ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ
Մինչ լրատվամիջոցներն ու փորձագետները, անդրադառնալով Հայաստանում այս տարվա առաջին կեսին գործազրկության արտասովոր նվազման ցուցանիշին, քննադատության են ենթարկում երկրի իշխանությանն ու վիճակագրական կոմիտեինՙ տվյալները կեղծելու համար, Նիկոլ Փաշինյանն առանց տատանվելու շտապում է գովազդել այդ ցուցանիշը: «Ուրախ եմ արձանագրել, որ 2019 թվականի երկրորդ եռամսյակից մենք գործազրկության էական նվազում ունենք: Եթե 2018-ի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 236 հազար 400 մարդ, ապա 2019 թվականի երկրորդ եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է 207 հազար 200 մարդ, նվազելով 29 հազար 200 մարդով», այսպիսի հերթական գրառումն էր նա արել իր ֆեյսբուքյան էջում: Այն, որ այս ցուցանիշը, մեղմ ասած, անհավատալի է, երեւում է անգամ անզեն աչքով: Սակայն դրանում համոզվելու համար ներկայացնենք նաեւ մի շարք այլ ցուցանիշներ:
Առաջին եռամսյակում գործազրկությունը աճել էր 16 հազարով
Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկությունը Հայաստանում աճել էր 6,7 տոկոսով, կազմելով 253,6 հազար մարդՙ նախորդ տարվա առաջին եռամսյակի 237,6 հազարի դիմաց: Այսինքն, գործազուրկների թիվն ավելացել էր մոտ 16 հազարով: Գործազրկության մակարդակը աճել էր 0,9 տոկոսով եւ կազմել 21,9 տոկոսՙ նախորդ տարվա առաջին եռամսյակի 21 տոկոսի դիմաց: Զբաղվածության մակարդակն էլ իջել է 0,2 տոկոսովՙ կազմելով 43,8 տոկոսՙ 44 տոկոսի դիմաց: Սա «սիրո եւ հանդուրժողականության հեղափոխության», ապա «տնտեսական հեղափոխության» եւ «թռիչքաձեւ տնտեսական աճի» իրական պատկերն էր: Պատկեր, որը պարզապես անհանդուրժելի էր կառավարության եւ նրա ղեկավարի համար, քանի որ բացահայտում էր իր կառավարման շրջանում երկրի տնտեսության եւ բնակչության սոցիալական վիճակի վատթարացման անհերքելի իրողությունը:
Մինչ երկրորդ եռամսյակի ցուցանիշների հրապարակումը, Նիկոլ Փաշինյանը փորձեց ցրել այս վիճակագրության տխուր պատկերը, գրելով, որ Հայաստանում գործազրկությունը նվազել է: Սակայն նրա բերած ցուցանիշը վերաբերվում էր բացառապես Զբաղվածության պետական գործակալության կողմից գրանցված եւ գործազուրկի կարգավիճակ ստացածներին, այլ ոչ թե Հայաստանում գործազրկության մակարդակին ընդհանրապես: Նշենք նաեւ, որ գործազուրկի կարգավիճակ տրվում է գործակալության կողմից որոշակի չափանիշներին բավարարելու համար եւ նույն գործակալության կողմից էլ այդ կարգավիճակը վերացվում է: Այնպես որ դժվար չէր «թավշյա» վարչապետի «թանկագին խաթեր» համար ցույց տալ, որ իրենց մոտ գործազուրկի կարգավիճակ ունեցող մարդկանց թիվը նվազել է: Նույնը կարելի է ասել վիճակագրական կոմիտեի համար: Ի՞նչ պատկեր ցույց տվեց այս կառույցը գործազրկության երկրորդ եռամսյակի համար, որ արժանացավ խիստ քննադատության մասնագետների եւ լրատվամիջոցների կողմից, իսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան պարզապես ամոթանք տվեց դրա համար:
Գործազրկության «թռիչքային» նվազում… 46 հազար մարդո՞վ
Այսպիսով, ըստ վիճկոմի, այս տարվա առաջին եռամսյակի 905 հազար փոխարեն Հայաստանում զբաղվածների թիվը հաջորդ երեք ամսիներին կազմել է 964 հազար մարդ կամ երեք ամիսների ընթացքում մոտ 60 հազար մարդ մասնակի կամ լրիվ զբաղված են դարձել: Գործազուրկների թիվն էլ այս տարվա հունվար-մարտի 253 հազար դիմաց նվազել է… 46 հազարով եւ կազմել մոտ 207 հազար: Փաստորեն, պետական համակարգում կրճատումների, ձեռնարկությունների փակման, ներդրումային ծրագրերի սառեցման եւ ներդրումների նվազման, բնակչության գնողունակության անկման, տնտեսական ակտիվության դանդաղելու եւ առեւտրաշրջանառության նվազման ֆոնին 46 հազար մարդ աշխատա՞նք է գտնում: Այսինքն, հակառակ թվարկված այս գործոնների, այդքան նոր աշխատատե՞ղ է ստեղծվել եւ կան մարդիկ, որոնք հավատո՞ւմ են, որ դա կարող է իրականություն լինել: Հիշեցնենք, որ մեկ տարվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ 40 հազարից ավելի նոր աշխատատեղերի բացումը ոմանք կասկածի էին ենթարկումՙ անկախ նրանից, որ ներկայացվել էին այն ձեռնարկությունները, որտեղ դրանք բացվել էին: Եվ ահա 46 հազար երեք ամսում…
Ակնհայտ է, որ վիճակագրական այս ցուցանիշնի իրական լինելու դեպքում դրանք կզգացվեին իրական կյանքում, ինչը, բնականաբար, տեղի չի ունեցել: Եվ հենց այս պատճառով էլ իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է ոչ թե այս տարվա առաջին եռամսյակի համեմատ 46 հազար մարդով, այլ նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ 29 հազար 200 մարդով գործազրկության նվազման մասին: Հարց է առաջանում, ինչո՞ւ ոչ 46 հազարի, այլ 29 հազար 200-ի մասին է նա գրել: Պատասխանն առավել քան պարզ էՙ 46 հազար երեք ամսում գործազրկության նվազումը կասկած կարող էր առաջացնել անգամ իրեն անվերապահ հավատացողների մոտՙ այնքան ակնհայտ է կեղծիքը: Այժմ, թե ինչո՞ւ իրականության հետ կապ չունեն թե՛ առաջին, թե՛ երկրորդ ցուցանիշները:
Կեղծիքը բացահայտվում է նախկին տվյալների հետ համեմատությամբ
Կեղծիքը հեշտությամբ բացահայտվում է, երբ դիտարկում ենք վիճակագրական կոմիտեի նախկինում հրապարակված ցուցանիշները: Մասնավորապես, դիտարկենք 2018 թ.-ի երկրորդ եռամսյակի գործազրկության ցուցանիշը դրա նախորդՙ 2017 թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշի հետ:
Այս դեպքում տեսնում ենք, որ 2018 թ.-ի երկրորդ եռամսյակում 2017 թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ գործազրկությունը նվազել է ընդամենը 1200 մարդովՙ 237,6 հազարից դառնալով 236,4 հազար: Այսինքն, եթե 2017 թ.-2018 թ-ի սկզբի բարձր տնտեսական աճի դեպքում, մեկ տարվա ընթացքում գործազրկությունը նվազել էր ընդամենը 1200 մարդով, ինչպե՞ս կարող էր Նիկոլ Փաշինյանի կառավարման մեկ տարվա ընթացքում գործազուրկների թիվը նվազեր 29200 մարդո՞վ: Պատասխանն ինքնաբերաբար է գալիս: Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը շարունակում է մոլորեցնել իրեն իշխանության բերած «հպարտ քաղաքացիներին», որոնք չեն էլ ցանկանում հավաստիանալ նրա ներկայացրած ցուցանիշների իրական լինել-չլինելու մեջ եւ ընդհանրապես չեն ցանկանում մտածել այդ ուղղությամբ:
Խմբ. կողմից.- Կարծում ենք, որ մեր աշխատակիցը ցուցանիշների համեմատության մեջ թույլ է տվել անհետեւողականություն. կասկածելի համարելով Պետվիճվարչության ներկայացրած տվյալներըՙ նույն կասկածամտությամբ չի վերաբերվում նախկին իշխանության ժամանակաշրջանի վերաբերյալ նույն վարչության տվյալները: Ինչպես հայտնի է, Հայաստանում շարունակվում են նույն բարքերըՙ ստորադաս պաշտոնյաները Շեֆին ասում են այն, ինչը վերջինս ցանկանում է լսել: