RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2466, Տպվել է` 222, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՂ ԵՎ ՕՂԻ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եվրոպական արժեք ասելովՙ ի՞նչ նկատի ունեք: Ազգությամբ չեխ, բայց Ֆրանսիայի բնակիչ Միլան Կունդերայի գրականությո՞ւնը կեցության անտանելի թեթեւության մասին, թե՞ Նորվեգիայի սոցիալական քաղաքականությունը, որտեղ բոլոր թոշակառուները տարին մեկ անգամ հանգստանում են Իտալիայի եւ Իսպանիայի լողափերումՙ պետության հաշվին, իմիջիայլոց:

Եթե նկատի ունեք Ամստերդամի Կարմիր լապտերների փողոցը, որն, ի դեպ, Հոլանդիայի մայրաքաղաքի կին քաղաքապետը ցանկանում է վերանվանելՙ թողնելով, որ փողոցն էլի կոչվի Լապտերների, բայց ոչ Կարմիր, կամ ասենք ոչ թե հայր ու մայր, այլ պարզապես ծնող համաեվրոպական դարձող ձեւակերպումըՙ չնկատելով, որ ասենք Իտալիան վերջերս վերականգնեց ծնողների տարանջատումըՙ հորըՙ հայր, մորըՙ մայր կոչելով, եւ վերջապես, եթե թուրք Օրհան Փամուկի վեպերից մեկի հերոսուհու մազերի գույնով աղջիկներն են ձեզ համար եվրոպական արժեհամակարգի կրողները եւ կամ չառնական տղամարդկանց կողքին պառկող կանացի տղամարդիկ, ապա թույլ տվեք պնդել, որ հին ու բարի Անգլիայում, որտեղ տատիկները գիշերները լուսացնում են Ագաթա Քրիստի կարդալով, իսպանական Անդալուզիայում, որտեղ անքուն ձկնորսները արեւածագն են դիմավորումՙ Գվադալկվիվիր գետի ափին, հունական Սալոնիկի արվարձաններում, որտեղ աղջիկներին հաճելի է չքնելըՙ անդադար սերենադներից, եւ վերջապես Կոպենհագենի կենտրոնում, որտեղ ջահել նկարիչը անթարթ նայում է Ջրահարսի արձանինՙ երազելով հանդիպել իր ջրահարսին, եվրոպական արժեք շարունակում է մնալ, օրինակ Բեթհովենի երաժշտությունը կամ Վան Գոգի դեղինը: Ուրեմն եվրոպական արժեքն ամենեւին էլ ծիածանագույն դրոշները չեն, որոնք ի դեպ Եվրոպայի կենտրոնումՙ Սիցիլիա կղզում, երբեք չեն ծածանվել: Ճիշտ այնպես, ինչպես հայկական արժեքը ուրիշի կնոջը խլելը չէ, ինչպես պնդում է մի պետերբուրգցի ֆիզիկոս, որն սկսել է խմել այն օրից հետո, երբ կապուտաչյա կինը փախավ իրենց տնվոր արեշցի Սաքոյի հետ:

Իմիջիայլոց, կարելի՞ է հայտարարել, որ ռուսական արժեքը խմելն է, դե այսինքն ոչ թե Էրմիտաժն ու Ռոմանովներըՙ գումարած Ռասպուտինին, ոչ թե Տոլստոյն ու Դոստոեւսկին, ոչ թե Եսենինն ու նավերի ճանապարհը բացող պետերբուրգյան կամուրջները կամ մերձմոսկովյան երեկոներն ու անծայրածիր Սիբիրը, այլ մուժիկը, որի վրայից օղու հոտ է գալիս, չնայած առավոտյան ժամը 7-ն է ու նա ապխտած ձկան հերթ է կանգնել: Կարծում եմ, որ չենք կարող, չնայած Ռուսաստանում նման մուժիկներն ավելի շատ են, քան Ամստերդամում ծիածանագույն դրոշակներով երրորդ սեռի ներկայացուցիչները:

Եւ քանի որ շատ բարդ է հասկանալ արժեքները ժամանակակից աշխարհում, որտեղ 16-ամյա շվեդուհի մեսիա Գրետա Թունբերգը շատերին հիացնում էՙ հատկապես միմիկայով, առաջարկում եմ գնալ որեւէ սահմանամերձ գյուղ, օրինակ իմ սիրելի Տավուշի մարզի: Հանդիպել ինչ-որ ծերունու ու նրան մի պարզ հարց տալՙ ո՞նց ես, հայրի՛կ: Նա ձեզ անպայման գինի կտաՙ տնական, ու դուք այդպես էլ չեք հասկանաՙ գինի՞ն էր անմահական, թե՞ ծերունին էր իմաստուն: Հետո դուք կնայեք աղքատության աչքերին, կտեսնեք ճանապարհներ, որոնք չեն բերում, միայն տանում են, կժպտաքՙ հանդիպելով պատուհանների տակ նստած փոքրիկներին, որոնց հայրերը գյուղ են վերադարձել ճիշտ այնքան, որքան քույր կամ եղբայր իրենք ունեն, կհանդիպենք նրանց մայրերին, որ տղամարդու պես կոշտ ձեռքեր ունեն եւ միայն աչքերում թաքնված երազանքն է մատնում կին լինելը, կլսեք գյուղամիջում նստած պառավներին, որ որոշում են, թե ինչ շորով են գնալու էն աշխարհը ու հեգնում են իրար պնդելով, որ կոնկրետ այդ գլխաշորը սիրուն չէ, չի սազի: Եթե ձեր բախտը բերի բոլորի պես թախծոտ կցնծաք խարխուլ տներից մեկից լսելով մանկան առաջին ճիչը, որն այդ կողմերում տարիներով չի լսվում, եւ վստահաբար կհասկանաք, որ կարեւորը օղերով տղամարդիկ ու օղոտ մուժիկները չեն, այլ այն աշխարհը, որտեղ պետք է ապրի եւ սիրի այն մանուկը, որը քիչ առաջ ծնվեցՙ չքավոր գյուղի խարխուլ տանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

AZG Daily #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ