RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019



Տեղադրվել է` 2019-11-08 11:48:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1144, Տպվել է` 127, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՎԵՐԱՑՆԵԼ, ԹԵ՞ ՈՉ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Խոսքը այսպես կոչված Ստամբուլյան կոնվենցիայի մասին է. որի շուրջ նոյեմբերի առաջին օրը Ազգային Ժողովում փակ քննարկում էր կազմակերպվել: Հենց այն, որ քննարկումը փակ էրՙ բացասաբար ընդունվեց հասարակական լսարանի կողմից: Մոտեցումները իրարամերժ էին: Սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն , օրինակ, գտնում էր, թե Կոնվենցիան անպայման պետք է վավերացնել: Քանզի դրա տակ Հայաստանի նախորդ իշխանություններն արդեն իսկ դրել են մեր երկրի ստորագրությունը: Ըստ իսՙ խախուտ հիմնավորում էր, որովհետեւ այդ ե՞րբ է եղել, որ ներկա իշխանությունները սրբորեն հետեւել են նախորդների հանձնառություններին: Ավելի լավ, որ իրենք այդ փաստաթուղթը չեն նախաստորագրել: Կարող են հենց այդ պատճառաբանությամբ հրաժարվել Կոնվենցիայի վավերացումից: Մի՞թե քիչ է եղել, որ այս կամ այն երկիրը այս կամ այն միջազգային փաստաթղթի տակ նախապես դրել է իր ստորագրությունը, բայց հետագայում հրաժարվել է սեփական օրենսդիր մարմնում դա վավերացնել: Թուրքիան մեզ օրինակ: Հաշվի առնելով փաստաթուղթը վավերացնել-չվավերացնելու հարցի շուրջ մեր հասարակության մեջ առկա տարակերպ մոտեցումները, ըստ իս, կարելի է փաստաթուղթը վավերացնել... վերապահումներով: Եթե, ինչ խոսք, այդպիսի պրակտիկա կա: Օրինակ, նշել, որ տվյալ Կոնվենցիայի այս կամ այն կետը Հայաստանը չի ընդունում, հետեւաբար այդ կետը մեր երկրում չի գործելու: Նկատի ունեմ նույն նոյեմբերի 1-ին կազմակերպված բնողոքի ցույցերը, որի մասնակիցները, ըստ իսՙ միանգամայն իրավացիորեն նշում էին, թե հիշյալ Կոնվենցիայում կան կետեր, որոնք հակասում են մեր ազգային ավանդույթներին, մեր հազարամյա նիստուկացին:

Այդպիսիներից է այսուհետ ամուսիններին ոչ թե այր ու կին, այլ զուգընկերներ համարելու մոտեցումը: Դա, փաստորեն, նշանակում է միասեռ ամուսնությունների պետական գրանցման օրինականացում: Չգիտեմ ով ինչպես, բայց անձամբ ես խորշում եմ այդպիսի հնարավորությունից: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնպես գտնում է, թե ամուսիններ կարող են համարվել միայն կինն ու տղամարդը, եւ երբեւէ չի օրհնի միասեռ ամուսնությունները: Իսկ եթե Եկեղեցին չի օրհնել տվյալ չակերտյալ «ամուսնությունը», ապա դրա հետեւանքով ստեղծված ընտանիքը չի կարող լիարժեքորեն համարվել հասարակության առաջին սոցիալական բջիջը, պետության ու ազգի հիմքը: Իհարկե, հիշյալ Կոնվենցիայի մեջ կան նաեւ պետության ու հասարակության մեջ կանանց դերի բարձրացման, տղամարդկանց ու կանանց իրական իրավահավասարության հասնելուն միտված կետեր, որոնք օրինակելի կարող են լինել նաեւ մեզ համար: Պետք չէ մեծամտություն անել ու հայտարարել, թե մեզանում կանանց ու տղամարդկանց լիակատար իրավահավասարություն է հաստատված: Ավանդույթըՙ ավանդույթ, հազարամյա նիստուկացըՙ նիստուկաց, սակայն ժամանակակից քաղաքակրթությունից ետ մնալ նույնպես չի կարելի: Նկատի ունեմ մեզանում անվերապահորեն մերժված այնպիսի երեւույթներ, ինչպիսին միասեռականներիՙ զանազան գեյերի ու լեսբուհիների, տրանսգենդերների, սեռական հողի վրա մյուս խանգարվածների նկատմամբ հարդուրժողականությունն է: Ես դեմ եմ այն հասարակական հոգեբանությանը, երբ այդպիսիներին վերաբերում ենք որպես թերմարդիկ, քիչ է մնումՙ հոշոտենք: Մարդիկ են, մեղք են, միգուցե նույնիսկՙ հիվանդ են: Նրանց հարկավոր է խղճալ, եւ ոչ թե քարկոծել: Մյուս կողմից, այդպիսի խանգարվածներից ոմանք հասարակության մեջ իրենց այնպես են պահում, կարծես իրենց սեռական կողմնորոշումը մյուս, նորմալ մարդկանց համեմատ, մե՜ծ մի առավելություն է: Այդպիսիները մինչեւ այժմ ամեն կերպ ձգտում էին հասարակությունից թաքցնել իրենց ձեւախեղված սեռական կողմնորոշումները: Հիմա այնքան են լկտիացել, որ փորձում են իրենց կենսակերպը դարձնել մյուսների ընդօրինակման առարկան: Իսկ դա արդեն օենսդրորեն պիտի պատժե՛լ, աճող սերնդին գայթակղելուՙ շեղվածների ցանկացած փորձ արմատախի՛լ անել մեզանում: Եթե Ստամբուլյան Կոնվենցիայի վավերացումը կօգնի հաղթահարել այս երեւույթները, ապա պե՛տք է վավերացնել փաստաթուղթը: Եթե ոչՙ ապա ավելի լավ է ձեռնպահ մնալ դրանից: Քննարկման խնդիր է: Ընդսմինՙ ո՛չ ամենեւին գաղտնի քննարկման:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ