RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2269, Տպվել է` 220, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՎՐՈՐԱ ՄԱՐԴԻԳԱՆՅԱՆ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՙ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը հոկտեմբերի 8-ին պարգեւատրվել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալովՙ «Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտ» հիմնադրամին կատարած նշանակալի, հայրենանվեր նվիրատվության համար։

Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի ասպետ, «Մովսես Խորենացի» մեդալի դափնեկիր եւ վերջերս ՌԴ նախագահի հրամանագրով «Բարեգործության համար» շքանշանով պարգեւատրված մեր հայրենակիցը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին նվիրաբերել է բավական մեծ ծավալի շարժական գրադարան եւ այն Սանկտ Պետերբուրգից տեղափոխել Երեւան։

Հրաչյա Պողոսյանի բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը։ Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 180ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ։ Դրանցից 60 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 8-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են աշխարհի տարբեր վայրերերումՙ Գերմանիայի Քյոլն, Սլովենիայի Կոշեցա, Վրաստանի Թբիլիսի, Հայաստանի Ստեփանավան քաղաքներում, Երեւանի պետական համալսարանի բակում, ՀՀ Օշական համայնքում, Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում, որի բնակիչները գաղթել են Արեւմտյան Հայաստանից։

Սրբապատկեր-հուշակոթողների տեղադրման, ինչպես նաեւ հոգեւոր կյանքին վերաբերող բոլոր ծրագրերն ու ձեռնարկումները Հրաչյա Պողոսյանը կյանքի է կոչում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ։

Հայոց ցեղասպանության պատմությունը Հրաչյա Պողոսյանի նախնիների իրողությունն է։ Բարերարը այսօր էլ սիրով է հիշում անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին իր ծննդավայրումՙ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառումը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

- Այդ օրը իմ ծննդավայր Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում իմ մտահղացմամբ տեղադրված եւ Վեհափառի կողմից օրհնված Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկեր-հուշարձանը վառ կպահի ոչ միայն ցեղասպանությանը զոհ գնացած մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերի, այլեւ ցեղասպանությունից փրկված, Մեծ եղեռնի ականատես Պողոս պապիս հիշատակը։

Հրաչյա Պողոսյանը մի մեծ երազանք էլ ունիՙ նմանատիպ, բայց առավել տարողունակ ու լայնամասշտաբՙ Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկեր-հուշարձան տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Այս պահին աշխատանքներ են տարվում Եղեռնի հուշահամալիր թանգարանի տարածքում հուշակոթող տեղադրելու համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ։ Միգուցե շուտով իրականություն դառնա նաեւ բարերարի այս բաղձալի երազանքը։

Անցյալի փաստերն ու հիշողությունները վառ պահելու անհրաժեշտությունն ու մտահոգությունը ճանաչված բարերարին երկար տարիներ հանգիստ չեն տալիս, եւ նա մեկ այլ նվիրական երազանք ու հոգու պարք ունիՙ վավերագրական ֆիլմ ստեղծել Ցեղասպանությունից փրկված, Մեծ եղեռնի դաժանությունների եւ վայրագությունների ականատես իր Պողոս պապի մասին եւ ցույց տալ այն անասելի ողբերգությունը, որը ապրել է հայ ժողովրդի մի զգալի հատվածը, աշխարհին պատմել, թե ինչպես թուրքերի կողմից հայ ժողովրդի հանդեպ գործած եղեռնագործության տարիներին պատանի Պողոսը բարձունքից նկատելով, որ ասկյարները մտնում են իրենց գյուղ, իր ճարպկության շնորհիվ կարողանում է փրկվել եւ փրկել իր համագյուղացիներին թուրքի յաթաղանից...

- «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալն առանձնակի տեղ կզբաղեցնի իմ ստացած բազմաթիվ պարգեւների շարքում,-ասում է բարերարը։ Ավրորա Մարդիգանյանՙ իրական անուն-ազգանունով Արշալույս Մարտիկյանը անցնելով Ցեղասպանության անհամար սարսափներովՙ հերոսաբար վերապրեց դրանք իր տառապանքների մասին պատմող եւ աշխարհին ճշմարտությունը ներկայացնող գրքում եւ կինոնկարում։ 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված սովորական հայ աղջկա, բայց իրավամբՙ հերոս կնոջ պատմությունը մինչեւ հիմա սրտեր է հուզում եւ մենք այսօր հիշում ենք նրա բացառիկ կամքի, ծանրագույն տառապանքների գնով աշխարհին փոխհատուցելու կարողության շնորհիվ։

Սանկտ Պետերբուրգում բնակվող մեր հայրենակցին դեռ բազմաթիվ առիթներ կունենանք նորանոր մտահղացումների իրականացմամբ հանդիպելու Հայրենիքում։ Եվ յուրաքանչյուր այդպիսի հանդիպման առանցքը արյան կանչն է, Հայրենիքն ամուր պահելու եւ նրա շենացմանը մասնակից լինելու ազնիվ մղումը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ