RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ

«ԱԶԳ»ի խմբագրությունը ողջունում է իր բոլոր ընթերցողներին՝ Հայաստանում, թե Սփյուռքում։ Եվ երկու շաբաթ տեւած պարապուրդից հետո հայտնում, որ մեր թերթը անցնում է բացառապես համացանցային տիրույթ՝ առցանց (on-line) ռեժիմի, ներկա դժվարին օրերին կրկին լինելու իր ընթերցողների հետ՝ տեղական, տարածաշրջանային ու համաշխարհային լրատվությամբ, քաղաքական, սոցիալական ու մշակութային նորություններով, կարծիքների ու տեսակետների մատուցմամբ։ Մեր թղթակիցները ոչ միայն Հայաստանից, այլեւ Մոսկվայից, Գերմանիայից, Չեխիայից, Բելգիայից, Լիբանանից, Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ այլ վայրերից տեղյակ կպահեն ձեզ կորոնավիրուսի համավարակի հետեւանքների, դրա դեմ պայքարի միջոցների ու կերպերի մասին։ Հետեւեք www.azg.am կայք-էջին, մեր լուրերին, մեր տարաբնույթ նյութերին, գրեք մեզ։
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1753, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ԹՐԱՄՓԸ ԻՐԱՐԱՄԵՐԺ ՀԱՅՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՈԳԵՎՈՐԵՑ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Ապա խորը հիասթափություն պատճառեց նրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքից վերադարձավ սեպտեմբերի 28-ին, որտեղ նա մասնակցել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային: Նա ավելի ընկճված էր, քան մեկնելիս, որովհետեւ ԱՄն-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեր արձագանքել հանդիպման նրա համառ պահանջներին, ինչի մասին վերջինը դեռեւս հունիսից էր խոսում, թե հանդիպմանը կքննարկի Սիրիայի հյուսիս-արեւելքում «անվտանգ» գոտի ստեղծելու հարցը, որ չեզոքացնի քրդական Դեմոկրատական միասնության կուսակցությանըՙ PYD-ին ու դրա ռազմական թեւը հանդիսացող Ժողովրդի պաշտպանական ստորաբաժանումներինՙ YPG-ին, որոնք Սիրիայի դեմոկրատական ուժերի հիմքն են կազմում, կամ էլ ռազմական գործողություններ կձեռնարկի, ոչնչացնելու համար վերջիններիս: Էրդողանը նույնիսկ «անվտանգ» գոտին ձեւավորելու համար երկու շաբաթ, մինչեւ սեպտեմբերի վերջը, ժամանակ էր տվել Վաշինգտոնին, հույսը դնելով Թրամփի վրա: Բայց ապարդյուն:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը անխնա քննադատում էր Էրդողանին, թե քաղաքական հաշվարկները չի կարելի պայմանավորել այս կամ այն պետության ղեկավարի, առավել եւս նախագահ Թրամփի սեփական անձի հանդեպ բարեհաճ վերաբերմունքով, իսկ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամներն ու կուսակցությանը հարող մամուլը հեգնում էին նրան: Ահա հոկտեմբերի 6-ի լույս, 7-ի գիշերը, պայմանավորված ժամանակային գոտու տարբերությամբ, Էրդողանը հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ-ի նախագահի հետ: Կողմերը մտքեր են փոխանակում «անվտանգ» գոտու շուրջը, կարծես գալիս են ընդհանուր հայտարարի, որ Թրամփը նրան հայտնում է թուրք-սիրիական սահմանում տեղակայված, թվակազմը 1100-ի հասնող ամերիկյան զինվորներին դեպի հարավ տեղափոխելու, ինչպես նաեւ քրդական ուժերի հնարավոր վերադարձը սահմանամերձ շրջաններ կանխելու համար Թել Աբյադ եւ Ռասել Այն քաղաքները թուրքերին հանձնելու իր որոշման մասին: Ավելին, Թրամփը նոյեմբերին Վաշինգտոն է հրավիրում Էրդողանին:

Նախագահ Թրամփի այս որոշումը մեծ գոհունակություն էր պատճառել Էրդողանին: Քանի որ դա Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողություններ սկսելու յուրատեսակ թույտվություն էր, ուստի դրա առթիվ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը , արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , պաշպանության նախարար Հիլմի Աքարը , «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորները չափազանց ոգեւորվել էին, թե Թուրքիան մեծ պետության է, ԱՄՆ-ը վերջապես հասկացավ դա եւ ընկրկեց նրա մեծության առաջ եւ Թրամփը վերջապես կատարեց «համաշխարհային առաջնորդ» Էրդողանին տված խոստումը, իսկ իշխանամետ մամուլը գովեստի խոսքեր էր շռայլել ԱՄՆ-ի նախագահի հասցեին: Հակառակ դրան, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, ի դեմս խորհրդանական խմբակցության խոսնակ Ֆաիք Օզթրաքի , Թրամփի որոշումն որակեց մտահոգիչ եւ հայտարարեց. «Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ մեր իշխանությունները Վաշինգտոնի հետ գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերել»:

Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցից մի քանի ժամ հետո, հոկտեմբերի 7-ի առավոտյան, Սպիտակ տունը հանդես եկավ նախագահի որոշումը հաստատող հայտարարությամբ, թե ԱՄՆ-ը չի պատրաստվում մասնակցել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ծրագրած ռազմական գործողություններին, ոչ էլ աջակցելու է դրանք, շուտով Թուրքիան այնտեղ գործի է անցնելու: Հայտարարության մեջ միաժամանակ նշվեց. «Իսլամական պետության ահաբեկիչներին պարտության մատնած ամերիկյան ուժերն այլեւս չեն լինի տարածաշրջանում եւ վերջին 2 տարիներին ձերբակալված գրոհայինների պատասխանատվությունը կստանձնի Թուրքիան»: Արձագանքելով Սպիտակ տան հայտարարությանը, խոսնակ Քալընն ասաց, որ Թուրքիան աչք չունի այլոց հողի վրա, գործողությունների նպատակը սահմանամերձ շրջաններն ահաբեկիչներից մաքրելն է եւ սիրիացի փախստականների վերադարձը հարազատ երկիր ապահովելը:

Հատկանշական է, որ սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլայում, անդրադառնալով «անվտանգ» գոտու հարցին, դրա ստեղծման անհրաժեշտությունը նույն կերպ էր բացատրել էրդողանը եւ մատնանշել, որ Թուրքիան հարգում է Սիրիայի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունը: Մինչդեռ ինքնիշխան պետության տարածքում մեկ այլ երկրի, տվյալ դեպքում ԱՄՆ-ի հետ «անվտանգ» գոտի ստեղծելն առնվազն տարածքային անվտանգության ոտնահարում է, այստեղ հարգանքի մասին խոսք լինել չի կարող: Նույնը վերաբերում է ահաբեկիչների դեմ այսպես կոչված պայքարի թուրքական նկրտումներին: Եթե ահաբեկիչները Սիրիայի տարածքում են, ապա դրանց դեմ պայքարը, այն էլ ռազմական գործողությունների միջոցով, սիրիական իշխանությունների խնդիրն է, ոչ թե Թուրքիայի:

Ի՞նչ հարգանք Սիրիայի տարածքային ամբողջականությանը, երբ Թուրքիան 2017-18 թթ. ներխուժել եւ օկուպացրել է Ջարաբլուսը, Ազազը, Ալ Բաբն ու Աֆրինը, իսկ Իդլիբը հանձնել Ան Նուսրայի ահաբեկիչներին, որտեղ ներկայումս տեղակայված 11 հազարանոց թուրքական զորք եւ 160 հազար գրոհային: Էլ չենք խոսում Աֆրինում Անկարայից կուսակալ նշանակելու, Էրդողանի կարգադրությամբ Ազազում, Ալ Բաբում եւ Աֆրինում Գազիանթեփի համալսարանի հաջորդաբար տնտեսագիտության, իսլամական գիտելիքների եւ մանկավարժական ֆակուլտետներ, ինչպես նաեւ թուրքական փոստային ծառայության մասնաճյուղեր բացելու իրողության մասին: Ի դեպ, այս կարգադրությունը, որի տակ Էրդողանի ստորագրությունն է, հոկտեմբերի 3-ին «Պաշտոնական» թերթում հրապարակվել եւ օրենքի ուժ է ստացել, ըստ որի վերոհիշյալ ֆակուլտետների շրջանավարտները աշխատանքի են տեղավորվելու Թուրքիայում:

Թրամփին արձագանքեց նաեւ Էրդողանը, հաստատելով Իսլամական պետության ահաբեկիչների պատասխանատվությունը ստանձնելու մասին Սպիտակ տան հայտարարությության մեջ Թուրքիային վերագրվող պարտավորության իսկությունը, միաժամանակ նշելով, որ ամերիկյան զորքերի դուրս բերումը Սիրիայից կտեւի մոտ մեկ շաբաթ: Վերոհիշյալ ահաբեկիչները, որոնց թիվը 10 հազար է, բանտարկված են, ըստ ամենայնի քրդական բանտերում, իսկ նրանց ընտանիքներըՙ շուրջ 80 հազար հոգի, բնակվում են 4 տարբեր ճամբարներում: Եթե նրանց վրա ավելացնենք Իդլիբում տեղակայված 160 ահաբեկչի ու նրանց ընտանիքներին, ապա ակնհայտ կդառնա, որ Թրամփի որոշումով Թուրքիան իրականում կանգնում է շատ բարդ խնդրի առաջ: Սակայն Էրդողանին ոչ այդքան այս խնդիրն էր հուզում, որքան Սիրիայի հյուսիս-արեւելքն այսպես կոչված քուրդ «ահաբեկիչներից» մաքրելու խոստումը, ուստի նա թափ հաղորդեց ռազմական գործողությունների նախապատրաստման աշխատանքներին, անտեսելով Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի Սիրիա ներխուժելու մտադրությությունից հետ կանգնելու հորդորները: Այդ ընթացքում իր պարտավորությունները չկատարելու մեջ Վաշինգտոնին մեղադրեց Սիրիայի դեմոկրատական ուժերի ներկայացուցիչը, նշելով, որ ամերիկացիներն արդեն հետ են քաշել իրենց զինվորներին: Այս տեղեկությունը «Ռոյթերի» հարցերին պատասխանելիս հաստատեց ամերիկյան մի պատասխանատու, թե ԱՄՆ-ի զինվորների մի մասը հեռացել է Թել Աբյադում եւ Ռասուլ Այնում տեղակայված 2 դիտակետից, մյուսներն առայժմ պահպանելու են իրենց դիրքերը տարածաշրջանում:

Մինչ էրդողանի իշխանություններն, ոգեւորված Սիրիա ներխուժելու հարցում ընձեռած հնարավորության համարՙ գովաբանում էին Թրամփին, ամերիկյան զինվորներին թուրք-սիրիական սահմանից հետ քաշելու վերջինի որոշումը բուռն հակազդեցություն առաջ բերեց ԱՄՆ-ի Կոնգրեսում: Հոկտեմբերի 7-ին, ինչպես գրել էր «Նյու Յորք թայմսը», ժամանակին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը վարած Նիկի Հելին հայտարարեց. «Եթե ուզում ենք, որ մեր դաշնակիցները թիկունք կանգնեն մեզ, մենք էլ մշտապես պիտի լինենք նրանց թիկունքում: Քրդերը ամեն կերպ աջակցել են մեզ Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչների դեմ պայքարում: Մեծ սխալ է նրանց լքելն ու այսպիսով մահվան դատապարտելը»: Նա YPG-ին որակել է որպես քուրդ ժողովրդի ներկայացուցիչ ու մատնանշել. «Թուրքիան մեր բարեկամը չէ»: Նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ակնարկելով Էրդողանին, Թրամփին քննադատել է բռնապետներին աջակցելու մեջ եւ ահավոր դավաճանություն է համարել նրա որոշումը ինչպես քրդերի, այնպես էլ նախագահական երդման հանդեպ:

Նրանց է միացել հանրապետական սենատոր Լենդսի Գրահամը : Նա հոկտեմբերի 7-ին սոցցանցով տարածած հաղորդագրության մեջ նշում է. «Թուրքիայի կողմից Սիրիայի օկուպացման դեպքում մենք երկու կուսակցությունների համատեղ նախաձեռնությամբ Կոնգրեսին ենք ներկայացնելու թուրքական պետության դեմ պատժամիջոցների կիրառման համատեղ օրինագիծը: Եթե Թուրքիան հարձակվի քրդական ուժերի վրա, ապա Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին սառեցնելու կոչ ենք անելու»: Այնուհետեւ նա Թրամփի որոշումը չեղյալ հայտարարելու մասին օրինագծով դիմել է Կոնգրեսին: Գրահամին հավելել է սենատոր Քրիս Վան Հոլենը , ընդգծելով. «Կոնգրեսը պետք է պարզորոշ հասկացնի Թուրքիային, որ քրդերի վրա հարձակվելը շատ ծանր է նստելու իր վրա»:

Ըստ երեւույթին այս բուռն հակազդեցությունները լուրջ ներգործություն են ունեցել Թրամփի վրա, որ նա նույն օրը, հոկտեմբերի 7-ի երեկոյան հանդես է եկել նոր հայտարարությամբ, որը տրամագծորեն հակասում է նրա առավոտյա հայտարությանը: BBC-ի տվյալներով ԱՄՆ-ի նախագահը սպառնացել էՙ «Եթե զգամ, որ թուրքերը խախտում են իմ գծած շրջանակի սահմանները, ապա ես կոչնցացնեմ Թուրքիայի տնտեսությունը»: Թե ի՞նչ շրջանակ է դա, ինչպիսի՞ խորությամբ, չգիտենք, որովհետեւ որեւէ տեղեկություն այդ մասին չի հաղորդվել: Պարզապես հայտնի է, որ այդ շրջանակը մոտ 100 կմ-անոց հատվածն է ընդգրկում 911 կմ. ձգվող թուրք-սիրիական սահամանի: Նախագահ Թրամփի սպառնալիքից հետո Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Վաշինգտոնը հավանություն չի տալիս Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախատեսած ռազմական գործողություններին: Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը :

Այդ ընթացքում պետքարտուղարության պատասխանատուներից մեկը, AFP-ի հարցին ի պատասխան, ասել է, որ սահմանամերձ շրջանից հետ է քաշվել ընդամենը 25 ամերիկյան զինվոր, ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում մեծապես պահպանվում է, որքան էլ Թուրքիան ռազմական գործողություններին անցնելու համար սպասի ամերիկյան զորքերի լիակատար դուրս բերմանը Սիրիայի տարածքից: Դրան է հետեւել, ինչպես CNN-ի թղթակից Ջենիֆր Հանսլերն է նշում, հենվելով Պենտագոնի աղբյուրների վրա, ամերիկացիները մոտ ապագայում չբացելու մտադրությամբ Թուրքիայի առջեւ փակել են Սիրիայի օդային տարածքի այն հատվածը, որը վերահսկում են իրենք:

Նախագահ Թրամփի այս նոր հայտարարությունը կատարյալ հիասթափություն է պատճառել Անկարային: Դրան առաջինն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը , թե ԱՄՆ-ի զինվորական իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունները, Թուրքիան հանուն ազգային անվտանգության իրավասու է պայքարել ահաբեկչության բոլոր դրսեւորումների դեմ իր սահմանների երկայնքով, պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունների առնչությամբ վերահաստատել է Թուրքիայի վճռականությունը, իսկ խոսնակ Իբրահիմ Քալընը կրկին ասել է, որ իրենց նպատակը Հյուսիս-Արեւելյան Սիրիայի ազգագրությունը փոխելր չէ, դա արել են հենց քուրդ ահաբեկիչները:

Հոկտեմբերի 8-ին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Իրանի արտգործնախարարությունը, համարելով անընդունելի Թուրքիայի ռազմական ամեն մի գործողություն Սիրիայում:

Նույն օրը Թուրքիայի ազգային մեծ ժողովում իր խմբակցության առջեւ ելույթ ունեցավ «Լավ» կուսակցության նախագահ տիկ. Մերալ Աքշեները եւ դիմելով ամբիոնից Էրդողանին ասաց. «Եթե հաջողվի ձեզ իրականացնել ծրագրված ռազմական գործողությունները Սիրիայում, միեւնույն է դուք այնտեղ ընդամենը պատերազմելու եք Իսլամական պետության ահաբեկիչների դեմ, որովհետեւ այլ հնարավորություն տրված չէ, բացի այդ Սիրիայի հյուսիսային եւ արեւելյան հատվածներն արդեն ինքնավար շրջաններ են»: Որքանով է ճիշտ Աքշեների այս դիտարկումը, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջովին դուրս բերման դեպքում քրդական ուժերն ակամա մերձենալու են նախագահ Բաշար Ասադի վարչակագին, այլ ոչ թե Թուրքիային: Եթե նույնիսկ հաջողվի Էրդողանին իրականացնել «անվտանգ» գոտու ձեւավորման իր ծրագիրը ,թեկուզ 32 կմ խորությամբ, դա չի հանգեցնի Սիրիայի հյուսիս-արեւելքի այսպես կոչված քուրդ «ահաբեկիչներից» մաքրմանը: Վերջիններս ընդամենը կհեռանան թուրքական սահմանից, հնարավորության դեպքում վերադառնալու պատրաստակամությամբ: Մանավադ որ, Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հավաստմամբ, Սիրիայի արեւմուտքում, ըստ երեւույթին Ասադի զորքերից պաշպանվելու համար, թուրքական ստորաբաժանումները տեղակայվում են ռուսական դիրքերում, իսկ Իդլիբում թուրք զինվորների դիտակետերն արդեն ռուսական զորքերի վերահսկողության տակ են, այն աստիճանի, որ դրանց մատակարարումն անգամ իրականացվում է ռուսների թույլտվությամբ, էլ չենք խոսում Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջի մասին:

Թերեւս այս ամենի լավագույն լուծումը Էրդողանի համար Սիրիայում «անվտանգ» գոտու ձեւավորելու իր ծրագիրց հրաժարվելն էր եւ նախագահ Ասադի վարչակարգի հետ անմիջական կապեր հաստատելը: Բայց Թուրքիայի նախագահը սկսած 2011-ի մարտից անընդմեջ անձնական վիրավորանքներ հասցնելով Բաշար Ասադին, կամՙ 3 ժամից Հալեպ, 2 ժամ հետո Դամասկոս մտնելու եւ այնտեղ Օմայան մզկիթում նամազ անելու զազրանքներով վաղուց սպառել է նաեւ այդ հնարավորությունը: Հետեւաբար Էրդողանը Սիրիայի արեւելքում որեւէ ծրագիր իրականացնելու մասին մտածելիս պետք է շոշափի ԱՄՆ-ի, իսկ արեւմուտքումՙ ռուսների տրամադրությունները, հրաժարվելով իհարկե ամեն տեսակի սանձարձակություններից, եթե չի ուզում կանգնել նոր փորձությունների առջեւ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

AZG Daily #12, 02-04-2020

AZG ONLINE

2020-04-06 04:59:55
Սմարթֆոններ` Քաշաթաղի դպրոցների երեխաներին

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ