RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1660, Տպվել է` 158, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԱՎ ԲԱՆ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը անցյալ շաբաթ Ռուսաստանի դաշնության իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հրավերով կարճատեւ աշխատանքային այցով ժամանեց Սոչի: Մերձավորարեւելյան տարածաշրջանում էական, եթե չասեմՙ վճռական դերակատարություն ստանձնած այս երկու պետությունների առաջնորդները 6 ժամից ավելի լարված քննարկում էին Սիրիայում ստեղծված իրավիճակը: Այդ մասին «Ազգ»ի նախորդ համարում ընդարձակ վերլուծականներ էին տպագրվել: Ավելացնեմ, որ ռուսական հեռուստաալիքները, մասնավորապես -ն, շնչասպառ ուրախությամբ իրենց ունկնդիրների ուշադրությունն էին հրավիրում Պուտինի եւ Էրդողանի ստորագրած հուշագրի մանավանդ մի քանի կետերի վրա: Ընդգծում էին, որ թուրքերը համաձայնել են Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու ռուսների առաջարկին: Չափավորել են Սիրիայի հյուսիսում թուրքական անվտանգության գոտի ստեղծելու իրենց պահանջները եւ համաձայնել են ոչ թե 400, այլ չորս անգամ պակաս երկարությամբ ու 30 կմ խորությամբ մի տարածքում (3000 քառ. կիլոմետր) ժամանակավորապես պահել իրենց զինուժը: Իբրՙ Իսլամական պետության զինյալներին եւ իբր նրանց աջակցող քրդական զինված ուժերի ստորաբաժանումներին, որոնց թուրքերը համարում են ահաբեկչական խմբեր, չեզոքացնելու նպատակով: Այլեւս չեն պնդում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի անհապաղ հեռացումը իշխանությունից:

Մոսկովյան հեռուստաալիքը ընդունում էր, թե թուրքերի ստորագրած փաստաթղթի բծախնդիր կատարմանը շատ մեծ վստահությամբ վերաբերվել չի կարելի: Այնուամենայնիվ, ռուս-թուրքական հուշագրի ստորագրումը համարում էին Ռուսաստանի արտաքին քաղաքականության խոշոր նվաճումը: Մանավանդ, ամերիկացիների կողմից հերթական անգամ խաբված ու լքված քուրդ փեշմերգաները (զինյալները) զանգվածորեն մտնում են սիրիական կանոնավոր բանակի շարքերը, որպեսզի այսուհետ ազատվեն ահաբեկիչ կոչվելու եւ թուրքերի կողմից բնաջնջվելու իրական սպառնալիքից: Այսինքն, Սիրիա թուրքական բանակի մուտքը նպաստել էր Սիրիայի քրդերի անկախության ձգտումների զսպմանըՙ օժանդակելով ներսիրիական ճգնաժամի հաղթահարմանը: Իսկ ամերիկացիները քրդերին լքելուց հետո իրենց զորքերը դուրս են բերել Սիրիայից եւ դեռ երկու շաբաթ առաջ նրանց զբաղեցրած ռազմական բազան, անկողինները դեռ չսառածՙ անցել էր ռուսներին:

Այս արտահայտությունը ռուս մեկնաբանները առանձնահատուկ հրճվանքով էին նշում: Ասել էՙ Մոսկվան մեծացրել է մերձավորարեւելյան տարածաշրջանի սիրիական հատվածում իր ռազմաքաղաքական ներկայությունը, իսկ դա համաշխարհային քաղաքական թատերաբեմում ռուսական ազդեցության մեծացման անխաբ վկայությունն է:

Սակայն այս ամբողջ պատմությունը, իմ տպավորությամբ, թուրքերի կողմից ռուսներին հերթական անգամ խաբելու նոր մի փաստ է: Եվ դա անուղղակիորեն խոստովանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըՙ հոկտեմբերի 23-ին բոլորի համար անսպասելի հայտարարելով, թե վերացնում է Սիրիայում ամերիկացիների դաշնակից քրդական ուժերի դեմ սկսված ապօրինի ռազմական գործողությունների համար Թուրքիայի նկատմամբ ընդամենը այս հոկտեմբերի 14-ին Վաշինգտոնի հայտարարարած պատժամիջոցները: Մասնավորապեսՙ ամերիկյան բարձրորակ պողպատը թուրքական շուկաներ արտահանելու վրա դրված սահմանափակումները: Թրամփի հեռատեսությունը չբավարարեց գոնե մի փոքր էլ համբերելու, որպեսզի այդքան ճչացող չլիներ թուրք-ամերիկյանՙ ակնհայտորեն ավելի վաղ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածության հրապարակայնացումը: Փաստորեն, Թրամփի կողմից Անկարայի, իսկ Էրդողանի կողմից ԱՄՆ-ի հասցեին վերջին շրջանում գրեթե բոլոր ամբիոններից սփռվող հոխորտանքները ընդամենը ձեւականություն էին: Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորը ինչպես եղել, այնպես էլ մնում է վաշինգտոնյան ուղղությունը: Երկուսն էլ շարունակում են իրենց աշխարհաքաղաքական տանգոնՙ հակամարտություն են բեմադրում, որպեսզի բթացնեն աշխարհի զգոնությունը:

Մեւլութ Չաուշօղլուն հոկտեմբերի 23-ին Սոչիից մեկնեց Բաքուՙ հավանաբար այս նրբությունը ազերի դաշնակիցներին հասկանալի դարձնելու առաքելությամբ: Ամեն դեպքում անձամբ ես թուրք-ամերիկյան ու ռուս-թուրքական զուգապարերից ոչ մեզ, ոչ էլ աշխարհի համար ոչինչ լավ չեմ ակնկալում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ