RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-10-24 23:12:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 2431, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻ՞Ն, ԹԵ ՀԱՄԱՐ

Կուսակցությունների մասին նոր օրենքի կամ հին օրենքի փոփոխությունների նախագիծ դեռ չկա, բայց կա աշխատաքային խումբ` կազմված Ազգային ժողովի երեք խմբակցությունների, արտախորհրդարանական ուժերի եւ հանրային սեկտորի ներկայացուցիչներից (*), որը մշակում է այն փոփոխությունները, որոնք պետք է կազմեն նոր օրենքի ողնաշարը: Ահա այդ խումբը վերջերս հրավիրված խորհրդարանական լսումներում հայտնի դարձրեց իր պատկերացումներն այդ ուղղությամբ: Դրանք, իհարկե առայժմ հայեցակարգային մոտեցման շրջանակում են, այնպես որ այդ մասին մեր եւ այլոց հրապարակումները միգուցե ցանկություն առաջացնեն այս քննարկումներին չմասնակցած, բայց ասելիք ունեցող խմբերին հընթացս միանալ քննարկումներին կամ առաջարկներ ներկայացնել: Իհարկե` խմբի առաջարկներում կուսակցական միավորերի համար բարենպաստ փոփոխություններ նախատեսվում են, սակայն խնդիրը սովորաբար այն մանրամասների մեջ է լինում, թե ի՛նչ է ստանալու փոփոխությունները նախաձեռնած, հաղթող եւ այժմ իշխող կուսակցությունը, այ, դա առայժմ առանձնապես տեսանելի չէ:

Եւ այսպես` առաջարկվում է կուսակցության հիմնադիր անդամների թիվը 800-ից նվազեցնել 300-ի, մարզերի մեկ քառորդում կառույց ունենալու իմպերատիվ պահանջ այլեւս չդել ` ինտերնետի դարում այն այլեւս հրամայական չէ: Բայց խորհրդարան անցած կուսակցություններին պետության օգնությամբ տեղական գրասենյակ, օրինակ, տրամադրվելու է: Կուսակցության կոլեգիալ ղեկավար մարմնի պահանջ եւս դրվում է` հանուն ժողովրդավար ղեկավարման: Կանանց քվոտա սահմանելու փոխարեն այդ կոլեգիալ մարմնում` առաջարկվում է սահմանափակում` նույն սեռի ներկայացվածությունը 70 տոկոս չգերազանցելու պահանջի տեսքով: Կուսակցությանը տրվող պետական աջակցությունն առաջարկվում է տասնյակ անգամ ավելացնել, ընդ որում` օրենքով արգելվելու են իրավաբանական անձանց նվիրատվությունները, դա կարող են անել ֆիզիկական անձինք, այն եւս` անկանխիկ: Կուսակցություններն այլեւս չեն կարողանա զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ եւ այդ նպատակով ընկերություններ ստեղծել:

Կուսակցությունների ֆինանսական վերահսկողությունն էլ (ընտրություններին մասնակցելու ընթացիկ ծախսերը) առաջարկվում է վերցնել ԿԸՀ-ից եւ հանձնել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որը ստեղծվելու է այժմ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը վերանվանելով: Կանանց քվոտա, այնուամենայնիվ, լինելու է, կանանց ներկայացվածության կրիտիկական սահման է առաջարկում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, չնայած այդպես էլ բաց է մնում մասնագիտական որակների համապատասխանության ու քվոտան իրար հակացուցված լինելու հարցին պատասխանի որոնումը:

Առավել կարեւոր` վարկանիշային կարգը համամասնականի անվան տակ անցկացնելու դրույթի մասին էլ դեռ ձեւավորված կարծիք չկա` քննարկման հետագա փուլերում լուծելիք խնդիր է, համենայնդեպս` լսումները նախագահող իմքայլական Համազասպ Դանիելյանն էր խոստանում , ինչպես , ի դեպ, շատ այլ ենթահարցեր: Մենք առայժմ ներկայացրեցինք այն մտադրությունները, որոնք հայտնի դարձան հատկապես կուսակցությունների գրանցման ազատականացման ուղղությամբ: Սակայն խորհրդարանական լսումների ժամանակ քիչ չէին մտահոգություններն ու ելույթները դաշտի առողջացման, գաղափարախոսությունների ազատ մրցակցության համար իրական հնարավորությունների ապահովման, առհասարակ` քաղաքական դաշտի կայացման ուղղությամբ: Հավանաբար` կուսակցություններն իրենք պետք է ակտիվ բանավեճ սկսեն այս ուղղությամբ` հույս չդնելով միայն քաղաքական իշխող ուժի բարի կամեցողության վրա, որը կարող է իր համար աշխատել եւ ուրիշների մասին մտածել միայն: Մ.Խ.

*) Մի շարք կուսակցություններ, այդ թվումՙ ՌԱԿ-ը, որը 28 տարվա փորձ ունի ՀՀ-ում եւ եղել է Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանում պատգամավորների թվով 2-րդ մեծագույն խմբակցությունը, չէր հրավիրված այդ լսումներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 25-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ