RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#033, 2019-09-06 > #034, 2019-09-13 > #035, 2019-09-20 > #036, 2019-09-27 > #037, 2019-10-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-09-19 23:33:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 396, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱՆՆ ԱՄԲԱՍՏԱՆՎՈՒՄ Է ՍԱՈՒԴՅԱՆ ՆԱՎԹԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՌՄԲԱՀԱՐՄԱՆ ՄԵՋ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Թրամփ-Ռոհանի հանդիպումը չի բացառվում

Այն բանից հետո, երբ Փարիզը ջանքերն ակտիվացրեց Իրանի հետ նոր միջուկային համաձայնագրի կնքմանն ուղղված նախագահ Մակրոնի ծրագրի իրականացման նպատակով, ԱՄՆ-ում սկսեցին խոսել ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովի շրջանակներում նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Հասան Ռոհանիի հանդիպման հնարավորության մասին: Դրան հաջորդեց Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականը, եւ փորձագետները ենթադրեցին, որ կարող են ի հայտ գալ ֆորս-մաժորային հանգամանքներ, որոնք, թերեւս, կփոխեն իրադարձությունների ընթացքը:

Սաուդյան Արաբիայի նավթահանույթի գլխավոր օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի գրոհը համշխարհային մասշտաբով ամենախոշորներից մեկն է եւ ոչնչացրել է երկրի նավթային կարողությունների գրեթե կեսը կամ համաշխարհային նավթի գրեթե 5 տոկոսը, հաղորդում է CNN-ը:

Houthi-run Al-Masirah լրատվական գործակալության տվյալների համաձայն, անցյալ ուրբաթ եմենցի հուսիտները պատասխանատվություն ստանձնեցին Աբկայկայում եւ Խուրայսայում Սաուդի Արամկո ընկերության նավթային շինությունների վրա տասը անօդաչու թռչող սարքերի հարձակման համար: Երկրի էներգետիկայի նախարար, արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարեց, որ նավթի ու գազի ամենօրյա արդյունահանումը կրճատվել է 5,7 մլրդ. բարելով, մինչդեռ OPEC-ի վերջին տեղեկությունների համաձայն օգոստոսին ընդհանուր հանույթը կազմել է օրական 9,8 մլրդ բարել: Նախարարը հայտարարեց, որ ընկերությունն աշխատում է կորուստների վերականգնման ուղղությամբ, ինչպես նաեւ հայտարարեց, որ այդ գրոհներն ուղղված են թագավորության ոչ միայն կենսականորեն կարեւոր օբյեկտների, այլեւ նավթի համաշխարհային պաշարների եւ դրանց անվտանգության դեմ, ուստի վտանգ են ներկայացնում համաշխարհային տնտեսության համար:

Մինչդեռ, գործակալության համաձայն, ներքգործնախարարը հաստատել է, որ գրոհի հետեւանքով հրդեհներ են բռնկել իշխանությունների վերահսկողության տակ առնված երկու կայանքներում: Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն գրոհների համար ամբաստանել է Իրանին, որն աջակցում է Եմենում ապստամբած հուսիտներին:

Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սաուդի Արամկոն քայլեր է ձեռնարկում բաժնետոմսերի նախնական վերաբաշխման ուղղությամբ, որը կարող է դառնալ աշխարհում խոշորագույնը: Ապրիլին թողարկվել են պարտատոմսեր, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանում: Ընկերությունը պատվիրել է թագավորության նավթային պաշարների անկախ աուդիտ եւ սկսել է հրապարակել հաշվետվություններ եկամուտների վերաբերյալ: Վերջին երկու շաբաթվա ընթացքում իշխանությունները փոխել են էներգետիկայի նախարարին եւ Սաուդի Արամկոյի նախագահին:

Նավթի խոշորագույն արտահանող Սաուդյան Արաբիան դրա արդյունահանումը կրճատել է նավթի համաշխարհային գները կարգավորելու OPEC-ի որոշման համաձայն: Թագավորությունն արդյունահանում է նավթի համաշխարհային պաշարների մոտավորապես 10 տոկոսըՙ օրական 100 մլն բարել:

Կոլումբիա համալսարանում Գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի հիմնադիր Ջեյսոն Բորդովը նշում է, որ տեւական անկայուն իրադրության դեպքում նավթի պակասը կարելի է լրացնել պատժամիջոցների ենթարկված Իրանի նավթի մատակարարումների հաշվին: Սակայն փորձագետի կարծիքով, նախագահ Դոնալդ Թրամփը արդեն ցույց է տվել, որ մտադիր է շարունակել առավելագույն ճնշման քաղաքականությունը, նույնիսկՙ նավթի գների բարձրացման պայմաններում: Բորդովը գտնում է, որ զգալիորեն մեծացել է երկկողմ լարվածության խորացման վտանգը, ինչը կհանգեցնի է՛լ ավելի կտրուկ թանկացումների:

ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին նույնպես պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում նավթի ռազմավարական պաշարներն օգտագործելու նավթային շուկայի կայունացման նպատակով, գրում է CNN-ըՙ վկայակոչելով գերատեսչության պաշտոնական ներկայացուցչին: Նրա խոսքերով, դեռ 1970-ականների ճգնաժամի պահին ստեղծված մի քանի նավթապահեստարաններում ընդհանուր առմամբ պահվում է մոտ 630 մլն բարել նավթ:

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Աբբաս Մուսավին հայտարարել է, որ վերջին իրադարձությունները գաղտնի կազմակերպությունների եւ ծառայությունների ջանքերով հող են նախապատրաստում ԱՄՆ-ի ապագա գործողությունների համար: Ի՞նչ է նկատի առնվում: Ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, Մայք Պոմպեոն խաղարկում է հետեւյալ սցենարը. կա՛մ Ռոհանին եւ Մուսավին մեղսակից են սաուդյան նավթակայանքների վրա կատարված հարձակմանը եւ նրանց հետ չի կարելի բանակցել, կա՛մ էլ նրանք անմասն են եւ Իրանում գործում են հուսիտներին օգտագործող ուժեր, եւ այս դեպքում եւս նախագահի եւ նախարարի բանակցություններ վարելն անիմաստ է: Եվ վերջապես, ուրվագծվում է եւս մեկ գործոն. հուսիտները որոշել են կիրառել տվյալ սցենարըՙ այն օգտագործելով Սաուդյան Արաբիայի դեմ սեփական պայքարի համար: Սա նոր իրողություն է: Հարց է ծագումՙ իրականում ո՞վ է կանգնած Սաուդյան Արաբիայի վրա կատարված հարձակման հետեւում: Դրան պատասխանելը դժվար է, ուստի հարկ է լինում սահմանափակվել ընդհանուր դատողություններով:

Առաջին, Մերձավոր Արեւելքում գոյություն ունեն իրական ուժեր, ներառյալ Իսրայելը, որոնք շահագրգռված են ամերիկա-իրանական մերձեցման ձախողմամբ: Դրանք գործում են իրենց համար նպաստավոր իրավիճակում, քանի որ Եմենի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ ինչպես ՄԱԿ-ի գծով, այնպես էլ Արաբական պետությունների լիգայի գծով չկան այն բանի ստուգման ու մշտադիտարկման գործիքները, թե ինչ է տեղի ունենում մարտական գործողությունների գոտում: Միայն արեւմտյան հրատարակությունների հրապարակումների հիման վրա հետեւություններ անելը վտանգավոր է, քանի որ դրանք կասկածի տակ չեն առնում Իրանի եւ հուսիտների կապը:

Երկրորդ, ռեալ կերպով նշմարվում է Սաուդյան Արաբիայի ռազմական խոցելիությունը: Նա չի կարողանում պաշտպանվել հուսիտների նոր զենքից, որը, ինչպես պարզվում է, կարելի է օգտագործել աշխարհագրական լայն տարածքում եւ դժվարությամբ է հայտնաբերվում ռադարների կողմից: Բայց գլխավորն այն է, որ հուսիտներն այդ ձեւով պահանջում են ճանաչել իրենց լեգիտիմությունըՙ հրաժարվելով իրենցՙ որպես «Իրանի գործակալների» դերի ճանաչումից: Այդ պատճառով Սաուդյան Արաբիայի վրա կատարված հարձակումը ստանում է ոչ այնքան իրանական, որքան ուրիշ աշխարհաքաղաքական չափում: Պատերազմը տեղափոխված է բուն Սաուդյան Արաբիայի տարածք: Որոշ փորձագետների կարծիքով, տեղին է խոսել «արաբական գարնան» շարունակման մասին, բայց արդեն Պարսից ծոցի միապետությունների շրջանակներում:

Երրորդ, սաուդյան օբյեկտների վրա կատարված գրոհից հետո նախագահ Թրամփը հեռախոսով կապվեց գահաժառանգ իշխան Մուհամմեդ բեն Սալմանի հետ եւ օգնություն առաջարկեց Սաուդյան Արաբիայի ինքնապաշտպանության գործում: Էր-Ռիադին կրկին առաջարկեցին վճարել պաշտպանության դիմաց, քանի որ Վաշինգտոնը կանխատեսում է իրադրության հերթական սրում Պարսից ծոցի տարածաշրջանում:

Ամեն ինչ վկայում է, որ ամերիկացիները կփորձեն Իրանը ներքաշել նոր ռազմական հակամարտության մեջ, բայցՙ առանց իրենց անմիջական մասնակցության: Անշուշտ, դա պետք է ուղեկցվի նավթի թանկացմամբ: Վերջապես կայուն տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելքում կփորձի իրանական գործոնն օգտագործել սեփական անհաջողությունները քողարկելու համար, նշում է թուրքական Yeni Akit հրատարակությունը: Քանզի Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը կարող են զորավարժություններ անցկացնել Արեւելյան Միջերկրածովքում եւ Օրմուզի նեղուցում եւ նույնիսկ ստեղծել ռազմաքաղաքական դաշինք: Այս կապակցությամբ Yeni Akit-ը չի բացառում, որ Իրանը կարող է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Թուրքիային հրավիրել զորավարժությունների Օրմուզի նեղուցում, մինչդեռ ԱՄՆ-ի ձեռքին քիչ հաղթաթղթեր են մնում: Ահա թե ինչու Սաուդյան Արաբիայի վրա հուսիտների ձեռնարկած գրոհը բազմաբնույթ է:

Ամեն ինչից երեւում է, որ Թրամփը լավ է կողմնորոշվում ստեղծված ինտրիգային իրավիճակում: Իրանին հարվածներով սպառնալը սովորական երեւույթ է: Նույնիսկ այն ժամանակ, երբ իրանցիները ամերիկյան անօդաչու թռչող սարք խոցեցին, ԱՄՆ նախագահն աճապարեց հայտարարել, որ դա չկանխամտածված գործողություն է: Նա հասկանում է, որ Թեհրանում կան անձինք, որոնք շահագրգռված չեն ԱՄՆ-ի հետ զինված բախմամբ եւ պատրաստ են ստորագրել նոր միջուկային համաձայնագիր: Սակայն իրադարձությունների նման ընթացքից դժգոհ են Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան, որոնք գտնում են, որ ամերիկա-իրանական մերձեցումը սկզբունքորեն կփոխի իրադրությունը Մերձավոր Արեւելքում: Եվ ահա հիմա Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը հայտարարում է, որ իր շեֆի եւ Ռոհանիի հանդիպումը «առաջվա պես չի բացառվումՙ չնայած անօդաչու թռչող սարքերի կողմից Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների հետ կապված գնդակոծման միջադեպին»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 20-09-2019

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ