RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1816, Տպվել է` 170, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՆԹՅՈՒՐՔԻԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Թուրքիան օգտվեց կովկասյան տարածաշրջանում նախասովետական իրարանցումիցՙ ստորագրելով 1923-ին Կարսի պայմանագիրը եւ շարունակում է ներկայիսՙ հետխորհրդային ժամանակաշրջանում օգտվել ուժերի վերադասավորումից: Խորհրդային կայսրության փլուզումից անմիջապես հետո Անկարան խուժեց Կենտրոնական Ասիա, որտեղ ժամանակին Էնվեր փաշան անհաջող փորձ էր կատարել հիմնելու թյուրքական մի կայսրություն եւ կրոնական գործոնը օգտագործելով վերականգնել խալիֆայությունը: Էթնիկական տարբեր փոքրամասնություններ, որոնք դաստիարակվել էին աթեիստական գաղափարախոսությամբ, կուլ չտվեցին խայծը, հակառակ որ Թուրքիան միլիոններ ներդրեց մզկիթներ եւ կրոնական մադրասաներ կառուցելու գործում:

Այդ ժամանակաշրջանից ի վեր Թուրքիան շատ ավելի արդյունավետ միջոց է ձեռք բերել տարածաշրջանում ազդեցության գոտի հիմնելու համար, եւ դա համընդհանուր լեզվի գործոնն է: «Վեց պետություն-մեկ ազգ»ՙ սա՛ է ներկայիս կարգախոսը:

Որոշ պատմաբաններ եւ վերլուծաբաններ հեռու էին վանում այն մտահոգությունները, թե Թուրքիան իրոք կարող է հետամուտ լինել նման մի ծրագրի իրագործմանը: Բայց վերջերս Բաքվում կայացած մի համագումար, որտեղ լեզվական առումով իրար հետ կապված Կենտրոնական Ասիայի բոլոր ազգություններն էին հավաքված, դրա վառ ապացույցը դարձավ:

Միջոցառմանը թեթեւակի անդրադարձավ Չինաստանը, որը տարաձայնություններ ունի Թուրքիայի հետ իր Սինցզյան-ույղուրյան ինքնավար շրջանում մահմեդականների հետ վերջինիս վերաբերմունքի առնչությամբ: Բայց թուրքական երազանքի վերակենդանացումը, այլոց շարքում, պետք է մտահոգի նաեւ Հայաստանին:

Սիրիայի տարածք ներխուժումից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը շտապեց Բաքու մեկնել մասնակցելու համար վերոնշյալ համագումարին, որի քննարկումների նկատմամբ Հայաստանն ու հայությունն ընդհանրապես չեն կարող անտարբեր մնալ: Համագումարում հնչեցրած իր ելույթում Ադրբեջանի նախագահը մի էական հարց բարձրացրեց Հայաստանին մեղադրելով թյուրք ժողովուրդների սահմանային մերձեցումը խոչընդոտելուՙ Զանգեզուրի կամ Սյունիքի ամենահարավային շրջանն իր տարածքում պահելու համար: Որոշ վերլուծաբաններ նկատեցին այս վտանգավոր զարգացումը, մինչ Հայաստանն ու իր քաղաքական եւ օրենսդիր մարմինները զբաղված են նախկին վարչակազմի հետ հաշիվները մաքրելու գործով:

Ալիեւի ելույթը շարունակությունն էր այն քաղաքականությանը, որ նա արդեն բավական ժամանակ է, ինչ զգուշորեն վարում է: Այդ քաղաքականությունը անհրաժեշտ է դիտարկել Թուրքիայի տարածքային փառասիրության շրջանակներում:

Հաշվի առնելով, որ աշխարհի հզորագույն պետության առաջնորդը «առատաձեռնորեն» Գոլանի բարձունքները նվիրեց Իսրայելին, եւ Սիրիայի մի մասն էլ, որպես անվտանգության գոտի, Թուրքիային, խաղը կարծես խիստ վտանգավոր ընթացք է թեւակոխում, եւ անհրաժեշտ է լուրջ մոտեցում դրսեւորել:

Երբ Բաքուն եւ Անկարան աչք են դրել Կենտրոնական Ասիայի տարածքների վրա, Լոզանի 1923 թվի պայմանագիրը վերանայելու Էրդողանի փորձերը անվտանգության առումով իսկական սպառնալիք են դառնում իր հարեւանների համար:

Հայտնի է, որ Լոզանի պայմանագիրը փաստորեն օրինականացնելով Օսմանյան կայսրության փլուզումը, հաստատեց Թուրքիայի հանրապետության արդի սահմանները: Թուրքիայի առաջնորդները իրենց սրտի խորքում երբեք չեն համաձայնվել ստեղծված իրավիճակի հետ: Ժամանակին, նախկին արտգործնախարար Դավութօղլուն էր պահանջում Թուրքիային միացնել Իրաքի եւ այլ շրջանների «կորսված տարածքները»: Այսօր Էրդողանն է նույն հանգերգը հնչեցնում:

Առաջին հերթին Էրդողանն այն փաստից է դժգոհ, որ Էգեյան կղզիները Հունաստանին են միացվել: Դա մի շարք ռազմական ընդհարումների է տեղի տվել թուրքական եւ հունական օդուժի միջեւ, չնայած երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են: Նախագահ Բուլենթ Էջեւիթի ղեկավարությամբ 1974 թվին իրականացված «Աթիլլա գործողության» ժամանակ Թուրքիան բռնազավթեց 38 տոկոսը Կիպրոսի տարածքի, որը մինչեւ 1878 թվականը Օսմանյան կայսրության մաս էր կազմում, իսկ այդ թվականից անցավ Անգլիական իշխանությանը: Թուրքիան իր զորքերն է տեղակայել նաեւ Իրաքի տարածքում, ամենատարբեր պատրվակներով, եւ ոչ մեկը չի կարող ասել, թե նա երբեւէ դուրս կգա այդտեղից:

Այսօր, Սիրիայի հյուսիսարեւելյան շրջանում «անվտանգության գոտի» է հաստատվել, որտեղից բնիկ քրդերը դուրս են մղվում եւ որտեղ նախագահ Թրամփն էլ խորհրդանշական թվով ամերիկյան զորքեր է պահում հսկելու համար նավթահորերը: Իր քաղաքական եւ տարածքային փառասիրությունները կարողանալ պաշտպանելու համար, Էրդողանը ձգտում է ձեռք բերել միջուկային զենք, որպեսզի դառնա սարսափազդու սպառնալիք տարածաշրջանում:

Վաշինգտոնից ստացված լրատվության հիման վրա «Նյու Յորք Թայմսը» գրում է. «Թուրքիայի նախագահը ավելին է ուզում, քան սոսկ Սիրիայի մի լայն հատվածի վերահսկողությունը: Նա ասում է, որ Ռումբ է ուզում: ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ բացահայտ տարաձայնության մեջ գտնվելու, ռազմական ներխուժում իրականացնելու Սիրիայի տարածքում եւ անպատիժ մնալու պայմաններում, նրա սպառնալիքը նոր իմաստ է ձեռք բերում: Եթե Մ. Նահանգները չկարողացավ արգելել, որ նա կոտորի իր քուրդ դաշնակիցներին, ինչպե՞ս կարող է կանգնեցնել նրան, որ չստեղծի իր միջուկային զենքը կամ Իրանի օրինակով ձեռք չբերի այն ստեղծելու համապատասխան տեխնոլոգիական միջոցները»:

Լրատվության շարունակությունը կարդալով պարզ է դառնում, որ Թուրքիան տեխնիկապես եւ իրապես իր տրամադրության տակ արդեն իսկ ունի միջուկային զինանոց: «Մեկ ուրիշ գործոն էլ կա այս խորհրդավոր ատոմային թնջուկի մեջ. մոտավորապես 50 ամերիկյան միջուկային զենքեր ներկայիս գտնվում են թուրքական սահմանում: Մ. Նահանգները երբեք էլ բացահայտորեն չէր խոստովանել դրանց գոյության մասին, մինչեւ որ վերջերս նախագահ Թրամփը հայտարարեց այդ մասին»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչքանո՞վ է դրանց վերահսկողությունը պաշտպանված, հոդվածի հեղինակը նշում է. «Չեմ կարծում, որ բոլորը վստահորեն կասեն, թե վերահսկողությունը պաշտպանված է, որովհետեւ օդային բազան (հողակտորը) պատկանում է թուրքական կառավարությանը եւ եթե Թուրքիայի հետ հարաբերությունները վատթարանան, ամերիկյան կողմի մուտքն այդ տարածք երաշխավորված չէ»:

Բացի Սիրիայում նորաստեղծ «անվտանգության գոտուց», Թուրքիան մի ամբողջ ինքնավար մարզ է տնօրինում այնտեղՙ Հաթայը (նախկին Ալեքսանդրեթը), որը 1939-ին գաղութարար Ֆրանսիայի համաձայնությամբ միացվել է Թուրքիային: Եթե Թուրքիան խաբեբայական ոտնձգություններով կարողացել է Սիրիայից, Իրաքից, Հունաստանից եւ Կիպրոսից տարածքներ յուրացնել, Հայաստանը նրա համար մեծ խնդիրներ չի կարող առաջացնել: Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարեյանը «Tert.am»-ում գրում է, որ Թուրքիան անտեսում է համաշխարհային հանրության կարծիքը ամեն անգամ, երբ ներխուժում է իր հարեւանների տարածքները եւ հարցնում, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ նույն բանը չի կարող տեղի ունենալ Հայաստանի հետ:

Բարեբախտաբար, Գյումրիում տեղակայված ռուսական բազան կարող է տարհամոզել Թուրքիային նման քայլի չդիմել: Կրեմլը բազան կառուցել է իր շահերից ելնելով, անշուշտ, որպեսզի կարողանա վերահսկել կացությունը Կովկասում եւ նաեւ Մերձավոր Արեւելքում:

Ալիեւի ակնարկները Զանգեզուրի վերաբերյալ նորություն չեն: Թուրքմենստանում մեկ այլ համաժողովի ընթացքում նա մեղադրել էր Հայաստանի կառավարությանը Գարեգին Նժդեհին պատվելու համար: Նա նույնիսկ «նացիստների գործակից» էր անվանել նրան: Ընդունելով հանդերձ Նժդեհի համագործակցությունը նացիստական Գերմանիայի հետ, անհրաժեշտ է ընդգծել այն փաստը, որ Նժդեհը պատմականորեն մնում է որպես Զանգեզուրի պաշտպանողն ու ազատագրողը: Հայաստանը շրջապատված է թշնամի պետություններով եւ կառավարության շահերից չի բխում Նժդեհի հարցով քաղաքական խնդիրներ առաջացնել հարեւանների հետ:

Նժդեհից բացի, 1918 թվի Բաշ Ապարանի ճակատամարտի հերոս Դրոն էլ է համագործակցել գերմանացիների հետ, ինչը մեզ հիշեցնում է 1916 թվի Վերդենի ճակատամարտի հաղթական հերոս մարշալ Ֆիլիպ Պետենին, որ հետագայում խորտակեց իր հեղինակությունը, երբ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանացիները գրավեցին Ֆրանսիան եւ Վիշիի ֆաշիստամետ վարչակարգը ստեղծեցին նրա եւ Լավալի գլխավորությամբ: Պատերազմից հետո նա մահվան դատապարտվեց որպես դավաճանի:

Այնպես որ, ոչ թե քաղաքական նպատակահարմարությունը, այլ պատմությունն է դատավորը Պետենի, Նժդեհի եւ Դրոյի արարքների:

Այդ առումով Թուրքմենստանում Ալիեւի հնչեցրած մեղադրանքներին հավուր պատշաճի պատասխանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը , հպարտություն պատճառելով հայերիս:

Իրականում գերմանացիները «ազգային գումարտակներ» էին կազմավորել գերի ընկած խորհրդային զինվորներից: Ստեղծվել էին ռուսական, բելոռուսական, ադրբեջանական եւ այլ գումարտակներ, որոնք պետք է «ազատագրեին» իրենց համապատասխան հայրենիքը խորհրդային իշխանությունից: Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ բոլոր այդ գումարտակների մարտիկները նացիստների գործակիցներն էին դարձել:

Զանգեզուրը կարեւոր ռազմավարական տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի համար: Դրա համար էր, որ Հայաստանի եւ սփյուռքի հայկական շրջանակները ըմբոստացան, երբ Ռոբերտ Քոչարյանը «Քի Ուեստի» գագաթաժողովում պատրաստվում էր Մեղրին հանձնել Հեյդար Ալիեւինՙ Արցախի փոխարեն:(*)

Թուրքիայի հզորությունը օրեցօր ուժգնանում է, իսկ Ադրբեջանն էլ իր աննկուն մարտավարությունը մշակում է նրան որպես թիկունք ունենալով: Թուրքական պետությունների դաշնությունը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլեւ Ռուսաստանի եւ Չինաստանի համար, եւ այստեղ է, որ ազգային շահերը համընկնում են:

Եզրակացությունը թողնենք այդ պետություններին:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

*) Իրականում Մեղրին հանձնելու մասին խոսք չի կարող լինել. նախագահ Քոչարյանը հետագա քննարկման նպատակով պայմանականորեն ընդունել է Ադրբեջանին Մեղրիի վրայով վերգետնյա ճանապարհ տալու ամերիկացիների գաղափարը:- Ծ. Խ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ