RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 430, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՐԱՄՓԸ ՉԵԶՈՔԱՑՆՈՒՄ Է ԲԱՅԴԵՆԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Պաշտոնանկության գործընթացը քիչ հավանական է

Եթե ԱՄՆ-ում 2016 թ. նախագահական ընտրություններն անցան դրանց Ռուսաստանի հնարավոր միջամտության նշանաբանով, ապա 2020 թ. ընտրությունների նախօրեին ուշադրության կենտրոնում արդեն հայտնվել է Ուկրաինան: Առաջիկա ընտրություններում դեմոկրատներից Թրամփի մրցակիցը համարվող նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Ուկրաինայի 2014 թ. «եվրոմայդանից» հետո վերահսկում էր Ուկրաինան: Իսկ նրա որդինՙ Հանթեր Բայդենը, այն ժամանակ պաշտոն էր ստացել Ուկրաինայի Burisma Holdings գազային ընկերության տնօրենների խորհրդում:

Ինչպես հաղորդում է The Hill հրատարակությունը, կրտսեր Բայդենը Ուկրաինայում իր աշխատանքի ընթացքում կարող է կոռուպցիոն հանցագործությունների մասնակից եղած լինել: Երկրի գլխավոր դատախազությունը պատրաստվոմ էր նույնիսկ քննություն սկսել նրա գործով, բայց դրան խանգարեց Ջոզեֆ Բայդենը, որի ջանքերով պաշտոնանկ արվեց Ուկրաինայի դատական գերատեսչության ղեկավար Վիկտոր Շոկինը: Հարկ է նշել, որ ամերիկացի քաղաքական գործիչը լրագրողներին անձամբ պատմել է, թե ինքը ինչպես է հասել դրան, ճիշտ է, Բայդենը չի բացահայտել այդ դիրքորոշման պատճառները:

Իսկ ամերիկացի դեմոկրատները պնդում են, որ նախագահ Թրամփը ճնշում է գործադրել Զելենսկու վրա, որպեսզի նրանից ստանա Բայդենին վարկաբեկող ինչ-ինչ տեղեկություններ:

Սպիտակ տունը հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցած հեռախոսազրույցի ամբողջական սղագրությունը: Ավելի վաղ, այդ զրույցը նկատի ունենալով, Կոնգրեսում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին հայտարարել էր նախագահ Թրամփի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին: Նա պնդում էր, թե նախագահ Թրամփը չարաշահել է իր լիազորություններըՙ ճնշում գործադրելով ուկրաինացի պաշտոնակցի վրա եւ նրանից պահանջելով, որ հետաքննություն սկսվի առաջիկա նախագահական ընտրություններում Թրամփի հավանական մրցակից Բայդենի նկատմամբ: Փոխարենը Թրամփը խոստացել էր ռազմական օգնություն ցուցաբերել Կիեւին: Չնայած ԱՄՆ Արդարադատության նախարարությունը զրույցի սղագրության մեջ չի գտել ճնշումը հաստատող վկայություններ, դեմոկրատները շարունակում են հետաքննությունը իշխանությունից Թրամփին հեռացնելու նպատակով:

Թեեւ նախագահի պաշտոնանկության գործընթացի կողմնակից ամերիկացիների թիվը վերջերս ավելացել է, բայց դա քիչ է անդրադարձել Դոնալդ Թրամփի քաղաքական վարկանիշի վրա: Սեպտեմբերի 22-24-ը, 2000 մասնակիցների շրջանում Harvard CAPS-ի հետ համատեղ Harris Poll-ի անցկացրած հարցման տվյալներով, Թրամփի դրական վարկանիշը պահպանվում է 46 տոկոսի մակարդակի վրա:

Ավելի վաղ Gallup հաստատության անցկացրած մեկ ուրիշ հարցման համաձայն, Թրամփի վարկանիշը կազմում է 43 տոկոս, որը բարձր է Օբամայի նախագահական առաջին ժամկետի համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշից:

Մինչդեռ Թրամփի դեմոկրատ մրցակից Ջոզեֆ Բայդենը սկսել է կորցնել հեղնակությունը կուսակիցների շրջանում: Մոսկվայի Ամերիկյան համալսարանի նախագահ Էդուարդ Լոզանսկու կարծիքովՙ «այսօր Բայդենը իր դարն ապրած կերպար է: Ամենայն հավանականությամբ, առաջնորդությունը կփոխանցվի սենատոր Էլիզաբեթ Ուորենին: Իսկ Թրամփի վարկանիշը բարձրանում է մեկ պատճառովՙ դա հանրապետականների հակազդեցությունն է դեմոկրատների գործողություններին»: Նշենք, որ 100 տեղանոց ամերիկյան Սենատում մեծամասնություն են կազմում հանրապետականներըՙ 53:

Դոնալդ Թրամփը իր պաշտոնանկության գործընթացն սկսելու դեմոկրատների նախաձեռնությունն անվանել է «ամերիկյան քաղաքականության խոշորագույն խաբեություն» եւ իր քաղաքական հակառակորդներին մեղադրել է ամերիկացիներից զենքը, ձայները, առողջապահությունը եւ ազատությունը խլելու փորձերի մեջ:

Ըստ որում, The Washington Post թերթը սեպտեմբերի 28-ին հաղորդեց, որ Պետդեպարտամենտը ակտիվացրել է Հիլարի Քլինթոնի հետ կապված այն գործի քննությունը, ըստ որի նա անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել է ծառայողական նպատակներով:

Թրամփի կողմնակիցները ստեղծված իրավիճակը համեմատել են քաղաքացիական պատերազմի հետՙ նշելով, որ դեմոկրատների կողմից կարող են հանդես գալ նաեւ Հանրապետական կուսակցության քաղաքականությունից դժգոհ ամերիկացիները: Սակայն փորձագետները թերահավատորեն են գնահատում նախագահ Թրամփի պաշտոնանկության գործընթացը կազմակերպելու դեմոկրատների հնարավորությունները: Վերլուծաբանների կարծիքով, այսպես կոչված ուկրաինական գործի վկայակոչումը կարող է վնասել առաջին հերթին Թրամփի հավանական մրցակից Ջո Բայդենին:

The Hill-ի պատվերով HarrisX ընկերության վերջերս անցկացրած հարցման տվյալներով, նախագահի պաշտոնանկության գործընթացի հարցում ամերիկյան հասարակությունը բաժանված է գրեթե երկու հավասար մասերի: Հարցվածների 37 տոկոսը հանդես է գալիս նախագահի պաշտոնանկության օգտին, մինչդեռ 42 տոկոսը դեմ է դրան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ