RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ. Սիրելի «ԱԶԳ»ականներ, այս օրերի համար ոչ անսպասելի հանգամանքների պատճառով, «ԱԶԳ» շաբաթաթերթի հունիսի 5-ի համարի նյութերը հրապարակվում են վաղը՝ 6 հունիսի առավոտից սովորական՝ azg.am ԼՐԱՀՈՍ հպման տակ, եւ, միաժամանակ, azgonline.am մեր կայքէջերում։ Գումարած թերթում լույս տեսած նյութերի հրապարակվում են նաեւ այլ հոդվածներ ու մեկ հարցազրույց, որոնք տեղի սղության պատճառով դուրս են մնացել թերթի էջերից։ Ապավինում ենք ընթերցողների ներողամտությանը՝ կամքից անկախ պատճառներով պատահած ուշացման համար։ Խմբագրություն

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1866, Տպվել է` 181, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Բայց թյուրիմացաբար ոչ թե Հայոց ցեղասպանության, այլ... արհեստական վիժեցումն արգելող օրինագծի համար

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների 405-11 հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւը, որտեղ ճանաչմանը զուգահեռ Ցեղասպանության ժխտման դեմ միջոցներ ձեռնարկելու, կրթական ծրագրերով Ցեղասպանության մասին իրազեկվածությունը խրախուսելու եւ դրա հանրային ընկալումը բարձրացնելու կոչ է արվում Միացյալ Նահանգների կառավարությանը: Բանաձեւը Ներկայացուցիչների պալատի օրակարգ են ներկայացրել դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ու հանրապետական Գուս Բիլիրակիսը: Քվեարկությունից առաջ ելույթ են ունեցել մի քանի տասնյակ կոնգրեսականներ: Նախքան ելույթներին անդրադառնալը նշենք, որ նման բանաձեւերն առհասարակ Ներկայացուցիչների պալատի օրակարգ են մտնում արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հաստատվելուց հետո: Այս անգամ, սակայն, թուրքական աղբյուրների վկայությամբ, Ցեղասպանության բանաձեւը օրակարգ է մտել ուղղակի, առանց հանձնաժողովի հաստատման:

Գալով ելույթներին, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին «Այսօր մեծ օր է Կոնգրեսի համար: Եկեք հենց այսօր պարզորոշ ցույց տանք, որ կատարված հանցագործությունն ակնհայտ ցեղասպանություն էր, ռասայական բնաջնջման ոճիր, որը մենք որպես ազատատենչ ժողովուրդ, բարոյապես պարտավոր ենք ճանաչել» խոսքերով կարեւորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, ապա երախտագիտություն է հայտնել բանաձեւի համահեղինակներին, որոնցից Ադամ Շիֆն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության փաստը որեւէ կասկած չի հարուցում, երբեք ուշ չէ ճանաչել ցեղասպանության այդ փաստը: Մեծամասնության ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Սթենլի Հոյերն իր ելույթում ափսոսանք է հայտնել, որ Թուրքիան չի հետեւել Գերմանիայի օրինակին եւ չի ճանաչել Ցեղասպանությունը: Հոյերի օրինակին հետեւել են Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը , արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելն ու բազմաթիվ այլ կոնգրեսականներ:

Նույն օրը Ներկայացուցիչների պալատը 403 կողմ, 16 դեմ ձայներով ընդունեց մեկ այլ օրինագիծ, որով հավելյալ պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի նկատմամբՙ Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողություններ ծավալելու համար: Դրանք նախատեսում են սառեցնել նախագահ Էրդողանի, նրա կնոջ, երկու որդիների եւ դուստրերի, փեսաներով հանդերձ, ունեցվածքն ու բանկային հաշիվներն ԱՄՆ-ում: Օրինագիծն ընդունվելուց հետո պետքարտուղարն արդեն, խորհրդակցելով պետական գանձարանի նախարարի եւ ազգային անվտանգության պետի հետ, պարտավորվում է 120 օրվա ընթացքում պատրաստել Էրդողանի եւ նրա ընտանիքի ունեցվածքի, եկամուտի աղբյուրների եւ գործարար հարաբերությունների մասին համապատասխան զեկուցագիր: Օրինագծով պատժամիջոցներ են նախատեսում նաեւ Էրդողանի տեղակալի, Թուրքիայի պաշտպանության, ներքին գործերի, պետգանձարանի եւ ֆինանսների եւ այլ նախարարներին, պահանջելով ԱՄՆ-ի նախագահից ուժի մեջ դնել դրանք:

Քվեարկությունից անմիջապես հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , որակելով պատմական, ողջունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը Ներկայացուցիչների պալատում: Ողջունելու առումով ՀՀ վարչապետին է միացել արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Բանաձեւի ընդունման առնչությամբ մեծ ոգեւորություն է ապրել ամիրակահայ համայնքը: Հակառակ դրան, այս բանաձեւը բուռն հակազդեցություն է առաջ բերել Թուրքիայում: Դա ընդունելու համար Ներկայացուցիչների պալատին խստագույնս դատապարտել են Թուրքիայի նախագահ Էրդողանը , նրա խոսնակ Իբրահիմ Քալընը , նախագահի տեղակալ Ֆուաթ Օքթայը , նախագահականի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆահրեթդին Ալթունը , արտգործնախարարության գլխավորությամբ մի շարք նախարարություններ, խորհրդարանական բոլոր կուսակցությունները, բացառությամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, ինչպես նաեւ Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը:

Նախագահ Էրդողանը ամոթալի համարեց Ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու Ներկայացուցիչների պալատի որոշումը, ասաց, որ դա իրենց համար որեւէ արժեք չի ներկայացնում, ուստի չեն ճանաչում: Խոսնակ Քալընը բանաձեւը որակելով «պատմությունը քաղաքական նպատակներին ծառայեցնելու ամենաամոթալի օրինակներից մեկը, Թուրքիային ցեղասպանության մեջ մեղադրողներին հորդորեց հետահայաց նայել իրենց արյունալի անցյալին: Արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասաց, որ չարաչար սխալվում են նրանք, ովքեր բանաձեւի միջոցով փորձում են վրեժ լուծել իրենցից: Դատապարտելով հանդերձ բանաձեւի ընդունումը, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն միաժամանակ քննադատեց Էրդողանին, որ ժամանակին չի դիմել կանխարգելիչ միջոցների: Ինչ վերաբերում է Մեջլիսին, ապա նա էլ համատեղ հայտարարությամբ բանաձեւը մերժեց, համարելով դա անհիմն, ինչպես նաեւ պատմական իրողությունները մթագնող փաստաթուղթ:

Բանաձեւը դատապարտող նույն կարգի հայտարարություններով հանդես եկան նաեւ թուրք պետական այլ գործիչներ: Հետեւաբար հարկ չեմ համարում անդրադառնալ նրանց: Բայցեւայնպես չեմ կարող չնշել Թուրքիայի արտգործնախարարության նամակի մասին: Նախարարությունը, նախարար Չավուշօղլուից անկախ, փորձել է առանձին նամակով դատապարտել Ներկայացուցիչների պալատին, բայց թյուրիմացության պատճառով Հայոց ցեղասպանության բանաձեւը դատապարտելու փոխարեն դատապարտել է «արհեստական եղանակով պտուղի վիժեցումն արգելող» բանաձեւը: Ինչպե՞ս: Հարցին հոկտեմբերի 30-ին կայքեջում պատասխանել է ընդդիմադիր «Halk TV» հեռուստաալիքը: Ինտերնետային այդ նամակն արտգործնախարարությունը Ներկայացուցիչների պալատ է հղել հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից անմիջապես հետո: Դրա տեղ հասնելու պահին Պալատում քննարկվել է «արհեստական եղանակով պտուղի վիժեցումն արգելող» HR 269 բանաձեւը, իսկ Ցեղասպանության բանաձեւի կոդը H.Res 296 էր, որն էլ մտադիր էր դատապարտել նախարությունը : Քանի որ նամակում H.Res 296 կոդի տեղը նշվել էր HR 269 կոդը, ուստի նախարարությունն ակամա դատապարտել է վիժեցումն արգելող բանաձեւը: «Halk TV» հեռուստաալիքը միաժամանակ նշում է, որ այս նամակը նույնությամբ տեղադրվել էր արտգործանախարարության կայքէջում, օրվա մեջ, սակայն, սխալն ուղղեցին:

Ակամա հարց է ծագում, ո՞րն է լինելու բանաձեւի ընդունման հաջորդ քայլը: Ընդունված կարգի համաձայն դա պետք է ներկայացվի Սենատին: Թեեւ նախագահական համակարգը ԱՄՆ-ում նախագահին տալիս է վետոյի իրավունք, սակայն Կոնգրեսի երկու պալատներում եթե որեւէ բանաձեւ ստանում է ձայների բացարձակ մեծամասնությունը, այսինքն ավելի քան 2/3-րդը, այդ դեպքում նախագահի վետոն կորցնում է ուժը: Այս մասին նշել են «Eeuronews-ը», «Halk TV-ին» եւ թուրքական այլ կայքէջեր: Համաձայն դրանց, 435 տեղանոց Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, իսկ 100 տեղանոց Սենատումՙ հանրապետականները: Հայոց ցեղասպանության բանաձեւը Պալատում ստացել է 405 ձայն, թեեւ 290-նն էլ բավական էր, եթե Սենատում ստանա առնվազն 67 ձայն, ապա այստեղ եւս ընդունվելու է եւ վավերացման համար ներկայացվելու ԱՄՆ նախագահին: Վերջինս 10 օրվա ընթացքոիմ պարտավոր է ստորագրել բանաձեւը կամ մերժել: Մերժելու դեպքում Կոնգրեսը գումարում է երկու պալատների համատեղ նիստ, ձայների բացարձակ մեծամասնությունը ստանալու պարագային բանաձեւը Կոնգրեսում հաստատվում եւ առանց նախագահի վավերացման ստանում է օրենքի ուժ:

Որքան էլ Սենատում մեծամասնություն ունենան հանրապետականները, մասնագետների կարծիքով նախագահ Թրամփի ազդեցությունը նրանց վրա խիստ թույլ է: Այլ կերպՙ բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ներկայացուցիչների պալատում հաստատված Ցեղասպանության բանաձեւը կհաստատի նաեւ Սենատը եւ դա, անկախ Թրամփից, օրենքի ուժ կստանա: Հարկ է սակայն նշել, որ շոշափելի արդյունքը դեռեւս հսկայական ջանքեր է պահանջում Հայաստանից: Ցեղասպանության ճանաչումը արդյունքի առումով ավելի քան բարդ խնդիր է, ըստ երեւույթին համապարփակ մոտեցում է պահանջում: Առաջին փուլում միջազգայնացվում է Ցեղասպանության ճանաչումը: Երկրորդ փուլում փորձ է արվում քրեականացնել արդեն միջազգայնորեն ճանաչված Ցեղասպանության ժխտումը, իսկ երրորդ փուլում հասնել ցեղասպանության հետեւանքների վերացման հարցի միջազգայնացմանը:

Հայաստանը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առումով շոշափելի հաջողությունների է հասել: Ներկայացուցիչների պալատի Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը, ըստ ամենայնի, նոր թափ կհաղորդի ճանաչման գործընթացի ծավալմանը, եւ հաջողությունները կդառնան ավելի շոշափելի: Որոշակի տեղաշարժեր արձանագրվել են նաեւ Ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու առումով: Եթե հաջողվի զարգացնել ձեռքբերումները, միանգամայն հնարավոր է, որ հայտնվենք Ցեղասպանության հետեւանքները միջազգայնացնելու փուլի շեմին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ