RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



Ի ՀՈՒՇ

Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2236, Տպվել է` 217, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ԲԱՆԱՍԵՐԸ, ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՆՎԻՐՅԱԼԸ

03.07.2019 թ.

Նման մարդիկ հետզհետե պակասում են մեր կյանքում: Քաղաքակիրթ, հայակերտ ու հայաշունչ մտավորականներՙ զուսպ եւ արժանապատիվ, ծանրակշիռ խոսքով ու վարքով, վայելուչ ու կոկիկ արտաքինով, ազգի ու երկրի ճակատագրի նկատմամբ անձնական պատասխանատվության բաժին ստանձնած մտավորականներ, որոնք խոսք ու խոհ ունեն ասելու կյանքի, մշակույթի, լեզվի, դպրոցի ու բուհի կարեւորագույն խնդիրների մասին: Ամեն անգամ, որ հոդված էր բերում մեր խմբագրություն, պատասխանատու քաղաքացու, լրջամիտ մտավորականի, քաղաքական ու գիտական անցուդարձերին շահագրգիռ մոտեցմամբ արձագանքող ողջամիտ մարդու մթնոլորտ էր բերում իր հետՙ պարտադիր զրույցի հավելվածով հանդերձ: Գիտեր առօրյա մամուլի կարեւոր բոլոր հրապարակումները, ուներ նաեւ անկարեւորն ու անցողիկը անտեսելու կարողությունը:

Ընթացիկ տարվա մայիսի 31-ին, 89 տարեկանում վախճանվեց նաՙ մանկավարժ, բանասեր, ուսուցիչ, կրթական գործի կազմակերպիչ Ռոմա Դալլաքյանը, որի հարուստ կենսագրությանը եւ վաստակին նվիրված հոդվածը ստորեւ, գրված իր ընկերների կողմից, արձանագրումն է հայ դպրոցի ու մանկավարժության նվիրյալի նրա կերպարի:

«ԱԶԳ»

Արգասաբեր գործունեության երկար ճանապարհ է անցել ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ ՙ թողնելով ծանրակշիռ վաստակ ու ծառայություն իր հայրենիքին ու ժողովրդին:

Ահա մեր առջեւ է մի փոքրիկ գրքույկ (Դալլաքյան Ռ.Հ. կենսամատենագրություն: Եր.: 2009-38 էջ), յուրահատուկ մի ամփոփագիրՙ ապրած արգասավոր կյանքի մնայուն վկայագիր. «Իմ արմատներն այնտեղ ենՙ Արցախ աշխարհի հայրենական Թալիշ գյուղում: Ճանապարհն այնտեղից է ակունքվել»: Ինքն է ասում իր սկզբի մասին, իսկ շարունակությունը թվեր ու փաստեր են, որ արդեն կյանքի տարեգրության դրվագները են ու նրա մասին են պատմում:

Ռոմա Դալլաքյանը ծնվել է 1929 թ. նոյեմբերի 26-ին Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Հինգերորդ դարի վերջում եւ վեցերորդ դարի սկզբում այս գյուղի տարածքում Արցախի իմաստուն թագավոր Վաչագան Բարեպաշտը, որը հայոց միակ մանկավարժ տիրակալն էր, հիմնել է իր գյուղական մայրաքաղաքը, որի բնակիչների մեջ հրովարտակով վավերացված մի սովորություն է եղելՙ կարգի բեր շեն ու շնորհքդ եւ նոր դուրս արի մարդամեջ: Բարեկրթության ու նրբաճաշակության իր հուշաբջիջը Ռոմա Դալլաքյանը ժառանգել է այդ ժամանակներից:

Բախտը, նման այն ամպին, որ հայտնվում է քո գխավերեւում եւ գնում ու անձրեւում է ուրիշ տեղ, քսվել է Դալլաքյանին եւ սահել ու գնացել երջանկացնելու մարդկանց:

1945-ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, հետո ընդունվել եւ ավարտել է Ստեփանակերտի ուսուցչական ինստիտուտըՙ ստանալով հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի որակավորում: Դպրոցում եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում աչքի է ընկել իր ընդունակություններով, համեստ վարքագծով եւ դարձել ընկերների, ուսուցիչների, դասախոսների սիրելին, ճանաչվել ու բարձր գնահատվել նրանց կողմից:

Ռ. Դալլաքյանն անցել է կյանքի իմաստալից ճանապարհ եւ նշանակալից հետագիծ թողել հայ դպրոցի ու գիտության ոլորտում: 1947-48 ուս. տարում, որպես հայերենի ուսուցիչ, աշխատել է Թալիշի միջնակարգ դպրոցում: 1948-49 ուս. տարում եղել է Արցախի Հասանղայայի դպրոցի ուսմասվարն ու հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը, 1949-50 ուս. տարում Արցախի Ղահրիլար գյուղի դպրոցի տնօրենը: 1950-70 թվականներին նա եղել է Երեւանի Սպանդարյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի ու գրականության ուսուցիչը:

1958-60 թվականներին կատարել է «Սովետական դպրոց» թերթի պատասխանատու քարտուղարի պարտականությունները, 1960-61 թթ. աշխատել է Երեւանի Սպանդարյանի շրջժողկոմ բաժնում որպես դպրոցական տեսուչ: 1961-63 թվականներին Ռ. Դալլաքյանն ստանձնել է «Սովետական մանկավարժ» ամսագրի պատասխանատու քարտուղարի պաշտոնը: 1963-70 թվականներին նա հիշյալ ամսագրի գլխավոր խմբագիրն Էր:

Ռ. Դալլաքյանը գնահատելի դեր է կատարել ամսագրի կշիռն ու բովանդակությունը, հեղինակությունը բարձրացնելու, հեղինակային ակտիվն ընդլայնելու, Հայաստանում, Սփյուռքում, խորհրդային երկրի հայաշատ վայրերում շրջանառությունը մեծացնելու, տպաքանակն ավելացնելու (մոտ 24-25 հազար օրինակ) եւ, որ ամենից կարեւորն է, թեմատիկ բովանդակությունն ու գիտականությունը խորացնելու ուղղությամբ: Խմբագրի անմիջական ջանքերով 1966 թ. ստեղծվում եւ չորսական մամուլ ծավալով հրատարակվում են երկու հավելվածՙ «Հայոց լեզուն եւ գրականությունը դպրոցում», «Մաթեմատիկան եւ ֆիզիկան դպրոցում» խորագրերով:

1970 թ. հունիսին Ռ. Դալլաքյանը նշանակվում է ժողպատգամավորների Երեւանի քաղխորհրդի գործկոմի Ժողկրթության բաժնի վարիչի պաշտոնում, ընտրվում գործկոմի կազմում, որ շարունակվում է մինչեւ 1975 թ. վերջերը: Այդ տարիներին Ռ. Դալլաքյանն զգալի չափով նպաստում է մայրաքաղաքի կրթական օջախների նյութալաբորատոր բազայի հարստացմանը, դպրոցաշինության ծավալմանը, կարգուկանոնի հաստատմանը, կադրային քաղաքականության օրինականության պահպանմանը, ուսուցչության պարբերական վերապատրաստմանն ու կատարելագործմանը, կրթության որակի բարձրացմանը, շրջժողկրթբաժինների, գիտամեթոդական կաբինետների, քաղաքի ուսուցչական կատարելագործման ինստիտուտի գործունեության միասնականացմանը: 1975-ի վերջերից մինչեւ 1978-ի սկզբները Ռ. Դալլաքյանը գլխավորեց մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի գիտական գծով տեղակալի, ապա նաեւ տնօրենի պաշտոնակատարի պարտականությունները: Այդ պաշտոններում եւս դրսեւորվեցին Ռ. Դալլաքյանի գիտամանկավարժական ստեղծագործ միտքն ու կարողությունները: Նա ի զորու էր նպատակային ընթացք տալ գիտաշխատողների գործունեությանը եւ այն նպատակամղել մանկավարժա-հոգեբանական գիտությունների առաջընթացին կրթական գործի բարելավմանը:

1978-1988 թվականներին Ռ. Դալլաքյանն զբաղեցնում էր Հանրապետության բարձրագույն եւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների վարչության պետի պաշտոնը: Այդ տարիներին նա նաեւ նախարարության կոլեգիայի եւ միութենական նախարարության մեթոդական խորհրդի անդամ էր: Չկար տեխնիկումների, ուսումնարանների գործունեության որեւէ ոլորտ, որ տեսչական հանձնաժողովներում չուսումնասիրվեր, չստուգվեր եւ արդյունքները չքննարկվեր կոլեգիայի նիստերում: Ընդունվում էին գործնական որոշումներ, որոնք կանխորոշում էին կրթօջախների հետագա գործունեությունը, եւ որոնց կատարումը դրվում էր հսկողության տակ: Պետք է շեշտել, որ նախարարի (Լյուդվիգ Դարիբջանյանի) եւ վարչության պետի ջանքերով կրթության միջնակարգ մասնագիտական համակարգը այդ տարիներին ապրում էր մեծ վերելք բոլոր առումներով: Հետագայում (1988-91 թթ. 1991-92 թթ.) Ռ. Դալլաքյանը նույն նախարարությունում, որ արդեն կոչվում էր ժողկրթության նախարարություն, զբաղեցնում էր հայոց եւ ռուսաց լեզուների բաժնի վարիչի, առաջին կարգի եւ մասնագետի պաշտոնները:

Բայց այս ամենը Ռոմա Դալլաքյանի կյանքի ու գործունեության գլխավոր, բայց մի հատվածն է: 1991-ից սկսվում է նրա կյանքի «բուհական շրջանը»ՙ իբրեւ հայոց լեզվի, խոսքի մշակույթի հիմունքների, ոճաբանության եւ այլ առարկաների դասախոս Երեւանի պետական, ապաՙ «Հրաչյա Աճառյան», Գավառի համալսարաններում, Երեւանի դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտում, Ռուսաստանի Դաշնության ձեռներեցության ակադեմիայի Երեւանի մասնաճյուղում:

Ռ. Դալլաքյանը քիչ է կտրվել աշակերտական եւ ուսանողական լսարաններից: Լսարանը եղել է նրա կյանքի գերագույն խորհուրդն ու իմաստը: Տասնամյակներ շարունակ Ռ. Դալլաքյանը աշակերտների եւ ուսանողների սրտերում, հոգեմտավոր աշխարհում բորբոք է պահել անափ սերը հայոց լեզվի, հայ դպրության նկատմամբ: Նա հայեցի կրթույթյան ու դաստիարակության ջերմեռանդ ջատագովն ու նվիրյալն էր: Նրա գործնական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքը եւ 400-ից ավելի հոդվածները, մեկ տասնյակից անցնող գրքերը նրա արժանիքների վառ վկայություններից են:

Ռ. Դալլաքյանը ոչ միայն կրթության եւ մանկավարժական գիտության կազմակերպիչ էր, այլեւ խորագիտակ մանկավարժ, բանասեր, տեսաբան ու գիտնական: Եվ նրա բազում հոդվածները, որ սփռված են ամսագրերում. գիտական ժողովածուներում, թերթերում. գրքերը իրենց մեջ ամփոփում են դպրոցի ու կրթության կազմակերպական հիմունքները, հայոց լեզվի տեսության ու գործնականության բազմապիսի խնդիրները:

Իբրեւ հիմնավորում մեր գնահատության հիշենք 1971 թ. «Լույս» հրատարակչության տպագրած «Գրական երկի լեզվի ու ոճի ուսուցումը» մենագրությունը, որ իր քննարկած խնդիրներով նորություն էր եւ երկար տարիներ հայոց լեզվի ու գրականության ծրագրերում նախատեսվում էր որպես օժանդակ աղբյուր հայոց լեզվի ու գրականության ուսուցիչների համար, որ նաեւ նրա թեկնածուական թեզն էր, որ արժանացավ բարձր գնահատանքի ե՛ւ մամուլում, ե՛ւ բարձրագույն որակավորման հանձնաժողովում: Վկայաբերենք նաեւ Ռ. Դալլաքյանի, Ա. Շարուրյանի, Պ. Խաչատրյանի հեղինակած 6-րդ դասարանի (հետագայում նաեւ 7-րդ) «Գրականություն» դպրոցական դասագիրքը, որ 1971 թ. մինչեւ 1992 թ. ներառյալ շրջանառության մեջ էր հայկական դպրոցներում եւ ամեն տարի վերահրատարակվում էր բարեփոխումներով: Այդ դասագիրքն աչքի էր ընկնում նյութերի նպատակային ընտրությամբ եւ մեթոդական կուռ համակարգով: Հիշենք նաեւ 1991 թ. երկու գրքով հրատարակված «Թելադրության, նյութերի ժողովածու» գրքերը (հեղինակցությամբ), որ գործածության մեջ է նաեւ այսօր:

Ուշագրավ են Ռ. Դալլաքյանի լեզվաբանական աշխատությունները «Հայոց լեզվի ուսուցման հիմնահարցեր» (2001 թ.), «Խոսքի մշակույթ, նրա ուսուցումը» (2001 թ.), «Բնագրի լեզվաբանական վերլուծություն» (2002 թ.), «Նախադասության եւ խոսքի վերլուծություն» (2003 թ.), «Աբու-Լալա-Մահարի» պոեմի լեզվաբանական վերլուծություն»:

Ուշադրության արժանի են Ռ. Դալլաքյանի «Միջերկրականի ափերով» (1987 թ.), «Մտասեւեռումներ» (1997 թ.) գրքերը: Առաջինը ճամփորդական նոթեր են, երկրորդըՙ խտացված մտքեր, ասույթներ, որոնք ունեն խոհական-փիլիսոփայական վերլուծումներ կյանքի եւ մարդու բազմազան հարաբերությունների վերաբերյալ:

Ռ. Դալլաքյանը ակտվություն դրսեւորեց Արցախյան շարժման տարիներին լինելով «Արցախ-Հայաստան» կազմակերպության եռանդուն անդամներից մեկը: Այդ ժամանակ նա մամուլում հրապարակում էր շատ հոդվածներ, որոնք շոշափում էին հասարակական-քաղաքական հնչողություն ունեցող թեմաներ: 1966-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահությունը Ռ. Դալլաքյանին շնորհել է Հանրապետության վաստակավոր ուսոցչի կոչում: 1971-ին պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշ շքանշանով, հետագայում մեդալներով, պատվոգրերով:

1965 թվականից Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ էր, 1964 թ. դեկտեմբերից մինչ ԽՍՀՄ-ի փլուզվելըՙ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ:

Նշեցինք այս ամենը եւ հանկարծ չզգացինք, որ այս խոսուն, բայց «լուռ» տարեթվերի ու փաստերի հյուսվածքում երեւելի մանկավարժի, լուսավորության գործի մեծ նվիրյալի կյանքի թերեւս սոսկ վավերագրական էջերն ենք արձանագրել: Նրան կյանքի խաչմերուկներում, դպրոցում, բուհական լսարաններում հանդիպած-ճանաչած-ունկնդրած բոլոր մարդիկ կարող են վկայել, թե ինչպիսին էր Ռոմա Դալլաքյանը առօրյա փոխհարաբերություններում. Խաղաղ ու հանդարտ խոսք, պարզ ու հասարակ կեցվածք, բարեկիրթ վարվեցողություն, մարդՙ ում հետ շփվելիս ինչ-որ անբացատրելի-հաճելի զգացմունքներ են քեզ պարուրում, նրա հետ կրկին հանդիպելու ցանկություն: Օրվա որ ժամին էլ հանդիպեիր բանասեր, մանկավարժ Ռոմա Դալլաքյանին, քեզ կզարմացներ նրա գողտրիկ հանդերձն ու սանրվածքը, մշտապես թարմ ու ակնահաճո դեմքը: Նրա պահվածքն ու արտաքինն այնպիսին էին, որ թվում էր, թե հենց նոր է դուրս եկել հանդերձատուն-վարսահարդարանոցից: Սովորության ուժով մարդն իրեն պահում էր ձիգ ու ձգված:

Վայելուչ արտաքինով տղամարդու օրինակ էր նա: Այդպիսին էր նաեւ որպես բանասեր ու մանկավարժ: Ոչ բանասիրական խոսքում, ոչ էլ դասավանդելիս անփույթ բան չէր սիրում: Մարդկային առաքինությւոններից մեկը, ասում էր նա, հավուր պատշաճի կարգապահությունն է ե՛ւ խոսքի ու գործի մեջ, ե՛ւ հանդերձը վրադ առնելիս:

Կենսագրական այս համառոտ ակնարկը ներկայացնում է Ռոմա Դալլաքյանի անցած կյանքի իմաստավոր ու վաստակաբեռ ճանապարհը, որ կրթության կազմակերպչի, գիտնական մանկավարժի ու բանասերի նվիրում է լուսավոր եւ խորախորհուրդ հետագծով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

AZG Daily #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ