ԲՐԵՔՍԻՏԸ ԿԱՐՈՂ Է ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵԼ

9

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները ընդունել են այն ուղղումը, որը երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին պարտավորեցնում է Եվրոմիությունից խնդրել բրեքսիտի վերջնաժամկետի նոր երկարաձգում: Ըստ որում, նոր փաստաթղթի համաձայն, վարչապետը պարտավոր կլինի դա անել Եվրոմիության հետ հոկտեմբերի 17-ին վարչապետի համաձայնեցրած բրեքսիտի նախագծին առնչվող քվեարկության արդյունքներից անկախ:

Սկզբում Ջոնսոնը հայտարարեց, թե ինքը դա չի անի, բայց հետագայում պարզվեց, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը արդեն երեք նամակ է ուղարկել Բրյուսել: Առաջին նամակում, որը Ջոնսոնը չի ստորագրել, առաջարկվում է պարզապես հետաձգել բրեքսիտի իրականացումը: Երկրորդում պարզաբանվում է, որ առաջինում շարադրված առաջարկությունը իրականում բխում է ոչ թե կառավարությունից, այլ խորհրդարանից: Ջոնսոնի ստորագրությունը կրող երրորդ ուղերձում նշվում է, որ վարչապետը չի ուզում բրեքսիտի հետաձգում, քանի որ դա կվնասի թե՛ Եվրոմիությանը, եւ թե՛ Մեծ Բրիտանիային:

Փորձագետների կարծիքով, խորհրդարանական ընդդիմության գործողությունների պատճառով Եվրոմիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է հետաձգվել եւս մի քանի ամսով: Վերլուծաբանները գտնում են, որ իշխանությունների այդօրինակ քաղաքականությունը երկրում խորացնում է դժգոհությունը կառավարող պահպանողական կուսակցությունից:

Ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Բրուտերի կարծիքով, Բրյուսելը ամենայն հավանականությամբ կընդառաջի բրեքսիտը հետաձգելու Լոնդոնի առաջարկությանը:

Առայժմ բրեքսիտի վերջնաժամկետ է սահմանված հոկտեմբերի 31-ը: