RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019



ԹՈՒՐՔԻԱ-ՍԻՐԻԱ

Տեղադրվել է` 2019-10-04 14:56:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1072, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՆ ԻՆՉ ՉԷՐ ԱՆՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԸ, ԱՐԵՑ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԺՈՂՈՎՐԴԱ-ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Ստամբուլում հրավիրվեց Սիրիային նվիրված միջազգային համաժողով «Դուռ, որը բացվում է դեպի խաղաղություն» ընդհանուր վերնագրով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 29-ին վերադարձավ Անկարա, առանց, իհարկե, նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելու: Թեեւ թուրքական որոշ լրատվամիջոցները սեպտեմբերի 26-ին իրենց կայքեջերում գրել էին , թե նա մասնակցելով ԱՄՆ-ի նախագահի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակից պատվիրակությունների ղեկավարների պատվին տված ճաշկերութին, այնտեղ հանդիպում է ունեցել Թրամփի հետ, սակայն հանդիպմանը վերաբերող նյութերում ընդամենը կա մեկ լուսանկար, որտեղ Էրդողանը իր տիկնոջ Էմինեի հետ պատկերված է Դոնալդ եւ Մելանյա Թրամփի կողքին, ու մեկ նախադասությունՙ «Էրդողանը ճաշկերույթում հանդիպեց Թրամփին», հեռուստահաղորդումներումՙ նմանապես: Այդ նախադասությունը նյութի վերնագիրն է, որի տակ փոխանակ «հանդիպումը» լուսաբանելու, թուրքական լրատվամիջոցները նշել են Էրդողանի Պակիստանի, Հունաստանի, Չեխիայի, Խորվաթիայի վարչապետների եւ Իրաքի նախագահի հետ երկկողմ հանդիպումների մասին միայն: Դրանցից ոմանք, ինչպես «Միլիյեթը», նույնիսկ ավելի քան իշխանամետ «Սաբահը» եւ «Ենի շաֆաքը» հարկ չեն համարել անդրադառնալու ճաշկերույթին:

Ի տարբերություն նշված թերթերի, «Սյոզջուն», այնուամենայնիվ հաղորդել է կցկտուր, բայց ոշագրավ տեղեկություններ: Ահա թե ինչ է գրել. «Թուրքական պատվիրակությունը Նյու Յորք մեկնելուց առաջ, դասավորելու համար Թրամփի հետ Էրդողանի դեմ առ դեմ հանդիպումը, դիմել էր ամերիկյան կողմին: Սակայն Վաշինգտոնից պատասխանել էին, որ Էրդողանի անունը ընդգրկված չէ ԱՄՆ-ի նախագահի երկկողմ հանդիպումների պաշտոնական ցանկում: Սեպտեմբերի 25-ին, երբ Էրդողանը Թրամփին հրավիրեց իր իսկ նախաձեռնությամբ Թուրքիա-ԱՄՆ գործարար խորհուրդում կազմակերված ճաշկերույթին, ամերիկյան կողմը թուրքականին պաշտոնապես հայտնեց, որ նախագահ Թրամփը չի մասնակցելու»: Ինքս ավելացնեմ, որ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլայի շրջանակում Թրամփի հետ հավանական հանդիպման մասին դեռեւս հունիս ամսվանից էր խոսում մամուլի ասուլիսներում, թե այդ հանդիպումով կկարգավորի Սիրիայում Թուրքիայի առջեւ ծառացած խնդիրների զգալի մասը:

Սեպտեմբերի 29-ի համարում էլ Ահմեդ Հաքանի հարցերով Էրդողան-Թրամփ «հանդիպմանը» անդրադարձավ «Հյուրիյեթը»: Թերթի հեղինակը լուսանկարվելուց հետո մոտենում է Թուրքիայի նախագահին եւ հարցնում. «Պրն. նախագահ, Դուք հանդիպեցի՞ք մեծարգո Թրամփին»: Ստանալով դրական պատասխանՙ Հաքանը նոր հարց է ուղղում, թե ե՞րբ եւ ո՞րտեղ: Հարցին ի պատասխան Էրդողանն հեղինակին ասում է, որ ինքը ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպել է լուսանկարվելու պահին: Երբ հեղինակը հարցնում է նրան. «Հետո ի՞նչ արեցիք»: Էրդողանը պատասխանում է, թե տիկնոջ հետ դուրս է եկել շենքից: Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Էրդողանը չի մասնակցել նաեւ նախագահ Թրամփի Գլխավոր ասամբլեայի մասնակից պատվիրակությունների ղեկավարներին տված ճաշկերութին: Այն առումով, որ դրան մասնակցում էր Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ ալ-Սիսին: Դրա նախադեպն արդեն կար: Դրանից մեկ օր առաջ, երբ Էրդողանը կեսօրին ճաշելու համար կնոջ հետ մտնում է դահլիճ, տեսնելով Սիսիին Թրամփի սեղանին, իսկույն դուրս է գալիս, քանի որ, ինչպես ինքը պարզաբանեց, ասել էր. «Ես Սիսիի հետ միեւնույն սեղանին չեմ նստի, թեկուզ ճաշի»:

«Հյուրիյեթի» հեղինակին Էրդողանի պատասխանը սեպտեմբերի 30-ին «halk TV-ի» էկրանից հեգնանքի առարկա դարձրեց մեկնաբան տիկ. Այշենուր Արսլանը , ընդգծելով, որ լուսանկարվելը թող 3 րոպե տեւի, նա երեք րոպեում ԱՄՆ-ի նախագահի հետ ինչպես էր քննարկելու Իդլիբի, առավել եւս Սիրիայի հյուսիսում «անվտանգ» գոտի ստեղծելու հարցը, մանավանդ որ նրա մոտեցումն այդ հարցում միանգամայն հակասում է Վաշինգտոնի դիրքորոշմանը: Հիրավի, Էրդողանը, դիտարկելով Սիրիայի դեմոկրատական ուժերին, որպես PKK-ի ահաբեկիչների սիրիական մասնաճյուղը, «անվտանգ» գոտին համարում է Թուրքիայի ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտություն, պայմանավորելով այդ ապահովումն ահաբեկիչների թուրքական սահմանից 30 կմ դեպի հարավ հեռացումով, որ գոտին վերահսկեն թուրքական զորքերը: Հակառակ դրան ամերիկացիները հյուսիս-արեւելյան Սիրիայում նախատեսում են 10, սահմանի թուրքական հատվածում 5 կմ-նոց գոտի, որի վերահսկողությունը ստանձնում են իրենք, իսկ Արեւելյան Սիրիայինը հանձնում քրդական ուժերին:

Նյու Յորք մեկնելուց առաջ Էրդողանն «անվտանգ» գոտու ստեղծումը սկսեց պայմանավորել Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականներին իրենց երկիրը վերադարձնելու անհրաժեշտությամբ, թե գոտին մինչեւ Դեր Զոր եւ Ռաքքա երկարաձգելու պարագայում կարելի է կամավոր հիմունքներով այնտեղ տեղափոխել 2, նույնիսկ 3 մլն. փախստականի: Պետք է ասել, որ այդ փախտականները, որոնց թիվը Թուրքիայում 3 մլն. 663 հազար է, Հալեպից են, Համայից, Հոմսից, նույնիսկ Դամասկոսից: Եթե խոսքը կամավոր հիմունքների մասին է, ապա նրանք տրամաբանականորեն ձգտելու են վերադառնալ այնտեղ, որտեղից Իսլամական պետության եւ Ան Նուսրայի վարձու մարդասպաններին հովանավորելու Էրդողանի քաղաքականության պատճառով ստիպված հեռացել էին: Ինչ վերաբերում է Դեր Զորին ու Ռաքքային, «անվտանգ» գոտին մինչեւ այնտեղ ձգելու մտավարժանքներ է անում Էրդողանը, փախստականների հարազատ օջախը չէ: Դրանք եղել են ահաբեկիչների որջը, որոնք հակաահաբեկչական պայքարի հետեւանքով փախել էին Իդլիբ, որ այս քաղաքի բնակչությունը ՄԱԿ-ի տվյալներով 750 հազարից աճի 3.5 միլիոնի:

Այլ կերպ Էրդողանի մոտեցումը հակասական է, նաեւ իրարամերժ, քանի որ նա մի կողմից տեղի-անտեղի հայտարարում է, ինչպես դա արեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ահաբեկչության դեմ անձնուրաց պայքար մղելու, իսկ մյուս կողմիցՙ Սիրիայի միասնականությանը եւ տարածքային ամբողջականությանը հետամուտ լինելու մասին: Մինչդեռ «անվտանգ» գոտու ստեղծումը ինքնին Սիրիայի մասնատում է նշանակում, անկախ դրա ամերիկյան կամ թուրքական վերահսկողությունից: Խնդիրը, սակայն, դրանով չի սահմանափակվում: 2017-18 թթ. թուրքական զորքերն օկուպացրել էին սահմանամերձ Աֆրինը, Ջարաբլուսը, Ազազը, Ալ Բաբը, իսկ Իղլիբըՙ հանձնել Ան Նուսրայի ահաբեկիչներին: Ներկայումս միայն Իդլիբում տեղակայված է 11 հազարանոց թուրքական զորք: Դեռ ավելին, Էրդողանը Նու Յորք մեկնելուց առաջ մեկ անգամ եւս զգուշացրեց ԱՄՆ-ին. «Եթե երկու շաբաթվա ընթացքում չարձանագրվի որեւէ առաջընթաց «անվտանգ» գոտու առնչությամբ, ապա շրջանառության մեջ կդնենք ռազմական գործողությունների մեր ծրագիրը: Մենք պատրաստվում ենք Սիրիայի արեւելքը մաքրել ահաբեկիչներից»:

Այդ ժամկետը լրացավ սեպտեմբերի 30-ին: Սակայն Էրդողանը ռազմական գործողություններ ձեռնարկելու փոխարեն այդ օրը ընդամենը գումարեց Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ավարտին տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Թուրքիան հարգում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, թուրքական զորքերը շարունակում են պատրաստվել նախապես ծրագրված ռազմական գործողությունների Հյուսիսային Սիրիայում»: Թե սա Ի՞նչ հարգանք է եւ ինչպես են համադրվում նախապես ծրագրված այսպես կոչված ռազմական գործողությունների հետ, հավանաբար գիտի Էրդողանը: Սակայն նա գիտի նաեւ, որ առանց ԱՄՆ-ի թույլտվության Թուրքիան չի կարող որեւէ գործողություն ծավելել Սիրիայում: Հենց այդ թույլտվությունն ստանալու ակնկալիքով էր նա համառում անպայման հադիպել Թրամփին, սակայն ԱՄՆ-ի նախագահը նրա հետ նույնիսկ միջանցքում, ոտքի վրա տեսակցություն անգամ չունեցավ, կամ չթողեցին, որովհետեւ Կոնգրեսում աննախադեպ աճել են հակաթուրքական տրամադրությունները:

Հիրավի Էրդողանը նեղն է ընկել, ոչ միայն ամերիկյան ճակատում: Դա ակնհայտ դարձավ սեպտեմբերի 16-ին Անկարայում հրավիրված եռակողմ հանդիպումով, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հիշեցրել էր նրան Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու պարտավորության մասին, ապա եւ սպառնացել. «Այլապես ես կոչնչացնեմ բոլորին, չեմ ուզում, որ այդ ահաբեկիչներից որեւէ մեկը վերադառնա Ռուսաստան»: Ի ղեպ, Իդլիբում տեղակայված ահաբեկիչների թիվը, ըստ թուրքական տվյալների, 160 հազար է: Պուտինին Անկարայում հավելել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին, պահանջելով Ասադի վարչակարգի կողմից չհրավիրված օտարերկրյա բոլոր զորքերի դուրս բերումը Սիրիայի տարածքից: Թուրքական զորքերն օտարերկրյա են եւ չեն հրավիրվել: Դրանց դուրս բերման դեպքում միայն Թուրքիան կարող էր հարգել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Բայց ինչպե՞ս: Սկսած 2011թ. մարտից Էրդողանը, լինելով բռնապետ, երկրում բռնապետություն հաստատելու մեջ է մեղադրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, նրան անամոթաբար «արյունարբու մարդասպան» է անվանում եւ լկտիաբար ի լուր աշխարհի հայտարարում, թե իբր սեփական ժողովրդին է անխնա ոչնչացնում:

Հիմա արդեն Էրդողանը Իդլիբում էլ Պուտինի թույտվության կարիքն ունի: Դրանից ձերբազատվելու համար էապես պիտի վերանայի Թուրքիայի սիրիական քաղաքականությունն, փոխի դրա «պատերազմական» բնույթն ու անմիջական կապ հաստատի նախագահ Ասադի եւ նրա վարչակարգի հետ, ինչը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առջեւ նրա ստանձնած պարտավորությունների պատճառով իրատեսական չի թվում: Էրդողանն անելանելի վիճակում է հայտնվել: Թերեւս այդ իրավիճակն էր ստիպում նրան ապավինել նախագահ Թրամփի աջակցությանը: Բայց ապարդյուն, որովհետեւ Կոնգրեսում սկսած պաշտոնազրկման գործընթացի պատճառով թվում է Թրամփն ինքն է կարոտ աջակցության:

Հարկ է սակայն նշել, որ այն, ինչ Էրդողանը չէր անում կամ չէր կարողանում, արեց ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, ի դեմս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի, հրավիրելով սեպտեմբերի 28-ին Ստամբուլում Սիրիային նվիրված միջազգային համաժողով «Դուռ, որը բացվում է դեպի խաղաղություն» ընդհանուր վերնագրով: Համաժողովին տարածաշրջանի շահագրգիռ երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Եվրոպայից մասնակցել են քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների եւ մամուլի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ պատվիրակություններ, այդ թվում Եվրոպական միությունից: Մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցիչները, նույնիսկ հրավեր ստացել, սակայն թուրքական իշխանությունները նրանց վիզա չեն տվել, պատճառաբանելով, թե մոտ են կանգնած Բաշար Ասադին:

Այս համաժողովը սկզբում նախատեսված էր երկօրյա, ավարտվեց սակայն բացման օրը, սեպտեմբերի 28-ին: Ըստ երեւույթին Էրդողանի իշխանությունները խոչնդոտել են: Ոչ էլ համաժողովն ըստ պատշաճի լուսաբանվեց թուրքական մամուլում: Տարբեր թերթերում հրապարակված նյութերը միանման են: Սա նշանակում է , որ դրանք ենթարկվել են իշխանությունների գրաքննությանը: Այդ իսկ պատճառով օգտվեցի «Independent-ի», «Deutsche Welle-ի» եւ «Sputnik-ի» հրապարակումներից:

Ստամբուլի համաժողովը ելույթով բացեց Քըլըչդարօղլուն : Նա, «Independent-ի» վկայությամբ, դատապարտել է Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, մասնավորապես ասելով. «Դեռեւս 2011-ի մարտին Սիրիայում ներքին խժդժություններով սկզբնավորված, արտաքին միջամտությունների հետեւանքով ամբողջ երկրում տարածված պատերազմը կարճ ժանակում վերաճեց մարդկային խոշոր աղետի: Թուրքիան ի վիճակի էր մարել այս հրդեհը, սակայն որդեգրած սխալ քաղաքականությամբ նա պատճառ դարձավ, որ այդ հրդեհը մեծանա:

Դա, ինչ խոսք, չէր կարող բացասաբար չանդրադառնալ Թուրքիայի վրա: Ահա այս համաժողովը տարածաշրջանում բռնկված հրդեհը մարելու, Թուրքիայի եւ Սիրիայի ժողովուրդների միջեւ պատմական սերտ կապերն ու եղբայրությունը վերականգնելու, տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը նպաստելու եւ գլխավորըՙ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերստին խաղաղության հիմքերի վրա դնելու մեր իղձերի ու նպատակների արգասիքն է»:

Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդն այնուհետեւ ասել է. «Հիմա հարեւանները մեզ հարցնում են, թե Թուրքիան ինչո՞ւ է թշնամացել իրենց հետ: Ուզում եմ ընդգծել, որ մեր կուսակցությունը ելնում է միջազգային իրավունքից: Զինված միջամտությունը պետք է պայմանավորվի միմիայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներով: Մենք պարտավոր ենք հարգել միջազգային իրավունքն ու որդեգրել ողջամիտ քաղաքականություն»: Նա ներկայացրել է նաեւ մի շարք առաջարկներ, որոնք ենՙ «Սիրիայի ապագան ազատ կամքով պետք է կանխորոշի Սիրիայի ժողովուրդը, Թուրքիայի համար ահաբեկչության դեմ պայքարի ամենաճշմարիտ ուղին Սիրիայի տարածքային ամբողջականությունը հարգելն ու Դամասկոսի վարչակարգի հետ անհապաղ հարաբերություններ հաստատելն է, Թուրքիան պարտավոր է վերանայել մինչեւ օրս Սիրիայի տարածքում իրականացվող իր ձեռնարկումները, որոնք միանգամայն հակասում են միջազգային իրավունքի նորմերին»:

Քըլըչդարօղլուից հետո ամբիոնին է մոտեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն : Նա քննադատել է Էրդողանի իշխանություններին, մատնանշելով, որ վերջիններիս վարած սխալ քաղաքականության համար ծանր գին է վճարել ինչպես Սիրիան, այնպես էլ Թուրքիան: Ապա ելույթ են ունեցել պատվիրակությունների ներկայացուցիչները: Մասնավորապես Եվրոմիության պատվիրակության մաս կազմող «De Wilde-ն» անդրադարձել է Աստանայի գործընթացին, որը համատեղ ջանքերով ծավալում են Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, եւ ասել է, որ առանց ՄԱԿ-ի մասնակցության անհնար է կարգավորել Սիրիայի հիմնահարցը: Համաժողովում անշուշտ քննարկվել է նաեւ սիրիացի փախստականների խնդիրը, որի առնչությամբ, ըստ «Deutsche Welle-ի», ելույթ է ունեցել դամասկոսաբնակ մեր հայրենակից, լրագրող Սարգիս Գասարճյանը : Նա սիրիացիների արտագաղթը երկրից խրախուսելու համար դատապարտել է Թուրքիային, անընդունելի է համարել այն, որ թուրքական պետությունը քաղաքականացված իսլամի միջոցով է վարում իր քաղաքականությունը: Գասարճյանը գերմանական թերթի խնդրանքով Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները գնահատելիս ասել է, որ դրանց արդյունքները մեծ գոհունակություն են պատճառել սիրիացիներին:

Համաժողովն աչքի է ընկել կարծիքների բազմազանությամբ: Մասնակիցներից ոմանք Սիրիայի ներքին պատերազմի ծավալումը երկրում պայմանավորել են Անկարայի անփառունակ քաղաքականությամբ, ոմանք հանդես են եկել Բաշար Ասադի պաշտպանությամբ, ոմանք էլ Թուրքիայի կողմից որպես ահաբեկչական կառույց բնութագրվող Սիրիայի դեմոկրատական ուժերին որակել են «խաղաղապահ ուժեր», ինչպես Հարվարդի համալսարանից Էյմի Օստին Հոլմզը (Amy Austin Holmes), իսկ նրանից հետո ամբիոն բարձրացած իրանցի գիտաշխատող Ղոլամ Ալի Չեհինի Զադեհն էլ ԱՄՆ-ին դիտարկել է Սիրիայում խաղաղության հաստատման գլխավոր խոչնդոտը:

Ելույթների ավարտին «Դուռ, որը բացվում է դեպի խաղաղություն» ընդհանուր վերնագրով Սիրիային նվիրված միջազգային համաժողովն ընդունել է ընդհանուր հայտարարություն, որտեղ մասնավորապես նշվում է. «Սիրիայում ստեղծված իրավիճակը Թուրքիային կանգնեցրել է ճգնաժամի մեջ ներքաշված մյուս դերակատարների հետ բախվելու սպառնալիքի առջեւ: Ճգնաժամից նվազագույն վնասով դուրս գալու ուղին Թուրքիա-Սիրիա հարաբերությունների շուտափույթ կարգավորումն է: Անհրաժեշտ է, որ Սիրիայի պատերազմին մասնակցող երկրները հանուն տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը կենտրոնանան այս պատերազմն ավարտին հասցնելու եւ Սիրիայի վերքերի ապաքինմանը նպաստելու վրա: Խաղաղությունը պետք դառնա Թուրքիայի սիրիական քաղաքականության առաջնահերթությունը»:

Համաժողովը հայտարարությամբ դատապարտեց Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում, նաեւ նրանց, ովքեր այդ ներկայության հետագա ծավալումը համարում են բանակցություններում Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու գրավականը: Նշվեց, որ թուրքական պետությունը փոխանակ աստիճանաբար նվազեցնելու իր ռազմական ներկայությունը Սիրիայում, ընդկառակը ձգտում է անընդհատ ընդլայնել, դառնալով լուրջ սպառնալիք երկրի անվտանգության համար: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվեց ՄԱԿ-ի կողմից որպես ահաբեկչական հռչակված կազմակերպությունների դեմ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, առավել եւս Սիրիայի օրինական իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Միաժամանակ կոչ արվեց Թուրքիային ապացուցելու, որ ինքը վստահելի երկիր է Սիրիայի համար: Անդրադարձ կատարվեց նաեւ սիրիացի բազմամիլիոնանոց փախստականներին, նշվեց կամավոր հիմունքներով նրանց հայրենի օջախ վերադարձը խրախուսելու անհրաժեշտությունը, պայմանով, որ կյանքի անվտանգությունը լիովին ապահովված կլինի Սիրիայում:

Բանախոսների ելույթները, առավել եւս ընդհանուր հայտարարության դրույթները բոլոր հիմքերը տալիս են Սիրիային նվիրված ստամբուլյան համաժողովի աշխատանքները դրական գնահատելու համար: Թեեւ դրա արդյունքները հազիվ թե ստիպեն նախագահ Էրդողանին վերանայելու Սիրիայի նկատմամբ որդեգրած անփառունակ, ռազմատենչ քաղաքականությունը, ոչ էլ նա կհրաժարվի իր նկրտումներից, բայցեւայնպես համաժողովը հրավիրվել է Ստամբուլում, կազմակերպիչը խորհրդարանական գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն է, որին տարածաշրջանից, ԱՄՆ-ից եւ Եվրոմիությունից մասնակցել են բազմաթիվ պատվիրակություններ: Բանախոսները, թուրք թե օտարերկրացի, այն էլ Թուրքիայում կարողացել են անկաշկանդ քննադատել Էրդողանի դեռեւս 2011-ին որդեգրած ահաբեկիչներին անվերապահորեն հովանավորելու միջոցով միլիոնավոր սիրիացիներին հայրենիքից հեռանալու հրամայականի առջեւ կանգնեցնելու, երկրի հիմնահատակ ավերումը խթանելու եւ նրա մասնատման նախադրյալներն ստեղծելու քաղաքականությունը Սիրիայում: Հակառակ Էրդողանի, մասնակիցների գնահատանքին է արժանացել նախագահ Բաշար Ասադը: Այս ամենը, եթե գործնական արդյունք էլ չտա, միեւնույն է, դրա համար անհրաժեշտ նախադրյաներ անպայման կստեղծի Թուրքիայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 04-10-2019

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ