RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019



ԽՆԴԻՐՆԵՐ

Տեղադրվել է` 2019-11-08 11:48:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1137, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԱԶԱՆԱՆՈՑԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԳԱԶԱՆՆԵՐԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Երեւանի կենդանաբական այգին վերջին օրերին հայտնվել է օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Արմա՜նք-զարմա՜նք...Սովորական թափառող շներն առաջին գիշերը հոշոտել են կենգուրուներին, երկրորդ գիշերն ուժերը չափել մուֆլոնների հետ ու 19-ից 3-ին ոչնչացրել: Լուրը, ավելի ճիշտՙ բոթը ցնցել է նաեւ հայ հանրությանը:

2-3 տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը 2,3 միլիարդ դրամ էր հատկացրել, որպեսզի կենդանաբանական այգին բարեկարգվի, ազատավանդակներ կառուցվեն: Մի խոսքովՙ հայտարարվեց, թե միջազգային չափանիշներին համապատասխան կենդանաբանական այգուն էլ գազանանոց չասեք: Բայց այգուՙ աշխատանքից ազատված մասնագետների բողոքի ցույցերը դրանից հետո ավելի ակտիվացան: Պահանջում էին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, որովհետեւ, ըստ նրանց, կենդանիների աննախադեպ անկումներ, կորուստներ են տեղի ունենում: Ավելինՙ Ռուբեն Խաչատրյանն Ուրցաձորՙ իր ղեկավարած հիմնադրամի տարածք է տեղափոխել, օրինակ, բացառիկ տեսակ համարվող մորուքավոր անգղերիՙ նրանց փոխարեն կենդանաբանական այգի բերելով սովորական կրիաների:

Թունավորված զեբր, ազատավանդակից փախած ու Մյասնիկյան պողոտայում մեքենայի տակ ընկած բեզոարյան այծ, հիվանդությունից սատկած կոկորդիլոս. այս տեղեկությունները նախկին աշխատակիցների բողոքի հիմնական առիթն էին. այս ամենին ավելացավ թափառող շների չարագործությունը:

Նորք-Մարաշից, Նորքի տարբեր զանգվածներից կենդանաբանական այգու տարածք ներխուժած թափառող շների ոհմակը գիշերով ցատկել է կենգուրուների ազատավանդակից ներս: Ազնիվ մենամարտ չի եղել, ոչ, որովհետեւ կենգուրուները, ճիշտ է, արու են եղել, բայց իրենք երեքով էին, իսկ շներըՙ 7,8, գուցե 10: Ընդ որում, կենգուրուները շուտով ամուսնանալու էին. հարսնացուների համար խնամախոսության փաստաթղթերը վաղուց պատրաստ էին: Իսկ հայկական կատաղած, չստերջացված բիրտ շներն ուղղակի բզկտել էին վայրի բնության կանոններին անտեղյակ, փափուկ մեծացած խեղճ կենգուրուներին: Աշխատակիցները վրա են հասել, մենամարտի դուրս եկել շների հետ. մեծ շները ազատավանդակից դուրս են ցատկել-փախել, ավելի փոքրերը ճողոպրել չեն կարողացել: Նրանց բռնել են ու հանձնել թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնին: Հանցագործությանը մասնակցած ու բռնված շների նկարները համացանցում ջերմեռանդ սիրո ու պաշտպանության արժանացան: Սոցցանցային հանրությունը վստահ պնդեց, թե խեղճ շնիկները մի՞թե կարող էին կենգուրուներին հոշոտել, մի նրանց սիրուն, անուշիկ մռութներին նայեք: Ո՜վ հայ ժողովուրդ, ուշքի արի, շները ոչ միայն մարդկանց, այլեւ կենգուրուների բարեկամն են. իհարկե, հավերժ հիշատակ այդպես էլ ամուսնական առագաստ չմտած մեր փեսացու կենգուրուներին, բայց նրանց կորստի պատճառներն այլ տեղ փնտրեք: Կենգուրուասպան շների վրա զայրացած հանրության մյուս հատվածն այդ գիշեր մտատանջության մեջ ընկավՙ իսկ եթե կենգուրուներն այլ կերպ են չքացել, ու մեղքը բարդվում է խեղճ շների վրա...

Այդ նույն գիշերը, սակայն, չարագույժ էր նաեւ մուֆլոնների համար: Առավոտյան նրանց ազատավանդակի հողն ու քարերն արյունոտ էին: Կենդանաբանական այգու աշխատակիցները շոկի մեջ էին. փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի առաջարկով տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հրաժարական տվեց: Այգու աշխատակիցները լրատվամիջոցներին թույլ տվեցին նկարահանել հոշոտված մուֆլոնների մարմինները: Արդեն որեւէ կասկած չկար, որ մահվան ելքով հանցանքի հեղինակները թափառող շներն են: Սոցցանցային հանրությունը լռեց:

«Երրորդ գիշեր: Մաֆիան փակում է աչքերը, շերիֆը բացում է աչքերը, սեւերը պարտված են»,-կասեր «Մաֆիա» հայտնի խաղի խաղավարը: Երրոդ գիշերը ճակատագրական եղավ շների համար: Նրանք դարձյալ ներխուժել էին այգու տարածք ու հայտնի չէՙ որ ազատավանդակն էին աչքադրել: Նրանցից 5-ը բռնվեց: 5-ն էլՙ չստերջացված: Աշխատանքից ազատվելու դիմում գրած, բայց դեռ իր աշխատանքային պարտականությունները կատարող Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց. «Եթե մենք գիշերով կարողացել ենք 5 շուն բռնել, որն, ի դեպ, մեր պարտականությունը չէ, ապա մի՞թե թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը ցերեկով չի կարող շներին բռնել, ինչը հենց նրա պարտականությունն է»:

Այդ գիշերվանից սկսածՙ կենդանաբանական այգու աշխատակիցները անընդհատ շներ են բռնում ու հանձնում այդ կենտրոնին, բայց մինչեւ ե՞րբ:

Այս պատմության մեջ կա՞ն մեղավորներ. կան ու շա՜տ: 2,3 միլիարդ դրամ է ծախսվել, որ կենդանաբանական այգին այսօրվա տեսքն ունենա, բայց եթե այգին արտաքին աշխարհից պաշտպանող ցանկապատ չի տեղադրվել, 2,3 միլիարդ ծախսն ինչի՞ն ծառայեց, ի՞նչ նպատակով: Ռուբեն Խաչատրյանն ասում է, որ ցանկապատի հարցով բազմիցս դիմել է քաղաքային նախկին ու ներկա իշխանություններին: Չափագրումներն արդեն արվում են: Եթե ցանկապատն ուշանա, երեւի թե որսի բնազդները մոռացած առյուծներն ու վագրերն էլ ապահովագրված չլինեն որսի բնազդները սրած թափառող շներից:

Հ.Գ. Ռուբեն Խաչատրյանը խոր կասկածներ ունի, թե այս գործում մարդկային գործոնը բացառված չէ: Թափառող շները որս կարող են անել միայն վարժեցվելուց հետո:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ