման վայրն է: Անտիոքի պատրիարքի նստավայրն այժմ Դամասկոսում է, բայց նա կոչվում է Անտիոքի պատրիարք, Ղպտի եկեղեցու Պապի նստավայրը Կահիրեում է, բայց նա պահպանում է Ալեքսանդրիայի պատրիարքի կոչումը: Հռոմի Պապն Ավինյոնում աքսորի ժամանակ շարունակում էր իրեն անվանել Հռոմի եպիսկոպոս, իսկ հայ կաթողիկոսները Կիլիկիայում եղած ժամանակ պահպանում էին Վաղարշապատի եպիսկոպոս կոչումը: Աթոռը կամ քաղաքը ձեռք են բերում որոշակի սրբություն եւ դառնում Եկեղեցու ինքնության եւ շարունակականության խորհրդանիշը: Փոխադրման համար պատճառ դարձան մամելյուկների շարունակական հարձակումների եւ Հայ եկեղեցու լատինականացման սպառնալիքները: Սուրբ Աթոռը հենց Հայաստան փոխադրելու ցանկությունը խթանել են ոչ թե Հայաստանի «պահպանողական» հոգեւորականները, այլ Կիլիկիայի այնպիսի հայտնի կաթողիկոսներ, ինչպիսիք են` Սբ. Գրիգոր Գ Պահլավունին (կաթողիկոս` 1113-1166 թթ.) եւ նրա իրավահաջորդ Ներսես Դ Կլայեցին, որ կոչվում է Շնորհալի (կաթողիկոս` 1166-1173 թթ.), որն իր «Թուղթ ընդհանրական»-ում իրեն կոչում է «Ամենայն Հայոց Կաթողիկոս»` փոխարինելով «Կաթողիկոս Հայոց Մեծաց» սահմանումը:

Իր եկեղեցաբանության մեջ Հայ եկեղեցին հետեւում է առաքելական կանոններին եւ առաջին երեք տիեզերաժողովների կանոններին: Հայ եկեղեցու առաքելական հատկանիշերը հիմնված են Սուրբ Բարդուղիմեոս եւ Սուրբ Թադեոս Առաքյալների ուսմունքների վրա: Առաքելական իշխանությունն ու իրավասությունը փոխանցելի չեն, ուստի շփոթեցնող է հնչում. «Երկու կաթողիկոսները հավասար են իրենց աստիճանով եւ ունեն նույն եկեղեցական իշխանությունը, պարտականությունները, իրավունքներն ու արտոնությունները Հայ եկեղեցուց ներս» (էջ 74): Չեն կարող լինել բազմաթիվ կաթողիկոսություններ տարբեր վայրերում:

Կոստանդնուպոլսի ժողովի 2-րդ կանոնը հստակ ասում է.

«Որք արտաքոյ քան զիւրեանց կարգաւորութիւն են եպիսկոպոսք, քան զիւրեանց սահմանս որ եկեղեցիքն են, ոչ պարտ է ի վերայ երթալ եւ շփոթել զեկեղեցիսն, այլ ըստ կանոնիցն», «Իսկ անկոչք եպիսկոպոսք որք արտաքոյ կարգաւորութեանն են` ոչ ի վերայ երթալ առ ի ձեռնադրել եւ կամ այլ ինչ իմիք եկեղեցական տնտեսութեան» [Կանոնագիրք հայոց, հտ. Ա, էջ 274]: Այս եկեղեցաբանությունը վերաբերում է նաեւ կաթոլիկներին, որի իրականացումը սերտ կապված է առաջնորդության հետ: Առաջնորդությունը պետք է ստանձնել 34-րդ առաքելական կանոնի ոգով.

«Զեպիսկոպոսունս իւրաքանչիւր ազգի դիտել պարտ է զիւրեանց առաջինսն եւ համարել պարտ է իբրեւ զգլխաւոր. Եւ մի՛ ինչ աւելորդ առնել առանց նոր կամաց` բայց զայն միայն իւրաքանչիւր ումեք որչափ իւրում իշխանութեանն անկ է եւ որք ընդ նովաւ տեղիքն են. այլ եւ ոչ նմա առանց նոցա կամաց առնել ինչ, զի այսպէս միաբանութիւն իցէ եւ փառաւորեսցի Աստուած ի ձեռն Յիսուսի եւ սրբոյ Հոգւոյն» [Կանոնագիրք հայոց, հտ. Ա, 83-84 էջեր]:

1991-ին Խորհրդային Միության փլուզման արդյունքում Ուղղափառ եկեղեցին աննախադեպ դերակատարության ունեցավ ռուս հասարակության մեջ: Մոսկվայի պատրիարքարանը 80 տարի անց նորից իր մեջ ընդգրկեց Խորհրդային Միությունից փախած մոնարխիստների կողմից Արեւմուտքում հաստատված հակառակորդ խմբակցությանը: Ռուսական սփյուռքը վերականգնեց կապերը մայր եկեղեցու հետ`շքեղ տաճարում կատարված արարողության ժամանակ: Պատրիարք Ալեքսի Բ այն անվանեց պատմական օր. «Մեր հայրենիքի եւ եկեղեցու վերաբնակեցված զավակներին ի մի բերելու օր»: Վազգեն Ա Կաթողիկոսի մահից հետո, 1995 թ-ին ժողովրդի ընտրությամբ Կիլիկիայի Գարեգին Բ Կաթողիկոսը դարձավ Սուրբ Էջմիածնի Գարեգին Ա Կաթողիկոս` հույս ունենալով, որ երկու աթոռների միջեւ մրցակցությունը կդադարի: Ներկայիս կաթողիկոսը եւ գրախոսվող հատորի հեղինակը, կեղծ եւ անպատեհ ենթադրություններ անելով, նախանձնախնդրորեն խուսափել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս դառնալու ժամանակ իր իսկ առաջադրած մարտահրավերից: Սրանք 1995 թ. հուլիսի 1-ին իր օծման արարողության ժամանակ արտասանած նրա քարոզի խոսքերն են.«Միասնությունը Աստծո պարգեւն է. այն նաեւ կոչ է: Եկեք չկորցնենք այս ոսկե հնարավորությունը` հանուն մեր եկեղեցու եւ ժողովրդի: Եկեք արձագանքենք Աստծո այս կոչին քաջությամբ, խոնարհությամբ եւ մեր նախնիներին եւ մեր ընդհանուր նպատակին հավատարիմ մնալով» (Հավակնոտ աշխարհում եկեղեցի լինելու մարտահրավերը, էջ 13): Արամ Ա կաթողիկոսը, իր նախորդի նման, մեծ ջանքեր է գործադրել եկեղեցիների միության հարցում ԵՀԽ-ի շրջանակներում, եւ հեգնական է, որ «սառը պատերազմի» արդյունքում առաջացած հերձվածը Հայ եկեղեցում շարունակում է մնալ որպես «սառը պատերազմի» դարաշրջանի խորհրդանիշ:

Օգտագործված աղբյուրներ

- Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, Հտ.Ա-Բ. ՀՍՍՌԳԱ, Երեւան,1964, 1971.

- Գարեգին Ա Յովսեփեանց,Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ (1867-1952), Փաստաթղթեր եւ Նիւթերի Ժողովածու: Հատոր Ա:Սուրբ Էջմիածին, 2017, էջ 720

- Տիրան Արք.Ներսոյան (1904-1989 թթ.), Վավերագրեր Հայ Եկեղեցու Պատմության: Գիրք ԺԲ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2004, էջ. 818

Vrej.nersessian@ntlworld.com

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ