RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 1936, Տպվել է` 223, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՎԱՆՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ՓՐԿԵ՞Լ

Մ. Խ.

Այս շաբաթ խորհրդարարանը քննարկում էր մի հետաքրքրական նախաձեռնություն, որի հանդեպ իշխող ուժի ներկայացուցիչներն այնքան էլ միասնական մոտեցմամբ չփայլեցին, չնայած այն առաջին ընթերցմամբ, այնուամենայնիվ, ընդունվեց: «Իմ քայլը» խմբակցությունից Վարազդատ Կարապետյանը ներկայացրել էր Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման , վերարտադրման եւ օգտագործման տարեկան ծրագրի օրենքի լրացման վերաբերյալ մի նախագիծ, որով առաջարկվում է Սեւանից տարեկան ջրառի առավելագույն չափաքանակ սահմանել 170 մլն խմ ջրածավալը: Անցած տարիներին ջրառը միշտ գերազանացել է այս ծավալը` սկսած 2012 թվականից: Այս նախաձեռնությունը հիմնավորվում էր Սեւանը ճահճացման վտանգից փրկելու, Սեւանի էկոհամակարգը լճի մակարդակի բարձրացամբ հավասարակշռության բերելու անհրաժեշտությամբ` մինչեւ 2030 թվականը լճի մակարդակը 1903.5 մետր ցուցանիշին հասցնելու թիրախով: Կարելի է միայն ենթադրել, թե ինչպիսի վտանգավոր կետի է հասել քաղցրահամ լճի մեր միակ շտեմարանը, որ անգամ ամռան գյուղատնտեսական սեզոնին ոռոգման ապահովման խնդիր ունեցողՙ իշխող ուժի ներկայացուցիչն է նման նախաձեռնությամբ հանդես գալիս: Ըստ հեղինակի` այս պահին Սեւանի մակարդակն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ բարձր է հինգ-յոթ սանտիմետրով: Իհարկե, նրա առաջարկը քննարկելիս ի հայտ եկան մի շարք խնդիրներ, որոնց բախվելու է այս առաջարկը իրական կյանքում:

Այս առաջարկին կամուկաց էր ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը , սա եւս հասկանալի է` Արարատյան դաշտն ու մյուս ինտենսիվ մշակվող հողատարածքները ամռանը կախված են ջրառից, ու այսպիսի նախագիծը նրա կարծիքով այս պահին հիմնավորված չէ: Թանկ եւ արագ ջրամբարաշինություն հնարավոր չէ իրականացնել, խորքային հորերը նորոգված չեն, կաթիլային ոռոգումը ոչ բոլոր տարածքների վրա է արդարացված եւ այլն` ահա՛ եւ հավանաբար ջրային կոմիտեի նախագահը երեւի վստահ չէ, որ եկող տարի օրենսդրությամբ առայժմ թողնված արտակարգ վիճակների համար ջրառի հնարավորությամբ չի մտնելու Ազգային ժողով եւ սահմանված նիշից ավելի ջրառ չի առաջարկելու:

Մինչդեռ ըստ Կարապետյանի` եթե այս տարվա նման արդյունավետ կազմակերպվի ջրառը հաջորդ տարիներին (դե` այս տարի ջրառատ էր), ջրային աղբյուրներն ավելի նպատակային շահագործվեն, Սեւանից նշված սահմանային թվից ավելի ջրառ կատարելու հարկ չի լինի: Սամհանագծի ամրագրումն էլ պետք է նշանակի կյանքը պլանավորել այնպես, որ տեղավորվեն դրա մեջ: Այս հաշվարկով տարեկան Սեւանը պետք է բարձրանա քսան-երեսուն սանտիմետրով` թիրախային նպատակին հասնելու համար:

Եթե դա իրականություն դառնա, Կարապետյանն ընդունում է, որ շատ ձեռարկություններ կտուժեն, բայց գերադասը պետք է լինի լճի փրկությունը: Նա մասամբ ընդունեց նաեւ, որ ՀԷԿ-երի շահագործման համար է ավել ջուր բաց թողնվել, եւ պետք է իրապես ստուգելՙ 40-60 տոկոս ջրակորուստները մանիպուլյացիոն են, թե՞ իրական են, նկատի ունենալ ջրի բարձրացման պարագայում ճանապարհների տեղափոխման թանկ ծախսերը: Բայց այս պահին այլ ելք չկա, եթե չենք ուզում զրկվել լճից: Սեւանն, ըստ նախաձեռնության հեղինակի, չպետք է ստորադասվի գյուղատնտեսության աճին, բայց երկրորդն էլ կարեւոր է, ու պետք է ջրային ռեսուրսները, այլ հնարավորությունները ճիշտ կառավարել: Ջրային կոմիտեն միշտ հնարավորություն ունի խորքային հորերով ջրառ անել, ձկնբուծարանները պետք է սահմանափակել:

Նրան պատգամավորներն առարկում էին, թե հաշվարկներ չեն ներկայացված, թե ինչ հնարավորություններով պետք է իրականացնել նպատակը կամ արդյոք հենց ջրա՞ռն է ազդում Սեւանի մակարդակի վրա, թե Արփա-Սեւան թունելով լիճ ջուր համարյա չմտնելը, այն եւս ՀԷԿ-երի կողմից գործածելու պարագայում: Ասում էին` օրինագիծը թերի է, ժամանակվրեպ է, պետք է հաշվարկել գյուղատնտեսական տարածքները ջրով ապահովելու մնացած բոլոր քայլերը, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման քայլեր մշակել եւ նորՙ այսպիսի օրինագիծ բերել:

Ու թեեւ այս հակափաստարկներին, անգամ այն պարագայում, երբ հայտարարվեց, թե «Իմ քայլի» պատգամավորներն ազատ են թողնվում քվեարկելիս, օրինագիծը զարմանալիորեն առաջին ընթերցում անցավ: Մնում է, որ իրոք հետագայում Սեւանի փրկության հարցում այն իր դերն ունենա, ու հատկապես` երկրորդ ընթերցում անցնի, քանի որ եթե լարենք մեր հիշողությունը` կհայտնաբերենք անցյալում երկրորդ ընթերցման բախտին տարիներով չարժանացող օրինագծեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ