RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 907, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՏԱԼԻԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼՙ 13 ՀԱՏՈՐՈՎ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Վերջին շրջանում մեծ ակտիվություն է նկատվում հրատարակելու տարբեր երկրների արխիվներում գտնվող հայերի եւ Հայաստանի վերաբերյալ փաստաթղթերը: Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի եւ ավստրալահայ գործիչ Արա Քեթիպյանի 12 երկար տարիների համատեղ աշխատանքի արդյունքը հանդիսացող «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press»,- Հայոց ցեղասպանությանը նախորդած եւ հաջորդած ժամանակաշրջաններում ամերիկյան մամուլում տեղ գտած հրապարակումներին առնչվող 10 հատորանոց անգլերեն մատենաշարից հետո, այժմ 20 տարվա տքնաջան աշխատանքների արգասիքըՙ «Document: Diplomatici Italiani sull՛Armenia» (Հայաստանի վերաբերյալ իտալական դիվանագիտական փաստաթղթեր) 13 հատորանոց մատենաշարը կհրատարակվի Միլանում:

Ծրագիրը իրագործվելու է երեք փուլով: Առաջին փուլում երեք հատորներ կընդգրկեն 1879-1890 թվականները, երկրորդումՙ 6 հատորներՙ 1891-1911 թվականները, իսկ երրորդումՙ 4 հատորներՙ 1912-1923 թվականները:

Ֆլորենցիայի համալսարանից Մարթա Պետրիչիոլիի ղեկավարությամբ երկրորդ եւ երրորդ փուլերի հատորները շուտով կներկայացվեն հանրությանը, երբ լույս տեսնի 10-րդ հատորը: Առաջին փուլի հատորները ավելի շատ ժամանակ եւ ֆինանսական ռեսուրսներ կպահանջեն, որովհետեւ փաստաթղթերի մեծ մասը ձեռագիր է, փաստաթղթերը հիմնականում իտալերեն են, բայց կան նաեւ անգլերեն, ֆրանսերեն եւ լատիներեն վավերագրեր: Բոլորն էլ, սակայն, վերցված են Իտալիայի արտգործնախարարության արխիվներից:

«Իտալիայի հայերի միության» (ԻՀՄ) միջոցով ծրագրի հովանավորներն են մի խումբ իտալահայերՙ գլխավորությամբ Հակոբ Մանուկյանի, Մինաս Լուրյանի եւ Պիետրո Քյուչուքյանի: Հակոբ Մանուկյանը սոցիոլոգ է, որ դասախոսել է Իտալիայի տարբեր համալսարաններում եւ եղել է (մինչեւ 2010 թվականը) քիմիական արդյունաբերական մի խմբակցության նախագահը: Որոշ ժամանակ նախագահել է նաեւ ԻՀՄ-ն: Ներկայիս դրա պատվավոր նախագահն է: 1968-1990 թվերին հովանավորել է «Հայկական ճարտարապետական վավերագրերի» հրատարակումը: Հեղինակ է, այլոց շարքում, Միլանում 2014-ին լույս տեսած «Presenza armena in Italia» (Հայերի ներկայությունը Իտալիայում) ուշագրավ հատորի:

Մինաս Լուրյանը ԻՀՄ-ի ներկա նախագահն է եւ Վենետիկում գործող «DEMME Edizioni»ՙ հայկական ուսումնասիրությունների եւ փաստագրումների կենտրոնի տնօրենը: Պիետրո Քյուչուքյանըՙ Միլանում եւ Լոմբարդիայի շրջանում Հայաստանի հանրապետության պատվավոր հյուպատոսն է:

Ըստ Մանուկյանի, ծրագրին 1996 թվից մասնակցել են Արա Սարաֆյանը (Միչիգանի Էն Արբոր համալսարանից), Հիլմար Կայզերը եւ Ռաֆայել Ռոմանելին (Ֆլորենցիայի եվրոպական համալսարան-ինստիտուտից), պրոֆ. Էնիո դի Նոլֆոն, Մարտա Պետրիչիոլին եւ Ալբերտո Տորինին (Ֆլորենցիայի համալսարանից), Ֆիկրետ Ադանիրը (Բոխումի համալսարանից) եւ Մարչելո Ֆլորեսը (Սիենի համալսարանից):

Հատորները ձեռք բերելու եւ մանրամասնություններ պարզաբանելու համար այցելել «https//www.Librariauniversitaria.it» «segreteria@centrostudiarmeni.it» կամ «http://www.unionearmeni.it/documenti-diplomatici.it.armeni/» կայքերը:

Նկար 1. Հակոբ Մանուկյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ