RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



ԱՆՑՈՒԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1885, Տպվել է` 169, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺՈՂՈՎՐԴԻ ՍԻՐՈ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Որովհետեւ ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել»

(Ա Տիմոթ.6:7):

Թերթի նախորդ համարում Հովիկ Աֆյանն ու ես, իրարից անկախ, անդրադարձել էինք այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակի ու մենատիրության միջեւ եղող նմանություններին: Չնայած նրան, որ մեր պետության բարձր ամբիոններից մարդիկ խոսում են բարձր արժեքներից, որոնցից մեկը ժողովրդավարությունն է, մենք ստեպ-ստեպ ականատես ենք լինում բռնաճնշումների այնպիսի դեպքերի, որոնք հարիր էին անցյալ դարի առաջին կեսին, եւ զուր չէր, որ Հովիկի եւ իմ բերած օրինակները կոնկրետ շոշափում էին հենց այդ ժամանակաշրջանը, ժամանակաշրջանՙ երբ աշխարհի մի հսկայական հատվածում երկու հասկացություն կարՙ ժողովուրդ եւ ժողովուրդների հայր Ընկեր Ստալին:

Ստալինիզմի դրսեւորման դեպքեր մեր երկրում վերջին մեկ տարվա ընթացքւոմ շատ են եղել, ամենաթարմը իշխանական թեւի պատգամավոր Վարազադատ Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող հյուրատան մանրակրկիտ ստուգումներն են, որոնք շարունակվում են մոտ երկու ամիս: Իհարկե, Վ. Կարապետյանն այս ամենի մեջ բացառում է քաղաքական գործոնը, բայց, երեւի ինքն էլ, երբ մենակ է մնում, իրեն հարց է տալիսՙ ինչո՞ւ ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ ես դեմ արտահայտվեցի Ամուլսարի հանքի շահագործմանը:

Թե որքան մեծ գիտական ներուժ ունի Վ. Կարապետյան անձը, գիտեն շատերը, այդ նույն շատերը նաեւ շատ լավ գիտեն, որ իշխանական թեւի պատգամավորներից շատ շատերը կերազեին նրա իմացածի մի մասն իմանալ, գոնե ներկայանալի լինելու համար: Բայց արի ու տես, որ այդքանով հանդերձ, վարչապետ Փաշինյանը չի խնայում նույնիսկ նրան, որովհետեւ դեմ է արտահայտվել իր կարծիքին: Այսինքնՙ ստացվում է, որ ժողովրդավարության քողի տակ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարությունը կամաց-կամաց ավտորիտարիզմի սերմեր է շաղ տալիս, որոնց նախադեպերն արդեն տեսել ենքՙ դատավորների մասին արված հայտարարությունից հետո: Մարդը բազմակարծությունից է խոսում, բայց իր կարծիքից տարբերվող կարծիք չի ցանկանում լսել, էլ չեմ խոսում քննարկելու մասին:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությանը ոչ ականջահաճո հայտարարության հեղինակին անպայման այցելելու է ԱԱԾ-ն կամ ՀՔԾ-ն: Իհարկե, այցելությունների մեծ մասը կոնկրետ պատճառներ ունեն, բայց այդ պատճառների մասին, զարմանալիորեն, հիշում են միայն այն ժամանակ, երբ մարդը մի փոքր շեղվում է իշխանական «գաղափարախոսությունից»: Եվ սկսվում է ատելությունը այդ անձի, նրա շրջապատի նկատմամբ:

Վերոհիշյալ ատելության դրսեւորման հետեւանքն էր նաեւ շաբաթ առավոտյան Գյումրի-Երեւան ավտոճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանիՙ 1975-2019թթ թվագրությամբ «շիրմաքարը»: Իհարկե, երեւույթը տգեղ է, նողկալի եւ անընդունելի, բայց ո՞վ է մեղավորը, ո՞ւմ հորդորների ու հիացական հայացքների ներքո էին մեկ տարի առաջ Երեւանում «ՀՀԿ-ին» մակագրությամբ ծաղկեպսակներ ու սեւ ժապավեններ սփռում, ո՞վ էր կոորդինացնում նախկին իշխանությունների լուսանկարներն աղբանոցներին ու մայթերին փակցնելու աշխատանքները: Ինչ որ ցանես, այն էլ կհնձես:

Եթե վարչապետը ժամանակին դատապարտեր արձաններ տեղադրելու երեւույթը, այսօր, վստահաբար, շիրմաքար չէր հայտնվի նույն ավտոճանապարհին: Բայց նա, կարծես ցանկանալով օրինականացնել այդ քայլը, հայտաարարեց, թե դա ժողովրդի որոշումն է, եւ ինքը չի կարող դեմ գնալ դրան, չնայածՙ քաջ գիտակցում էր, եւ բոլորն էին գիտակցում, որ արձանների տեղադրումը հստակ հանձնարարված է. հեղինակի անունն էլՙ ժողովուրդ: Այսօր, երբ նույն մարդու պատվին շիրմաքար է կանգնեցվել, ի՞նչ է արվելու: Պարզից էլ պարզ է, որ կոնկրետ հրահանգով է արված, բայց հեղինակի անունն էլի ժողովուրդ է, այսինքնՙ սա էլ ժողովրդի որոշում է, ի՞նչ արած:

Այս ամենի մեջ ցավալին այն է, որ փառահեղ արձաններից հետո, նույն ավտոճանապարհի վրա, վարչապետի անունով շիրմաքար են կանգնեցրել ու վրան գրելՙ «մեռավ սուտ խոսելով»: Արձանները վարչապետի պերճանքն էին, շիրմաքարըՙ թշվառությունը: Ահա՛ ժողովրդի սիրո ու հավատի հակառակ կողմը, ահա՚ սիրո ու հանդուրժողականության հակառակ կողմը, ահա՛ պերճանքի հակառակ կողմըՙ թշվառությունը...

Այո, հնձում ենք այն, ինչ ցանել ենք, եւ դատվում ենք այն դատով, որով դատել ենք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ