RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



ՕՐԱԿԱՐԳ

Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1753, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Կ. ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ԿՐՔԵՐ Է ԲՈՐԲՈՔՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դրան երկդիմի հայտարարություններով հավասարապես նպաստում են Աթեշյան եւ Մաշալյան սրբազանները

«Ազգի» նախորդ համարում, «Հակազդեցությունների տարափ Շիրինօղլուի դեմ» խորագրով անդրադարձել էի Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի «Կեդրոնական» (կենտրոնական) վարժարանին «գրոհայիններ» դաստիարակելու մեջ մեղադրող անփառունակ հայտարարությանը: Դա լուրջ մտահոգություններ էր առաջացրել Կ. Պոլսո հայ համայնքում: Սակայն դրանք այդ հայտարարությամբ չեն ավարտվել: Շիրինօղլուի հայտարարության շուրջը բորբոքված կրքերը դեռ չհանդարտված, նոր կրքեր բորբոքվեցին, որոնց պատճառն այս անգամ պատրիարքական ընտրության կանոնադրության, որը սեպտեմբերի 23-ին պատրիարքարան էր ներկայացրել Թուրքիայի ներքին գործոց նախարարությունը, պատրիարք առաջադրվելու հիմունքները կարգավորող 25-րդ հոդվածի 3-րդ կետին հոգեւոր որոշ առաջնորդների եւ համայնքի երեւելիների տված յուրովի մեկնաբանություններն են:

Ըստ երեւույթին հենց այդ մեկնաբանություններով պիտի պայմանավորել թուրքական իշխանությունների միջամտությունը ընտրություններին: Մինչ հարցին պատասխանելը, նշեմ, որ այդ հոդվածը պատրիարք առաջադրվելու իրավունք է տալիս «Կ. Պոլսո պատրիարքարանի եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներին» միայն, թերեւս դրանով էլ սահմանափակում ինչպես առաջադրվողների, այնպես էլ ընտրողների իրավունքները: Սա նաեւ ավանդույթի խախտում է, որովհետեւ նախորդ 1961, 1990 եւ 1998 թ. կանոնադրություններում ընտրություններին արտասահմանցի թեկնածուների մասնակցությունն արգելող հոդված չի եղել: Այլապես Գարեգին արք. Խաչատուրյանը 1951թ., Շնորհք արք. Գալուստյանը 1960 թ., Գարեգին Բ-ն 1990 թ., պատրիարք չէին ընտրվի:

Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, ապա դրանց ձեւակերպման առումով հավանաբար կարեւոր նշանակություն են ունեցել ներքին գործոց նախարար Սուլեյման Սոյլուի եւ նախարարության երկու պաշտոնատարների այցելությունները, որոնք համապատասխանաբար կատարվել են 2019-ի մայիս եւ սեպտեմբեր ամիսներին: 2015-ին, երբ դատաբժշկական եզրակացության հիման վրա Մութաֆյան պատրիարքը լիազորությունները կատարելու մեջ անզոր ճանաչվեց, ինչը նշանակում էր պատրիարքական ընտրությունների սկզբնավորում, թվում էր, թե Արամ արք. Աթեշյանը, ելնելով ավանդույթից, կհրաժարվի «պատրիարքի ընդհանուր փոխանորդի» պաշտոնից: Սակայն նա հրաժարական չտվեց, ըստ երեւութին նոր պատրիարքի ընտրություններն անձամբ կազմակերպելու նկատառումով:

Նրա հաշվարկները խախտվեցին Սոյլուի պատրիարքարան այցելությամբ: Նախարարը պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանի վկայությամբ ասել էր. «Ընտրության գործընթացի անցկացումը առողջ մթնոլոտում, ենթադրում է դրա համապատասխանությունը հայ եկեղեցու ավանդույթներին, կարգ ու կանոնին: Անցլալում, ինչպես 1863 թ. կանոնադրությամբ էր նախատեսված, ընտրության գործընթացը մեկնարկել է տեղապահի ընտրությամբ, թերեւս սա է առողջ եւ ճշմարիտ սկզբնավորումը, այդ կարծիքին է նաեւ նախագահ Էրդողանն ու պետությունը»: Այսինքն, եթե չլիներ նախարարի զգուշացումը, ապա Աթեշյանը տեղապահի ընտրություն հազիվ թե նշանակեր:

Գալով ներքին գործոց նախարարության պաշտոնատարներին, ապա նրանք, ինչպես սեպտեմբերի 18-ին նշել է Պոլսո «Ժամանակը», պատրիարքարան են այցելել Նախաձեռնարկ մարմնի հետ շփումների շրջանակում: Մեկնաբանելով այցըՙ Սահակ սրբազանն ասել է. «Պատրիարքական ընտրության կանոնադրությունը պատրաստվում է ներքին գործոց նախարարության կողմից Նախաձեռնարկ մարմնի հետ համակարգոված ձեւով: Անշուշտ, կանոնադրության վերջնական ձեւը որոշելը նախարարության իրավունքն է, սակայն ողջունելի է, որ մեր համայնքի տրամադրութիւնները շոշափելու պատրաստակամություն կայ այնտեղ»: Արտասահմանի թեկնածուներին առնչվող հարցին սրբազանը պատասխանել է հետեւյալ կերպ. «Մենք փափաք հայտնեցինք, որ պատրիարքական ընտրության կանոնադրության բովանդակությունը լինի նախորդների նման: Այլապէս, արտասահմանի թեկնածուներին վերաբերող սահմանափակումները անհանգստություններ կառաջացնեն»:

Համանման հայտարարություն, ինչպես նշում է Tiny Url-ը Լոնդոնի «Ahval» թերթում սեպտեմբերի 25-ին հրապարակված հոդվածում արել է նաեւ Արամ սրբազանը. «Մեր ավանդույթներին դեմ է ընտրությանը արտասահմանի թեկնածուների մասնակցության կանխարգելումը: Դա հետեւանքն է մեր համայնքային որոշ շրջանակների անձնական նեղ շահերից բխող անտեղի միջամտությունների: Նրանք, ովքեր հաշվի չեն առնում համայնքի ձեռքբերումները, դատապարտված են անհաջողության»:

Ի դեպ, միջամտությունների մասին «Ակօսի» սեպտեմբերի 20-ի համարում նշել է նաեւ թերթի խմբագրապետ Եդվարդ Դանզիքյանը : Նա ասել է. «Մենք գիտենք, որ ոմանք երկար ժամանակ Անկարայի հետնաբեմերում «բացատրական» աշխատանքներ են տանում պատրիարքի թեկնածուների «երկրի ներսից». առաջադրմանը հասնելու համար: «Երկրի ներսից» ասելով նրանք նկատի ունեն Աթեշյան եւ Մաշալյան սրբազաններին: Այդ թեզի պաշտպաններն իրենց անհիմն մոտեցումը հիմնավորում են հետեւյալ կերպ. «Պատրիարքի թեկնածուն պետք է լինի Պոլսո պատրիարքարանից: Այսինքն դրա նախադրյալները համայնքի միջից, գործընթացին մասնակցող որոշ դերակատարներ ստեղծել էր նախքան հարցի առնչությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը որոշում կկայացներ: Թեեւ Աթեշյան եւ Մաշալյան սրբազանները տարբեր առիթներով դեմ արտահայտվեցին արտասահմանի թեկնածուների մասնակցությունը սահմանափակելու առնչությամբ, սակայն երկու հոգեւորականներն էլ ընդգծեցին, որ վերջական որոշումը նախարարությանն է: Նրանց հակազդեցությունը թույլ էր եւ անբովանդակ: Կանոնադրութլունն ընդամենը պատրվակ է, պետության եւ համայնքի դերակատարներից ոմանք ջանք չեն խնայում, որ հասնեն «տեղացի եւ ազգային» պատրիարքի ընտրությանը»:

Հոկտեմբերի 3-ին պատասխանելով «Independent-ի» թղթակցուհիՙ Էդա Նարինի հարցերին, կանոնադրությունը ապօրինի է համարել Կ. Պոլսո «Նոր Զարթօնքը» եւ դրա դեմ պայքարի կոչով դիմել է թուրքահայ համայնքին: Դա քննադատել են Մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանն ու նախկին պատգամավոր Սելինա Դողանը: Ըստ «Ahvali» Փայլանն ասել է, որ հակառակ 1961, 1990 եւ 1998 թթ. կանոնադրություններին, 2019-ի կանոնադրությունը պայմաններ է դնում արտասահմանի թեկնածուների առջեւ: Այս պայմաններում կանխավ խախտվում են ազատ, ժողովրդավարական ընտրությունների անցկացման հնարավորությունները: Ակնհայտ է, որ այս մոտեցումն ապագայում համայնքին կկանգնեցի պատրիարքի թեկնածուին գտելու խնդրի առջեւ: Սելինա Դողանն «Ակօսի» էջերում հավելել է Փայլանին. «Ափսոսանքով եմ նկատում, որ համայնքային հիմնադրամների բազմաթիվ ղեկավարներ գիտակցության եւ քննադատության առումով հաճախ ետ են մնում համայնքից: Հարցին որ տեսանկյունից մոտենաս, մռայլությունն ակնհայտ է: Մեր տեղապահ հայրը ասաց, որ մենք հայտնվել ենք «վատի եւ վատթարագույնի» միջեւ ընտրություն կատարելու փաստի առջեւ: Նրա այս հետեւությունը չեր կարող չազդել մեր հիմնադրամների գոնե մի մասի վրա: Այդ իսկ պատճառով այդ ղեկավարները կանոնադրությունը նույնությամբ ընդունելու կարծիք հայտնեցին»:

Տվյալ դեպքում խոսքը Նախաձեռնակ մարմնի հոկտեմբերի 7-ին պատրիարքարանում հրավիրած ժողովի մասին է, որտեղ կանոնադրությունը ձայների մեծամասնությամբ ընդունվել է: Միչդեռ Թուրքիայի Սահմանադրական դատարանը 10.07.2019 թվակիր որոշումով փաստերեն անվավեր էր ճանաչել այդ կանոնադրությունը, եզրակացնելով, որ հոգեւոր առաջնորդի ընտրության հանգամանքներն ու ընտրվելու ձեւը որոշելը պետության իրավասությունից դուրս է: Թվում է թե Սահմանադրական դատարանի որոշումը տալիս էր կանոնադրությանն առարկելու բոլոր հիմքերը, սակայն Կ. Պոլսո հոգեւոր հայրերը առարկելու փոխարեն նախընտրեցին համակերպվել: Կարծում եմ թուրքական իշխանությունները բարձր կգնահատեն նրանց:

Նկար 1. Աթեշյանը եւ Մաշալյանը նախարար Սոյլուի հետ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ