RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019



ՏՐԱՆՍՊՈՐՏ

Տեղադրվել է` 2019-11-08 11:48:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1174, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅ ՔԵԶ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Լավատեսությունից դեպի... իրատեսություն

Որ կառավարում կոչվողը մեզանում հիմնականում թերահավատությամբ է ընդունվում, գրեթե համընդհանուր իրողություն է: Շատ դեպքերում նման տրամադրություն առաջանում է օրենքների անկատարության, սողանցքներ ունենալու, ոչ հիմնավոր ձեւակերպումների, կոնկրետության բացակայության, նաեւ այլ վրիպումների ու բացթողումների արդյունքում, որոնք ժամանակի ընթացքում օրենսդրական փոփոխությունների տեսքով կանոնակարգվում են: Սա գործընթաց է, ամենուր կիրառվող եւ ընդունելի:

Ահա այս առումով, լրագրողական գործունեությանս զուգահեռ, ՀՀ քաղաքացու կարգավիճակով, այս տարվա հոկտեմբերի 2-ին ստորեւ տպագրվող նամակով, առանց ավելորդ աղմուկ հանելու դիմեցի ՀՀ վարչապետին:

«ՀՀ ուղեւորափոխադրումների մասին» 1998 թվականի փետրվարի 3-ին ընդունված օրենքի 15-րդ «Ուղեւորների իրավունքները» հոդվածի համաձայն սահմանվել է, որ ուղեւորն իրավունք ունի.

- Տարիքը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում, առանց առանձին նստատեղի հատկացման, անվճար իր հետ փոխադրել տրանսպորտի տվյալ տեսակի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված տարիքային խմբի մեկ երեխա:

Բացարձակապես անկատար այս անհեթեթ ձեւակերպումը ուղեւորափոխադրողները յուրօրինակ ձեւով են ընկալել, որի հաստատումն է բոլոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից «մինչեւ 7 տարեկան 2 երեխան 1 տոմս» պահանջի ամրագրումը: Արտառոց տարօրինակ է, որ սույն անօրինականությունը որեւէ մեկին չի մտահոգում, որի արդյունքում արմատական փոփոխությունների դիմաց շարունակում ենք ունենալ օրինազանցության ամոթալի դրսեւորումներ:

Ի՞նչ նկատի ունեմ անհեթեթ ձեւակերպում, անօրինականություն եւ արմատական փոփոխություններ գնահատականներ տալով: Արդեն նշեցի, որ օրենսդիրը տարիքային խմբի մեկ երեխայի անվճար փոխադրում արտոնել է: Այս պարագայում ի՞նչ իմաստ է դրված ուղեւորափոխադրումներ իրականացնող երթուղայիններում, ավտոբուսներում եւ տրոլեյբուսներում փակցված «մինչեւ 7 տարեկան 2 երեխան 1 տոմս» պահանջում, որը քաղաքացին անհեթեթ ձեւակերպում է որակում: Ինչպե՞ս նա չնշի, որ եփած հավն էլ կասի, որ պահանջվում է երկրորդ ուղեվարձը վճարել, որը նշանակում է լիարժեք վճար մինչեւ 7 տարեկանի համար, երբ ուղեւորը, երիտասարդ թե տարեց, փոքրիկների անվտանգությունից ելնելով նրանց գրկած ու ծնկին նստեցրած է տեղափոխում, քանզի մեզանում երթեւեկություն կոչվածի տառապանքի փորձն ունի: Առօրյա պատկեր է ողջ հանրապետության համար, նաեւՙ վճարունակության հարց ու խնդիր, ժողովրդագրական վիճակի հանդեպ մտահոգություն, սոցիալական բարեհոգության ցուցադրում: Զգում եմ, որ կլինեն նաեւ առավել արմատական մոտեցումներ, որոնք գրավոր տեսքով ներկայացնելը պատշաճ չէ: Թեեւ հարկ է նշել, որ մեզանում կան նաեւ վարորդներ, երիտասարդից մինչեւ տարեց, որոնք, մեղմ որակում օգտագործեմ, անտարբեր են ադմինիստրացիաների փակցրած պահանջի հանդեպ թե՛ նպատակահարմարության, թե՛ սեփական փոքրիկների երթեւեկի առումներով:

Երկրորդ մոտեցումը վերաբերում է արմատական փոփոխություններ գնահատականին: Այստեղ օրենսդրական բացը լրացնելու հսկայական տեղ կաՙ սկսած էլեկտրատրանսպորտի շարժակազմերի գործունեության օրենսդրական կարգավորումից մինչեւ, ասենք, մանկասայլակներով տրանսպորտ բարձրանալու ուղեւորների իրավունքների սահմանումը: Հայտնի է, որ արդեն կան ավտոբուսներ, ուր մուտք ունեն անվասայլակավոր հաշմանդամները: Ուրեմն չի բացառվում, որ դրանցից օգտվելու ցանկություն կառաջանա նաեւ այլ ուղեւորների մոտ, որոնք կնախընտրեն մանկասայլակների մեջ ննջող իրենց, ասենք, երկվորյակներին քաղաքի կենտրոնից կամ ծայրամասերից «Հաղթանակի» զբոսայգի տանել, համեմատաբար մաքուր միջավայրում ժամեր անցկացնել: Բացարձակ չկարգավորված մի վիճակ, որն առավել է անհեթեթ էլեկտրատրանսպորտի մասին օրենքի իսպառ բացակայության պատճառով: Վստահ եմ յուրաքանչյուրը կհաստատի, որ այսօր հնարավոր է թե՛ տրոլեյբուսի սրահ, թե՛ մետրոյի վագոն մտցնել, թե՛ միայնակ, թե՛ մեր մարդկանց օգնությամբ: Պարզապես հետագա կարգավիճակն է անորոշ, երբ մանկասայլակի չափերը կարող են չհամապատասխանել օրենքով սահմանված ճամպրուկների ու բեռնարկղերի չափերին, կամ մանկասայլակում եռյակներ գտնվեն: Առայժմ չենք պնդում, որ համանման դեպքերում հարկ է անվճար երթեւեկելու արտոնություն տալ նաեւ փոքրիկներին ուղեկցող չափահաս ուղեւորներին, որպիսի կարգ կա մի շարք երկրներում: Ընդունենք, որ ակնարկ արված է: Այնպես որ հարցերն իրոք շատ են, առավելապեսՙ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տիրույթում:

Եվ խնդրեմ. հոկտեմբերի 25-ին պատասխան եմ ստանում ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որում նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հայտնում է, որ «ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնՙ կանոնավոր ավտոբուսային փոխադրումներից օգտվող ուղեւորն իրավունք ունի իր հետ անվճար փոխադրելու մինչեւ 7 տարեկան մեկ երեխա, եթե վերջինս առանձին նստատեղ չի զբաղեցնում: Առանձին նստատեղ զբաղեցնելու դեպքում, ինչպես նաեւ մինչեւ 7 տարեկան մի քանի երեխաների հետ երթեւեկելիս յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է սահմանված փոխադրավարձի 50 տոկոսը:

Հետեւաբար, կանոնավոր ուղեւորափոխադրումներում մինչեւ 7 տարեկան երեխաների փոխադրման հետ կապված հարցերը օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն չունեն»:

Այ քեզ պատասխան, այ քեզ կառավարում. ոչ մի խոսք խնդրին առավել մոտ «ՀՀ ուղեւորափոխադրումների մասին» օրենքից, այլ հղումՙ «ՀՀ ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքին: ՀՀ ակտիվ քաղաքացին, որի անհրաժեշտության մասին անվերջ հիշեցնում է ՀՀ բարձրագույն ղեկավարությունը, կոնկրետ փաստ է մատնանշումՙ բոլոր ուղեւորափոխադրումներ իրականացնողների կողմից ամրագրված «մինչեւ 7 տարեկան 2 երեխան 1 տոմս» պահանջի, առաջարկելով դիտարկել 2 փոքրիկներից 1-ի անվճար երթեւեկելու օրենսդրական արտոնության պարագայում 2-րդի համար լրիվ ուղեվճար պահանջելը: Տարածված կոնկրետ այս վիճակը քննելու փոխարեն պետական կառույց նախարարությունը ասպարեզ է հանում «մի քանի երեխաների հետ» հազվադեպ հանդիպող տարբերակը: Ինչ է սա, եթե ոչ... գնահատականն ինքներդ տվեք, հարցը թե խնդիրը քննարկելուց խուսափելու պարզունակ փորձ: Խոսքն ընդամենը ուղեւորափոխադրումներ իրականացնող բոլոր տրանսպորտային միջոցներում փակցված արդեն նշված պահանջի օրինականությանն է վերաբերում, որտեղ, կրկնվելու եմ, փոքրիկներից մեկն անվճար երթեւեկի օրենսդրական արտոնություն ունի, որը երկրորդ փոքրիկի առկայության պարագայում մեկ լիարժեք ուղեվճարի պահանջի է հանգեցնում: Էլ ու՞ր մնաց արտոնությունը, որը երկուսի համար էլ վեր է ածվում 50 տոկոսանոց փոխադրավարձի: Սա ի՞նչ է, եթե ոչՙ պարզ ու առերեւույթ դրամաշորթություն, օրինազանցության դրսեւորման ցուցադրում, որի դեմն առնելը ՀՔԾ-ի խնդիր էլ կարելի է համարել, միայն թե ընթացիկ գործերն ավարտելուց հետո: Կատակ թե լուրջ, ինքներդ որոշեք:

Իսկ եթե առավել բովանդակալից մոտենանք, այսօրինակ կառավարումը, որն ընդամենը գործնական քայլերից խուսագրությամբ ազատվելու փորձ է, բոլորովին չի համապատասխանում ՀՀ կառավարության հայտարարած պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման քաղաքականության հետ: Հնարավոր այն արդարացումը, թե եզակի մեկ դեպքով կարիք չկա ողջ համակարգի մասին կարծիք կազմել, բոլորովին տեղին չէ, քանզի ամեն օր կարելի է տպագիր ու էլեկտրոնային մամուլի միջոցով ծանոթանալ անտարբերությունից մինչեւ պաշտոնական դիրքի չարաշահումների փաստերի, որոնք տեղ են գտնում պետական կառույցներումՙ ապարատչիկների վարձած այն չինովնիկների կողմից, որոնք պահվում են մեր մարդկանց վճարած հարկերից ու տուրքերից գոյացող բյուջետային միջոցների շնորհիվ: Արդյունքումՙ հնարավոր լավատեսությունն այսկերպ աստիճանաբար տեղը զիջում է անորոշ իրատեսությանը:

04.11.2019

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ