RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019



ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-11-08 11:48:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2528, Տպվել է` 169, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՅՐԻ՜Կ...

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այս տարվա օգոստոսի 28-ին Թուրքիայի եվրոպական հատվածում գտնվող Քըրքլարե քաղաքի սրճարաններից մեկում նստած էր մի տասնամյա աղջնակ, որի կողքինՙ հայրը, մայրը եւ նրանց փաստաբանները: Նույնիսկ աղջնակը չէր ժպտում. խոսակցությունը ծանր էր: Ծնողները եկել էին պայմանավորվելու, թե ամուսնալուծությունից հետո իրենցից որի մոտ պետք է ապրի աղջիկը: Հետո վիճել են եւ հայրը գրպանից հանել է դանակն ու կտրել կնոջ կոկորդը:

Հիվանդանոցի ճանապարհին աղջիկը գոռացել էՙ «Մայրի՜կ, խնդրում եմ, մի մահացիր»... Բայց 38-ամյա Էմինե Բուլութըՙ աղջկա մայրը, մահացավ: Հայրը ձերբակալվեց:

Այս ողբերգությունից հետո Թուրքիայով մեկ հնչեց կանանց ճիչը: Էմինե Բուլութ անունը դարձավ բողոքի խորհրդանիշ, եւ թրքուհիները երկրով մեկ գոռում էինՙ «Մենք չենք ուզում մահանալ»:

Այս սարսափելի դեպքից 8 տարի առաջ, 2011-ի մայիսի 11-ին, Թուրքիայի ասիական հատվածում, Քըրքլարեից քիչ հեռու, հայտարարվել էր կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ու դրա պայքարի անհրաժեշտության մասին, ինչի արդյունքում հատուկ կոնվենցիա ընդունվեց, որը կոչվեց Ստամբուլյան կոնվենցիա: Թուրքիան առաջին երկիրն է աշխարհում, որն ընդունել է այն:

Պատահական չէ, որ Քըրքլարեի ողբերգությունից հետո բոլորը հիշեցին կոնվենցիայի մասին, բայց քչերը խոսեցին դրա արդյունավետությունից, ավելի ճիշտՙ փաստորեն անարդյունավետությունից: Ավելին, երբ 2010 թվականի հունիսին նույն Քըրքլարեում թուրք տղամարդը կրկին դանակով սպանում է հարազատ հորը, որն ավելի վաղ փախել էր որդու կնոջ հետ, ոչ մեկը չհիշեց Ստամբուլյան կոնվենցիայի մասին, մինչդեռ այն ոչ միայն կանանց նկատմամբ բռնությունների դեմ է, այլեւ հռչակված է որպես ընտանիքում բռնությունը կանխարգելող միջազգային, մարդասիրական գործիք:

Եւ ուրեմն Ստամբուլյան կոնվենցիան, եթե գենդերացնենք, ապա այն բացառապես իգական է եւ, ինչպես պարզվում էՙ անարդյունավետ, քանի որ միայն 2019-ին Թուրքիայում բռնության զոհ է դարձել 220 կին, իսկ ՄԱԿ-ի տվյալներով ամեն տարի 66 հազար կին սպանվում է հարազատ ընտանիքումՙ մերձավորի ձեռամբ:

Այս համատեքստում ես չեմ հասկանում կոնվենցիան պարտադիր վավերացնելու ցանկությամբ տոգորված հայաստանցիների մղումը: Տրամաբանում եմ, որ մարդիկ ուզում են անպայման վավերացնել կոնվենցիան, որի անունն ի դեպ (Ստամբուլյան) միայն բավարար է, որ շատ հայեր այն մերժենՙ առանց կարդալու, որպեսզի կնոջն ամեն օր ծեծող գյուղացի Մուրադը հաջորդ անգամ ծեծի կնոջ սենյակի դուռը, նոր միայն ժպիտով ու ծաղիկներով ներս մտնի: Դե այսինքն մարդիկ վստահ են, որ Մուրադը կարդալ գիտի, Մուրադը կարդալ սիրում է, Մուրադն ուշիուշով հետեւում է, թե երկրում ինչ նոր օրենքներ են ընդունվում եւ Մուրադի խելքը գնում է օրենքները հարգել-պատվելու համար, ինչպես իր ընկերներին է հարգում-պատվում, ամեն ուրբաթ օրՙ արաղի եւ թթու վարունգի սեղանի շուրջը: Եւ ահա, հենց Մուրադն իմանա, որ Հայաստանը վավերացրեց Ստամբուլյան կոնվենցիան, այլեւս չի կատաղելու, հենց ընկերական սեղանը լքելու է, արաղի բաժակը կոտրելու է ու վազելով գալու է տուն, որպեսզի մինչեւ լույս չքնեն, վերջում էլ հիանան արշալույսի համեստ պերճանքով: Հիշեցնեմ, որ Հայաստանում գոնե, իր անմեղ կնոջը սովորաբար ծեծում են հենց Մուրադի նման մարդիկ, եւ ուրեմն Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումը Հայաստանումՙ Մուրադներին զսպելու ազնիվ նպատակ ունի: Չազնիվ նպատակի մասին չխոսենք, մանավանդ որ Հայաստանը մեր օջախն է, ժողովուրդն էլՙ ընտանիքը եւ ուրեմն մեր ընտանիքի անդամներին չազնվության համար մեղադրելը կարող է դիտարկվել որպես Ստամբուլյան կոնվենցիայի խախտում: Իսկ խախտելՙ լինի այն ընտանեկան մշակույթը, թե օրենքը, չի կարելի:

Ի դեպ, ընտանեկան մշակույթի մասին: Բոլորովին վերջերս, երբ ոչ քաղաքական նպատակներով քայլում էի Երեւանի փողոցներում, նկատեցի մի ընտանիքՙ հայրը, մայրը, որդին (կլիներՙ 8-9 տարեկան) եւ դուստրը (5-6 տարեկան): Չհասկացա, թե ինչ արեց քույրը, բայց տեսա, թե ինչպես տղան վազեց քրոջ հետեւից, բռնեց նրան ու հարվածեց: Հայրը նետվեց դեպի երեխաներն ու բռնեց որդու ականջից: Քանի որ մոտ էի, լսեցի, որ հայրը տղային ասաց. «Երբեք չխփես մեզնից մեկին»: Հենց «Մեզնից մեկին» էլ ասաց: Տղան քրոջ պես սկսեց լացել:

- Լավ, Մուրա՛դ, տանը կխոսենք, ամոթ է բոլորի մոտ,- մոտեցավ մայրը: Հենց Մուրադ էլ ասաց...Ու ես հասկանում եմ, որ երբ եղբայրը հարվածում է քրոջը, արձանագրվում է Ստամբուլյան կոնվենցիայի խախտում, բայց, երբ հայրը դրա համար քաշում է որդու ականջը, դա ե՞ւս խախտում է: Ինչո՞ւ... Նկատի ունեմ, ինչո՞ւ կարիք ունենք ինչ-որ կոնվենցիայի, եթե հետո Մուրադի կարմիրականջ որդին բռնեց քրոջ ձեռքն ու միասին վազեցին, եթե այն վավերացնել պահանջողներն ազնիվ են, եթե այս տարվա օգոստոսի 28-ին թուրքական Քըրքլարե քաղաքում 10-ամյա աղջնակիՙ «Մայրի՜կ...» կանչը միայն Աստված լսեց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 08-11-2019

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ