ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅ ԵՎ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

7
Հոկտեմբերի 8-ին, մոտ մեկ տասնամյակ ընդմիջումից հետո, Արեւելյան եւ Միջին Արեւելքի (Eastern and Oriental) ուղղափառ եկեղեցիների առաջնորդները հյուրընկալվել են Նյու Յորքի Սբ. Վարդան հայկական եկեղեցում քննարկելու կրոնական կրթության, ամուսնության, մկրտության, հարաբերությունների սերտացման եւ Միջին Արեւելքում ներկայիս ծավալվող իրադարձությունների հարցերը:«Միրոր Սփեքթեյթր» պարբերականի հաղորդմամբ Ամերիկայում Հույն ուղղափառ եկեղեցու նորանշանակ առաջնորդ Էլպիդոֆորոս արքեպիսկոպոսին եւ Ղպտիների ուղղափառ եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Դեյվիդին, որ Միջին Արեւելյան եկեղեցիների մշտական կոնֆերանսիՙ «SCOOCH-ի» ղեկավարն է, ընդունել են Հայ եկեղեցու Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ Դանիել եպիսկոպոս Ֆընդքյանը, կաթողիկոսական նվիրակ եւ էկյումենիկ տնօրեն Վիգեն արք. Այքազյանը եւ այլ հոգեւորականներ:«Հանդիպումը պատմական էրՙ խոստումնալից եւ ջերմ: Տիրապետում էր բարի կամեցողությունը եւ առաջ շարժվելու հավատն ու հույսը», նշել է Դեյվիդ եպիսկոպոսը: Իսկ Էլպիդոֆորոս արքեպիսկոպոսը ավելացրել է, որ եղբայրական ոգին նոր շունչ է հաղորդելու եկեղեցիներին:Կողմերը համաձայնել են կրկին հանդիպել դեկտեմբերին: Ծրագրել են կազմակերպել համատեղ համերգ ծննդյան տոների առթիվ եւ համաուղղափառ եկեղեցիների երիտասարդական համաժողով 2020-ի ամռանը: