RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-11-15 19:56:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2101, Տպվել է` 153, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԾ ԻՐԱՐԱՆՑՈՒՄՆԵՐ` ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՈՉՆՉԻՑ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Զարմացած եմ` Լավրովն է գալիս-գնում, Դեր Զորում իսլամականները հայ կաթողիկե եկեղեցու քահանային ու նրա հորն են սպանում, պետական նշանակության այլ կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում` հայոց խորհրդարանը երկու օր խրված է Հայաստանում չեղած բանի`մեր Սահմանադրությամբ իսկ արգելված միասեռական ընտանիքի կողմից երեխա որդեգրելուց փրկող օրինագծի հարուցած սկանդալի ծանծաղուտը, որին (խրվելուն) հավանաբար կոչված էր ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի օրինագիծը, այն է` հնարավորինս մեծ աղմուկ բարձրացնել ոչնչից: Եթե ինչ-որ մեկի սցենարը կար` դրսում (փողոցում) ու ներսում (խորհրդարանում) միաժամանակյա մեծ աղմուկ բարձրացնել մեր ժողովրդի համար զգայուն`ազգային ավանդույթների դեմ «ոտնձգության» մոտիվներով, որին, առանց խորանալու բուն նպատակների կամ շարժառիթների մեջ, սովորաբար արձագանքում է հայ հանրության զգալի մասը` դա սցենարիստին հաջողվեց: Բայց միթե հայերս ունե՞նք այդպիսի հարց, չնայած միշտ էլ մի քանի շեղված ու հիվանդ, զրո ամբողջ զրոինչքան ինչ- որ աննշան թվով առանձնյակներ հանրության մեջ եղել են: Ու անգամ Վարդանիկը (Վարդան Ղուկասյանը) գիտե հազար յոթ հարյուր տարի առաջ Պապ թագավորի` իբր այդ կարգի հակումների մասին: Ու ոչինչ, այդու մեր ժողովուրդը մնացել է ավանդական ընտանիքի կրողը, իր բոլոր ավանդույթներն անվթար հասցրել է մեր օրեր եւ 2020 թվական: Եւ հիմա էլ,մեր իսկ Սահմանադրությամբ, հայկական ընտանիքը տղամարդու եւ կնոջ միությունն է, եւ ոչ թե գենդերային, ինչ կարիք կա այդպիսի նախաձեռնություններով մի ավելորդ անգամ համասեռամոլության որակյալ գովազդ կազմակերպել (գիտեք չէ` հակագովազդն ամենաազդեցիկ գովազդն է), իրար խառնել էլ Ֆրոյդ ու Յունգ, էլ բռնության դեմ «հայկական-ժողովրդական օրենք» ընդունելու միտք երկնել, էլ գեյ ու տղամարդ, էլ ծիծակ կոշիկ, գիտահետազոտակա՜ն, ֆլան-ֆստան: Դուք օրենսդի՞ր եք, թե բնության շեղումների դեմ պայքարող առողջապահական հիմնարկ:

Առհասարակ` ի՞նչ է կատարվում խորհրդարանում, ինչո՞ւ են պատգամավոր ու լրագրող սեռական, գողական, գողականների ու քրեական «ենթամշակույթի» մասին թեմաները հաճույքով ծամում, ինչո՞ւ է խորհրդարանական առօրյան հագեցած հակագեղագիտական գոռգոռոցով, ու բանն արդեն հասել է նրան, որ տապալվում է խորհրդարանի դերի բարձրացմանն ուղղված նախագիծը` անընդունելի պատճառաբանություններով: Ու այդ պատճառով գուցե այս երեքշաբթի Ազգային ժողովի «տղամարդկային» սրացումները երեւի հիմնական պատճառ դարձան, որ չորեքշաբթի տապալվեց պետական նշանակության` ԱԺ կանոնակարգ-օրենքը լրացնող այն նախագծի ընդունումը, որով խորհրդարանական հանրապետության թիվ մեկ պաշտոնյան (գոնե օրենսդրությամբ)ՙ ԱԺ նախագահը ներկա կլիներ Ազգային անվտանգության խորհրդի նիստերին: Սա նոնսենս էՙ խմբային շահերը գերադասել պետական նշանակության հարցից, եւ պատերազմ հայտարարելու մասին որոշմանը օրենսդրորեն հավանություն տալու լիազորություն ունեցող ԱԺ-ին, այդպիսով, զրկել ԱԱԽ- ում պետության վերաբերյալ կարեւորագույն որոշումների ընդունմանը ներկա լինելուց:

Չունենամ այսպիսի խորհրդարանական ընդդիմություն, որն ասում է`թող խմբակցության ղեկավարներն էլ ներկա լինեն ԱԱԽ -ումՙ քվեարկենք, կամ անձնավորում է քվեարկությունը` նախորդ օրը սեփական կուսակցին ուղղված Արարատ Միրզոյանի կոշտ վերաբերմունքին ի պատասխան: Լավ, չեք տարբերո՞ւմ գլխավորը երկրորդականից, ԱԺ-ն որ նվաստացնում են եւ ԱԱԽ-ում անտեսում ենՙ ձեզ էլ հետն են անտեսում...:

Ի դեպ` մեզ հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը , պատասխանելով մեր այն հարցին, թե ինչու իշխող խմբակցության բացակա եւ երկրում չգտնվող պատգամավորները, ուրիշ անգամների պես, գրավոր չէին հավաստել իրենց քվեն` մեկնելուց առաջ, պատասխանեց, թե իրենց համար անսպասելի է եղել ընդդիմադիրների «դեմ» քվեարկելը կամ չմասնակցելը քվեարկությանը, քանի որ դրա համար պատճառ չի եղել: Իսկ իմքայլականներից ոմանց` առավոտյան գրանցվելն ու հետո չմասնակցե՞լը քվեարկությանը նույնպես անսպասելի՞ էր, որը խոսում է միմյանց դեմ տրամադրված իշխանական խմբակցության մի շարք թեւերի առկայության մասին: Հավանաբար օրինագիծը մի անգամ եւս կբերվի խորհրդարան` միգուցե այս անգամ անձնավորված հակասությունները հարթելուց հետո:

Երթացուցարարներ - կրթության նախարար Արայիկ Հարությունյան դիմակայության մասով

Դիմակայությունը հասել է իր բարձրակետին: Կրթության մասին օրենքի նախագծից պրոյեկտել այդպիսի անհաշտ դիմակայություն` անհավանական է ուղղակի, եթե խորքային այլ պատճառների մասին հայեցողը գլխի չընկներ, ու բազմամոտիվացված ցուցարարների խայտաբղետությունը առանց մեծ ջանքի տեսանելի չլիներ: Կողմերին ասում ենք` կանգ առեք, եւ մի քայլ հետ գնացեք ձեր գրաված դիրքերից երկու կողմերդ էլ: Եթե դա պայքար է հայ արժեքների համար, եւ ի վերջո երկրի համար, ինչպես ցուցարարներն են պնդում, եւ կրթության բարեփոխման համար, ինչպես Արայիկ Հարությունյանն է պնդում, շատ զարմանալի է բանակցությունների եւ քննարկումների սեղանին չնստելու կողմերի կոշտությունը: Հո տղայական «ռազբորկա» չէ, ուզած նախագիծ կարելի է քննարկել եւ միմյանց համոզել սխալ կամ ճիշտ լինելու մեջ, անգամ եւ հատկապես` եթե այդ բոլորի տակ քաղաքական դրդապատճառներ կան: Եւ համալսարանի դասախոսներին եւ հեղինակավոր մասնագետներին կուզենայի համոզիչ խնդրել` մի թաքնվեք կյանք չտեսած եւ զգացմունքային ուսանողների թիկունքում, այլ փորձեք հանդես գալ նախագիծը վերախմբագրելու ձեր հիմնավորված առաջարկով: Մանավանդ` փոխնախարար Ա. Անափիոսյանը մի օր առաջ էլ շեշտել էր` քննարկման պատրաստ են, եւ Ա. Հարությունյանն էլ պետք է հետ կանգնի իր անառարկելի տոնից (իսկ միգուցե Ա. Հարությունյանի շրջապատում էլ կան նրա պաշտոնին հավակնողներ` դա էլ չպետք է բացառել ըստ որոշ ասեկոսեների): Ի վերջո պետության շահը պահանջում է այդպիսի խնդիրների` հանգիստ-հավասարակշռված պայմաններում լուծում, եւ ոչ թե անիմաստ հարայ-հրոց եւ իրարանցում: Որոշների` խառնաշփոթ (մոդայիկ բառով` բոլոլա) սարքելու ցանկությունը չհաշված:

«Բոլոլա» բառի մասին

Սիրելի եւ անմոռանալի քաղաքական գործիչներ, հարգելի լրագրողներ, մի օգտագործեք այդ բարբառային ու ոչ հաջողված բառը` չափազանցություն, իրարանցում, խառնաշփոթ, հարայ-հրոց սիրուն հայկական բառերի փոխարեն, անգամ ոչ հայեցի սկանդալն ավելի լավ է, քան «բոլոլան», որից խաշի հոտ է գալիս: Երկու-երեք տասնամյակ մեր կառկառուն լրագրողների շնորհիվ «հաթաթա» թուրքախառը բառը դուրս չէր գալիս քաղաքական գործիչների բառապաշարից, հիմա էլ «բոլոլան»: Ակամա ուզում ես քրքրել այդ բառն օգտագործող քաղաքական գործիչների կենսագրությունը, ծագումը, ծննդավայրը, որ հասկանաս` ինչու խաշահոտ, սխտորահոտ «բոլոլա», եւ ոչ թե հայեցի հարայ-հրոց, խառնաշփոթ եւ մի շարք այլ հոմանիշներ:

Լավրովի այցի արձագանքը

Լավրովի այցի ընթացքում հնչած խոսքից Արցախի հարցի կարգավորման նոր տարբերակ դուրս բերելու կասկածներին ի պատասխան վարչապետ Փաշինյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ փաստորեն մի թեթեւ քննության ենթարկեց Մադրիդյան սկզբունքները` մի օրինակի վրա եզրակացնելով, որ եթե Մադրիդյան սկզբունքներով կարգավորումը լուծման ճանապարհ է` նախ պետք է հասկանանք, թե ուր է տանում այդ ճանապարհը, հասցնելո՞ւ է այն մեր ուզած կետին, ու նոր որոշենք` գնում ենք այդ ճանապարհով, թե՞ ոչ:

Իսկ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, ըստ վարչապետի, դրա համար էլ դժվար է պատասխան ունենալ այն հարցին` թե այդ սկզբունքներն ընդունում ենք որպես հիմք, թե՞ ոչ: Եւ եթե Մադրիդյան սկզբունքներում ինչ-որ մեկն ինչ -որ մեկին խաբում է, այնտեղ պրոբլեմ կա` մենք չենք ուզում ինչ- որ մեկին խաբել:

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ լավրովյան այն մտքերին, թե ժամանակի ռուսական կողմը զգուշացրել է, որ Թուրքիան Արցախն է այդ հարաբերությունների համար նախապայման համարելու, բայց նաեւ այժմ չի կարելի բացառել այդ հարաբերությունների որեւէ նոր գեներացիա, երբ որ հարմար մթնոլորտ լինի, վարչապետը պատասխանեց.«Տարածաշրջանային իրավիճակն ու մթնոլորտը ցույց են տալիս, որ այդտեղ փետրվարն է, եւ պետք չէ իրերը հավաքել ու գնալ լողալու, որովհետեւ կարող է մրսենք ու թոքաբորբ ստանանք, համաձայն եմ Լավրովի մտքի հետ, որ պետք է ճիշտ համատեքստում լինել», ասել է նա` պատկերավոր նկարագրելով հուլիսին ու փետրվարին Սեւանում լողալու մտադրությունների տարբերությունը: Դե իսկ ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի` Էրդողանի հետ հանդիպումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման արգելափակումը Սենատում այդ անբարենպաստ մթնոլորտի եւս մի դրսեւորում է:

Ընդհանուր առմամբ Ֆրանսիայում այցի ընթացքում արված արցախյան թեմայով փաշինյանական հայտարարություններում անհանգստանալու բան չկա, թե` հայ իրականության մեջ չկա բանավեճ ղարաբաղյան հարցի վերաբերյալ, Հայաստանի եւ Արցախի տեսակետները նույնական են, եւ շուտով կհասնենք այն վիճակին, երբ ողջ հայության դիրքորոշումները Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ նույնական կլինեն: Ինձ համար մասնավորապես այս մոտեցումը թեեւ հուսադրող է, բայց անհասկանալին Նիկոլ Փաշինյանի կողմից մշտապես բարձրաձայնվող այն բանաձեւն է, թե լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար միաժամանակ: Բայց միթե հնարավոր է մի բան, որ պարզապես հնարավոր չէ: Այնՙ ինչ երազում է Ադրբեջանը` մենք պարզապես ընդունել չենք կարող , իսկ այն ինչ ամրագրվել է մեր ռազմական հաղթանակով` Ադրբեջանի համար երբեք ընդունելի չի լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 15-11-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ