RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



ՍՓՅՈՒՌՔ

Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1046, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՏԱՐԱՓ ՇԻՐԻՆՕՂԼՈՒԻ ԵԼՈՅԹԻՆ ԴԷՄ»

Հ. ՉԱՔՐՅԱՆ

«Ազգի» նախանցյալ համարում, հիմք ընդունելով Կ. Պոլսո «Հայ թերթ» հրապարակումը, գրել էի, թե Հայկական հիմնադրամների միության նախագահ, Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն «գրոհայիններ» դաստիարակելու մեջ ինչպես է ամբաստանել «Կեդրոնական» (կենտրոնական) վարժարանին: Ես այդ նյութը քաղել էի Պոլսո «Հայ թերթից»: Նշված հրապարակումը թուրքերեն էր, որովհետեւ «Հայ թերթը» դա վերցրել էր թուրքական «bianet.org» կայքէջից եւ նույնությամբ վերահրատարակել: Այս կայքէջը «գրոհային» բառի տեղը օգտագործել էր «militan» բառը, որը «militant-ի» թուրքերեն տարբերակն է: «Militant-ը» ֆրանսերեն նշանակում է մարտիկ, ռազմիկ: Սակայն թուրքերը «militan» ասելով հասկանում են երկիրը մասնատելու նպատակով Թուրքիայի դեմ զինված պայքար մղող ահաբեկիչ, ինչպես ասենք PKK-ական: Հետեւաբար Շիրինօղլուն իր անփառունակ ամբաստանությամբ թուրքահայ համայնքին ոչ միայն թուրք ազգայնամոլների թիրախի է վերածում, այլեւ Կ.Պոլսում ավելի քան 133 վաղեմություն ունեցող «Կեդրոնական» վարժարանը դարձնում է ահաբեկչության որջ, իսկ աշակերտներինՙ ապագա ահաբեկիչներ, PKK-ականներին միանալու հեռագնա նպատակով:

Ըստ ժողովրդական ասացվածքի ամեն ինչի շատը վնաս է: Բայց ինչ արած, Շիրինօղլուն ե՛ւ շատ բարերար է, ե՛ւ շատ ազգասեր: Համենայն դեպս, նրա ամբաստանությունը բուռն հակազդեցություն է առաջ բերել թուրքահայ համայնքում: Նրան հակազդել են նաեւ «Կեդրոնականի» աշակերտները: Նրանց հակազդեցությունից իմանում ենք, որ Շիրինօղլուի քաջագործությունը սոսկ ամբաստանությամբ չի սահմանափակվել, այլ նա «խարխուլ» է անվանել վարժարանի շենքը, թե որեւէ երկրաշարժի պարագային չի դիմանա: Խարխուլ շենքերն առհասարակ քանդում են: Սակայն եթե քանդվի «Կեդրոնականինը», ապա դա այլեւս չի վերականգնվի, քանի որ թուրքական իշխանությունները չեն թույլատրում ազգային փոքրամասնություններին, մասնավորապես հայ համայնքին պատկանող կառույցների վերականգնումը երկրում: Այլ կերպՙ վտանգավոր խաղեր է խաղում Շիրինօղլուն: Թվում է, թե թուրքական իշխանություններն էլ շատ բարձր կգնահատեն նրան:

Շիրինօղլուի հերթական քաջագործության, ինչպես նաեւ «կեդրոնականցիների» հակազդեցության մասին իմացել եմ Միհրան Մանուկյանի «Հակազդեցութիւններու տարափ Շիրինօղլուի ելոյթին դէմ» խորագրով «Ակօսի» սեպտեմբերի18-ի համարում հրապարակված հոդվածից: Ահա թե ինչ է գրել հոդվածագիրը.

«Նախորդ շաբաթավերջին ի նպաստ Սամաթիայի Սուրբ Գեւորգ եկեղեցու Սահակյան վարժարանի կազմակերպվող «Սիրո սեղանին» ընդառաջ կայացած ժողովի արձագանքները: Ժողովի ընթացքում Սուրբ Փրկիչ Ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն իր ելույթով թիրախ էր դարձրել «Կեդրոնական» վարժարանը: Համաձայն Շիրինօղլուի ազգային այս վարժարանը գրոհայիններ էր պատրաստում: Բացի այդ նա պնդեց, թե դպրոցի շենքը հավանական երկրաշարժի դիմաց խարխուլ է: Ատենապետի այս ելույթը բնականաբար արժանացավ համայնքային լայն շրջանակների, հատկապես կեդրոնականցիների զայրույթին: Նախ մասնագետներն ու դպրոցի վարչությունն անհիմն են համարում վարժարանի շենքի խարխուլ լինելու պնդումը եւ անտեղի, նկատելով, թե մասնագետներն անցյալում շենքը ուսումնասիրել եւ հավաստիացրել են, որ դա բավականին կանգուն է, հետեւաբար երկրաշարժի որեւէ վտանգ նրան չի սպառնում: Ուստիեւ հարց է առաջանում, այս պայմաններում ո՞րն է պարոն Շիրինօղլուի խոսքերի նպատակը: Իրականում այդ պնդումների թիկունքում թաքնված է Պոլսո մի շարք վարժարանները փակելու կամ իրար միացնելու միտումը: Շիրինօղլուն կարծում է, որ այդպիսով պիտի խնայի բավական լուրջ գումար:

Անշուշտ հասարակությունները կարող են հաշվի նստել տվյալ ժամնակահատվածի թելադրած պայմանների հետ եւ ըստ այդմ էլ նոր ռազմավարություններ մշակել: Բայց այդ բոլորը պարտավորեցնում է արդարանալ հասարակության հավաքական մտքով: Ապա թե ոչ մեր դարավոր հաստատությունները դյուրավ կարող են զոհը դառնալ անհեռատես պնդումների»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ