RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 2164, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Եթե աչքովս ու կյանքովս տեսած չլինեի անկախությունից հետո իրար փոխած երեք իշխանություններին, լինեի, ասենք, քսանհինգ տարեկան, ու պատահմամբ իրար հետեւից կարդայի նախորդ երեք իշխանության շրջանակի մարդկանց գրառումները սոցիալական ցանցերում, պիտի գայի ոչ թե իմ իմացած- փաստաշարով հագեցած էմպիրիկ եզրակացություններին, այլ թվացյալ, անհիմն պատկերացումների` երեք շրջանակների վերաբերյալ էլ, մոտավորապես այս կարգի.

- Առաջին նախագահի իշխանությունն, օյ, եղել է ամենադեմոկրատական, ամենախելացի, ամենահավասարակշիռ մարդկանց իշխանությունը, եւ այդ ժամանակից չի հիմնադրվել մարդկանց ունեզրկումն ու որոշների չհիմնավորված հարստացումը, այդ ժամանակ չէին դատական հետապնդում իրականացնում քաղաքական հակառակորդների նկատմամբ ու լրատվամիջոց փակում: Ուղղակի լուսապսակով սրբեր էին Առաջինի ժամանակ:

- Երկրորդ նախագահի օրոք վագրային տնտեսական թռիչքներ ենք ունեցել միայն, երկրում շինարարական բում էր, ու այդ ժամանակ չի խորացել վայրենի բեւեռացումը, գերակա շահի անվան տակ մարդկանց ունեզրկումը, քվոտավորված բիզնեսը, ընտրովի արդարադատությունը, «Հայլուրի » եւ իրական Հայաստանների տարբերությունը:

- Երրորդ նախագահն էլ, միակ իմաստունն ու շախմատիստը, հավասարկշռված ներքին եւ արտաքին քաղաքականություն էր վարում, ու նրա օրոք կրիմինալը չէր իշխում թաղերում, չէր տիրապետում տնտեսական լծակներին, վճարովի արդարադատություն ու ընտրություն չէին անցկացնում, չէին ասում մի բան` անում բոլորովին այլ բան, իսկ ժողովուրդն էլ չէր օտարվել բոլոր գործընթացներից, այլ շատ էր ուզում խաբվել, հարստահարվել, արհամարհվել:

Ու այս երեք տեսակի պսեւդոճշմարտությունների համար, որին կարող են հավատալ միայն անցյալից անտեղյակ ու քաղաքականության հետ կապ չունեցող երիտասարդները, ու մեկ էլ իրենց ցանկալի գույնով ակնոց նախըտրածները, հենց հիմա սոցիաալական ցանցերում անհաշտ մահու կռիվ են տալիս` չգիտես իրենք իրենց ինչով համոզած-իրականությունն անտեսածները, նրանց թշնամական, հակոտնյա տեսակետները լցվում են սեփական ԶԼՄ-ներ` անվերջ հերքում-հաստատումներով, անվերջ բառամարտերով ու լեզվակռիվներով, երբեմն անգամ մինչեւ առաջին շերտի պաշտոնյաների ներքաշելով այդ անգո պատերազմի մեջ եւ կեղծ օրակարգերով հագեցնելով Հայաստանի կյանքը:

Դա կարելի կլիներ պարապ վախտի խաղալիք համարել ու անցնել առաջ, եթե դրանք աստիճանաբար չնյութականանային ու արդեն ազգային անվտանգության խնդիր չդառնային, վերջինը` Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար աշխատած Վիտալի Բալասանայանի շուրջ զարգացումներն են (համաձայնեք` անվտանգության քարտուղարի`վտանգահեն հայտարարությունները զարմանալի պիտի լինեն ամեն դեպքում, անգամ` ենթատեքստից չկտրված): Սակայն մասնավոր դեպքերը քննելով` կմոլորվենք, դրա համար գնանք ավելի ընդհանրական հետեւությունների հետեւից:

Ինչ են քննում բոլոր երեք` վերը նշված շերտերի ներկայացուցիչները, ինչ են նրանք ուզում ի վերջո: Իշխանությո՛ւն, իշխանության տորթի իրե՛նց բաժինը, իրե՛նց հավակնությունների բավարարումը, առանց իրեց պետություն չեն պատկերացնում` ի վերջո այդ մտքին կարելի է հանգել: Ոնց կլինի` իրենք մեր նման հասարակ մարդու կյանքով ապրեն, պետության կարեւոր դերակատար չլինեն: Առաջին նախագահի կողմնակիցները պնդում են, որ իրենք ողջ կյանքը պայքարել են, ուրեմն իրենք պիտի պաշտոն ունենան (եւ ունենում են, եթե ոչ իրենք անձամբ, գոնե իրենց զավակների տեսքով): Երկրորդի կողմնակիցները հույսը դնում են ներկա իշխանությունների սխալների վրա (որոնք քիչ չեն)` հուսալով, որ երբեւէ հասարակության ինչ-ինչ շերտերի աջակցությամբ միգուցե ինչ-որ շանս կստանան: Երրորդ նախագահի կողմնակիցներն էլ դեռ ակտիվ հակադարձում են, դեռ խոսում իշխանության բռնազավթման մասին, աստիճանաբար ամբողջովին կտրվելով իրական Հայաստանից, ինչպես եւ առաջ, սխալմամբ կարծելով, որ եթե Նիկոլը չլիներ, իրենք իշխանություն չէին կորցնի:

Բոլոր երեքն էլ սխալվում են` Հայաստանի բնակչությունը վերապրել է բոլոր երեք իշխանություններին եւ ինքնուրույն եկել իր կյանքը փոխելու հրամայական մտքին` դրա համար հարմար առիթն օգտագործելով եւ հարմար պահին հարմար տեղում հայտված մարդկանց միջոցով գեներացնելով տարիների պահանջը, այդ մարդկանց առաջնորդին իշխանության բերելով (նրա միայն պայմանական անունն է Նիկոլ): Ու հիշեցնենք` բոլոր նախորդ երեք իշխանությունների մերժումը հանրության կողմից, պատասխանն էր այն իրողության, որ բոլոր երեք իշխանություններն էլ մերժել են հանրության լայն շերտերին , անտեսել իրոք շատ արժանիների, ու իշխանությունը կիսել են միայն իրենց կողմնակիցներով: Այդքանից հետո առաջին նախագահի կողմնակիցների հավակնությունները, եւ բոլոր մյուսների հավակնությունները եւս անհասկանալի են, ինչպես որ անհասկանալի է իշխանության կամ նրա առաջին դեմքի մղումն` այդ հավակնությունները բավարելու, իսկ ավելի ստույգ` որոշակի անհատների շանտաժին տրվելու թուլությունը: Ժողովուրդը նախկիններից ոչ մեկին քարտ- բլանշ չի տվել, նա նորերին է ուզել տեսնել, սխալ, թե ճիշտ` իր վստահության մեծ չափաբաժինն ուղղել է մի մարդու, իսկ վերջինս էլ ճիշտ չի անի, եթե այդ ժողովրդի մեջքով իշխանության գալով` փորձի իշխանության օղակներ անցկացնել նախկին մի շարք մերժվածների: Առհասարակ` եկել է այն կրիտիկական պահը, որ ներկա իշխանությունը պետք է զերծ մնա անցյալի բոլոր երեք իշխանությունների սխալները կրկնելուց, միայն սեփական , հաճախ անպիտան կադրերով կառավարման խողովակները լցոնելուց, ընդունելությունների ու տեսախցիկների փայլատակումների մեջ չկորցնի իրականության զգացումն ու շատ հարցերում չվարվի նախկինների պես: Դա ոչ միայն ճիշտ չի լինի, այլեւ կիմաստազրկի, կզրոյացնի մեկուկես տարի առաջ իշխանության փոփոխությանն աջակցած հանրության ջանքը, կփոխի նրա պահանջի բովանդակությունը, զրոյացնելով նաեւ իշխանափոխություն իրականացրած վարչապետի ստացած աջակցության ռեսուրսը: Արդեն տեսանք բոլորս, թե դա ինչով վերջացավ: Այնպես որ` բոլոր տեսակի հները պետք է զսպեն իրենց հավակնությունները, աշխատեն քար չդնել պետության` առաջ շարժվող մեքենայի անիվի տակ, անիմաստ պահանջներ չներկայացնեն եւ անցնեն բնականոն, առանց հարայ-հրողի քաղաքական գործունեության: Իսկ որ ավելի կարեւոր է` թշնամանք չբուծեն:

Որ նայում ես, թե թշնամանք բորբոքող կեղծ նյութերի ինչ չափաբաժին է պտտվում սոցիալական ցանցերով, ինչ անամոթությամբ առանց դատ ու դատավճռի մարդասպան ու ահաբեկիչ են որակվում քաղաքական հակառակորդները, ինչ անգթությամբ ու բառապաշարի ինչ սադիզմով են միմյանց որակումներ շնորհում բոլորը բոլորին ու թշնամանքի ինչ չափաբաժիններով է լցված մեր վիրտուալ ու իրական կյանքը, մտածում ես, որ պարպումն անվտանգ չի կարող լինել: Ու դրա համար հանրության լայն շերտերի պահանջների մասին չպիտի մոռանա նախ կառավարող ուժը, նախ ինքը պետք է թշնամանք չբուծի ու հանրության բացասական վերաբերմունքին արժանացած մարդկանց չսղղացնի կառավարման ոլորտներ, ու բացի այդ` այժմվանից պետք է մտածի հանրության ներքին համերաշխության մթնոլորը ստեղծելու առաջին քայլերն անելու մասին;

Թե չէ` ամենօրյա մեր կյանքը (այդ թվում` լրատվամիջոցներում պատկերվածը) մեր առջեւ ծառացած խնդիրներից գնալով հեռանում է` տրվելով իշխանությունը ստանձնածների ու հանձնածների գզվռտոցների կեղծ նյութին եւ արհեստական օրակարգերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ