RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-09-26 23:47:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1436, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանն ու Ռուսաստանը ընդհարման եզրին են ասողին չի կարելի խուճապարար անվանել: Իրականում հակառուսական հռետորաբանությունը ինչպես Հայաստանի լրատվամիջոցներում, այնպես էլ քաղաքական քննարկումներում բավականին թեժացել է, եւ Ռուսաստանն առայժմ խստագույն զգուշավորությամբ է արձագանքում դրան, վերապահելով առավել կտրուկ կամ ավերիչ պատասխանը ավելի ուշ մի ժամանակի:

Ոչ ոք չպետք է այդքան միամիտ գտնվի, որ չհասկանա, թե որոշ լրատվամիջոցներում հայտնվող հակա-ռուսական այս զգացմունքներն ու վիրավորական պոռթկումները Հայաստանում չեն ծնունդ առնում: Ո՛չ, դրանք դրսից են ղեկավարվում եւ Հայաստան են մուտք գործել կրնկակոխ հետեւելով թավշյա հեղափոխությանը: Այս տեսակետը բոլորովին չպետք է ստվերի այն իրագործումները, որ հեղափոխությունը բերեց Հայաստանի հասարակությանը: Ոչ ոք, բացի անցյալին որոշակիորեն կապված անձնավորություններից, չի ափսոսում, որ նախկին իշխանությունը տապալվել է:

Սակայն, եթե դրսի միջամտությունն այնքան ուժեղանա, որ խարխլի հեղափոխության իսկական նպատակների եւ հակառուսական արշավի միջեւ գոյություն ունեցող սահմանը, ապա ինքըՙ հեղափոխությունն է տուժելու: Ներկայիս, մենք բավականաչափ պատմական անցյալի փորձ ունենք, զուգահեռներ անցկացնելու Ուկրաինայում նարնջագույն, Վրաստանումՙ վարդագույն եւ Ղրղզստանում կատարված հեղափոխությունների միջեւ եւ տեսնել, որ բոլորն էլ իրականացվել են միեւնույն ձեւով, միեւնույն ձեռագրով եւ հետեւապես ծառայում են միեւնույն նպատակներին: Անարդար կլիներ թավշյա հեղափոխությունը առանձնացնել դրանցից: Ամեն օր նոր խնդիրներ են առաջ գալիս սեպ խրելու Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որը միայն խոսում է վերոնշյալի ճշմարտացիության մասին:

Քաղաքական վերլուծաբան Հասմիկ Վարդանյանն «Aysor.am»-ին վերջերս տված հարցազրույցի ժամանակ նշում է, որ հակառակ պաշտոնական հայտարարություններին, որ հայ-ռուսական հարաբերությունները գերազանց վիճակում են, Հայաստանի իշխանությունները թավշյա հեղափոխությունից հետո չեն կարողացել ցրել Ռուսաստանի անվստահությունը Հայաստանի նկատմամբ եւ ընդհակառակը, է՛լ ավելի են սրել կացությունը ներքին հակառուսական գործողություններով եւ իրարամերժ հռետորաբանություններով:

Անդրադառնալով այն խնդրին, որ երկու կողմերն էլ քաղաքական ապաստան են տվել իրենց համապատասխան երկրներում հետախուզվող ակտիվիստներին, նա ավելացնում է, որ Մոսկվան մերժել է արտահանձնել նախկին կառավարության անդամներից Միհրան Պողոսյանին, որին փողերի յուրացման մեջ են մեղադրում Հայաստանում, իսկ Երեւանն ի պատասխան ապաստան է տվել Ռուսաստանում հակակառավարական ակտիվիստ Վիտալի Շիշկինին, որն արդեն չորս տարի անցկացրել է բանտում: Վարդանյանի կարծիքով, հարաբերությունների սառնությունը երկու դաշնակից պետություններին իրարից բաժանող խնդիրների սառցաբեկորի միայն երեւացող մասն է:

Որոշ դեմագոգներ Հայաստանում պնդում են, որ Հայաստանը ճիշտ է վարվել Շիշկինի հարցում, եւ որ դա ինքնիշխան պետության հաստատման նշան է, առանց հաշվի առնելու այն, որ որեւէ երկրի ինքնիշխանությունը սահմանվում է իր հարաբերական ուժով, որը համապատասխանում է իր քաղաքական հզորությանն ու հեղինակությանը:

Ապաստան որոնողների հարցից բացի, կան նաեւ այլ անմիջական գործոններ, որոնք լարված են պահում հարաբերությունները երկու երկրների միջեւ:

(ա) Հակառուսական արշավում ընդգրկված «գրանտակերների» խումբը,

(բ) Սասնա Ծռեր մարտական խմբի գործողությունները,

(գ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ակնկալվող այցելությունը Երեւան եւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու նրա ցանկությունը,

(դ) Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունները:

«Գրանտակերները» այն անհատներն են կամ խմբերը, որոնք գրանտներ ստանալով օտարերկրյա կառավարություններից կամ գործակալություններից փորձում են ժողովրդավարության հաստատման անմեղ քողի ներքո իրականացնել որոշակի քաղաքական նպատակներ: Նրանցից որոշ ակտիվիստներ գործում են եւ հոդվածներ ստորագրում ենթադրյալ այլ անուն-ազգանունով, որովհետեւ մաս են կազմում ներկա վարչակազմին: Նշենք նրանցից մի քանիսինՙ Մարիամ Գրիգորյան, Հակոբ Բադալյան, Սարգիս Արծրունի, Արամ Ամատունի եւ Սիրանուշ Պապյան:

Նրանք հոդվածներով հանդես են գալիս ամեն օր, քննադատելով Ռուսաստանին, որ Հայաստանին վերաբերվում է որպես կամակատար, «վասալ պետություն» եւ մատնանշելով, որ ՆԱՏՕ-ի կամ Եվրոմիության դրոշների ներքո Արեւմուտքում շատ ավելի պայծառ ապագա գոյություն ունի Հայաստանի համար: Նրանք հանրության տգիտության վրա են հույսը դնում, ենթադրելով, որ վերջինս չի կարող գուշակել, թե ինչ տեղ կարող է զբաղեցնել Հայաստանը ՆԱՏՕ-ի կառույցում, որտեղ թշվառական Հունաստանը այն փայլուն օրինակն է, թե ինչպես ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, հակառակ Էրդողանի ռազմատենչության հանդեպ արտահայտած քննադատություններին, Թուրքիային զիջումներ անելը համարում է առաջնահերթություն:

Այս «գիտունիկները» սիրում են անտեսել այն արջի ծառայությունը, որ Վրաստանն ստացավ Արեւմուտքից, երբ Ռուսաստանի հետ առճակատման գնաց:

«Սասնա Ծռեր» մարտական խմբավորումը գործում է որպես քաղաքական կուսակցություն, բայց չի բացառում զինված հարձակումները, ինչպես ոստիկանական պահակակետի վրա տեղի ունեցած հարձակումը, որ երեք ոստիկանի մահվան պատճառ դարձավ: Խմբավորման առաջնորդներն այժմ բանտից դուրս են եկել, որովհետեւ Փաշինյանի կառավարությունը օրենքում մի սողանցք գտավ, որ ազատ արձակի նրանց: Առաջնորդներից մեկըՙ Վարուժան Ավետիսյանը մի անգամ հայտարարել էր, որ «Հայաստանը Ռուսաստանի գաղութն է, եւ Նիկոլը մերժում է քայլեր ձեռնարկել ազատագրելու համար մեր հայրենիքը»:

Մեկ այլ առաջնորդՙ Ժիրայր Սեֆիլյանը զգուշացրել էր, որ Մոսկվան ծրագրում է տապալել Փաշինյանին:

Ավետիսյան ու Սեֆիլյանը ղարաբաղյան պատերազմի հերոսներ են եւ հավատարիմ են այն ասույթին, որ պատերազմի հերոսները կամ հեղափոխականները չպետք է ձգտեն իշխանավորներ կամ պետական գործիչներ դառնալ:

Հաջորդ խնդիրը, որ սրում է լարվածությունը, նախագահ Պուտինի այցելությունն է Երեւան հոկտեմբերի 1-ինՙ մասնակցելու ԵԱՏՄ-ի տարեկան ժողովին, որի շրջանակներում նա որոշել է այցելել Քոչարյանին, որ ներկայիս կալանավորված է: Հայաստանում ազգային քննարկման թեմա է դարձել այն հացը, թե Պուտինին պետք է Քոչարյանի բանտախուցո՞ւմ հյուրընկալել, թե՞ վերջինիս ազատ արձակել: Մյուս կողմից Պուտինի ծրագրած այցելությունը Քոչարյանին մեկ ուրիշ սկանդալ է առաջացրել: Թավշյա հեղափոխության առաջնորդներից Դավիթ Իոաննիսյանն իր դիմամատյանում (ֆեյսբուք) նշել է, որ եթե Պուտինը ցանկանում է այցելել Քոչարյանին իր բանտախուցում, նա պետք է վստահ լինի, որ «իր հետեւից մենք չփակենք խուցի դուռը»:

Այս դեպքը կարելի է համեմատել Վրաստանում կատարված մեկ այլ միջադեպի հետ, որտեղ հակառուսական հեռուստակայանի վարող Գեորգի Գաբունիան վիրավորական խոսքեր էր տեղադրել Պուտինի հասցեին: Չնայած Վրաստանը այնքան էլ բարեկամական հարաբերությունների մեջ չէ Ռուսաստանի հետ, կառավարությունը գործից ազատել էր այդ հեռուստակայանի տնօրենին: Նման բան տեղի չունեցավ Հայաստանում: Իոաննիսյանը շարունակում է մնալ իշխանությանը վստահելի անձնավորություն, եւ Փաշինյանը վերջերս նրան 70 հազար դոլար է տրամադրել պետական գանձարանից, որպեսզի դիտորդական առաքելություն իրականացնի Ղարաբաղի նախագահական ընտրությունների ժամանակ: Այդ դրամաշնորհը արդեն իսկ վրդովմունք է առաջացրել որոշ շրջանակներում:

Իսկ Կրեմլում վրդովմունք են առաջացրել Փաշինյանի որոշ հայտարարությունները, օրինակՙ ֆրանսահայ համայնքի «Nouvelles d՛Armenie» ամսաթերթին տված հարցազրույցի ժամանակ իր պատասխանը, որտեղ ասում է. «Երբ Ռուսատանը զենք է վաճառում Ադրբեջանին, մտահոգության առիթ է տալիս: Ուզում եմ ասել, որ մենք պետք է ազատվենք հարյուրամյակների մեր բարդույթներից: Մենք ինքնիշխան գործընկերներ ենք, եւ եթե մեր գործողությունները նրանց մտահոգություն են պատճառում, մենք էլ իրավունք ունենք մտահոգվելու իրենց գործողությունների հետեւանքներով»:

Այս արտահայտությունը մեծապես ողջունել է «գրանտակերներից» Սարգիս Արծրունին, որ հարցազրույցի կարեւորագույն կետերից մեկն է համարել այն, նշելով, որ դրանով Նիկոլը կապանքներից ազատում է ինքն իրեն եւ հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ինքնիշխանական ուղերձ է հղում Մոսկվայում, ինչը դրական նշան է:

Ռուսաստանն անուղղակի ձեւով անդրադարձավ հակառուսական զգացմունքների ուժգնությանը: Սեպտեմբերի 5-ին ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան Փաշինյանի օգոստոսի 5-ին Ղարաբաղում հնչեցրած «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» խոսքերի առնչությամբ ասաց. «Մենք ելնում ենք այն բանից, որ անկասկած կա ներքին հռետորաբանություն, կան ներքին դրույթներ, որոնք արտացոլում են քաղաքական շարժումների, կուսակցությունների կարծիքըՙ հաշվի առնելով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական պետության մասին: Բայց կա նաեւ խաղաղ գործընթաց իր մասնակիցներով, համահովանավորներով, խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված միջազգային ջանքերով: Մոսկվան ելնում է այն բանից, որ կողմերի հայտարարությունները պետք է լինեն ընդհանուր ջանքերի համատեքստում»:

Պարզ ասած, Ռուսաստանի արտգործնախարարությունը նախատում է Փաշինյանին խաղաղության գործընթացը վտանգի ենթարկելու համար: Բայց կարելի է հարցնել Զախարովային, թե որտե՞ղ էր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում էր, որ ամբողջ Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի մաս է կազմում:

Պատասխանը հստակ է: Ռուսաստանը այնքան է վրդովված, որ ստիպված է բարձրաձայնել ադրբեջանամետ լինելու իր դիրքորոշումը:

Այս բոլորը նպաստում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ լարվածության թեժացմանը: Բայց ի՞նչ նպատակով: Լարվածությունը ինչ-որ ձեւով նպաստելո՞ւ է Հայաստանին, թե՞ ուղղորդված է արտաքին ուժերի կողմից, որոնք հաշվի չեն առնում Հայաստանի շահերը:

Ռուսաստանը թեեւ գերազանց դաշնակից չէ, բայց աշխարհառազմավարական այլընտրանքային տարբերակ չունենալու պայմաններում Հայաստանը դարեր շարունակ հարաբերություններ է մշակել Ռուսաստանի հետ:

Ռուսաստանն այսօր Հայաստանի գլխավոր առեւտրային գործընկերն է եւ հիմնական զենք մատակարարողը: Նրա զինվորական բազան, ճիշտ է, ինքնանպատակ է, որպեսզի ապահովի իր ներկայությունը Կովկասում, եւ Մերձավոր Արեւելքում: Բայց դա նաեւ հզոր խոչընդոտ է մեր գոյությանն ուղղված Թուրքիայի սպառնալիքներին:

Հայաստանն իր անվտանգությունն ապահովելու եւ փաստական ինքնիշխանությունը վայելելու խաղում շատ տարբերակներ չունի: Ոչ մի երկիր չի նախագծում իր արտաքին քաղաքականությունը զգացմունքերի, բարեգործության կամ բարոյական սկզբունքների վրա հիմնվելով: Միայն շահերն են սահմանում արտաքին քաղաքականությունը: Հայաստանը պետք է հասկանա այս փաստը, ընդունի այն որպես միջազգային հարաբերություններ հաստատելու սահմանված ընդհանուր կանոն եւ մասնակցի խաղին այդ գիտակցությամբ:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 27-09-2019

AZG Daily #7, 21-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ