RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1840, Տպվել է` 157, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Է՜Յ ՆԱՎԱՎԱՐ, Ի՛ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Խղճի «ազատությունից» մինչեւ Կրթության ազգային ինստիտուտի փակում եւ... հայոց լեզու

Հոկտեմբերի կեսին երկու օրվա ընթացքում համացանցում զարմանալիորեն իրար հաջորդած երկու շշմեցնող լուր կարդացինք: Առաջինը, Ռումինիայի նախագահը ստորագրել է մի օրենք, որով հոկտեմբերի 12-ն այդ երկրում հայտարարվում է... հայոց լեզվի, այբուբենի եւ մշակույթի օր: Մյուսը, Հայաստանի՛ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակել է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծ, ըստ որի Հայաստանի՛ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս չի լինի պարտադիր...

Այս երկրորդը եւ անակնկալից օրինաչափություն դառնալ հավակնող արդեն շատ այլ բաներ ճիշտ հասկանալու համար, կարծում ենք, դրանք պետք է դիտարկել որոշ ժամանակից ի վեր մեր գաղափարական ճակատում ծավալվող իրադարձությունների ընդհանուր, ամբողջական շղթայում: Այսօրվա լեզվովՙ համատեքստում:

Ուրեմն, ինչպես ասում են, ամեն ինչՙ հերթով:

Այս ճանապարհը հեռվից է գալիս

Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության 2-րդ գլխումՙ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները», կար հոդված 23-ը, որտեղ կարճ ու հասկանալի (իմաՙ սպառիչ) գրված էր. «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ դավանանքի ազատության իրավունք: Կրոնի եւ համոզմունքների արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով... »:

Սահմանադրության 2005 թ. փոփոխություններով տարբերակում, նույն իրավունքի մասին արդեն 26-րդ հոդվածում դրան ավելացվել է. «Այս իրավունքը ներառում է կրոնը կամ համոզմունքները փոխելու ազատությունը եւ դրանք ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ համատեղ քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը...»: Թե մեր պարագայում ինչ կարող է նշանակել համոզմունքները փոխելը, ինչ քարոզների ազատության մասին է խոսքը եւ ինչ նպատակով է հավելվել այս, թվում է, ոչ սահմանադրական շատախոսությունը, դժվար չէ հասկանալը: Իսկ իհարկե, հոգեորսության արգելման մասինՙ ոչ մի խոսք:

Բայց պարտադրողներին նույնիսկ այսքանն էլ բավարար չի թվացել, եւ արդեն 2015 թ. դեկտեմբերի 6-ին փոփոխված սահմանադրական փաստաթղթի հոդված 41-ում ավելացվել է նաեւ կետ 3ՙ հետեւյալ բովանդակությամբ. «Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք»... Սա էլՙ չավարտված պատերազմի վիճակում գտնվող ու մշտապես լարված սահման ունեցող երկրում:

Ահա այսպիսի «հանգրվանային» քայլերով է տեղի ունենում մեր եվրոպական կամ համաշխարհային «առաջընթացը», որից ընդհանուր առմամբ երեւի չենք կարող հեռու ու մեկուսի մնալ, բայց որի նմանակերպ տարբեր դրսեւորումների անվերապահ ընդունումը հայտնի է, թե ուր կարող է տանել: Այդ դրսեւորումներից թեկուզ այս մեկի, մի ուղղության օրինակն իսկ լավ ցույց է տալիս սովորաբար դրանց առաջմղման մեխանիզմը: Նախ ստեղծվում է սահմանադրական-օրենսդրական հիմքը, ապա դրան հաջորդում են քարոզչություն-հակաքարոզչությունն ու գործնական քայլերը: Դիցուք, քայքայիչ աղանդներին ազատություն տալու իրավական հիմքը ստեղծվել է անցած իշխանությունների, իսկ արդեն մեր եկեղեցու դեմ անթաքույց քարոզչական արշավի ու գործնական ոտնձգության փորձի ականատես եղանք նոր իշխանության օրոք:

Նախարարն ու քահանան

Այսքան ժամանակ հետո էլ դժվար է ձերբազատվել այն ճնշող տպավորությունից, որ թողեց Հանրային հեռուստատեսության այս տարվա փետրվարի 10-ի հայտնի «քննարկումը»ՙ Պետրոս Ղազարյանի դիրիժորությամբ, այն բանից հետո, երբ կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանրակրթական մի դպրոցում քահանա տեսնելով հարց էր տվել` նա այնտեղ ի՛նչ է անում: (Ի դեպ հետաքրքրական կլիներ իմանալՙ նույն նախարար անձն ինչ կաներ, եթե այնտեղ հանդիպեր դասի ժամանակ աղանդավորական թաքնված կամ ափաշկարա քարոզ անող ուսուցչի)...

Արդյո՞ք եկեղեցին կարող է ներգրավված լինել դպրոցում, արդյո՞ք եկեղեցականը, քահանան կարող է դաստիարակչական աշխատանք կատարել աշակերտների հետ, արդյո՞ք եկեղեցին կարող է ներգրավված լինել կրթական ծրագրերում: Այս հարցերը, որոնք Հանրայինի եթերում հիշյալ քննարկման նյութն էին դարձել, կանոնակարգված են ու իրենց պատասխաններն ունեն մեր երկրի Սահմանադրությունում եւ օրենքներում: Ուրեմն ո՞րն էր այդ հեռուստահաղորդման նպատակը: Հնչեցնել ու հանրայնացնել այն, ինչ ասում էին քննարկմանը հրավիրված չորս մասնակիցներից իրենց հակաքրիստոնեական, հակաեկեղեցական հայացքներով հայտնի երկու անձի՞նք, ատելության եւ արհամարհանքի խոսքով վիրավորելով որոշակի առումով ազգը միավորող Հայ եկեղեցուն ու հայ մարդու ազգային-կրոնական զգացմունքները: Վարկաբեկելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ու դրա հետաքրքրական, հաճելի եւ ուսանելի դասագրքերըՙ նաեւ այսօր քիչ հանդիպող մաքուր, գեղեցիկ գրական հայերենով աչքի ընկնող: Երեխաների մեջ ազգային արժեհամակարգի դաստիարակմանն ու ձեւավորմանը, մեր մատաղ սերնդին այսօր վխտացող զանազան աղանդավոր եւ այլ չարամիտ, ազգակործան առաքելությամբ գործող տարրերից գաղափարապես պաշտպանված դարձնելուն նպաստող... Եվ միգուցե այդ պատճառո՞վ այսօր թիրախ դարձվող:

Էլ ի՞նչ է մեզ մատուցվում հիմա

Այսօր մեր նորօրյա «առաջընթացին» միտված մյուս քայլերից մեկը մերթ-մերթ ակտիվանալ փորձողՙ այլասերության արդեն անթաքույց քարոզն է, որը վերջին շրջանում մերթ հանդես եկավ հայ մանկա՛ն համար նախատեսված «Իմ մարմինն անձնական է» գրքույկի, մերթ ազգային խորհրդարանի՛ ամբիոն հասած տրանս-չգիտեմինչի կոչի տեսքով: Այդ «առաջընթացը» փորձում է թափանցել, խարխլել նաեւ հայ ընտանիքն ու նրա արժեքները, յուրովի «դաստիարակել» մեր մատաղ ու երիտասարդ սերնդին: է՛լ, ըստ որոշ աղբյուրների, անգամ Ադրբեջանի կողմից չստորագրված Ստամբուլյան կոնվենցիա, կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելում, էլ այդ գծով պատրաստված մասնագետներ, որոնք պիտի ձգտեն ու աշխատանք ունենան, է՛լ դպրոցականների համար կրթության նախարարություն-սորոսյա՛ն հիմնադրամ գործակցությամբ ամառային դպրոց (տե՛ս «Ազգ», 2019 թ. հունիս 21), է՛լ «Փոխակերպելով կրթությունը» (ըստ ՄԱԿ-ի), ազգային քաղաքականությունը վերանայող «Երիտասարդության մասին օրենքի» մշակվող նախագիծ, է՛լ «Համընդհանուր արժեքների խթանում կրթության եւ մշակույթի միջոցով»...

Այս եւ հայտնի այլ «համընդհանուր արժեքներին» ու «ժամանակակից պահանջներին», ինչպես ստիպված ենք ենթադրել նաեւ Հայաստանի Կ. Գ. Մ. Ս. նախարարի պրպտուն մտքի նորանոր արգասիքներից, խանգարում է... ազգայինը: Օրինակՙ Կրթության ազգային ինստիտուտը: Ինչքան էլ մարդիկ, այդ հաստատության հանրույթը փորձեցին փաստարկներ բերել, համոզել, որ չի կարելի փակել այդ կայացած, դպրոցի գիտամեթոդական հիմքը ստեղծող կառույցը, լսող չեղավ. այդպես էին որոշել եւ վերջ: Հիմա, երբ նախարարը պաշտոնապես հայտարարել է, որ վերանայվում են հանրակրթության պետական չափորոշիչներն էլ եւ հենց հայագիտական առարկաների մասով վերանայումներ են լինելու ու կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից, ակամա տագնապում ես. նաեւ կրթության հիշյալ ինստիտուտի մասնագետների հեռացումից հետո այս պարոնը ո՞ւմ հետ է դա անելու եւ ի՞նչ է մեր դպրոցի որոշ առարկաներին սպառնում: Հանրապետության ոչ մասնագիտական բուհերում հայագիտական առարկաների դասավանդումը ոչ պարտադիր դարձնելու եւ հետն էլ Գիտությունների ազգային ակադեմիային դիպչելու վերը նշված նախագիծն ավելացրել է այդ անհանգստությունը:

Ձեռքներդ հեռո՛ւ մեր լեզվից ու ինքնությունից

Ի՞նչ է նշանակում բարձրագույն կրթություն: Գոնե մեր պատկերացմամբ, այն միայն որոշակի մասնագիտություն ստանալ չէ: Առաջ մեզ մոտ բուհերի մեծ մասն ինստիտուտներ էին, մեկըՙ համալսարանՙ Երեւանի պետական համալսարանը: Նույն մասնագիտությամբ, ասենք, մանկավարժական ինստիտուտում ուսուցումը չորս տարի էր, համալսարանումՙ հինգ, որովհետեւ այս երկրորդում ընդհանուր զարգացման ավել առարկաներ էին անցնում: Եվ որեւէ մեկին ի գնահատումն կարող էին ասելՙ նա համալսարանավարտ է: Իհարկե, նման առարկաներ նաեւ ինստիտուտում էին անցնում:

Այսօր առավել եւս, երբ մեր բոլոր բուհերը համալսարաններ են, նրանք մասնագիտություն տալու հետ մեկտեղ պետք է պատրաստեն ընդհանուր մտավոր զարգացման եւ աշխարհընկալման որոշակի մակարդակ ունեցող գրագետ, նախաձեռնող, համամարդկային եւ ազգային կարեւորագույն արժեքներին գոնե նվազագույնս տեղյակ եւ այդ արժեքների կրող քաղաքացի անհատներ: Որպես մեր պարագայում խիստ կարեւոր, նաեւ ազգային նկարագրով անհատներ: Իսկ համամարդկայինը եւս առանց ազգայինի չի կարող գոյություն ունենալ:

Ազգը պահողը լեզուն է ու հավատը: Ինչ էլ որ ասեն այսօր չափից ավելի զարգացած որոշ խելոքներ, Խաչատուր Աբովյանի այս խոսքերը մեզ նման խնդիրներ ունեցող ազգի համար չեն կորցրել իրենց արդիականությունը: Մեր ազգային ինքնության գլխավոր կռվան հայոց լեզվին, մեր գրական լեզվի հարստությանը պատշաճ չտիրապետողը եւ իր մտքերն ըստ այդմ շարադրել չիմացողը չի կարող գրագետ մարդ համարվել, ինչ մասնագիտական կրթություն էլ որ ստացած լինի:

Հզոր եւ խելոք ազգերը մեծ դրամական միջոցներ ծախսելովՙ իրենց լեզուն են տարածում աշխարհում, անգամ պարտադրում այլոց, իսկ մենք ի՞նչ ենք անում, ինչպե՞ս ենք վարվում հազարամյակներով հղկված մեր լեզվի հետ: Այսօր Հայաստանում լեզվագործածության խայտառակ վիճակ է տիրում, առավել հանդիպողը փողոցի լեզուն ու ժարգոնն են, նաեւ հեռուստաէկրանից ամեն օր ներարկվող: Մեր խորհրդարանում անգամ, կառավարման վերին օղակներում արհամարհված է օրենքով իսկ պաշտոնական լեզու համարվող գրական հայերենը, ընդհանուր պետական հոգածություն չկա, կարծես թե դա միայն լեզվի կոմիտեի «զբաղմունքն» է:

Ասում էՙ դպրոցում անցնում են: Թե ինչպես են անցնում, ցույց են տալիս նաեւ միասնական ավարտական քննությունները, երբ բուհի դիմորդները, հաճախ բարձր գնահատական ստանալով օտար լեզուներից, ամենից շատ կտրվում են մայրենի լեզվից կամ մի կերպ են հանձնում այն: Եթե անկեղծ մտածող եք, ահա այս մասին մտածեք: Հայագիտական առարկաների մասով վերանայումնե՞ր են լինելու, թող լինեն, բայց ոչ թե «բեռնաթափելով», այլ դրանց դասավանդման արդյունավետությունը մեծացնելով: Եվ լինեն ոչ թե չինովնիկական, այլ համակողմանի լուրջ ու հեղինակավոր մասնագիտական վերանայումներ, նաեւ առանց դպրոցին հակացուցված հեղափոխական կտրուկ փոփոխությունների: Հայագիտական առարկաներից տարբեր դասարաններում «կրկնվողները» ոչ թե նույնությամբ կրկնվում, այլ տարբեր տարիքներում միմյանց լրացնելովՙ գիտելիք են ամբողջացնում ու ամրապնդում: Այս է իրականությունը:

Հենց մեր Գիտությունների ազգային ակադեմիան հարվածի տակ, դպրոցում ու բուհումՙ հենց հայագիտական առարկաներըՙ հայոց լեզուն, հայ գրականությունը, Հայոց պատմությունը... Ազգային ոգի ու հոգեկերտվածք ձեւավորող, նաեւ ազգային շահերի ու խնդիրների կրողներ դաստիարակող:

Դուք ուզում եք ապազգային ու ժամանակի մարտահրավերների դեմ անպաշտպան մտավորական սերո՞ւնդ կրթել:

...Պետհամալսարանի մեր դասախոսների հրաշալի փաղանգից պրոֆեսոր Թորգոմ Ջուհարյանըՙ մի տարեց բարի ու իմաստուն այր, ասում էր. «Երեխեք ջան, կյանքում ինչ դառնում եքՙ դարձեք, ձեր ազգի պատմությունը լավ իմացեք»: Կարծում ենքՙ որպեսզի նաեւ իմանանք ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում, ինչն ենք սխալ արել կամ չենք արել, հիմա ու հետո ինչ պիտի անենք... Իր պատկերավոր լեզվով մոտավորապես այս չի՞ ասել նաեւ մեծն Թումանյանը. «Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»:

Մեր երկրի ապագա տերերի ձեռքին այս լապտերը հանգցնել մտածողն իսկ... պետք է հեռանա: Հապահովագրումն նաեւ հանրակրթության ոլորտում նման հնարավոր ավերմունքից եւ ի դաս հետագա պաշտոնյաների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ