RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019



Տեղադրվել է` 2019-11-08 11:48:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1314, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՄԱՑԵՔՙ Ո՛Ր ՉԵՄՊԻՈՆԻ ՄԱՍԻՆ Է ՊԵՏՔ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ինչպես իմացանք շաբաթներ առաջ, ԿԳՄՍ նախարար Հարությունյան Արայիկի թեթեւ ձեռամբ 20 միլիոն դրամ է հատկացվել «Մել» վերնագրով ֆիլմի նկարահանումների համար: «Մելի» գլխավոր հերոսը պաշտոնաթող հայուհի, ծանրամարտիկ Մելինե Դալուզյանն է, ով ոչ վաղ անցյալում վճռեց փոխել իր սեռըՙ իգականից արականի, բայց մնաց այդ երկուսի միջակայքումՙ չեզոք: Իհարկե, ինչպես սպասելի էր, հասարակությունը չողջունեց նման անձնավորության մասին պատմող ֆիլմին տրվող այդքան մեծ պետական աջակցությունը, որին ի պատասխան, Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թեՙ այդ ֆիլմի ստեղծմանն ընդդիմացողները հիմնականում հետադիմության առաջամարտիկներ են:

Արայիկ Հարությունյանի բացատրություններից մեկն էլ այն էՙ թե ֆիլմը մեր չեմպիոնի կյանքի մասին է: Թե ինչու է հետանկախության շրջանի չեմպիոններից հենց Մելինե Դալուզյանն ընտրվել, դեռ հարց է, որովհետեւ Հայաստանին բերած հռչակի առումով, վերջինիս անհամեմատ գերազանցում են ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Նազիկ Ավդալյանը, բռնցքամարտիկներ Վիկ Դարչինյանը, Արթուր Աբրահամը, Կարո Մուրադը, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Միհրան Հարությունյանը, ֆուտբոլիստներ Հենրիկ Մխիթարյանը, Յուրա Մովսիսյանը, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւ այլք:

Այս ֆիլմով ԿԳՄՍ նախարարությունը մեր սպորտի ասպարեզում հետ է մղում միտքն ու հզորությունըՙ առաջին պլան բերելով այլասերությունն ու բնաշեղությունը: Ի՞նչ սկզբունքով է ընտրված հենց Մելինե Դալուզյանը, վստա՞հ լինենք, որ աճող սերնդի վրա նրա մասին պատմող ֆիլմն ավելի լավ տպավորություն է թողնելու, քան, ասենք, Նազիկ Ավդալյանի մասին պատմողը, որը ավտովթարից հետո, երեխա ունենալուց հետո էլ չեմպիոնի տիտղոս նվաճեց:

Եթե նախարար Արայիկ Հարությունյանը դժվարանում է չեմպիոնի մասին պատմող ֆիլմի հերոս գտնելՙ կարող եմ օգնել նրան: Օրինակՙ առաջիկա հունվարի 25-ին լրանում է ծանրամարտիկ Սերգո (Սարգիս) Համբարձումյանի 110 ամյակը, եւ կարելի է հենց նրա՛ մասին ֆիլմ նկարել: Ինչո՞ւ, բացատրեմ:

Սերգո Համբարձումյանը 1933-1935 թվականներին երեք անգամ, անընդմեջ, նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը, ծանրամարտի աշխարհի ռեկորդակիր է, բացի այդՙ 30 անգամ, կրկնում եմ, 30 անգամ, ռեկորդ է սահմանել ԽՍՀՄ տարածքում: Ֆիլմում կարելի է պատմել, որ մոր ու եղբոր մահից հետո Ս. Համբարձումյանն զբաղվել է մաշիկներ կարելով, հետո որմնադիր է եղել, երկաթգծի աշխատող, հանքափոր եւն: 1930-ականներին, տեղափոխվելով Երեւան, Ս. Համբարձումյանն իր բացառիկ ուժով գրավել է բոլորի ուշադրությունն ու «Դինամո» միությունում, Գրիգոր Սիմոնյանի գլխավորությամբ, ծանր ատլետիկայով զբաղվել: Այդ ամենը կարող է մոտիվացիա լինել շատերի համար:

Ի դեպ, մեկ այլ, շատ հետաքրքրական դեպք էլ կա: 1936 թ. Մյունխենում անցկացվող ամառային օլիմպիական խաղերի ժամանակ գերմանացի Յոզեֆ Մանգերը ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդը. նա ռեկորդ էր սահմանել: Այդ փաստն օդում թափահարելով, Հիտլերը հայտարարեց, որ սա ոչ այլ ինչ է, քանՙ գերմանացիների արիական ռասսա լինելու եւս մեկ ապացույց: Չնայած նրան, որ ԽՍՀՄ-ը չէր մասնակցում այդ խաղերին, երկրի ղեկավար Ի. Ստալինը խնդիր դրեցՙ «ամեն գնով գերազանցել ռեկորդը. մի՞թե այս երկրում չկա մեկը, ով կհաղթի այդ ֆաշիստ Մանգերին»: Ոլորտի պատասխանատուներն այդ հարցից հետո հիշեցին ու ասպարեզ բերեցին Սերգո Համաբարձումյանին: Մեկ օր անց նա արդեն Ստալինի մոտ էր: Վերջինիս հարցին, թեՙ «Ընկեր Համբարձումյան, ի՞նչ է քեզ հարկավոր այդ ֆաշիստ Մանգերին հաղթելու համար», Սերգո Համբարձումյանը պատասխանում է. «Ուտելիք, ընկե՛ր Ստալին»:

Համբարձումյանի բոլոր կարիքներն ապահովվում են, նա երկու տարի պատրաստվելով հայտնի լատիշ մարզիչ Յան Սպարրենի հետ, 1938թ. դեկտեմբերի 30-ին Երեւանում եռամարտի նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց, շրջանցեց Յոզեֆին: Իհարկե, այդ ռեկորդը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից չճանաչվեց, քանի որ պաշտոնական մրցության շրջանակներում չէր սահմանվել: Այնուամենայնիվ, այդ ռեկորդից հետո Համբարձումյանը պաշտոնապես հրավիրվեց Կրեմլՙ Ստալինի մոտ, եւ դարձավ ԽՍՀՄ առաջին մարզիկը, որն արժանացել է «Պատվո շքանշանի»:

1946թ. Փարիզում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ Սերգո Համբարձումյանը նույնպես ռեկորդ է սահմանում, սակայն, ընդհանուր միավորները չեն բավարարումՙ մրցանակ ստանալու համար:

Ժողովրդի մեջ ցայսօր տարածված պատմություն կա այն մասին, որ 1947թ. Կարմիր հրապարակում, համամիութենական ֆիզկուլտուրնիկների շքերթի ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Ստալինը, հրապարակ է մտել Սերգո Համբարձումյանը, ուսին տարօրինակ երկար մի ձող, որի երկու կողքերից կախված են եղել մեկական հսկայական գնդեր: Քիչ անց Համբարձումյանը վայր է դրել ծանրաձողը, եւ գնդերից դուրս են եկել 22 երիտասարդներ ու ֆուտբոլ խաղացել: Մոտավոր հաշվարկովՙ այդ ծանրաձողը կշռել է 450 կգ: Սակայն այդ մրցումներում Սրեգո Համբարձումյանին չհաջողվեց նոր ռեկորդ սահմանել, որին սպասում էր Ստալինը: Այդ փաստն անհետեւանք չմնաց: Վերադառնալով Երեւանՙ նա զրկվեց բոլոր արտոնություններից ու թոշակից: Սերգո Համբարձումյանի համար սկսվեց դառնություններով լի մի շրջան:

1938թ. փառավոր հաղթանակից մեկ տասնամյակ անցՙ 1948թ. դեկտեմբերի 3-ին Ս. Համբարձումյանը նամակ է գրում Կենտկոմի առաջին քարտուղարի Գ. Հարությունյանին, որտեղ, չթաքցնելով կրած վիրավորանքը, գրում է.

«Մեկ անգամ չէ, որ ես ինձ զգացել եմ որսաշան կարգավիճակում, որին վատ տերը կերակրում է միայն որսի օրերին»:

Կյանքի վերջին տարիներին, երբ առողջական խնդիրներ ուներ, Սերգո Համբարձումյանը տաքսու վարորդ է եղել, ավելի ուշՙ սեփական խորտկարան է հիմնել, այսօր Մ. Խորենացու անունը կրող փողոցի վրա:

Ասում ենՙ Ս. Համբարձումյանի թաղման օրը (մահացել է 1983թ. ապրիլի 13-ին) անցորդները չիմանալով թե ում են թաղում, դագաղի չափից են հասկացել, որ հանգուցյալը սիրված ծանրամարտիկն է. նման հսկա դագաղներ Հայաստանում չէին արտադրում:

Ահա, թե ում մասին է պետք գրել, կարդալ ու ֆիլմ նկարահանել...:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ